Կածանով մենակ էր բարձրանում, ինքն իրեն միտք անում։ Հեռվից՝ նա անտառից մոլորված արջի քոթոթի էր նման, որ ընկել էր բացուտի մեջ, բրդոտ ոտքերն արագ էր փոխում, մյուս անտառին հասնելու համար։ Չլինի՞ թե բացուտում տեսնեն իրեն։
Գագաթին ամպերը թանձրացան, բրդի գորշ մալանչների պես իջան գետնին, փաթաթվեցին ոտքերին, շորերի վրա խոնավություն մաղեցին, տրեխները թացացան։ Ճանապարհը հազիվ էր երևում, ամպը մեկ խտանում էր, մեկ նոսրանում։ Նոսրանալիս նա ճանապարհն ավելի հեռուն էր տեսնում, բայց երբ խտանում էր, Տիտոսին թվում էր, թե ճանապարհն էլ է հալվում ամպի մեջ։
Եթե հանկարծ մոլորվեր, հեռանար ճանապարհից, մութն իջներ ու մնար սարում։ Այդ միտքը վախեցրեց նրան, ուզեց կանչի, քայլերն ավելի արագացրեց։ Գուցե հասներ իշավորներին։ Միայն թե չմոլորվեր, ամպած գիշերը սարում չմնար։ Հանկարծ գայլերը քարի տակից ցցվեին ճամփի վրա։ Ի՞նչ պիտի աներ... Ինչո՞ւ նստեց ամպը սարին։ Արև լիներ, ինչպես երեկ, ոչ մենակություն կզգար, ոչ վախ։
Տիտոսն իր մտքերի հետ էր. հսկա քայլեր էր անում, հանկարծ տեղում մեխվում, երբ ականջին շշուկ էր հասնում կամ աչքն ընկնում էր ճամփից հեռու ընկած տձև քարերին։ Գուցե գայլեր են մրափած։
Նա արդեն սարի ջրբաժան սահմանն անցել էր, ետ էր թողել սարահարթն ու ծառաստանների մեջ թաղված գյուղերը, մհալի հանդարտահոս գետը։ Եթե արև լիներ, գագաթից վերջին անգամ կտեսներ այդ ամենը, հեռու կապույտի լեռնապարը, որի հետևին հոր կիստվեր սառած թոնիրն էր, մայրը, պառավ կատուն, որ արդեն վայրենացել էր։
Մի շուն հաչեց, երկրորդը նրան ձայնակցեց։ Տիտոսը կանգ առավ, լսողությունը լարեց հաչոցի կողմը։ Գուցե գյուղ է, բայց ինչու Անտոնը ոչինչ չասաց։ Այդ մասին հաջորդեց մի ուրիշը, աղվեսն էլ շան նման է հաչում։ Հանկարծ շատ մոտ լսեց հաչոցի ձայն, երկու ստվեր կլանչեցին և մինչև Տիտոսը կկռանար քար վերցնելու, ձախ ազդրի փափուկ մսի մեջ զգաց սուր ծակոց․ վայր ընկավ ու ցավից բարձր ճչաց։
Շները ետ փախան, տասը քայլի վրա նստեցին խուլ մռռոցով։ Տիտոսի կանչին ամպի միջից երևաց հովիվը, թաղիքի վերարկուն ուսին։ Նրան թվաց, թե հովիվը երկնքից իջավ։ Շները վնգստոցով հեռացան, հովիվը մոտեցավ Տիտոսին, ոտքի վերքին նայեց։
− Բան չկա, հիմա արյունը կկտրվի,− ասաց նա։
Տիտոսը վախից գունատվել էր։ Ոտքի կանգնեց և նոր միայն զգաց, որ ձախ ազդրը ցավում է, ասես մեկը եղինջի փշերով ծակծկվել էր փափուկ միսը։
Հովիվը թաղիքից մի քիչ բուրդ հանեց, փաթաթեց վերքին։
Եվ երբ Տիտոսը կարողացավ մի քանի քայլ անել, մարդը հարցրեց.
− Բա ո՞ւր էդպես մենակ...
