Եվ այլն և այլն։ Բոլորն էլ գալիս էին մի տեսակ անբռնաբարելի իրավունքով, կարծես, նրա վարձը վճարել էին վաղուց։ Վերջապես, նա տեսավ, որ այդպես շարունակել անկարելի է, որ պետք է սահմանափակել ձրիասերների թիվը։ Բայց ինչպես։ Սխալն այն էր, որ նա սկզբից չէր հայտնել, թե իբրև մանկաբարձ֊բժիշկ դարմանում է միայն կանանց հիվանդությունները։ Ինչ տեսակ հիվանդներ ասես, նա ընդունում էր վարձով, հետևաբար չէր կարող անվարձների վերաբերմամբ այլ կերպ վարվել։
Մի օր նա նստած էր յուր առանձնասենյակում։ Ընդունելության ժամն էր։ Նա բարկացած էր. մի րոպե առաջ նա ընդունել էր մի տերտերի, քննել, դեղատոմս գրել, և տերտերը, փոխանակ վարձ տալու, «պահպանիչ» էր ասել, կարծես, նրան ծաղրելու համար։ Իսկ մի պացիենտ, որին բժշկել էր ծանր հիվանդությունից, տասն ու ինը «վիզիտի» համար ուղարկել էր ծրարով ընդամենը քսան ռուբլի։
«Վիզիտին մի ռուբլի,— ասում էր նա,— մարդ կարող է խելագարվել, խելագարվել, это чорт знает что такое, այդպես էլ անբարեխղճությո՞ւն...»։
Հանկարծ նա լսեց դռան զանգակի ձայնը։ Իբրև կանանց բժիշկ, նրան աջակցում էր մի մանկաբարձուհի։
— Հիվանդ,— ասաց վերջինը, ընդունարանի դռներից ներս մտնելով։
— Հրավիրեցեք, — պատվիրեց բժիշկը և մտքում ավելացրեց.— ձրի՞, թե՞ վարձով։
Ներս մտավ եվրոպական ձևով հագնված, երեսը թանձր քողով ծածկած մի կին։ Երկչոտությամբ նայելով աջ ու ձախ, կինը շշնջաց.
— Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել:
Մանկաբարձուհին դուրս եկավ։ Բժիշկը դռները ամուր ծածկեց և հրավիրեց անծանոթին նստել։ Կինը մի անգամ ևս նայեց յուր շուրջը և սաստիկ հոգնած մարդու պես, ընկղմվեց բազկաթոռի վրա։ Նա գլուխը մոտեցրեց բժշկին և սկսեց շշնջալով խոսել։ Թանձր քողի տակից նկատելի էր նրա երեսի գույնը, սակայն նրա ստեպ ընդհատվող շնչառությունից, արագ բաբախող կրծքից և դողացող ձեռներից պարզ էր, որ նա մի ինչ-որ տենդային հուզմունքի մեջ է։ Լսելով նրա շշնջյունը, բժշկի դեմքը հանկարծ մռայլվեց։ Անծանոթը յուր ասելիքը վերջացրած, պատասխանի էր սպասում։ — Չեմ կարող,— արտասանեց բժիշկը գրական եղանակով:
Կինը մի հուսահատական շարժումն արավ:
— Ես կսպանեմ ինձ,— լսվեց նրա աղերսալի ձայնը քողի տակից,— ես ինձ կսպանեմ, եթե չազատեք այս դրությունից։ Իմ բոլոր հույսերս ձեզ վրա են, ուրիշին դիմել չեմ կարող, այստեղի բժիշկները ամենը ճանաչում են մեզ։ Դուք նոր մարդ եք, դուք երիտասարդ եք, բարի եք, օգնեցեք։
Հետզհետե նրա թուլացող ձայնից երևում էր, որ նա արտասվում է, որ առհասարակ նրա դրությունը շատ հուսահատական է։
— Չեմ կարող,— կրկնեց բժիշկը մի անգամ ևս, բայց ոչ առաջվա հաստատակամությամբ,— այդ կլինի իմ կազմից մի հանցանք գիտության սուրբ ավանդությունների դեմ։
— Բայց միթե հանցանք չի՞ լինիլ ինձ սպանելը,— աղերսում էր անծանոթը,— միթե դուք թույլ կտա՞ք, որ մի երիտասարդ կին մեռնի խայտառակությունով: Բժիշկ, ես պատրաստ եմ ձեզ վարձատրել, ինչքան ուզում եք, օգնեցե՛ք:
Վերջին խոսքերը բարկացրին բժշկին, գոնե այսպես ձևացրեց նա իրան։
— Տիրուհի,— ասաց նա խոտորեն,— մի մոռանաք, որ ես պատիվս փողով ծախողներից չեմ:
— Ներողություն, ես այդ չէի ուզում ասեր: Ես գիտեմ, լսել եմ ձեր մասին, խնդրում եմ, խղճացե՜ք ինձ։
Բժիշկը լուռ էր: Նրա դեմքի սառն արտահայտությունը տեղի տվեց մտախոհության։ Փորձնական տագնապալի րոպեն անցավ։ Բժիշկը վերցրեց սեղանի վրա դրած մեծադիր գրքերից մեկը, թերթեց մի քանի վայրկյան և կրկին դրեց տեղը։ Հետո նա ձեռով վճռական շարժումն արավ, կարծես, միանգամայն հեռացնելով իրանից ծանր մտքերի մի շարք։
— Ձեր հասցե՞ն,— հարցրեց նա հանդարտ։
Անծանոթ կինը հառաչեց, բռնեց նրա աջը, շնորհակալությամբ ամուր սեղմեց և հետո մատիտով նշանակեց թղթի կտորի վրա յուր տան տեղը։ — Վաղը չէ, մյուս օրը,առավոտյան տասը ժամին ես ձեզ կսպասեմ, — ասաց նա, ոտքի կանգնելով:
— Սպասեցե՛ք, բայց միայն մի պայմանով՝ բոլոր պատաախանատվությունը ձեզ վրա եմ թողնում։
— Ես կյանքս հանձնում եմ ձեր գիտությանը, իսկ անունս՝ ձեր համեստությանը։
Եվ անծանոթը գրպանից հանեց մի աղեղնագույն թղթադրամ, սեղմեց բժշկի ձեռի ափում, ավելացնելով.
— Առայժմ։
Նա դուրս եկավ։ Բժշկի դեմքը փայլեց, նրա աչքերի մեջ պսպղաց անհագ շահասիրության ոգին, նայելով ձեռի մեջ սեղմած թղթադրամին։
«Գիտությունն էլ նախապաշարմունքներ ունե,— ասաց նա ինքն իրան,— ինչո՞ւ նրանցից մեկի դեմ չգնալ»...
Նա ուրախ-ուրախ սուլելով, գնաց մյուս սենյակը, հայտնեց մանկաբարձուհուն, թե ընդունելության ժամը անցել է, ազատ է։
Օրը կիրակի էր. մի օր, երբ բժիշկը սովորաբար այցելում էր յուր այն ծանոթներին, որոնց հետ կամենում էր բարեկամություն հաստատել։ Այս անգամ, կեսօրվա ուղիղ տասներկու ժամին, նրա կառքը կանգ առավ քաղաքի հարուստ տներից մեկի առաջ։
— Պարոն Ադամովը տա՞նն է,— հարցրեց նա, դռան զանգակի ձայնին դուրս եկող իմերել սպասավորից։
— Ո՛չ:
— Ո՞վ կա։
— Աղջիկ պարոնները։
— Հարցրու, կարո՞ղ է դոկտոր Մելիք-Բարսեղյանը ներկայանալ։
Մինչև ծառայի վերադառնալը բժիշկը մտքում մի քանի անգամ արտասանեց յուր ազգանունը և առաջին անգամ զգաց, որ նա բավական կոշտ է հնչում։ «Ափսոս Մելիքը, որ կպցրել են Բարսեղին», մտածեց նա, անիծելով յուր հոր ճաշակը, որ չէր կարողացել ժամանակին ավելի ազնվահնչյուն դարձնել այդ ազգանունը։
Տանտիրուհին նրան ընդունեց ուրախությամբ և հրավիրեց մի շքեղ զարդարված ընդարձակ հյուրասենյակ, ուր նստած էին նրա երկու զույգ հասուն աղջիկները։ Ադամովները Թիֆլիսում մի հայտնի ընտանիք էին։ Ինքը, ծերունի Ադամովը, մի պաշտոնաթող չինովնիկ էր, որ ժամանակին կարողացել էր յուր աղջկերանց բախտը ապահովել առանձին-առանձին օժիտով։
Տեսնելով բժշկին, չորս քույրերը միաժամանակ ոտքի կանգնեցին, հերթով սեղմեցին նրա ձեռը և կրկին նստեցին յուրաքանչյուրը յուր առաջվա տեղը։ Սովորական նախաբանից հետո, տանտիրուհին խոսք բաց արավ քաղաքային նորությունների մասին։ Եվ որովհետև նրա ուղեղը գիշեր-ցերեկ զբաղված էր յուր աղջկերանց ճակատագրով, ուստի բնական է, որ այդ նորությունները լինեին համապատասխան նրա մտավոր տրամադրությանը։
— Դուք ճանաչո՞ւմ եք Հալաբյանին,— հարցրեց նա բժշկից, մի քանի համանման լուրեր հաղորդելուց հետո։
— Ճանաչում եմ։
— Երևակայեցեք, այդ մարդը քանի տարի է չի պսակվել, հիմա, ասում են, ուզում է պսակվել:
— Այո՞։
— Այո։
— Ո՞ւմ վրա։
Տանտիկինը շինծու արհամարհանքով ժպտաց։
— Ով գիտե ում վրա, այստեղ մի «բազազ Նիկոլ» կա, որի կինը իրան արիստոկրատ է ձևացնում, կարծեմ այդ բազազի եղբոր աղջիկն է։
Բժիշկը մի տարօրինակ շարժում գործեց, ուղղելով պենսնեն։
— Մի աղքատ աղջիկ է, ոչ հայր ունի, ոչ մայր, հորեղբորից զրկված, օրվա հացին կարոտ։ Վարինկա,— դարձավ տիկինը յուր երկրորդ աղջկանը, որ թուխ գույնով, երկարաձև երեսով և փոքրիկ աչքերով մի արարած էր, մի փոքր գեղեցիկ, քան մյուս քույրերը,— Վարինկա, այն աղջկա անունը ինչ է՞,
— Մարո։
— Մարիա։ — Մաշա:
— Մարիամ։
Պատասխանեցին չորս քույրերը միաժամանակ:
Բժիշկը շփոթվեց։ Առաջին անգամն էր նա լսում մի լուր, որ վաղուց արդեն պտտում էր քաղաքում:
Տիկինը շարունակեց.
