Իվան բեյն էլ լսեց այդ։ Ի՞նչ են հարցնելու իրեն, գիտե՞ն արդյոք, թե ինչ է արել ինքը անցյալում, ի՞նչ պատասխան պիտի տա։ Թիկնել էր պատին, մերթ մի ոտի վրա էր հենվում, մերթ՝ մյուս։
Հերթը Իվան բեյին հասավ։ Տեղկոմի նախագահը դուռը բացեց և երբ Իվան բեյը ներս մտավ, վերարկուն ուսին, երեք զույգ աչքեր ժպիտով նայեցին նրան։ Աթոռ առաջարկեցին։
− Ոչինչ, կկանգնեմ,− ասաց Իվան բեյը և նոր միայն զգաց, որ վերարկուն ավելորդ ծանրություն է։ Հանկարծ մեկը հարցրեց, թե ծեծե՞լ է գյուղացուն այնքան, որ նա հիվանդանա և անկողին մտնի։ Հարցրեց և ուղիղ Իվան բեյի աչքերին նայեց։
Իվան բեյը կմկմաց, լեզուն կարծես սառել էր, չէր շարժվում։ Հետո մի ուրիշը հարցրեց, թե քանի տարեկան է, և մինչև կպատասխաներ, ակնոցը կուղղեր,− մյուսը, որ ամենից ջահելն էր, ասաց.
− Ազատ եք, կարող եք գնալ ձեր տուն և հանգստանալ։
* * *
Իվան բեյին կրճատեցին: Այդ մասին հայտնեցին նրան հենց նույն իրիկուն:
Նա չկարողացավ ոչինչ ասել և դանդաղ քայլերն ուղղեց դեպի տուն: Հեռվից նայողը կկարծեր, թե Իվան բեյը հարբած էր։
Ավտոն, որ գիշերը մնաց ծառի տակ, որովհետև գավառական քաղաքում դեռ գարաժ չկա, հաջորդ առավոտ նորից կանչեց զիլ, փրթփրթաց, ոնց որ ձին էր վրնջում հեծվորին սպասելիս և երբ երեք հոգին տեղավորվեցին ավտոյի մեջ, մեկ էլ կանչեց զիլ, մնաս բարով ասաց քաղաքին և փափուկ անիվների վրա սուրաց արագ։
Մանուկը կարմրաթուշ, որ առավոտյան մածուն էր ուտում, նորից կանչեց ուրախ:
− Մամա՛, ավթանաբիլը...
* * *
Ավտոյի առավոտյան կանչը Իվան բեյն էլ լսեց, ցնցվեց և մնաց անշարժ, քարացածի պես: Հեռացող ավտոն իր հետ անվերադարձ տարավ աասնյակ տարիների մի պատմություն, հեղեղի պես ավերեց այն, ինչ առօրյա էր և հաստարմատ, որպես դարավոր կաղնի։
Իվան բեյը գիշերը չէր քնել։
Ժողովից տուն եկավ՝ գունատված, ջրատար։ Մի քանի ժամում ասես ավելի էր ծերացել, կռացել։ Պատմեց, ինչ ասել էին։
Պառավը փորձեց հուսադրել, նույնիսկ երեքի եկած ճամփան նզովեց և ավելացրեց.
-Հողեմ դրանց գլուխը, միշտ հո աշխարհն էս ճամփով չի գնալու։
Բայց Իվան բեյի մոտ չազդեց այդ։ Եթե սրտի խորքում, որպես ապահով թաքստոց, պահել էր մի միտք և առանձնության մեջ շոյել այն, թե աշխարհն այս ճամփով միշտ չի գնալու,− այժմ այդ միտքն էլ էր չքացել, հալվել գարնան ձյունի պես։
Էլ ոչինչ չկա վաղվա համար, կտրվեց թելը այնքան սովորական օրերի:
Նստել էր Իվան բեյը անկողնի ծայրին, աչքերը հառել հատակին։ Եվ միտք էլ չէր անում, որովհետև դատարկ էր ոչ միայն վաղը, այլ այսօր, դատարկ էր և գանգի խոռոչում, սրտի մեջ, չկար մի շող անգամ, որ լուսավորեր խավարը թանձր։
Նստել էր և թազբեհի դեղին հատիկներն էր համարում։
Չքնեց մինչև լույս։
Մեկ մտածում էր գնալ, խնդրել, գուցե մեղքանան, բայց երբ հիշում էր երիտասարդին, որ ժպտալով հարցրեց, թե ինչպես է ծեծել մի գյուղացու...
