Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Զանգի (հավելված)

Զանգի (հավելված)


3
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛: Քո երկնանման երեսը տեսնելիս, քո տխուր ձենը լսելիս, քո սուրբ ջուրը բերան առնելիս, քո ծաղկազարդ ձորերի միջումն, քո զորավար ափների ղրաղին, քո սիպտակ, լուսաթաթախ փրփրի տակին, քո պարկեշտ Մամբռու ափին, քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկների միջին, քո էդ տրտում, դառնավարան լացի, բոթի, սգի ձենն առնելիս, քո սիրուն աչքերի աղի արտասունքը տեսնելիս բաս ի՞նչ կըլեր, որ քո բախտավոր, վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած մեծազն, քաջազոր, աշխարհասասան, անհաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառույց թագավորաց, մեծազոր, քաջաբազուկ հսկայից, տարաբախտ, վատաբախտ, թշվառացյալ, գերեվարյալ, տատանյալ, տարտամյալ, զուրկ, թափուր, սրախողխող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորույս, տնանկ, սգավոր, աղքատ, չքավոր որդիքը ու թոռունքը մեկ միտք անեին, գլխըներին վա՜յ տային, իրանց սև օրը լաց ըլեին, թե ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ ողջույն տվեց, քո համն առավ, <քո լեզուդ ծծեց, քո ջուրը խմեց,> քո ծաղկըներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, որ քաղցրահամ պտղըները ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը ողջագուրելով, խանդաղատելով քաղեց, <ծոցը դրեց,> ու պերճ դիմոք, վսեմ ծանրությամբ իր քաջ բազուկը վրեդ մեկնելով, տարածելով ու՝ իշխանական զորությամբ, խորհրդածու ուշիմությամբ էդ սուրբ ափներիդ, էդ ազնիվ ձորերիդ, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ երկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվով գոչյաց.
— Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Այս քա՛ջ բազուկ, այս լայնալի՛ճ աղեղն, այս նետ երեքթևեա՛ն, այս կուրծ քաջակո՛ւռ, ամո՛ւր, այս աշխարհասասա՛ն, անընկճելի՛, անվանելի՛ հսկայից սիրագումա՛ր դասք, քե՛զ լիցին յայսմհետէ պահապա՛ն, պաշտպա՛ն՝ սխրալի՛դ իմ Հրազդան: Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճուեա՛ց, զուարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան: Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զուարճալից ուռճասցի՛ն, ծաղկասցի՛ն. ընձխղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարաւորս, սերմանիս բիւրաւորս՝ ի կերակուր իմ սերընդոց, ի ցնծութիւն իմ զաւակաց, ի վայելչութիւն իմ ազանց դիւցազանց: Իմ տո՛հմք ժառանգեսցե՛ն յայսմհետէ զայս դաշտ երկնատիպ, իմ շառաւի՛ղք եղիցի՛ն քեզ թշնամայա՛ղթ խնդակիցք: Այս լերի՛նք երկնամբարձք եղիցի՛ն իմ պատուարք մշտահաստատք. այս դաշտավա՛յր չքնաղադէմ՝ իմ քաղցր օթևան: Քո ձո՛ր ծաղկածին՝ իմ նազելի զբօսարա՛ն: Իմ անուն կնքեսցէ՛, դրոշմեսցէ՛ զայս մաքուր, վայելչագեղ սահման, զի ո՛չ գտի երբէք ի բոլոր ուղիս, յերկարատև չուս իմ բացական՝ սմա հանգունատիպ տեղի յարանման, սա՛ կոչեսցի՛ այժմ և յայսմհետէ, մինչև ցօրն յաւիտենակա՛ն՝ Հայաստա՛ն…