— Այդ Հալաբյանը մեր Թիֆլիսի ամենալավ փեսացուներից մեկն է, հանկարծ ուզում է պսակվել այդ աղքատ աղջկա վրա: Ի՞նչ կասեք, դոկտոր, լա՞վ բան է։
— Ես կարծում եմ, որ շատ ազնիվ բան է մի հարուստ մարդու կողմից,— պատասխանեց բժիշկը համեստությամբ։
— Ես էլ կարծում եմ,— մեջ մտավ տիկնոջ ավագ աղջիկը:
— Ես էլ,— կրկնեց երկրորդը — Վարինկան։
— Ես էլ,— կրկնեց երրորդը:
Չորրորդը լռեց, որովհետև հասակը չէր ներում համարձակ լինել:
— Բայց դուք տեսեք, որ,— շարունակեց տանտիկինը,— այդ աղջիկը կոտրատվում է, ասում են, չի ուզում գնալ Հալաբյանին: Իզուր չէ ասած՝ աղքատ ու հպարտ:
— Մամա,— խոսեց Վարինկան,— հպարտությունը խոմ չէ պատճառը:
— Բա՞ս։
Բոլոր քույրերը նայեցին միմյանց երեսին, գլուխները ցած գցեցին և աչքի տակով սկսեցին նայել բժշկի կողմը։
— Ինչո՞ւ չի գնում,— կրկնեց մայրը յուր հարցը։
— Սիրահարված է մեկ ուրիշի վրա,— լսվեց չորս քույրերի կողմից, բայց թե որն ասաց —այդ մնաց անհայտ։
Բժիշկը երկրորդ տարօրինակ շարժումն արավ, այս անգամ ավելի զորեղ։ Նա նկատեց, որ ամենից ավելի համառությամբ նայում է յուր վրա Վարինկան: Դա այն օրիորդն էր, որին բժիշկը հետամուտ լինելիս Մարիամը տեսել էր այն չարագուշակ երեկո։ Տանտիկինը սկսեց տրամաբանորեն ծաղրել և առհասարակ պախարակել սեր ասած բանը և սիրահարվողներին։ Բժիշկը հաջողությամբ փոխեց խոսակցության առարկան և, մի քառորդ ժամի չափ ևս նստելով, հրաժեշտ տվեց, դուրս եկավ վերին աստիճանի անախորժ տպավորության ներքո։— Անախո՜րժ, որովհետև այն, ինչից վախենում էր, արդեն կատարվում էր— նրա անունը սկսել էր բամբասանքի առարկա դառնալ։
Փողոցի մայթի վրա նույն վայրկյանին, երբ ձեռնափայտը բարձրացրած կառք էր կանչում, նրա առաջով անցավ Ռուբենը։ Հանդիպումը այնպես էր, որ բժիշկը, հակառակ յուր ցանկության, չկարողացավ խույս տալ։
— Աա՜, փառք աստուծո, քո երեսդ էլ տեսա,— գոչեց նա կեղծ զգացմունքով, այնպես, որ, կարծես, ոչինչ անախորժություն տեղի չէր ունեցել նրանց մեջ։
Ռուբենը շատ սառն բարևեց և ակամա ընդունեց ընկերոջ ձեռը, որ ծածկված էր փայլուն ձեռնոցով։
— Եղբայր, ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, միթե քեզ էլ պետք է հրավիրե՞մ, որ շնորհ բերես,— հանդիմանեց բժիշկը ընկերաբար, ուշադրություն չդարձնելով ընկերոջ սառնության վրա։
— Ես քեզ մոտ ի՞նչ գործ ունեմ,— արտասանեց Ռուբենը դառն սրտմտությամբ։
Բժիշկը իրան զարմացած ձևացրեց։
— Ինչպե՞ս, դու ինձ մոռացե՞լ ես։
Եվ, նայելով Ռուբենի երեսին, գլուխը հանդիմանությամբ երերեց աջ ու ձախ և խորին համեստությամբ շարունակեց.
— Հաա, ուրեմն մոռացե՞լ ես։ Շատ լավ, մոռացի՛ր, ինչ անեմ, երևի, արժանի եմ։ Բայց ես այդպես չեմ, ես միշտ հիշում եմ իմ հին ընկերներիս, ես չեմ կարող նրանց հետ այդպես շուտ կտրել բարեկամությունս։
Այս խոսքերի տակ թաքնված հանդգնությունը կատաղեցրեց Ռուբենին։
— Վասի՜լ,— գոչեց նա դողդոջուն ձայնով,— վաղո՞ւց ես սովորել այդ եզվիտական լեզվով խոսելը։
Բժիշկը ժպտաց։
— Էհ, եղբայր, ես չեմ հասկանում ինչո՞ւ այդպես բարկացած ես ինձ վրա, ի՞նչ է պատահել: Այս երկրորդ հանդգնությունը միանգամայն ապշեցրեց Ռուբենին։
— Ի՞նչ, դու դեռ համարձակվում ես արածդ մոռանա՜լ, դու դեռ հարցնո՞ւմ ես։
Խոսակցությունը տեղի ուներ փողոցի մայթի վրա, և այդ սաստիկ անհանգստացնում էր բժշկին։ Նա անդադար նայում էր աջ ու ձախ, վախենալով մի գուցե Ռուբենի հետզհետե գրգռվող ձայնը անցորդների ուշադրությունը գրավի։
— Ռուբեն,— ասաց նա մեղմ և համոզիչ ձայնով, միևնույն ժամանակ, աջ ձեռը դնելով ընկերոջ ուսի վրա,— ես տեսնում եմ, որ այսօր քեֆդ տեղը չի։ Ահա կառք, չե՞ս բարեհաճիլ արդյոք գնալ ինձ հետ տունս։ Ես մի երկու ժամ ազատ ժամանակ ունեմ, կարող եմ նվիրել քեզ։
Ռուբենը լուռ էր։
Գնաց բժշկի տունը — նա երբեք չէր համաձայնվի, բայց խոսել նրա հետ վերջին անգամ, պահանջել վերջին բացատրությունը — այդ նա ցանկանում էր վաղուց։ Արդեն հինգ շաբաթ էր անցել այն երեկույթից, երբ Մարիամի հետ խոսելուց խույս տվեց բժիշկը, և այսօր Ռուբենը առաջին անգամն էր պատահում նրան։ Նա գիտեր, որ այսուհետև բժիշկը աշխատելու է հեռու պահել իրան։ Ինչպե՞ս հարմար առիթը բաց թողնել, ինչպե՞ս անպատիժ թողնել նրան, ինչպես թույլ տալ, որ նա այդպես հեշտությամբ ազատվի պատասխանատվությունից։
— Ես քո տան շեմքը ոտք դնել չեմ կարող,— պատասխանեց Ռուբենը, հազիվ զսպելով կատաղությունը,— բայց քեզ հետ պետք է խոսեմ, որովհետև ստիպված եմ խոսել։ Անցնե՜նք մի փոքր։
Նրանք գնացին միասին և հասան փողոցի ծայրը։ Ռուբենը առաջարկեց նրան մտնել մոտակա սրճարանը։ Խանութի ձև ունեցող մի բավական ընդարձակ դահլիճում, առանձին սեղանների շուրջը, նստած էին մի քանի, վայելուչ հագնված, մարդիկ. որը սուրճ էր խմում, որը գարեջուր, որը նարդի էր խաղում։ Ընդհանուր աղմուկի միջից որոշ լսվում էր մոսիո Վախվախյանի խրոխտ ձայնը։ Բժիշկը նայեց պատերին և առաստաղին, ինչպես մի մարդ, որ ուզում էր ցույց տալ, թե առաջին անգամն է այդպիսի տեղ մտնում, այն էլ ակամա։
— Մի վախենալ, այստեղ չենք մնալ,— ասաց Ռուբենը և առաջնորդեց բժշկին հետևի կողմում գտնվող մի փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար։
Բժիշկը գարեջուր պահանջեց, Ռուբենը մի բաժակ սուրճ, և նրանք նստեցին սենյակի մի անկյունում, պատվիրելով սպասավորին դռները ծածկել։
— Մեր խոսակցության համար,— սկսեց Ռուբենը,— մի այդպիսի չեզոք տեղ էր հարկավոր, բարեկամական ասպարեզ այլևս չպիտի գոյություն ունենա մեզ համար։ Վասի՛լ, դու գիտես իմ հուզմունքի պատճառը։ Ասա, իրավունք ունե՞մ քո վարմունքը տմարդի համարել, ասա, ունե՞մ իրավունք։
— Մինչև չհանդարտվես,— պատասխանեց բժիշկը սառը և խաղաղ եղանակով,— քեզ հետ խոսել չի լինիլ։ Խմում եմ կենացդ և ցանկանում եմ, որ իբրև տղամարդ կարողանաս զսպել քեզ։ Սիրելիս,— շարունակեց նա, գարեջրի բաժակը հազիվ շրթունքին մոտեցնելուց հետո, բերանը սրբելով,— մարդու հետ այդպես վարվել չի կարելի, ինչպես դու ես վարվում։ Այո, գիտեմ ինչու ես գրգռված։ Բայց դիցուք ես մի հանցավոր եմ, դու դատավոր, մի՞թե չպիտի լսես ինձ և հետո դատես։
— Սառնարյուն լինել այն ժամանակ, երբ տեսնում եմ անիրավություն — ես չեմ կարող։ Բայց կաշխատեմ զսպել ինձ, ասա, ես լսում եմ։
— Ո՞րն է իմ հանցանքը, ցույց տուր խնդրեմ,— առաջ տարավ յուր խոսքը բժիշկը, արմունկները դնելով սեղանի ծայրին և աչքերը ակնոցի միջով սևեռելով ընկերոջ երեսին։— Որ ես այն երեկո բացատրություն չե՞մ տվել քրոջդ։ Համաձայնիր, որ տեղը անհարմար էր, Ռուբեն, խոմ չէր կարելի մի ամբողջ հասարակության մեջ ընտանեկան գաղտնիք պարզել: Մարիամը իրավունք ուներ ինձանից հաշիվ պահանջելու։ Նա իրավունք ունի ինձ անամոթ դավաճան անվանելու։ Նա իրավունք ունի կարծելու, որ ես նրան մոլորեցրել եմ և հետո երես դարձրել։ Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, ես ոչինչ չեմ թաքցնում, բոլորը ասում եմ։ Այո, պարզ ասում եմ, որ քրոջդ ես սեր եմ խոստովանել, որ ամբողջ երկու ամիս ամառանոցում հավատացրել եմ նրան, թե վաղուց, շատ վաղուց է նրան սիրում եմ, որ այդ երկու ամսվա ընթացքում, բացի սիրո ցույցերից, ուրիշ բան չի հետաքրքրել ինձ։ Խոստովանում եմ և այն, որ ես երդվել եմ կյանքս կապել նրա կյանքի հետ հավիտենական կապով։ Եվ ահա այսօր նա զգում է, որ ես սառել եմ դեպի նա, որ ես փախչում եմ նրանից։ Իհարկե, ով լիներ նրա տեղը, ինձ մի անամոթ, անխիղճ, անպատկառ շառլատան պիտի համարեր։ Բայց համբերիր, այդպե՞ս է արդյոք, ճշմարի՞տ ես շառլատան եմ, թե՞ արդարանալու պատճառներ ունեմ։ Խոմ չի կարելի այդպես շտապ դատավճիռ կայացնել։ Ռուբեն, Մարիամը կին է, գիտես, որ կինը առհասարակ շատ էլ խորը դատել չգիտե: Իսկ դո՛ւ, դու տղամարդ ես, դու պետք է խելքիդ հավատաս, դու չպիտի ենթարկվես րոպեի ազդեցության։ Ես ասեմ, դու մտածիր, մեղավոր եմ, թե՞...