Մտքի առաջ բացվեց մի էջը հին օրերի։ Սևացած և անսվաղ պատեր, ծալքատեղում մի քանի ձեռք կեղտոտ տեղաշոր, անկյունում կոծկած կճուճներ և սենյակի մեջտեղ քուրսին՝ կարկատած թաղիքով ծածկած: Ոտաբոբիկ, պորտը բաց, անլվա մանուկներ կուչ են եկել տան անկյունում, իսկ փափախի մորթին ցրիվ եկած մի գյուղացի գալարվում է Իվան բեյի մտրակի հարվածների տակ, ցավից մեջքը ծռմռատում, բառաչում մորթվող անասունի պես։ Երեխաների վայնասուն, վախից չռած աչքեր, որ նայում էին անկյունից, և մտրակի ձայնը, կտրուկ և խիստ։
Վերմակի տակ տապակվում էր Իվան բեյը, շուռ ու մուռ գալիս, բայց քուն չէր գալիս աչքին։
Մութի մեջ աչքին մտրակի հարվածի տակ ծռմռատող գյուղացին էր երևում, մանուկները՝ անպաշտպան գառներ, իսկ սենյակի կիսամութ անկյունից երիտասարդն էր ժպտում։
Մինչև լուսաբաց իր ապրած տարիները հազար անգամ վերհիշեց, արարքն անարդար, երդումները սուտ, կեղծիքները անհամար։
Փոքրիկ գիշերալամպը լույս էր տալիս աղոտ և նրա աչքին երևում էին կարկառած ձեռքեր, որոնք մեկնվում էին, ձգվում դեպի Իվան բեյը, կոկորդը դուրս ընկած։ Շուռ էր գալիս մյուս կողքին, չքանում էին տեսիլքները վառ, աչքերը խուփ էր անում և դարձյալ անկյուններից կիսամութ ձգվում էին բազուկներ՝ մաշված, դեղնամորթ։
Վեր կացավ երկու անգամ, վերարկուն ուսին գցեց և շապկանց դուրս եկավ պատշգամբ։
Քնել էր քաղաքը հոգնած, տներում լույս չէր երևում, ոտնաձայն չէր լսվում փողոցներում։ Միայն Իվան բեյն էր կես գիշերին արթուն պահակի պես հսկում քնած քաղաքին։
* * *
Օրերն անցան։ Իվան բեյը էլ գործի չէր գնում։ Առավոտյան թեյից հետո նստում էր պատուհանի առաջ և նայում աշխատանքի գնացող պաշտոնյաներին, որոնք թղթերի մի-մի կապոց կռան տակին գործի էին շտապում։
Իվան բեյը նայում էր նրանց հետևից, նախանձում սրտի խորքից։ Օրվա ընթացքում, նրա համար ամենից ծանր րոպեներն էին առավոտն ու ճաշվա երեքը, երբ գործից տուն էին դառնում իր ընկերները նախկին։
Ցերեկով փողոց դուրս չէր գալիս, աշխատում էր ոչ ոքի չհանդիպել։ Երբեմն, երբ ծառան ծրարները թևի տակ, անցնում էր պատշգամբի տակով դեպի փոստը, Իվան բեյը ներս էր կանչում նրան, մի թաս արաղ տալիս կամ թեյի կանչում և հարցուփորձ անում, թե ինչ կա այնտեղ, ով է նստում իր սեղանի առաջ, ինչ նորություն կա։
Երբ մութն իջնում էր, փողոցում երթևեկը դադարում, Իվան բեյը դուրս էր գալիս փողոց և զգույշ քայլերով մոտենում հիմնարկի դռան, կանգնում դռան առաջ և հենց որ ոտնաձայն էր լսում, շտապում էր մի տեղ պահվել կամ տուն վերադառնալ։
Իզուր էր վիզը երկարում, որ տեսնի շենքի ներսը, սենյակը ծանոթ և սեղանը անկյունի մոտ, ջրի կուլան և ավելը կողքին։ Մի հատիկ ճրագը, որ կախված էր առաստաղից, շատ թույլ էր լուսավորում:
* * *
Ձմեռն եկավ, ձմռան հետ էլ ցրտերն եկան։ Իվան բեյի տան կտուրը ձյունի հաստ շերտի տակ թաղվել էր, ծառերի ճյուղերին ձյուն էր նստել, կտուրի անկյուններից սառուցե լուլաներ էին կախվել։ Թիթեղյա վառարանից ծուխը բարակ ելնում էր, հալվում ցուրտ օդի մեջ։
Մրսում էր Իվան բեյը։ Վառարանի մոտ նստած՝ վերարկուն ուսերից չէր հանում։ Շատ քիչ էր շուկա գնում, գնալիս էլ մի քանի օրվա պաշար միանգամից էր առնում...