− Մենակ չեմ, ընկերներս հրես հետևիցս գալիս են,– ասաց Տիտոսը, աչքի տակով նայեց հովվին, ստուգելու՝ արդյոք հավատա՞ց նա։ Հետո նրան հարցրեց, թե ուր է տանում ճանապարհը, հեռո՞ւ է կոտրած քարվանսարան։
− Դեռ օր շատ կա, արևը մայր չմտած կհասնես։ Հենց էդպես վեր արի...− ասաց հովիվը, մի քիչ էլ կանգնեց, մինչև Տիտոսը ձախ ոտից կաղալսվ կորավ ամպի մեջ։ Հետո փաթաթվեց վերարկուում, սուլոցով բարձրացավ ոչխարի մոտ։
Տիտոսը քանի իջնում էր, ամպն այնքան էլ նոսրանում էր։ Սարի քամին ծվեն-ծվեն էր անում ամպի դեզերը, քշում ներքև, ուր ամպի մանրիկ քուլաները հալվում էին, կորչում։
Մի քիչ հետո, ամպի միջից երևաց արևը։ Դիմացը չոր, ցամաք ժայռեր էին, կարմիր ու գորշ քարեր, որոնց վրա անկարգ բուսել էին կարճլիկ մացառներ։ Ձորակները շատ հեռվում հալվում էին, աստիճանաբար ցածրանում և ձուլվում տափաստանի հետ։
Տափաստանը Տիտոսի աչքին անծայր թվաց։ Հեռվում դժվար էր որոշել տափարակի կապույտ հորիզոնը։ Հարթ երկիրն աննկատորեն միանում էր կապույտ երկնքի հետ, հեռուներում կազմում մի այլ աշխարհ, որ ո՛չ ծով է, ո՛չ երկինք է, ո՛չ էլ անծայր անապատ։
Հետևն ամպոտ սարն էր, որի վրայից նա անցավ։ Սարի գլխին դարձյալ ամպ կար։ Մի պահ Տիտոսին այնպես թվաց, թե սարը մինչև երկինք է հասնում, շները բարձր ամպերի մեջ վրա տվին իրեն։
− Չո՛ւ, չո՛ւ,− լսեց Տիտոսը, երբ մի քիչ ցածրացավ ճանապարհով։ Բարձրացավ քարի գլուխը, նայեց ձորին։ Իշավորներն էին։
Արևը մայր էր մտել, երբ հոգնած քարվանը հասավ կոտրած քարվանսարին։ Քարվանի հետ իջևանի բակը մտավ և բեզարած Տիտոսը։
* * *
Գիշերով քարվանսարա ուրիշ ուղևորներ էլ եկան։ Հայեր կային, թուրքեր՝ իշով, ձիով։ Ուղտապաններ եկան, որոնք ուղտերով նավթ էին տանում այն մահալը, որտեղից ինքն անցավ։ Գուցե ուղտապաններից մեկն էլ իրենց գյուղը նավթ տանի։
Տիտոսը պառկեց խսիրի վրա, պայուսակը գլխի տակ։ Միտն եկավ, թե ինչպես էր ուղտապանը գյուղում կանչում․
− Նավութ ալան, ա՜յ նավութ ալան․․․
Հավաքվում էին նրա գլխին և մինչև գյուղը նավթի գինը չորոշեր, ոչ ոք նավթ չէր առնում։ Ուղտապանը բարկանում էր, սպառնում հեռանալ։
Ցեխապատ սենյակում հատակի խսիրների վրա պառկել էին բեզարած ուղևորները, ով որտեղ ազատ էր տեսել։ Մեկը ձիու հարդով լի պարկն էր դրել գլխի տակ, ուղտապանը նավթոտ ջվալն էր գցել մեջքին։ Շատերը խոր քնի մեջ խռխռացնում էին, ոմանք օջախի մոտ նստած դեռ թեյ էին խմում։ Քարվանսարայի տերը շատ-շուտ ներս ու դուրս էր անում, գիշերով ճանապարհվողներից հարկն առնում, հարդ չունեցողներին հարդ տալիս, էլի նստում տախտակների մոտ, նավթի փոքրիկ ճրագի կողքին, մի քիչ ննջում, մինչև մեկը գոմից կանչի և կամ օջախի մոտ թեյ խմողները մի կտոր շաքար ուզեն։
Տիտոսի կողքին պառկածը ջորեպան էր, աղ էր տանում ցորենի հետ փոխելու։ Առավոտյան ջորեպանը պիտի անց կենար նույն սարով, որի վրայից անցել էր Տիտոսը, ամպի քուլաների միջով։
Տիտոսն աչքերը նոր էր փակել և ոտները հանգիստ մեկնել խսիրի վրա, երբ զգաց, որ մեկը ոտները կոխ տալով եկավ, կողքին պառկեց։ Ցավից զարթնեց, ոտքը ետ քաշեց, տեսավ, թե ինչպես մարդը մեկնվեց։
− Որտեղացի՞ ես,− հարցրեց նա։
Նա թեկուզ ցավ էլ զգաց, բայց մարդու հարցի մեջ կարեկցանք տեսավ, մոռացավ ցավն ու պատասխան տվավ։
− Ո՞ւր ես գնում, մենա՞կ ես,− հարցրեց նա, գլխատակի կապոցը պատին հենելով։
− Րևան։
Մի քիչ հետո մարդը հարցրեց.