Եվ նա սկսեց պարզել յուր պատճառաբանությունը։ Վերցնելով աղքատությունը իբրև հիմք լուր տրամաբանության, նա շատ լրջամիտ, շատ խոհուն կերպով և հաջողաբար արծարծեց այն, ինչ որ վաղուց պատրաստել էր ուղեղում։ Նա զարմանալի արվեստագիտությամբ պատկերացրեց չքավոր ամուսինների դրությունը, նրանց դառն կյանքը, նրանց հոգեկան աննախանձելի վիճակը։ Նա մեջ բերավ և՛ զավակներին, խղճալի գույներով ներկայացրեց նրանց բախտը։ Տեղ-տեղ նա չդուրս եկավ իրականության սահմանից, բայց և տեղ-տեղ զոռելով երևակայությանը, թշվառությունը կրկնապատկեց անխիղճ կերպով։
- Ահա այս ամենը աչքի առաջ ունենալով,— շարունակեց նա, խրախուսվելով Ռուբենի լռությունից, որ համաձայնության տեղ էր ընդունում,— ես չեմ վստահում խոստումս կատարել: Ավելի լավ է դավաճան երևալ Մարիամի աչքում, քան նրան դժբախտացնել։ Հավատացիր, ես դարձյալ սիրում եմ նրան, օ՜օօ, սիրում եմ, և հենց սիրելուց եմ այդպես վարվում։ Թող ես տանջվեմ, թող չարչարվեմ, միայն թե իմ պատճառով նրա ամբողջ կյանքը չթունավորվի։ Ես չեմ ուզում անսիրտ էգոիստ լինել։ Մարիամը գեղեցիկ է, երիտասարդ, կրթված, խելոք, միշտ ինձանից ավելի տասնապատիկ հաջող ընտրություն կարող է անել։ Նա սովոր է փարթամ ապրել, իսկ ե՞ս, ես ո՞վ եմ, աղքատության մեջ ծնված, աղքատության մեջ մեծացած մի համեստ, մի աննշան բժիշկ, որի նմանները շատ կան Թիֆլիսում։ Մարիամին հարկավոր է անհոգ, առատ և շքեղ ապրուստ։ Իսկ ես միջոց չունեմ, ես աղքատ եմ։ Մեղք չէ՞, որ ես այդ քնքուշ արարածին ձգեմ օրվա հացի կարոտության մեջ։ Նրա՞ն, Մարիամի՛ն, օ՜օօ, Ռուբեն, մտածի՜ր, նա կարող է ուրիշի հետ բախտավոր լինել, նրա հետևից ընկած են հարուստ մարդիկ։ Ես այդ գիտեմ. դեռ կես ժամ սրանից առաջ ես մի շատ պատվավոր ընտանիքումն էի, որտեղից դուրս գալիս դու պատահեցիր։ Այնտեղ ինձ ասացին, որ հայտնի հարուստ Հալաբյանը իբր թե… այո, ինչու թաքցնեմ… իբր թե Մարիամին առաջարկություն է արել։ Այդ կատարյալ բախտավորություն է։ Եվ դու եթե տեսնեիր, թե այն ընտանիքում ինչպես նախանձում էին Մարիամին, կհավատայիր…
Մինչև այդ վայրկյան Ռուբենը լուռ էր։ Զսպելով իրան, նա թույլ տվեց բժշկին ասել բոլորը, ինչ որ կամենում էր։ Բայց վերջին խոսքերը այլևս սպառեցին նրա համբերության վերջին կաթիլը։ Նա դողաց ամբողջ մարմնով, այդչափ սառն հանդգնություն նա տակավին չէր սպասում յուր նախկին ընկերոջից։
— Բժիշկ,— գոչեց նա խեղդուկ ձայնով,— դու ավելի վատ ես եղել, քան թե կարծում էի ես։ Դու ոչ միայն խաբել ես մի անմեղ աղջկա, այլև աշխատում ես քո խաբեբայությունը արդարացնել բարոյական պատճառաբանությունով։ Ավելի, դու մինչև անգամ ձգտում ես քեզ վեհանձն ձևացնել։ Այժմ քեզ բոլորովին ճանաչեցի։ Ես չգիտեի, որ դու այդչափ ճարպիկ ես, օ՜օօ, չգիտեի…
— Դարձյալ գրգռվեցի՞ր, դարձյա՞լ,— ընդհատեց բժիշկը բարեսիրտ վարժապետի եղանակով,— նո՜ւ, Ռուբեն, ես քեզ բոլորը բացատրեցի, այժմ դու գիտես։ Նա հանդարտ և հանգիստ գարեջրի բաժակը մոտեցրեց շրթունքին։
— Մնում է ինձ համար մի դառն վիշտ,— շարունակեց Ռուբենը,— որ քրոջս և քո սիրո առաջին սերմ ցանողը ես եմ եղել, ես, որ տասներկու տարի քեզանով խաբված եմ եղել։ Բայց ոչ, ինչու, ես երբեք չեմ խաբվել: Չէ՞ որ դու ինձ շարունակ ասում էիր, թե չքավորությունը մի իմաստուն դրպրոց է, թե նա պատրաստում է խելոք, առողջամիտ մարդիկ։ Մի բան միայն թաքցնում էիր, և ես այսօր եմ միայն զգում այդ բանը... այդ իմաստուն դպրոցից դուրս եկած մարդիկ երբեմն զուրկ են լինում մարդկային սրտից։ Օ՜օօ, ինչպես գիտես անամոթ վարմունքդ արդարացնել։ Խոնարհվում եմ շնորքիդ առաջ, դու արժանի ես գովասանքի։ Վեհանձն ձևանալ այն ժամանակ, երբ մարդ ստոր է — դրա համար տաղանդ է հարկավոր։
— Ռուբեն,— ընդհատեց բժիշկը գրգռված երիտասարդի անկապ խոսքերը, որ բխում էին մի վիրավորված սրտից,— Ռուբեն, կամաց խոսիր, մյուս սենյակում կարող են լսել: Բայց Ռուբենը ուշադրություն չդարձնելով նրա նախազգուշության վրա, շարունակեց.
— Ա՜խ, Մարիամ, եթե գիտենայիր, թե որքան բախտավոր ես, որ զրկվել ես այդպիսի մարդու ընկերակցությունից։ Բայց ի՞նչ, դու դեռ քո խորին ատելության մեջ չես կարողանում մոռանալ քո երևակայած անցյալ երջանկությունը։ Դու դեռ արտասվում ես գիշեր ու ցերեկ, մինչդեռ պետք է ծիծաղեիր և ուրախանայիր։ Անամոթ, — դարձավ նա բժշկին, որ շվարված լսում էր նրա զառանցանքը, — դու դեռ հանդգնում ես ծաղրել քրոջս։ Դու ուրախ ես, որ նրան հետամուտ է լինում մի Հալաբյան...
— Ռուբեն,— դարձյալ ընդհատեց բժիշկը, այս անգամ անհամբեր եղանակով,— բավական է, կարող են լսել, դու ինձ վիրավորում ես։
— Ես քեզ վիրավորո՞ւմ եմ,— կրկնեց Ռուբենը դառն ժպտալով,— ի՞նչ, միթե դու դեռ վիրավորվելու ընդունակություն ունե՞ս։ — Բավական է, Ռուբեն,— արտասանեց բժիշկը այլևս չկարողանալով զսպել իրան և ոտքի կանգնելով։
Նրա հետ միասին ոտքի կանգնեց և Ռուբենը, գունատված, դողդողալով։ Բժիշկը նայեց նրա երեսին և մի չարամիտ բան կարդաց նրա աչքերի մեջ։ Նա սարսափած երեսը հետ դարձրեց։
— Զզվելի՜,- ձայն տվեց Ռուբենը, ձեռը ուժգին խփելով սեղանի ծայրին։
Անսահման սառնասրտությունը արդեն դավաճանում էր բժշկին։ Բայց և այնպես նա քաջություն ունեցավ մի վայրկյան ևս զսպել իրեն և խուլ ձայնով պատասխանեց.
— Ասա քրոջդ, որ ես դարձյալ սիրում եմ նրան և պիտի սիրեմ…
Գուցե բժիշկը անկեղծ էր ասում, գուցե դա նրա կողմից մի տեսակ մեղմացուցիչ դարձված էր, սակայն այդ դարձվածը այնքան լիրբ թվաց Ռուբենին, որ նա վայրկենաբար կորցրեց խելքը։ Նրա աչքերը արյունով լցվեցին, սենյակը խավարվեց և նա գրեթե անզգայաբար ձեռը բարձրացրեց.