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի՛ իմ Զանգի՛. սի՛րտ իմ մորմոքի, աղի՛ք իմ գալարին, ոսկե՛րք իմ քստմնին, ո՛ւշ իմ աղմկի, հոգի՛ իմ բորբոքի. տուայտի՛մ ի ցաւս, վարանի՛մ ի ծուփս, հառաչե՛մ լալով, հայցե՛մ ողբալով. ա՛ռ զիմ արտասուս, տո՛ւր ինձ սփոփ, յոյս:— Քանի՜ցս, քանի՜ցս կանգնեալ ի վերայ ահեղատեսիլ քարաժայռից քոց, խայտալով ի ծաղկանկար, երփներանգ ծոց քո հրաշագեղ, մինչ տղայն էի, խնդայի, խաղայի, ցնծայի՝ զմայլեալ, ապշեալ, մերթ ևս զարհուրեալ, սասանեալ յահեղ-գեղեցիկ դէմս քո զայրագին, ահիւ, սարսափմամբ, կամ ի գիրկս ծնողաց վազէի, կամ խնդութեամբ, ցնծութեամբ յալիս քո կայտռէի,— այժմ թանձր հառաչք և թախիծք <հոգետանջք՝> կուտակեալք ի մրրկայոյզ, վարանեալ սրտէս, առ քե՛զ համբառնան, առ քե՛զ գոչեն, ի քե՛զ մեռանին, ի քե՛զ կարկամին:
Զանգի՛, Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ. կաթնահա՛մ ստինք մօր իմոյ սիրելւոյ և գորովագութ ծնողի՝ Մեծինն Հայաստանի: Ո՞ւր ձեր տիեզերատօն անո՛ւն, ո՞ւր այն ոսկեղէն դա՛րք, ո՞ւր դիւցազանց բո՛յլք. ո՞ւր հսկայից կաճա՛ռք, ո՞ւր աթոռանի՛ստք, ո՞ւր քաղաքք, ամբարտա՛կք, <ուր> բրգունք, ապարանք, կրկէսք երկնահրոսք, տաճարք պանծալի՛ք, շէնք զուարճալիք՝ որք զձեօքն պնդագոյն զօդիւ, հզոր ձեռամբք, ամուր բազկօք, քնքուշ սրտիւ, խանդակաթ սիրով, գորովաժպիտ դիմօք պաշարեալ, պատեալ՝ խանդաղատէի՛նն, փարէի՛նն, ողջագուրէի՛նն, փաղաքշեի՛նն և գիրկս արկեալ զանուշահամ, երկնատի՛պ ձերովք լանջօք՝ համբուրէի՛նն զնոսա ի համբոյր սրբութեան, ի նշան սիրո՛յ մշտական, ի ջերմեռանդն ուխտ մտերմութեան, հարազատութեան:

Զանգի՛ իմ, Երա՛սխ, Մասի՛ս, Ալագեա՛զ.
Դեռ կանգնիք անմռո՛ւնչ,
Դեռ հայիք անշշո՛ւնջ:
Գնայք միամի՛տ, հոսէք ի մեր հովի՛տ,
Սպառնա՛յք ամպո՛ց, խիզախէք ձորո՛ց,
Վարսագեղ ալեօ՛ք, կատաղի դիմօ՛ք,
Ոմն ձիւնափա՛յլ, ոմն արծաթափա՛յլ,
Ոմն ի փողփողիւն, ոմն ի փրփրիւն,
Ոմն վանէ զերկին, ոմն ճնշէ զգետին,
Ոմն ի ձիւնեայ պսակ, ոմն ի ծաղկանց թագ՝
Յարշալույսին տես, լուսնին ի պայծառ, հեզ՝
Ողջունէք միմեա՛նց, համբոյր տայք շրթանց
Ձեր սուրբ ստորոտաց՝ խնկածին դաշտաց
Հայկազա՛նց վայրեաց, <սուրբ անդաստանաց:>
Երկիր՝ աւերա՛կ. դաշտք մեր՝ անբնա՛կ,
Անսի՛րտք, անողո՛րմք՝ հի՞մ եղէք վկայք
Կորստեան ազգի՛, աւերման դաշտի՛
Չքնա՛ղ քաղաքաց, հզօ՛ր իշխանաց,
Որոց զարմ և ճիռ ի ձեռս թշնամեաց,
Ի բանտ, դառն յոճիր, անօրէն ազգաց
Զոհ եղէն ի սուր, մտին ի բոց, հուր,
Թողին զմեզ ի սուգ, յարեան արտասուք,
Վտարիլ յայլ աշխարհ, զսուրբ Հայրենեաց վայր,