− Ճանապարհի ծախս, ձեռքափող ունե՞ս․․․
− Ունեմ, հա՜, բիլեթի փող։ Հրես ծոցումս կարած է,− ասաց Տիտոսն ու ձեռքը ծոցին տարավ, մատերով շոշափեց փալասի կտորը, որ մի քանի տեղից թելով կարած էր ծոցին։ Շուտով կհասնի մաշինին։ Ահա կոտրած քարվանսարան, որի մասին ասել էր Անտոնը։
− Ուղիղ ճանապարհ է, կգնաս, կհասնես մաշինին։
Գուցե Անտոնն էլ է գիշերել այդ իջևանում, պառկել նույն խսիրի վրա։ Ինչքա՜ն պիտի զարմանա, երբ տեսնի Տիտոսին։
Ուրախության ալիքը բարձրացավ այնքան, որ սրբեց ետ վանեց քունը։ Ինչո՞ւ կողքին պառկած մարդը էլ ուրիշ ոչինչ չհարցրեց։ Գուցե Րևանու կողմերից է գալիս։ Չի՞ տեսել արդյոք Անտոնին։ Եթե նա գիտենար ինչ մտքեր կան Տիտոսի գլխում, եթե հարցներ։ Տիտոսը բոլորը կպատմեր։
Սակայն մարդը քնել էր, ջորեպանն էլ քնի մեջ անկապ խոսքեր էր ասում։ Օջախում կրակը մերթ հանդարտում էր, բոցը գետնի երեսին էր պառկում, ճիգ անում օջախի մոտ ընկած, կեսը վառված ցախերին հասնելու։ Եվ երբ կրակի լեզուները հասնում էին ցախին, օջախը նորից բոցավառվում էր, լույսի տակ Տիտոսը տեսնում էր տան ցեխապատը, եղեգնով ծածկած կտուրը։
Իրենց գյուղում պատերը քարից են, շատ տների կտուրներն էլ է սալ քար, հաստ գերանների վրա։ Ինչքան կզարմանային գյուղում, եթե մեկը իր կտուրը եղեգնով ծածկեր։
Քնելուց առաջ Տիտոսի վերջին միտքն այն մասին էր, թե չի՞ կաթում այդ կտուրը անձրև օրերին։ Հետո քունն իջավ, միտքն օրորաց, հալվեց, որ կես գիշերին դառնա երազ։
Երազի մեջ Անտոնն էր, ձեռքի ճիպոտով խփում էր մոշի ճյուղերին, տերևները փրցնում։ Կանչում էր, Անտոնը պատասխան չէր տալիս։ Ձեռք էր թե հորթի ոտք կրծքի վրա, ձայնը լավ չէր հնչում։ Քնի մեջ շարժվեց, երազը փոխվեց...
Առավոտյան Տիտոսն ուշ զարթնեց, քունը հաղթել էր նրան։ Նստեց խսիրի վրա, աչքերը տրորեց, մի պահ զարմացած նայեց չորս կողմը։ Հետո վերհիշեց քարվանսարան, օջախի գիշերվա կրակը։ Կողքին քնած մարդ չկար։ Բակում ուղտապանները նավթի պարկերն էին բարձում ուղտերին։ Իշավորները տոպրակի մեջ դարման էին լցնում։
Իջևանի առաջ՝ առվի ջրում, Տիտոսը երեսը լվաց, ձեռքը տարավ պայուսակի հացին։ Ճամփի պաշար դեռ ուներ։ Պառավի տված բլիթները մնում էին, թեկուզ գլխատակին մի քիչ փշրվել էին։ Երբ մի քիչ հետո իշավորները ճանապարհ ընկան, Տիտոսն էլ պայուսակը ուսին նետեց, փայտը ձեռքն առավ, որ հետևի նրանց։ Իջևանի տերը տեսավ այդ, կանչեց.