— Ահա քեզ իմ քրոջ պատասխանը…
Եվ բժիշկը յուր ձախ այտի վրա զգաց մի սառնություն, որ իսկույն փոխվեց այրող տաքության։ Նա ոչինչ չկարողացավ ասել։ Կարմրած աչքերով, բորբոքված դեմքով նայեց յուր շուրջը:
Դռները բացվեցին, երևաց սպասավորը, նրա հետևից մի քանի հետաքրքիր դեմքեր, որոնց թվում և մոսիո Վախվախյանը։ Բժիշկը յուր ձեռին սեղմած ռուբլիանոցը շպրտեց սպասավորի կողմ և շտապեց աննկատելի կերպով դուրս սլկվել։
— Խի՜, խի՜, խի՜,— ուղեկցեց նրան դռների մոտ հավաքված ականատեսների և մոսիո Վախվախյանի միահամուռ ծիծաղը։
XIII
— Մոռացիր, սիրելի Մարո, մոռացիր։ Ճշմարիտն ասած, ես կարծում էի դու ավելի քաջասիրտ կլինես։ Միթե չե՞ս կարող արհամարհել այդ մարդուն։ Հավատացիր, տասն օր առաջ ես ատում էի նրան, ինչպես մի վատ թշնամուս: Իսկ այն անցքից հետո, արհամարհում եմ։ Նա քո ոտի գարշապարին անգամ չարժե։ Դու կթքեիր, եթե տեսնեիր, ինչպես նա սառնարյուն ընդունեց ինձանից այն վիրավորանքը։ Օ՜խ, զզվելի է նա, զզվելի։ Գիտե՜ս, ես այժմ մինչև անգամ ափսոսում եմ, որ այնպես վարվեցի նրա հետ, որ չկարողացա ինձ զսպել։ Իսկ դու դեռ չես մոռանում այդ մարդուն, դու դեռ չես հանգստանում։
— Ես բոլորովին հանգիստ եմ այժմ, ես նրան վաղուց եմ մոռացել։ Նա ինձ համար գոյություն չունի։
— Երանի այդպես լիներ։ Բայց դու ինձ խաբռւմ ես, դու ինձանից թաքցնում ես վիշտդ։ Դեռ մեկէլ օրը երազումդ նրա մասին էիր զառանցում, դեռ երեկ երեկոյան իմ սենյակից լսում էի քո արտասվելու ձայնը։ Այդպես չի կարելի շարունակել, Մարո։ Դու քեզ մաշեցիր։ Մտիկ արա հայելուն, թեզ ճանաչել չի լինում, այնքա՜ն փոխվել ես։
Եվ ամեն օր եղբայրը այսպես հորդորում էր քրոջը և ամեն օր քույրը հավատացնում էր եղբորը, թե մոռացել է այն, ինչ որ կոպիտ համառությամբ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, ինչպես մի չար ոգի։
Այժմ նա ատում էր բժշկին, ատում էր յուր վիրավորված սրտի բոլոր թունալից ուժերով։ Սակայն հենց այդ ատելությունն էր, որ ստիպում էր նրան մի կետի վրա մտածել, թե ինքն անպատվված է, արհամարհված և հասարակության ծաղրի նշավակ դարձած։
Ամիս ու կես էր անցել այն երեկույթից, և նա դեռ յուր կրած վիրավորանքի թարմ տպավորության տակ էր։ Նրա ամփոփ և առողջ բնավորությունը, մի անգամ ենթարկվելով մի զորավոր զգացման, չէր կարող այն դյուրությամբ ազատվել ազդեցությունից, ինչպես գուցե ազատվեր մի ավելի թեթև բնավորություն։ Սիրելով մի անգամ, նա անձնատուր եղավ այդ սիրույն մոլեռանդաբար: Հանդիպելով յուր անհուն սիրո փոխարեն մի տմարդի դավաճանության, նրա զգայուն սիրտը խոցոտվեց մինչև յուր ամենախորին ծալքերը։
Գիտեր Ռուբենը, զգում էր, որ դժվար է մխիթարություն տալ քրոջ սրտին։ Դա էր, որ նրան հուսահատեցնում էր, դա էր, որ ավելի ու ավելի գրգռում էր նրա ատելությունը դեպի յուր նախկին ընկերը, թեպետ հավատացնում էր Մարիամին, թե արհամարհում է բժշկին։
Եվ ինչ ջանք ասես գործ չէր դնում նա յուր քրոջ սիրտը ամոքելու համար։ Առաջին պայման նա աշխատեց, որ Մարիամը միայնակ չմնա։ Այս պատճառով, նա, երկար արարելուց հետո, գտավ քաղաքի կենտրոնից ավելի մոտիկ մի տան մեջ երկու սենյակ։ Այստեղ հարևանները այնպիսի մարդիկ էին, որոնց հետ Մարիամը կարող էր հարաբերություն ունենալ։ Այդ տանը, ի միջի այլոց, բնակվում էր և նրա գիմնազիական ընկերուհիներից մեկը,— մի ռուս օրիորդ, որի հետ ծանոթ էր Ռուբենը։ Առանց բուն պատճառը ասելու, երիտասարդը հայտնեց այդ օրիորդին յուր քրոջ հոգեկան դրությունը և խնդրեց միայնակ չթողնել նրան այն ժամերին, երբ ինքը տանը չէր լինում։ Իսկ պաշտոնից ազատ ժամանակ նա ինքը չէր հեռանում Մարիամից, ամեն որ գրեթե ուժով տանում էր նրան զբոսնելու։ Հաճախ նա յուր հետ բերում էր այս ու այն ընկերոջ կամ ծանոթին, և նկատում էր, որ Մարիամը ամենի հետ վարվում է շատ անտարբեր, շատ սառն և մինչև անգամ մի տեսակ կասկածանքով։
Մյուս կողմից Մարիամին աշխատում էր մխիթարել նրա կարուձևի վարժուհին — Սաթենիկը։
— Գիտես, սիրելիս,— ասում էր մի օր այդ օրիորդը, Մարիամի ինքնասիրությունը գրգռելու համար,— դու բոլորովին ծույլ ես, չես աշխատում։ Մոտ երկու ամիս է սովորեցնում եմ, մինչև այժմ մի օրինավոր բան ձևել չգիտես։ Ամոթ չէ՞:
— Ներիր, Սաթենիկ, ես անընդունակ եմ։
— Ոչ, դու անընդունակ չես, դու ծույլ ես։ Ասա, խնդրեմ, մինչև ե՞րբ պետք է նստես, հառաչես և հիմար բաների վրա մտածես։ Ամոթ է, Մարո, հավատացիր, ամոթ է։ Ասենք թե մենք կանայքս թուլասիրտ արարածներ ենք, թեև այդ սուտ է, բայց այդքա՞ն։ Ոչ, ես քեզ պետք է անպատճառ խելքի բերեմ։ Լսի՛ր ինչ եմ ասում։ Դու շաբաթական երեք անգամ գալիս ես ինձ մոտ, այժմ ես վճռել եմ, որ երկու անգամ էլ ես քեզ մոտ գամ։ Ես եղբորդ հետ խոսել եմ։ Նա վաղը իմ երաշխավորությունով քեզ համար մի կարի մեքենա կվերցնի ապառիկ և այսուհետև դու ձեր տանն էլ կար կանես։ Շուտով ծննդյան տոները կհասնեն, ես երկու շաբաթ ազատ կլինեմ, այն ժամանակ ամեն օր կտեսնվենք։ Մենք միասին կաշխատենք, կկարդանք, կխոսենք, կզբոսնենք։ Լա՞վ։
Մյուս օրը մեքենան գնվեց և Սաթենիկը յուր խոստումը սկսեց կատարել։ Եվ այսպես, նրանք տեսնվում էին շաբաթական հինգ անգամ։ Վարժուհու այս անկեղծ հոգացողությանը յուր ընկերուհու վերաբերմամբ հիացնում էր Ռուբենին։
— Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ նրանից, — ասում էր երիտասարդը Մարիամին, — նա մեզ շատ է պարտավորեցնում։ Ես ուզում եմ նրան վարձ առաջարկել։
— Մտքովդ անգամ մի անցկացնիլ,— զգուշացրեց Մարիամը,— թե չէ նրան սաստիկ կվիրավորես։ Ես մի երկու անգամ խոսել եմ այդ մասին, ինձ հետ կռվել է։
Մի ուրիշ անգամ Սաթենիկին տուն ուղեկցելուց հետո, Ռուբենը վերադարձավ ավելի ոգևորված։
— Ի՜նչ հրաշալի աղջիկ է այդ Սաթենիկը,— գոչեց նա անկեղծ սրտով,— ինչքա՜ն խելք, ինչքա՜ն առողջամտություն, ի՜նչ բարի սիրտ։ Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի այդպիսի հայ օրիորդ։ Կարծես բնությունը խլելով նրա արտաքին գեղեցկությունը, պարգևել է նրա հոգուն։
— Մենք հիանում ենք, բայց կան մարդիկ, որոնք արհամարհանքով են նայում...