Եվ օրերով դարբասի կապը գցած էր մնում, ներս ու դուրս անող չկար։ Առավոտյան սրբում էր սանդուղքների ձյունը։ Հավերին էր կուտ տալիս, պառավն էլ ջրի էր գնում և հետո գալիս թեյ գցում։
Իվան բեյը շաքարի մի փոքր կտորով մի քանի օր էր թեյ խմում: Եկամուտ չուներ, ունեցածը սպառվում էր, հարկավոր էր խնայել, ձիգ տալ, մինչև մի լավ օր։
Բայց քանի գնում լավ օրվա հույսը հալվում էր, խողովակից ելնող ծուխի պես։ Եվ երբ մտածում էր այդ մասին, նրան թվում էր, թե սենյակն ավելի ցուրտ է, կռանում էր վառարանի վրա, փայտի նոր կտորներ դնում և կոլոլվում վերարկուի մեջ։ Վառարանի մեջ փայտը ճարճատում էր, բոցը թրթռում էր կարմիր լեզվակներով։ Իվան բեյը մտքի ծովն էր ընկնում, փորփորում մարած հուշերը, անցած ճամփին ետ նայում, երանի տալիս։
Պառավն էր, որ էլ չէր թոնթորում առաջվա պես։ Նրան պահողը, խոսեցնողը պառավն էր, որ օրնիբուն շարժման մեջ էր։ Լվանում էր ափսեները, որ իսկի չէին էլ գործածվում, սանդուղն էր քրքրում, պահարանի շորերը դարսում, ուտելիքի հոգս քաշում։
Իվան բեյին երբեք այնքան հարազատ չէր թվացել իր կինը, այնպես մտերիմ չէր եղել, ինչպես այդ ձմռան։ Երեխա էր դարձել, մի երեխա, որ մոր փեշից է բռնում և մոր գրկում էլ քնում։ Երբեմն ինքը զարմանում էր, թե ինչու մինչ այդ չի մոտեցել պառավին այդպես, սրտին այնքան մոտ չի եղել։
Պառավն աշխատում էր նրան միշտ մի բանով զբաղեցնել, հին ժուռնալներ էր բերում, կամ թե բրինձ էր տալիս ջոկելու։ Իվան բեյը խոնարհ երեխայի պես նստում էր վառարանի մոտ, սինու մեջ լցրած բրինձը մատով մեկ-մեկ ջոկում։
Ձմռան երկար գիշերներին, երբ ձյունամրրիկը սուլոցով ուժգին զարկում էր պատուհանի ապակիներին և գայլի պես ոռնում բուխարիկի անցքում, Իվան բեյը երկյուղ էր զգում և ցուրտ, գլուխը կոխում էր հաստ վերմակի տակ, կծիկ դառնում և աշխատում ասել, թե ինչպես է ոռնում ձմռան քամին։
− Այ պառավ, մեջքդ ծածկի,− ասում էր վերմակի տակ և ավելի մոտենում պառավին։
Ժամերով քունը չէր տանում։ Աչքերը կիսախուփ, վերմակի տակ կծիկ դառած, Իվան բեյի մաշված միտքը շարունակում էր աշխատել։ Հին օրերի դեպքերը թազբեհի հատիկների պես մեկ-մեկ դարսվում էին իրար վրա։
Ցերեկով նա եթե սրտնեղում էր, թղթի մի կտորի վրա լրագրից կամ հին ժուռնալից արտագրություն էր անում, գրածը դարսում, համարակալում, ճիշտ առաջվա պես։ Սակայն երբ սթափվում էր և զգում, որ այդ միայն ժամանակի համար է, սիրտը կոտրվում էր, հեռանում էր սեղանից և էլի ձեռքերը թիթեղյա վառարանին մոտեցնում։
Հին ծանոթներից երբեմն այցելության էին գալիս։ Բայց ամեն անգամ, երբ ծանոթը դուրս էր գնում և Իվան բեյը մնում էր մենակ իր մտքերի հետ, սիրտը տակն ու վրա էր լինում, ալեկոծվում էր լճի մակերեսը, որի վրա տեղ-տեղ ջրախոտերը արդեն ճահիճ էին գոյացրել։
Չկամ էր ընդունում եկողին, նրանք էլ հաճախ չէին գալիս։
* * *
Ձմռան մի գիշեր էլ պառավը մեռավ։ Հիվանդ չէր, միայն քնելուց առաջ սրտի ծակոցից էր գանգատվում։
Իվան բեյը ուշք չդարձրեց, որովհետև պառավն այդ հիվանդությունը վաղուց ուներ և շատ անգամ էր սիրտը բռնում, տնքում։
Առավոտը կանուխ վեր կացավ Իվան բեյը, հավերին կուտ տվավ, եկավ, որ պառավին զարթնեցնի։
− Վեր է՜, այ պառավ,− ասաց ու թեթև շարժեց։
Հանկարծ աչքին ընկավ պառավի դեմքը և աչքերը բաց, ապակու անկենդան փայլով։ Իվան բեյը հասկացավ, ցավից կանչեց զիլ և ընկավ պառավի դիակի մոտ։
Ծանոթ ու հարևան հավաքվեցին և ձմռան մի ցուրտ օր, երբ նոր եկած ձյունը պսպղում էր արևի տակ, որպես ասեղի ծայրեր և ճռճռում՝ նոր գնած կոշիկի պես, պառավին թաղելու տարան։
Ցուրտ էր, տերտերը շտապում էր։ Սառել էր գետինը, գերեզմանն էլ խոր չէին փորել։
Երբ դագաղն իջեցրին և ձյունախառն հողը բահով փոսի մեջ լցրին, Իվան բեյը, որ գլխաբաց կանգնել էր և լցվող փոսին էր նայում, մտածեց, թե ինչքան ցուրտ է լինելու պառավի համար։ Ավելի կուչ եկավ վերարկուի մեջ, արցունքները գլորվեցին այտերի վրայով։