− Ա ջահել, քնելուդ փողը...
Տիտոսը զարմացած կանգնեց։ Նա չհասկացավ, թե ինչու պիտի փող տա քնելու համար։ Այնքան մարդ էր գնում գալիս ու գյուղում ոչ ոքի մտքովն էլ չէր անցնում փող տալ։ Ի՞նչ կասեին։ Հայց երբ ուղտապանները ծիծաղեցին, մեկն էլ սրախոսեց, թե՝
− Քեռու տունն է կարծել,– Տիտոսը համոզվեց, որ այդ օրենք է, սահմանված կարգ։ Ինչո՞ւ Անտոնը չէր ասել այդ մասին։
Ուղտապանները տեսան, թե ինչպես նա երեսը մյուս կողմը դարձրեց, ձեռքը տարավ ծոցին։ Մի վայրկյան հետո Տիտոսը բարձր ծլկթաց, օձից խայթվածի պես։
− Վա՜յ աման, փողս...
Փայտը ձեռքից ընկավ, փայտի հետ էլ Տիտոսը։ Նա ոտքերը գետնովն էր տալիս, քարերը չանգռում, կանչում, լաց լինում, լացի հետ էլ օգնություն կանչում։
− Վա՜յ աման, փողս...
Ուղտապանները նախ չհավատացին, քարվանսարայի տերը կարծեց, թե տղան դիտմամբ է անում։ Բայց հետո հավատացին, ուղտապաններից երկուսը մոտեցան, սիրտ ավին։
− Ինչքա՞ն էր։
− Բիլեթի փող, Րևանի մաշինի, փող։ Ես ոնց անեմ, վա՜յ աման...
− Տղա մի լինիր, լավ... Կաշխատես, մի մեծ փող չի։ Կասես՝ քեզ անփող կտանեն, մի մարդ կճարվի...
Արխալուղի կոճակներն արձակված, մի ձեռքը ծոցին բռնած, Տիտոսր չռած աչքերով մեկ սրան էր նայում, մեկ նրան։
Ո՞վ տարած կլինի։ Ջորեպանը, բայց նա խոր քնի մեջ էր։ Գուցե այն մարդը, որ այնպես սրտանց հարցրեց, թե ուր է գնում, հետո կողքին դարձավ, քնեց։
Իշավորները հեռացել էին։ Ի՞նչ անել, ետ վազել սարն ի վեր, հասնել ջորեպանին, ոտքերն ընկնել, աղաչել, գուցե ետ տա։ Բայց ո՞ւր հասնի նրան, գուցե ուրիշ ճանապարհով է գնացել, գուցե տեղեկություն էլ չունի փողից։
Քարվանսարայի տերը վկայեց, որ մյուս մարդը լույսը չբացված է գնացել։ Վճարել է իր հարկը։ Նրա ձին բեռան տակ չէր, ո՞վ էր, ո՞ւր գնաց, ոչինչ չի կարող ասել։
− Էսքան տարի է էստեղ եմ, էդպես բան չեմ տեսել...