Սգալ, ողբերգել, կոծել, հեծեծել
Ի հեռուստ աչօք՝ արտասուօք մաշեալ,
Աղէկէզ սրտիւ, կարօտով մեռեալ:
Զանգի՛, Զանգի՛, քա՛ղցր իմ Զանգի՛.
Ի քոյդ հայեցեալ անյողդողդ ճակա՛տ,
Վառէինն ի զէնս հսկայք քաջամարտ.
Հայկազեան տոհմի ընտիր պատանեակք
Զքո ալիս տեսեալ ահեղ-աղուորակ,
Մղէին ի մարտ, վանել քաջայաղթ,
Զինակո՛ւռ բազկաւ, տիգօք, ասպարաւ,
Աղեղա՛մբք վառեալք, զրահի՛ւք զարդարեալք՝
ԶԲելայն գունդ ահեղ սրոյ մատնեալ ի զոհ.
Ելին յասպարէզ, թշնամեաց ետուն գրոհ.
Ոսկեթել վարսիւք, դաբնեայ պսակօք,
Պսակեալ զիւրեանց գլուխ անվախճան փառօք,
Ճեմեալ յերկնից խումբս՝ զվերինն վայելեն
Զկեանս անտրտում, յերկրի կանգնելով
Զանմահից անուն <գրաւեալ անձանց՝>
Ի դարըս անանց, անհոլով ամաց:

Զանգի՛, Զանգի՛, հրաշագե՛ղդ <իմ> Զանգի.
Դու զքոյդ սուրբ նախանձ տակաւին տածես,
Դու ահե՛ղ թնդմամբ տակաւին հերքես,
Դղրդաս յարձակմամբ, մեծաձայն գոչես.
«Ելէ՛ք, Հայկազեան սերո՛ւնդք քաջազունք,
Առէ՛ք զէն, զասպա՛ր՝ զաւա՛կք բարեսնո՛ւնդք,
Հարէ՛ք, փշրեցէ՛ք զթշնամեաց ձեր գունդ,
Տո՛ւք հոգի հոգւոյ, թիկն ընդ թիկուն,
Ջախջախեսցի՛ թող գազա՛նն նկուն.
Ռուսիա՛ հզօ՛ր բազուկ եղիցի՛ ձեզ նիգն,
Նմա՛ զոհ լինիլ լիցի՛ ձեր միշտ ճիգն:
Վօլգա՛յ՝ իմ մեծ քեռ, ես’ւ իմ քոյր Երասխ
Համբո՛յր մատուսցուք ի Կասպեան կոհակ:
Նա զի՛ւր բարութիւն, ես զի՛մ խեռութիւն
Ի մի մեր մօր ծոց ընդ միմեանս խառնեսցուք:
Ես զի՛մ Սևանայ օրհնութեան մաղթանս,
Ես զի՛մ սուրբ Մասսայ ողջոյն հայրական

Տարա՛յց, մատուցից սիրելւոյն իմ քեռ,
Բերի՛ց ձեզ զողջոյն նորա աւետաբեր:
Ո՛չ ես խղճալի օրիօրդս էի պարտ,
Զի չար թշնամին եմուտ ի մեր դաշտ,
Այլ քոյրս զառամեալ՝ հին աւուրցն Արազ,
Թո՛յլ ետ նոցա գալ՝ բռնի, ինքնահաս:
Տեսեա՛լ զծերունի սկեսրայր իմ Մասիս՝
Ծածկեմ զիմ գլուխ, փակեմ զիմ երես,
Զի մի՛ ալևորն աղու, ձիւնահեր,
Յալիս հասակի լիցի՛ դառնավէր:
Թէ քոյր իմ Երասխ անհաշտ բնութեամբ
Ո՛չ տայ խղճալւոյն հանգիստ և դադար.
Ճեղքէ, պատառէ զոտս նորա ցայտմամբ,
Ե՛ս պարտիմ զայս վէրս փարատել իսպառ:
Իմ չե՛ն բայց այդ շնորհք, զի դաշտք, անդաստանք
Ետուն զիս կոչել՝ Զանգի ոսկեհանք,
Այլ սուրբ Սևանայ, հօր Լուսաւորչի՝
Որոյ արդար նշխարք աստ իմ առաջի
Կան և պահպանեն, օրհնեն, խնամեն
Զիմ անզօր ձեռաց զարդիւնս, որք աստ են:

Բացէ՛ք զճակատ ձեր, ցնծացէ՛ք յամայր,
Իմ քաղցր Վօլգայ քոյր հոգայ միշտ զձեր ճար:
Ես զի՛մ մտերմութիւն ցուցից նմա համակ,
Նա զի՛ւր քաղցրութիւն տացէ՛ ձեզ, ո՛րդեակք:
Այս կա՛պ անխզուն, այս սէ՛ր սրբազան
Մնասցէ՛ ի մէջ մեր ի կեանս յաւիտեան:
Դո՛ւք զօրացարո՜ւք, որդի՛ք Արամեան,
Եղերո՛ւք ընդ միմեանս սիրով միաբան.
Սէր, խաղաղութիւն պահեն զամենայն
Զազգս և զազինս ի բարօրութեան:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top