— Այդ անգին մարգարիտի վրա՞։
— Ես երբեք չեմ մոռանալ, թե ինչպես մի անգամ Նատալիան նրան «չեչոտ սատանա» անվանեց յուր ընկերուհիների մոտ։ Խեղճ օրիորդը մյուս օրը լսել էր այդ, չգիտեր ինձ մոտ ինչպես թաքցներ յուր վիրավորանքը։
— Չեչո՜տ,— կրկնեց Ռուբենը,— ես այդ չեչոտին չեմ փոխի Նատալիայի պես տասը «գեղեցկուհիների» հետ։
Եվ այսպես քույր ու եղբայր սիրում էին այն օրիորդին, որի պարզ, սիրալիր բնավորությունը և եռանդուն աշխատասիրությունը արդարև հազվագյուտ էին։ Փոքր առ փոքր Սաթենիկը կարողացավ ազդել Մարիամի վրա։ Միշտ ամաչեցնելով, միշտ կպչելով յուր աշակերտուհու ինքնասիրությանը, նա մասամբ հասավ յուր նպատակին։ Մարիամը պարապում Էր աշխուժով և սիրով։ Նա կարծես, սկսել էր մոռանալ յուր վիշտը։ Ռուբենը ուրախանում էր, տեսնելով յուր քրոջ դեմքի վրա երբեմն-երբեմն այն զվարթ ժպիտը, որ հատուկ էր նրան և որ վերջին ժամանակ չէր արտահայտվում այդ մռայլ դեմքի վա։
Սակայն նա դարձյալ խաբվում էր, և չգիտեր, թե այդ արտաքին զվարթությունը որքան բռնազբոսիկ է և որքան հոգեկան ճիգն էր անում Մարիամը յուր վիշտը քողարկելու համար։
Ծննդյան տոները մոտեցան։ Ռուբենը երկու շաբաթով ազատվեց ուսումնարանական պարապմունքից։ Բայց նա ուներ երկու մասնավոր դասեր, որ ստիպում էին նրան օրական երկու անգամ այցելել քաղաքի հեռավոր թաղերը։
Հալաբյանի քեռորդու հետ պարապելուց նա հրաժարվել էր հենց առաջին շաբաթ։ Մի քանի դասերից հետո նա տեսավ, որ այդ աշակերտը իսկապես կարոտ չէ ավելորդ դասերի։ Նա հասկացավ Հալաբյանի նպատակը, վիրավորվեց։ Ամուրին շատ խնդրեց շարունակել դասերը, բայց իզուր։
Այնուհետև Ռուբենը շատ քիչ էր պատահում Հալաբյանին, այն էլ միայն փողոցում։ Բարևում էր, անցնում, որպեսզի առիթ չտա ավելի մոտիկ հարաբերության։ Նա կատարում էր Մարիամին տված յուր խոստումը, չէր ուզում որ Հալաբյանր այլևս այցելե իրանց։ Եվ ամուրին չէր համարձակվում այցելել, որքան և այդ ցանկալի էր նրա համար։
Ոչ Ռուբենի սառնությունը, ոչ իշխան Սահարունիի երկդիմի ակնարկությունը այն երեկույթում — չունեցան այնքան ուժ, որ խաղաղեցնեն Հալաբյանի մի անգամ արդեն գրգռված կիրքը: Նա լսել էր, որ քաղաքում լուր է տարածվել Մարիամի հետ ամուսնանալու մասին։ Մոսիո Վախվախյանն էր հաղորդել նրան այդ բոլորը։ Նույն Վախվախյանը շտապել էր անմիջապես պատմել նրան և հյուրանոցում Ռուբենի ու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մեջ տեղի ունեցած անցքը։ — Դու ասում ես լսեցի՞ր, որ Ռուբենը բժշկին անպատվեց,— հարցրեց Հալաբյանը մի քանի անգամ։
— Ոնց թե լսեցի, աչքովս տեսա, մեկ փախավ, դու ես իմ պարոնս, ոնց որ վախլուկ նապաստակը։
Ռուբենի այս վարմունքը դուր եկավ Հալաբյանին, որ այնքան վրդովված էր բժշկի դեմ։ Նա զգում էր, որ բժիշկը արժանի է այդ պատժին։
Նա ինքը պատրաստ էր ավելի զորեղ պատժել այդ մարդուն, ոչ թե նրա համար, որ նա դավաճանել է Մարիամին, այլ, որ հանդգնել էր այդ օրիորդի սերը գրավել։
Տոն օր էր։ Կեսօրից մի քիչ առաջ Մարիամը, Ռուբենը և Սաթենիկը զբոսնում էին Գոլովինսկի պրոսպեկտի վրա։ Չնայելով, որ ձմեռվա կեսն էր, եղանակը տաք էր, երկինքը պարզ, օդը մաքուր և պայծառ։ Զբոսնողների խիտ բազմության մեջ նրանց առաջը դուրս եկավ Հալաբյանը, որին ուղեկցում էր անխուսափելի մոսիո Վախվախյանը։ Տեսնելով Մարիամին, ամուրին թողեց յուր ուղեկցին, մոտեցավ, բարևեց և սկսեց զբոսնել նրա հետ։ Վերջին օրերը հեգ ամուրին նկատելի կերպով նիհարել էր, աչքերը խորն էին ընկել և երեսի կաշվի ծալքերը ավելի խոշորացել էին։
Ռուբենը դիտմամբ մի քանի քայլ հետ մնաց, որ Հալաբյանի հետ ման գա, իսկ Մարիամը Սաթենիկի հետ թև թևի տված առաջ անցավ։ Հալաբյանը խոսեց Նիկողայոս Սադափյանի մասին, ասաց, թե վերջինի գործերը հաջող են գնում, թե նա վերցրել է մի կապալ, որից մեծ գումար պիտի աշխատի։ Այդ մի նուրբ ակնարկություն էր, որով ամուրին Ռուբենին հիշել էր տալիս Սադափյանին արած յուր լավությունը։
— Ուրեմն նա շուտով ձեր պարտքը կտա՞,— հարցրեց Ռուբենը, գուշակելով նրա միտքը։
— Մի մասը արդեն տվել է։ Բայց ես այդ չեմ մտածում կտա չի տալ, միևնույնն է։ Ես ավելի ուրախ կլինեի, որ նա ձեր հայրական ժառանգությունը վերադարձներ ձեզ։
Ռուբենը ոչինչ չասաց։ Նրանք հասան փողոցի ծայրը։ Հետ դառնալիս Հալաբյանը կրկին մոտեցավ Մարիամին։ Այս անգամ օրիորդը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա։ Հալաբյանի նիհարությունը, բավական ընկճված ձայնը, նրա ամբողջ կերպարանքի խղճալի արտահայտությունը րոպեաբար շարժեց Մարիամի գութը։ Առաջին անգամ նա խղճաց ամուրիին, առաջին անգամ նրա նրբացած սիրտը զգաց այդ դժբախտությունը։
«Մի՞թե ես եմ պատճառը»,— ասաց նա մտքում, տեսնելով, թե ինչպես Հալաբյանը երկյուղած դեմքով է նայում յուր վրա և ինչ անվստահ եղանակով է խոսում։
Նա ևս լսել էր յուր ու Հալաբյանի մասին տարածված լուրը։ Նա նկատում էր, որ զբոսնող ամբոխի մեջ շատերը նայում են և քչփչում։ Նա յուր ծանոթների դեմքերի վրա տեսնում էր մի իմաստալի ժպիտ, կարծես, նրան շնորհավորում էին։ Նա շտապեց հեռանալ Հալաբյանից և, վերցնելով Սաթենիկի թևը, քայլերը ուղղեց դեպի տան կողմ։
— Դուք մի՛ գնաք, ես մի շատ հարկավոր բանի մասին պիտի խոսեմ ձեզ հետ,— դարձավ Հալաբյանը Ռուբենին, բռնելով նրա թևից։
Մարիամը գնաց Սաթենիկի հետ։ Ռուբենը Հալաբյանի հետ վերադարձավ։
— Մտնենք մի րոպե ինձ մոտ,— առաջարկեց վերջինը։ Ռուբենը ակամա հետաքրքրվեց ամուրիի ասածով և ակամա հետևեց նրան։ Մի թեթև հառաջաբանից հետո ամուրին խոսք բաց արավ վերջին դեպքի մասին, գովեց Ռուբենի վարմունքը, անվանեց նրան ազնիվ։
— Գիտե՞ք, բանը ինձ հայտնի է, ես լսել եմ բոլորը։ Խնդրեմ չնեղանաք, որ ձեզ հետ պարզ եմ խոսում, մենք բարեկամներ ենք։ Այդ անպիտանի հետ ուրիշ կերպ վարվել չէր կարելի, մանավանդ ձեզ նման ազնիվ ու տաքարյուն երիտասարդը։ Ավելի վատ պետք է պատժեիք։ Տեսե՞լ եք նրան այդ օրից հետո։
— Ոչ:
— Ի՞նչ երեսով պիտի երևա ձեզ այսուհետև, ախ անամոթ, անամոթ,— կրկնեց Հալաբյանը մի քանի անգամ։
Ռուբենը լուռ էր։ Նա մասամբ գուշակում էր, թե Հալաբյանը ինչ նպատակով է այդ դեպքի մասին խոսում։ Վերջապես, ամուրին պարզեց յուր սիրտը, վերջապես, նա առաջարկություն արավ Մարիամի մասին։ Նա վաղուց է սիրում Ռուբենի քրոջը, վաղուց էր մտադիր ասել, բայց չէր համարձակվում։ Կարծում էր, որ նա սիրում է բժշկին, որ նրան է խոսք տվել։ Այժմ գիտե, որ Մարիամի սիրտը ազատ է և համարձակվում է խոսք բանալ այդ մասին։
— Դուք, ի հարկե, չպիտի զարմանաք, որ ես ձեզ հետ այսպես պարզ եմ խոսում։ Ես հասարակ մարդ եմ, ես սիրում եմ անկեղծ խոսել։ Շատ կարելի էր մի ուրիշի հետ ուրիշ կերպ խոսեի։ Բայց ձեզ ճանաչում եմ, պարոն Ռուբեն, գիտեմ, որ չեք նեղանալ ինձանից։ Ձեր քույրը ծնողներ չունի, որ ես նրանց հետ խոսեմ։ Դուք եք նրա մեծը, իրավունքը ձեր ձեռքին է։
— Իմ ձեռքին ոչինչ իրավունք չկա,— ընդմիջեց Ռուբենը,— Մարիամն ինքն իրան է միայն հպատակվում, ուրիշ ոչ ոքի։
— Գիտեմ, գիտեմ, սիրելիս։ Նա խելոք է, նա կրթված է, բայց շատ երիտասարդ է, կան բաներ, որ նա չի կարող հասկանալ։ Դուք պետք է հասկացնեք նրան։ Ես ոչինչ չեմ թաքցնում իմ կյանքից։ Ասեմ, ես այնքան էլ ծեր չեմ,— քառասուն ու երեք տարիս նոր լրացավ։ Ես այնքան էլ տգետ չեմ — հասարակության մեջ պատիվս պահել կարող եմ։ Հավատացեք, ես ձեր քրոջը կպաշտեմ։ Բայց ի՞նչ եմ ասում, միթե դուք չգիտե՞ք, որ ես համարյա... Ինչո՞ւ եք շփոթվում, ես անկեղծ եմ ասում։ Դուք այդ կարող եք հայտնել Մարիամին, այո, հայտնեցեք։ Ասեցեք, հույս ունենա՞մ, որ կարժանանամ այդ բախտին։ Ես ամեն բան կզոհեմ, ես հարստությունս կդնեմ նրա ոտքի տակ, ինչ ուզում է թող անի, ինչպես ուզում է, թող ապրի։ Թող նա իմ տերը լինի, ես նրա ծառան, ստրուկը։ Ես ձեզ էլ կհպատակվեմ։ Ես ձեզ ամեն միջոց կտամ՝ ձեր ուզածը անելու։ Դուք ուզում էիք արտասահման գնալ, գնացեք, փողի պակասություն չեք ունենալ...