Եվ իջևանի տերը նորից կասկածեց− գուցե Տիտոսն է հորինում։ Բայց տղան լալիս էր, աչքերով օգնություն աղերսում, մի ելք։
− Լավ, գնա՛, իշավորներին հասի։ Ինձ հասանելիքն էլ քեզ եմ բաշխում,– ասաց տերը և ներս մտավ։
Տիտոսը մի քիչ էլ սպասեց։ Ուղտերը տեղից վեր կացան, դանդաղ քայլերով ճամփա ընկան։ Նա մեկ ուզեց հետևել ուղտերին, ետ վերադառնալ, մի ուղտապանի հետ գնալ գյուղը։ Մեկ էլ ետ վանեց այդ միտքը, գետին ընկած փայտն առավ և արագ քայլերով իջավ ձորի լայն ճանապարհով։
Արևը կեծացել էր։ Գյուղում արևն այդպես խանձում է միայն ամռան օրերին։ Արևից քարերը տաքացել էին, ձորը թվում էր երկար կոկորդ, որի միջով երբեք սարի հովը չի անցել։ Չէր երևում աշնան կանաչը և եթե ամպի մի քուլա էլ մոլորվեր, հասներ ձորին, տաքը սարի ամպին պիտի հալեր։
Ձորի միջով հոսող պղտոր գետակի ափերին բուսել էին դեղձի ու ծիրանի ծառեր։ Տիտոսի տեսածը խնձորի էր, կեռասենի ու տանձի։ Իջավ ձորը, մոտեցավ ծիրանի ծառին, նայեց և չկարողացավ որոշել խնձորենի է, թե տանձի։ Կռացավ գետակից ջուր խմելու։ Սարի հետևին կանաչի հետ մնացել էին և սառնորակ ջրերը։ Ձորի գետակի ջուրը փտած խոտի համ էր տալիս։ Տիտոսը միայն բերանը ողողեց, ճանապարհ ընկավ․․․
Եվ երբ իշավորներին հասավ ու նրանց էլ պատմեց փողի մասին, մի քանիսն իսկույն հարցրին, թե ինչքան էր։
− Ոչինչ, անցածն անցել է,− ասաց ծերունի իշապանը, որի երկար, կախ ընկած ոտքերն իշու քայլերի հետ օրորվում էին։
Արևը նեղացնում էր։ Տիտոսը փափախով սրբեց քրտինքը, արխալուղը հանեց։ Ուսին գցելուց առաջ մի անգամ էլ նայեց աստառին, որից բարակ թելերով կապել էր փողի փալասը։ Թելերից երկուսը կախ ընկած մնացել էին։
Արևի տակ ավելի շատ հոգնեց։ Փորձում էր ոտքերը գետնից բարձր վերցնել, բայց չէր կարողանում։ Տրեխները քսվում էին ճանապարհին, փոշի հանում, փոշին նստում էր բրդի շալվարի վրա։ Ծարավից լեզուն չորանում էր, պռոշներն էր լիզում, գլուխը երբեմն թեքում ձորի կողմը, գետի պղտոր ու անհամ ջրին նայում։
− Հիմա սարի աղբյուրի մոտ լինեի, ինչքա՞ն կխմեի,− մտածեց Տիտոսը։ Միտն ընկան հորթերը, աղբյուրը, որի սառը ջրում հաց էր թաթախում, խաղ անում ջրի հետ, ջաղաց շինում կամ ձեռքով մաքրում աղբյուրի ակը, խիճ ու ավազ դուրս թափում։ Ջուրը նախ պղտորում էր, հետո պարզում, աղբյուրի ակն ավելի խոր էր թվում, բայց ջուրը նորից փլցնում էր ավազի պատերը։
Էշերն էլ էին հոգնել։ Հենց որ մեկի տերը մի քիչ ետ էր ընկնում կամ իշու վրա ննջում, մահակը գետնով քաշ տալիս, էշը զգուշությամբ մոտենում էր ճանապարհի կողքին բուսած մացառին, մի քանի տերև պոկում, մինչև տերը կհասներ կամ կզարթներ և ձեռքի մահակով մի կչափեր իշու փորին։
Տիտոսն աշխատում էր ետ չմնալ։ Ուժ էր տալիս ոտքերին, երբեմն վազում, երբ նկատում էր, որ իր և իշավորների միջև եղած տարածությունն ավելի էր մեծանում։ Վազելիս փոշի էր կուլ տալիս, պայուսակը համաչափ ցնցումներով զարկում էր թիկունքին։
Ճանապարհը ձանձրալի էր, միապաղաղ։ Թվում էր թե ձորը վերջ չպիտի ունենա, թեկուզ ամեն մի պտույտ թվում էր որպես վերջինը, որից հետո պիտի սկսվի տափարակը։ Բայց պտույտը վերջանում էր, որպեսզի մի ուրիշը ծայր առնի։
Ճանապարհին մի քանի գյուղեր տեսան, քարերի գլխին, ծիրանի այգիների մեջ։ Իրենց գյուղի նման չէին։ Տները ցածլիկ, առանց կալ ու մարագ, իրարից հեռու, մեկը մի քարի տակ, մյուսը առվի եզրին։
Ո՞ւր էին Անտոնի պատմած բարձր տները, փողոցները, ուր հազար մարդ է անցնում, ավելի քան Կատարի խաչի ուխտի օրը։ Ո՞ւր էին կառքերը, ավտոմոբիլները, որոնց վժժոցից մարդ վախում է, ետ փախչում։
Եթե իշավորներից ետ մնալու հոգսը չլիներ, գուցե Տիտոսն ավելի երկար նայեր, թե ինչպես են ձորի գյուղում մի զույգ եզով վար անում։ Մի քիչ վազելուց հետո, երբ ծերունի իշապանը Տիտոսին ձայն տվեց, թե իջևանը հեռու չի, իրենք պիտի գիշերեն այնտեղ, նա քայլերը դանդաղեցրեց։
Արևը կարմրին էր տալիս և արևի շողերից քարափի կատարները փայլում էին պղնձի կարմիր փայլով, ստվերներ կախում ճանապարհի վրա։
Տիտոսը ճանապարհի կողքին բոստաններ տեսավ։ Ահա թե որն է սեխը։ Աշնանը հեռու տեղից սեխ էին բերում գյուղ, փոխում գարու հետ։ Տիտոսը և՛ ուրախ էր, և՛ հպարտ։ Նա տեսավ այն երկիրը, ուր բոստաններում սեխ է բուսնում։ Եթե վերադառնա՜ր գյուղ... Ինչե՜ր պիտի պատմեր և ինչքան պիտի զարմանային ընկերները։
Ճամփի կողքին հինայած մորուքով մի մարդ էր չոքել։ Նրա շրթունքները շարժվում էին, մարդն իրիկվա նամազն էր անում, անթարթ աչքերը դեպի հեռուն։ Երբեմն ձեռքերը կրծքին էր դնում, գլուխը խոնարհում գետնին, մի քիչ մնում այդ դիրքով, ապա բարձրանում, նորից շրթունքները շարժում:
Երբ Տիտոսը մոտեցավ նրան, մարդն ասես ոչ տեսավ և ոչ էլ նրա ոտնաձայնը լսեց։ Տիտոսի աչքն ընկավ նրա կողքին, հենց ճամփի վրա դարսած սեխերին, որոնց մոտ հասարակ կշեռքն էր, քարե գրվանքաներով:
Եթե փողը լիներ, կառներ,− այն դեղինը, որի կլեպը հասնելուց ճաքել էր, մի տեղն էլ սևացել։ Ի՜նչ համեղ պիտի լինի... Գյուղում նա միայն մի անգամ էր սեխ կերել, ավելի ճիշտ՝ սեխի կլեպ։
Տիտոսն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձեռքը դեղին սեխին մեկնեց հենց այն ժամանակ, երբ մարդը մի անգամ էլ երկրպագեց։ Եվ երբ թևի տակ զգաց հասած սեխի փափկությունը, քայլերն ակամայից արագացան։ Ճանապարհն աջ թեքվելիս, Տիտոսը մի անգամ էլ ետ նայեց։ Մարդը շարունակում էր աղոթել։
Մի քանի քայլ էլ արեց, հետո նստեց, դանակը գրպանից հանեց և խրեց սեխի մեջ։ Իրոք, որ սեխը և՛ հասած էր, և՛ համեղ։ Սեխը կրծելիս հանկարծ նրա ականջին վազող ոտքերի ձայն ընկավ, թվաց թե նախիրից փախած հորթ էր վազում։ Պատառը դեռ կուլ չտված, մեկ էլ առաջը ցցվեց աղոթող մարդը, թևերը քամու ջաղացի պես իրար տալով։ Մարդը բարձր կանչեց Տիտոսի ականջի տակ և ոտքը թափով վրա բերեց նրա թիկունքին։ Տիտոսը փռվեց գետին և տեսավ, թե ինչպես իր գլխի վրայից թռան սեխի ջարդված կտորները։
Ուղղափառ սեյիդը, հավատարիմ հնօրյա նամազին, սեխի համար աղոթքը չէր ընդհատել։