Դժվար էր կասկածել ամուրիի անկեղծության մասին, զգալի էր, որ նա սրտից է խոսում: Եվ այդ ապացուցանում էին նրա զգացված ձայնը, աչքերի փայլը, դողդոջուն շրթունքները։ — Ուրեմն ա՞յդ էր ձեր ասելիքը,— հարցրեց Ռուբենը, երբ, վերջապես, ոգևորված ամուրին մի վայրկյան լռեց։
— Օգնեցեք, պարոն Ռուբեն, մի՛ մերժեք, հավատացեք, իմ բախտը ձեզ էլ կբախտավորեցնի։
Ռուբենը ոտքի կանգնեց։ Հալաբյանը հուսահատված նայեց նրա երեսին։ Եվ այդ հայացքը այնքան խղճալի էր, որ Ռուբենը մի վայրկյան հոգով ցավեց ամուրիի մասին։
— Ես ձեզ կխնդրեի ինձ հետ ճաշել, եթե…
— Շնորհակալ եմ,— շտապեց ընդհատել Ռուբենը և, ձեռը մեկնելով նրան, ավելացրեց,— մնացեք բարով։
Ասաց և անմիջապես դուրս գնաց, թողնելով մենակ ամուրիին տխուր ու հուզված։
«Նա ոչինչ չասաց, նա համաձայն չէ»,— գոչեց Հալաբյանը, հուսահատված ընկնելով բազկաթոռի վրա։
Այդ օրից հետո նա սաստիկ լարված դրության մեջ էր։ Նա անհամբեր սպասում էր պատասխանի Ռուբենի կողմից։ Նա շուտ֊շուտ դուրս էր գալիս փողոց, պտտում էր այս կողմ, այն կողմ, հուսալով հանդիպել նրան մի տեղ։ Բայց փոխանակ Ռուբենի, նա, հակառակ յուր ցանկության, գրեթե ամեն անգամ տեսնում էր բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով դեսուդեն էր անցնում։
Մի օր բժիշկը կառքը պահել տվեց, ցած իջավ և, խոնարհ բարևելով, մոտեցավ Հալաբյանին։
— Ես ձեզանից մի բան եմ ուզում խնդրել,— ասաց նա, քաղցր ժպտալով։
— Ասացե՛ք,— պատասխանեց Հալաբյանը կտրուկ։
— Ես …ական ընկերության խորհրդի անդամ եմ։ Այս տարի նոր ընտրություններ պիտի լինեն։ Մեր նախագահը հրաժարվում է, թույլ տվեք, որ ձեր անունը անդամների ցուցակի մեջ մտցնեմ։ Մեր ընկերությունը ձեզ նման մի անձի կարոտություն ունի, համաձայնեցեք մեր նախագահը լինել։
Մի վայրկյան Հալաբյանի փառասիրության զգացմունքը շարժվեց։ Բայց նա չմոռացավ յուր ատելությունը։
— Ես նախագահ լինելու արժանավորություն չունեմ. գտե՛ք մի ուրիշին,— պատասխանեց նա հակիրճ և երեսը շուռ տվեց, որ հեռանա։ Բժիշկը չհուսահատվեց։
— Մեզ միայն ձեր անունն է հարկավոր։ Ձեզ Թիֆլիսում բոլորը ճանաչում են ու հարգում, ձեր անունը մեծ օգուտ կարող է տալ մեր ընկերությանը։
— Ինձ նման շատերը կան, առաջարկեցեք ավելի արժանավորին։ Մնաք բարև։
Նա խստությամբ երեսը կրկին հետ դարձրեց և գնաց։ Բժիշկը մի վայրկյան մնաց տեղն ու տեղը անշարժ։ Հետո ձեռով մի շարժումն արավ, նստեց կառք և հեռացավ։
Մյուս օրը նա եկավ Հալաբյանի տունը, կրկին առաջարկությունն արավ։ Բայց վերջինի կողմից շատ սառն ընդունվելով, դուրս եկավ քինթը քարշ։ Նա տեսավ, որ չէ հաջողվում այդ մարդու հետ բարեկամանալ։
Օր-օրի վրա էր անցնում, և Հալաբյանը չէր պատահում Ռուբենին։ Մի առավոտ եկավ նրա մոտ իշխան Սահարունին և ասաց, թե տիկին Սոփիոն նրան հրավիրում է ճաշի։ Վերջին ամիս Հալաբյանը Սադափյանների տանը չէր եղել։ Տիկինը բոլորովին հուսահատված էր, մանավանդ լսելով այն լուրը, որ պտտում էր քաղաքում։ Նա փորձեց հրաժարվել տիկնոջ ճաշից, բայց իշխանը այնքան խնդրեց, թախանձեց, որ, վերջապես, համաձայնեց գնալ։
Օրիորդ Նատալիան զուգված (նա միշտ զուգված էր լինում) նստած էր հյուրասենյակում։ Սոփիոն և Նիկողայոսը Հալաբյանին հանդիմանեցին բարեկամաբար։ Օրիորդ Նատալիան սառն ընդունեց նրա բարևը և ցույց տվեց, որ վիրավորված է։ Մարիամի մասին տարածված լուրը նրա վրա խորին տպավորություն էր արել։ Երբեք նա այդքան կատաղած չէր Մարիամի դեմ, երբեք նա այնքան չէր ատել յուր կարծեցյալ թշնամուն։ Ինչպե՜ս նա կարողացավ գրավել այդ հարուստ ամուրիի սիրտը. նա՛, որ Նատալիայի աչքում ոչինչ և ոչինչ արժանավորություն չուներ։
Նստեցին ճաշելու։ Սոփիոն դարձյալ ամուրիին տեղավորեց Նատալիայի մոտ և սկսեց յուր քաղաքականությունը բանեցնել։
— Հա՛, պարոն Հալաբյան,— ասաց նա երկրորդ կերակրի ժամանակ, իբրև թե հանկարծ մտաբերելով, — այդ ի՞նչ լուրեր են տարածել ձեր մասին։ Ասում են, հըմ, ի՞նչ են ասում, Սրափիոն,— ժպտալով դարձավ նա յուր եղբորը — իշխան Սահարունիին։
— Ասում են, որ Միշան պսակվում է Մաշայի հետ,— իսկույն պատասխանեց իշխանը և բարձրաձայն ծիծաղեց։— Ճշմարի՞տ է,— դարձավ նա Հալաբյանին։
Ամուրին վիրավորվեց.
— Ուրիշ բան չունե՞ս խոսելու,— նկատեց նա խիստ հանդիմանական եղանակով։
Այս կոշտ նկատողությունը, հարկավ, վերաբերվում էր և՛ տիկին Սոփիոյին։ Սակայն տիկինը չվիրավորվեց։
— Տեսա՞ր, որ սուտ է,— դարձավ նա եղբորը,— տեր աստված, անգործ մարդիկ ինչ ասես հնարում են անմեղ մարդկանց վրա։ Ախար ես էլ ասում եմ՝ եթե Հալաբյանը միտք ունի նշանվելու, խոմ աշխարհս տակնուվրա չի եղել, որ գնա ու այն…
Այստեղ տիկինը հանկարծ կանգ առավ, միաժամանակ հանդիպելով Հալաբյանի դեմքի դժգոհ արտահայտությանը և Նիկողայոսի նշաններին, որ պահանջում էին նրանից լռություն։
Այս միջադեպի պատճառով ճաշը, հարկավ, շատ սառն անցավ։ Հալաբյանը երկար չմնաց։ Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա հրաժեշտ տվեց, յուր հետ տանելով տիկին Սոփիոյի վերջին հույսը…
XIV
Ռուբենից ստացած վիրավորանքը՝ Մելիք-Բարսեղյանին ստիպեց փոխել յուր քաղաքականությունը։ Մինչև այդ ժամանակ նա աշխատում էր գործը մեղմորեն և, որքան հնարավոր է, բարեկամաբար, առանց աղմուկի վերջացնել։ Այժմ, երբ նա արդնն վիրավորված և պատժված էր, երբ նրա անունը արդեն հասարակական դատաստանին էր ենթարկված, այլևս չէր կարող գաղտնիք պահել, պետք է բացարձակ պաշտպաներ իրեն։ Բայց ո՞ւմ դեմ։ Ռուբենը վրեժխնդիր է եղել յուր քրոջ համար, իսկ Մարիամը կին էր։ Բժիշկը գիտեր, որ այսպես թե այնպես ընդհանուրի համակրանքը օրիորդի կողմն է թեքվելու, եթե ուրիշ բան էլ չլիներ, գեթ այն պատճառով, որ նա մի թույլ արարած է։
— Գլխավորն այն է, — հանդիմանում էր մի օր նրան վաղեմի ընկերներից մեկը,— որ, ինչպես ասում են, դու այդ օրիորդին թողել ես աղքատության պատճառով։
— Ոչ, ոչ ու ոչ,— պատասխանեց բժիշկը, չկարողանալով, վերջապես, պահել յուր սառնասրտությունը, — սխալվում են ասողները, ես նրան թողել եմ բոլորովին մի ուրիշ պատճառով։
— Ա՞յն է։
— Պարոններ, բավական է, վերջապես, խնդրում եմ, մի՛ ստիպեք ինձ շատ էլ պարզախոս լինել։
— Դու պարտավոր ես պարզ խոսել, դու պետք է քեզ արդարացնես, գիտե՞ս, որ ամենքը քեզ են մեղադրում։
Բժշկի համբերությունը միանգամայն սպառվեց և նա, մի քանի վայրկյան խորհելով, արտասանեց հետևյալը.
— Ես ինձ արդարացնե՞մ, այո, կարող եմ և շատ հեշտությամբ։ Բայց, պարոններ, մի մոռանաք, որ իմ հակառակորդը օրիորդ է, ես չեմ կարող ամեն բան ասել, չեմ կարող իմ սառչելու գլխավոր պատճառը հայտնել, հասկանո՞ւմ եք:
Վերջին դարձվածը բժիշկը մի այնպիսի խորհրդավոր եղանակով արտասանեց, որ խոսակցի սրտի մեջ մի որոշ կասկած ձգեց։ Խոսակիցը դարձվածը կրկնեց մի երկրորդի, երրորդի մոտ, և նա, բերանից բերան անցնելով, տարածվեց հասարակության մեջ։ Բամբասասերները սկսեցին զանազան ենթադրություններ անել, ենթադրություններ, որ երբեմն, համեստության սահմանից դուրս գալով, պղտորում էին մարդկային առաքինական զգացմունքը։
Ինքնապաշտպանության այս պարզ միջոցը ունեցավ յուր հետևանքը։ Շուտով բժիշկը գրավեց մի շարք կողմնակից-պաշտպաններ մասամբ այն հնամաշ օրիորդներից, որոնց վրա նա երբեմն-երբեմն ուշադրություն էր դարձնում, և մասամբ այն մայրերից, որոնք աչք ունեին նրա վրա։
— Ոնց չէ,— ասում էր ի միջի այլոց չորս աղջիկ ունեցող տիկին Ագամովան,— ես դիփ գիտեմ, այն աներես աղջիկը ինքն է ուժով կպել։ Բժիշկը խոմ գիժ չէր, որ գնար ու այն քաղցածին ուզեր։ Անանիա ջան, միտդ է՞, որ երբ լսեցի, ասացի մի բան կա։ Տեսա՞ր։
Եվ այդ «բանը» բացատրվում էր այնքան կերպ, որքան տարբեր գլուխներ կային։
Սակայն ժամանակը հետզհետե խաղաղեցրեց թեր և դեմ խոսող լեզուներին։ Բամբասանքի նյութը սկսեց հնանալ, տեղի տալով նորանոր նյութերի։ Բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը փոքր առ փոքր սկսեց ազատվել սանձարձակ բերաններից։
Մնում էր միայն բժշկի սրտում բարոյական սուր վիրավորանքի խորին հետքը։ Նա մոռացավ բոլորը, բայց չմոռացավ հյուրանոցի դեպքը։ Մի դեպք, որ այնքան ցավալի էր նրա համար, որքան նա հռչակված էր քաղաքում։ Նա նկատում էր, որ այդ օրից հետո ոմանք, մանավանդ երիտասարդներից, ծուռ աչքով են նայում յուր վրա և ոմանք, կարծես, մինչև անգամ խույս են տալիս նրանից։ Այդ էր, որ նրան անչափ անհանգստացնում էր և ստիպում ավելի մտածել այն միջոցների մասին, որոնցով կարելի էր վերականգնել յուր պատիվը և արժանանալ ընդհանուր համակրությանը։ Եվ այս նպատակով նա սկսեց իրան ձևացնել մելամաղձոտ, մտազբաղ, մանավանդ կանանց շրջանում։
— Կարծես, վիշտը տանջում է նրան,— ասում էր մի տիկին։
— Այո,— համաձայնվում էր մի ուրիշը,— շատ տխուր դեմք ունե։
— Տխրությունը խիստ սազ է գալիս նրան։
— Հետաքրքրելի է դարձնում։
— Ես սիրում եմ հոգեկան վիշտ ունեցող տղամարդկանց։
— Ես էլ։
Երբ պատահաբար բժշկի մոտ խոսում էին սիրո մասին, նա չէր մասնակցում խոսակցությանը, լուռ ու տխուր հառաչում էր և աչքերը խոնարհեցնում։
Այս ինքնահնար միջոցը որոշ ներգործություն ունեցավ և հետևանքն այն եղավ, որ բժիշկը դարձավ զգայուն կանանց ցավակցության առարկա։ Գալով «պրակտիկային», անախորժ անցքը վատ ներգործություն չունեցավ։ Ընդհակառակը, նրա անունը ավելի տարածվեց, հետաքրքիր կանայք ցանկացան նրա երեսը տեսնել։ Շատերը, հիվանդ ձևանալով, գալիս էին նրա մոտ, մի փոքր խոսում և, այցեվճարը տալով, հեռանում։
Մի օր նա, հիվանդների ընդունելությունը վերջացրած, հանգստանում էր ննջարանում, երբ ծառան ներս մտավ և տվեց մի նամակ։ Դա մի երեկույթի սիրալիր հրավեր էր Ագամովների կողմից։ Այդ օրը տիկին և պարոն Ագամովների ամուսնության երեսնամյակը լրանում էր։ Դեռ առավոտյան բժիշկը շնորհավորել էր նրանց։ Տիկինը կարծելով, որ բերանացի հրավերը մոռացած կլինի, ստիպեց ամուսնուն նամակ ուղարկել։
— Ասա, որ կգամ,— պատվիրեց բժիշկը ծառային։
Վերջին ժամանակ նա այդ ընտանիքում ընդունվում էր գրկաբաց, նրան ցույց էին տալիս անսովոր հարգանք և բարեկամություն։ Տիկին Ագամովան արդեն նրան համարում էր յուր երկրորդ դստեր փեսացուն։
Այս մտքով նա արդեն մի թեթև լուր տարածել էր յուրայինների շրջանում գործին հիմք տալու համար։ Բժիշկը գիտեր, որ այդպիսի լուր կա, մինչև անգամ արհեստակիցներից մեկը շնորհավորել էր նրան։ Սակայն նա տակավեն զգույշ էր։ Աոաջին փորձից խրատված, նախ քան մի որոշ քայլ անելը, նա կամենում էր ճիշտ ուսումնասիրել հանգամանքները, ունի արդյոք օրիորդ Ագամովան այնքան, որքան ասում են։
Որոշյալ ժամանակից մի ժամ անցած, գալով երեկույթ, նա Ագամովների տանը տեսավ հրավիրվածների մի բավական մեծ բազմություն։ Նրան դիմավորեցին ուրախությամբ, կարծես, ամենքը նրան էին սպասում։ Այստեղ նա ծանոթացավ մի քանի ընտանիքների հետ։ Հասարակությունը բաղկացած էր տարբեր տարրերից. կային և՛ վաճառականներ, և՛ ծառայողներ, մեկ ինժեներ, երկու կապալառու, երեք գրագիր, մի պաշտոնաթող գեներալ, մի կոմիսիոներ, մի վաշխառու, երկու ռուս և այլն։
Երեկույթը սկսվեց մի թեթև կոնցերտով։ Գրագիրներից մեկը ջութակի լարերը անխնա խարտոցում էր։ Մի ինչ-որ տիկին եռանդով ջարդում էր դաշնամուրի կլավիշներր։ Կրտսեր օրիորդ Ագամովան յուր կատվի ձայնն էր բարձրացրել։
Վաճառականը, վաշխառուն և կոմիսիոները, մի անկյուն քաշված, խոսում էին իրանց գործերի մասին։ Պաշտոնաթող գեներալի մեջքին մի բարձ դրեցին, և նա իսկույն նիրհեց։ Պարոն Ագամովը ինժեների և ուրիշ երկու հյուրերի հետ նստեց թուղթ խաղալու։
Երիտասարդ զույգերը սկսեցին պարել։ Բժիշկը հերթով տանտիրուհու աղջկերանց հետ մի-մի անգամ պարելուց հետո, շինովի մելամաղձությունը երեսին, քաշվեց մի կողմ։ Տիկին Ագամովան աչքից բաց չէր թողնում նրան։
— Պարոն բժիշկ,— մոտեցավ նա յուր թանկագին հյուրին,— մեր տունը տխրող հյուրեր չէ սիրում։
— Ես տխուր չեմ։
— Լավ, լավ, ինչո՞ւ եք խաբում, խոմ ես ամեն բան գիտեմ։ Դուք և մենք մեղավոր չենք, որ աշխարհումս անամոթ մարդիկ կան։
Բժիշկը հասկացավ, թե տիկինը ինչ բան և ում է ակնարկում։
— Դեհ, թողեք ձեր դատարկ հոգսերը, զվարճացեք,— հրավիրեց տիկինը և, թևից բռնելով, մոտեցրեց կանանց, որոնց համար այդ պահին զվարճախոսում էր ռուս երիտասարդներից մեկը։
Մի քանի րոպե չանցած տիկինը նկատեց, որ բժիշկը սենյակի մի անկյունում առանձնացած ուրախ-ուրախ խոսում է հյուրերից մեկի հետ։ Դա վաճառական հյուրի միակ աղջիկն էր, մի դեղնադեմ օրիորդ, քսան տարեկան հասակից ոչ ավելի, որ գիտեր դաշնամուր ածել, լավ պարել, ռուսերեն մաքուր խոսել։
Բժիշկը վաղուց լսել էր նրա մասին, իմացել էր, որ հարսնացուների մեջ ամենայուղալի պատառներից մեկն է։
Տանտիկինը վախեցավ այդ վտանգավոր հարևանությունից, մեջ մտավ և հաջողեց բժշկին բաժանել օրիորդից:
Սկսեցին ընթրել։ Տանտիկինը բժշկին նստեցրեց յուր երկրորդ աղջկա — Վարինկա անվանվածի — մոտ և աչքը տնկեց նրա վրա։ Եվ ոչ միայն նա, այլ, նկատում էր բժիշկը, ամենքը նրանց էին նայում։ Ոմանք միմյանց բոթում էին, քչփչում և ժպտում։ Այս բոլորը կատարելապես համոզեցին բժշկին, որ ինքն արդեն Վարինկայի փեսացուն է համարվում։ Ավելի համոզվեց, երբ սեղանի կառավարիչը նրա կենացը առաջարկեց օրիորդի կենացի հետ միասին, խորհրդավոր եղանակով արտասանելով.
— Թող ձեր հարևանությունը բարեկամության սկիզբ լինի...
Սակայն բժշկի միտքը ավելի վաճառականի աղջկանով էր զբաղված։ Նա գաղտնի ուշադրությամբ դիտում էր օրիորդի կերպարանքը։ Մի թեթև համեմատություն անելով յուր մտքում, նա վերջինին գերադասեց յուր հարևանից, եթե ոչ դիրքով և դեմքով, գեթ օժիտով։
Երեկույթը վերջացավ։ Բժիշկը տուն վերադարձավ բավական զվարթ տրամադրությամբ։ Երկար ժամանակ այդ գիշեր նա մտածում էր յուր մասին։ Հանգամանքները միանգամայն նրան ուրախացնում էին։ Նա տեսնում էր, թե հասարակություն ասած բանը այնքան էլ սարսափելի դատավոր չէ, որքան կարծում էր, թե շատ-շատերը, որ կարծում էր խույս կտան, դեռ ձգտում են դեպի նա։ Նա վճռեց, թե հիմարություն է պատվի խնդրի վերաբերմամբ շատ էլ մանրակրկիտ և զգայուն լինելը, թե առհասարակ նուրբ պատվասիրությունը մի տեսակ տկարամտություն է։ Արժե՞ մտածել անցած բաների մասին, արժե՞ վշտանալ մի երիտասարդի տված թեթև վիրավորանքից, երբ հասարակությունը այդ վիրավորանքը անպատվաբեր չէ համարում...
Հետևյալ օրից նա արդեն նախկին Մելիք-Բարսեղյանն էր։ Չքացան մոտիկ անցյալի տխուր մտածումները։ Վերադարձավ կրկնակի ուժով նրա եռանդը։ Թեթև հուզմունքը տեղի տվեց բնական անհողդողդ սառնասրտությանը։ Եվ նրա կյանքը սկսեց ընթանալ սովորական շավղով։
Մնում էր իբրև միակ հոգս Հալաբյանի թշնամությունը: Բայց հեգ ամուրին այն դրության մեջ էր, որ բժշկին անգամ մոռացել էր։
Դարձյալ Հալաբյանի միտքը զբաղված էր Մարիամով, դարձյալ գիշեր ու ցերեկ նրա մասին էր մտածում և օրեցօր ավելի ու ավելի կապվում յուր ցնորքի հետ։
Այժմ նա անճանաչելի էր դարձել։ Չկար այլևս նրա ինքնավստահ քայլվածքը, չկար այն խրոխտ, ինքնագոհ հայացքը, որ աջ ու ձախ ձգում էր մարդկանց վրա։ Նա ավելի էր նիհարել, ավելի գունատվել, նրա բարձր ուսերը ցած էին թեքվել, նրա կուրծքը ներս էր ընկել, կարծես, մի ամսվա մեջ նա ապրել էր տասը տարի։
Եվ դեռ սպասում էր նա, դեռ հույս ուներ, որ արժանանալու է երազած երջանկությանը։ Բայց օրերն անցնում էին և ոչ մի դեպք, ոչ մի թույլ երևույթ չէր ցույց տալիս, թե նա կհասնի յուր նպատակին։ Վերջին ժամանակ նա փողոցում երբեմն պատահում էր Ռուբենին, և հանդիպում էր նույն սառնությանը, նույն անուշադրությանը։ Բայց նա դարձյալ չէր հուսահատվում։ Նա պատահեց մի քանի անգամ նույնպես և Մարիամին, և ամեն անգամ Սաթենիկի հետ։ Մի օր օրիորդը վերջինի հետ ձիաքարշով անցնում էր։ Ամուրին, չնայելով անացնելի ցեխին և յուր պատկառելի տարիքին, վազեց, որ ձիաքարշ նստի, չհասավ, զրկվեց օրիորդին բարևելու հաճույքից և միայն աչքերով ուղեկցեց նրան։
Նրա ականջին ևս հասել էին Մելիք-Բարսեղյանի խորհրդավոր դարձվածի պես-պես մեկնությունները։ Բայց ոչ մի չար ենթադրություն, ոչ մի վիրավորական բամբասանք Մարիամի անարատության մասին հավատալի չէր թվում նրան, որ պաղեցներ նրա սիրտը, որ ստիպեր նրան սթափվել յուր դառն ցնորքից։ Նա համոզված էր, որ այդ բոլոր լուրերը չար մտքով են տարածված։ Նա կարծում էր, թե դա իշխան Սահարունիի գործն է, նա է հնարում այդ լուրերը։ Եվ Հալաբյանը վրդովված էր իշխանի դեմ։ Նրան տեսնելիս կամ երեսը հետ էր դարձնում, կամ փոխում էր ճանապարհը, որ չբարևի։ Նա դադարել էր և՛ Սադափյաններին այցելելուց, չէր էլ մտածում Նիկողայոսից ստանալիքի մասին։ Նա մոռացել էր և յուր մյուս գործնրը։ Նրան տիրել էր մի տեսակ թմրություն։ Ոչ մի բան նրան չէր հետաքրքրում, ոչ մի տխուր կամ ուրախալի երևույթ չէր շարժում նրա սիրտը։ Պատահում էր, մոսիո Վախվախյանը մտնում էր նրա մոտ հուզված, այլայլված և պատմվում էր սրտաշարժ նորություններ քաղաքային կյանքից։ Նա, որ առաջ սիրով և հետաքրքրությամբ էր լսում այդ նորությունները, ուրախանում էր — երբ հարկավոր էր, տխրում — երբ հարկավոր էր, այժմ մնում էր անտարբեր, լուռ, նրա դեմքի մկանունքն անգամ չէին շարժվում։
Եվ Վախվախյանր չգիտեր վշտանար, թե զարմանար յուր տեսածի վրա։ Ամեն օր նա վազում էր Ախշարումյանի մոտ և պատմում Հալաբյանի հոգեկան դրության մասին, ավելացնելով, որ օրեցօր ավելի վատանում է նա։ Մի քանի անգամ Ախշարումյանը ինքն այցելեց ամուրիին և տեսավ, որ, արդարև, ցավալի է նրա դրությունը։
— Գնանք արտասահման,— առաջարկեց նա մի անգամ Հալաբյանին։
— Ինչո՞ւ։
— Մի քիչ ման կգանք, ժամանակ կանցկացնենք։ Մի քաղաքում երկար ապրելը մարդուս բթացնում է։ Հալաբյանը գլուխը բացասաբար շարժեց, հառաչելով և տխուր ժպտալով։ Եվ այդ հառաչանքն ու ժպիտը այնքան սրտաշարժ էին, որ Ախշարումյանը, այն մարդը, որ միշտ ծաղրաբար էր վերաբերում դեպի յուր ընկերոջ զգացմունքը, սկսեց անկեղծ ցավակցել նրան։ Այդ օրը նա վճռեց օգնել Հալաբյանին՝ ազատել նրան յուր ծանր վշտից։
— Իշխան,— դարձավ նա մի օր Սահարունիին,— մեր Մեխակի դրությունը շատ ցավալի է, օրեցօր նա նիհարում խեղճանում ու պառավում։
— Լավ, ե՞ս ինչ անեմ։
— Դու և՛ ես նրա բարեկամներն ենք, ու պետք է խելք-խելքի տանք և նրա միտքը մի ուրիշ բանով զբաղեցնենք։ Ես համոզված եմ, եթե նա այդպես շարունակի, մի օր կխելագարվի։ Ափսոսում եմ, որ մինչև հիմա ես ծաղրաբար եմ վերաբերվել, մարդը, ոչ դես, ոչ դեն, սիրահարված է և շատ վատ է սիրահարված։
— Սիրահարվե՜լ, խելագարվե՜լ, — կրկնեց իշխանը, ցարձրաձայն ծիծաղելով,— նու, բարեկամ, ինչպես տեսնում եմ, դու նրանից պակաս խելոքը չես։ Դո՞ւ էլ սեր ես անվանում այդ։
— Բա՞ս։
— Ոչ, սիրելիս, այդ կիրք է, հասկանո՞ւմ ես, քառասուն ու երեք տարեկան կիսամաշ մարդու կիրք, վիրավորված ինքնասիրության հետ խառն։ Է՜էէ, երևակայիր գործ և զբաղմունք չունեցող մի հարուստ ամուրի, որ մի անգամ վճռել է ձեռք բերել մի սիրուն աղջկա, չէ կարողանում նպատակին հասնել և տանջվում է, պրծա՜վ գնաց։ Եթե ինձ ես հարցնում, թող տանջվի, նա խղճալու մարդ չի։ Նա հիմար է, այ մարդ, հիմար, ընկել է մի աղջկա հետևից, որի երեսի պատկառանքը… նու… մի ուրիշն է լիզել։
— Իշխա՞ն,— արտասանեց Ախշարումյանը զարմացած,— ի՞նչ ես դուրս տալիս, չէ՞ որ այդ աղջիկը ազգականդ է։
— Ազգակա՜ն, շատ հարկավո՞րս են այնպիսի ազգականները, որ ութ տարի քրոջս հաշվով ապրելուց հետո, հիմա քաղաքում լուր են տարածել, թե փեսաս նրանց զրկել է հոր ժառանգությունից։
— Միթե այդ ճշմարի՞տ չէ։
— Այնքան է ճշմարիտ, որքան այն, որ նրանց հայրը ժառանգություն է թողել։ Շանտաժ է, բարեկամս, անխիղճ շանտաժ, որի համար հիմա աստված պատժում է նրանց — քույր և եղբայր քաղցած զկրտում են։ Լսիր, եթե ընկեր ես, եթե ուզում ես Հալաբյանին օգնած լինել, համոզիր նրան, որ ձեռք վերցնի այդ աղջկանից, թե չէ կփոշմանի, շատ կփոշմանի։ Ասա այն հիմարին՝ խելքի գա և հասկանա, որ եթե մի անգամ վճռել է տխմարանալ, այսինքն ամուսնանալ, թող իմ առաջարկած աղջկան ձեռքից բաց չթողնի։
— Չլինի՞ քրոջդ աղջկա մասին է խոսքդ։
— Նու, հենց դիցուք նրա մասին է, չարժե՞ տասը Մարիամի։ Այդ հիմարը առաջ նրա հետևից էր ընկած, չեմ իմանում, ինչ պատահեց, թողեց հանկարծ ու կպավ մեկին, որին մարդիկ էլ մոռացել են, աստված էլ։ Տո, մեկ հարցրու նրանից, եթե այդ աղջիկը լավ պտուղ էր, ինչո՞ւ բժիշկ Մելիք-Բարսեղյանը թողեց նրան։ Ի՞նչ երևելի մարդ է այդ բժիշկը, հա՛ հա՛ հա՛։
— Այսուհետև շատ ուշ է փոխել Հալաբյանի միտքը։ Երկուսից մեկը — կամ պետք է մի կերպ անել, որ նա յուր նպատակին հասնի, կամ պետք է այս քաղաքից հեռացնել նրան։
— Եթե դու կօգնես կամ կցանկանաս, որ առաջինը լինի — ոչ իմ բարեկամս ես, ոչ Հալաբյանինը, լավ իմացիր,— ասաց իշխանը և հեռացավ։
Իշխանի այս ծայրահեղ գրգռման պատճառն այն էր, որ Հալաբյանի վարմունքը դեմ էր նրա շահերին։ Տիկին Սոփիոն բացարձակ խոստացել էր նրան՝ Նատալիայի բանը հաջողեցնելուց հետո, յուր ամուսնուն համոզել, որ սա երաշխավոր լինի իշխանի համար մուրհակով բանկից մի քանի հազար վերցնելու։ Այնինչ իշխանը, նայելով Հալաբյանի դրությանը, տեսնում էր, որ հազիվ երբևէ հաջողություն ունենա յուր շահավետ ձեռնարկությունը։ Այս էր պատճառը, որ նա վրդովված էր և՛ Մարիամի դեմ, որ, հարկավ, գլխավոր խոչընդոտն էր։
Մի անգամ իշխանը այս հուզված դրությամբ պատահեց Ռուբենին։ Նորին պայծառափայլությունը հարկավոր համարեց նախ նրա հետ խոսել իբրև ազգական, ապա սկսեց հանդիմանել նրան, անվանելով երախտամոռ յուր հորեղբոր ընտանիքի վերաբերմամբ։
— Դուք ինձ խրատո՞ւմ եք,— հարցրեց Ռուբենը հեգնաբար։
— Ես հիշեցնում եմ ձեզ ձեր բարոյական պարտքը,— գոչեց իշխանը, ավելի գրգռվելով,— որ դուք այնպես մոռացաք։
— Շատ պատասխանատու դեր եք կատարում, ձերդ պայծառափայլություն,— արտասանեց Ռուբենը վիրավորված։
— Ի՞նչ, չլինի թե դուք ինձ անընդունակ եք համարում խրատել մի թեթևամիտ պատանու և մի անփորձ աղջկա։
— Թե՛ պատանին և թե՛ աղջիկը կարոտ չեն ոչ ձեր և ոչ ուրիշների խրատներին։
Իշխանը կատաղեց, նայեց խորին արհամարհանքով երիտասարդին ոտից մինչև գլուխ և արտասանեց. — Սիրելիս, շատ ես քինթդ վեր ցցում, վաղո՞ւց է, որ այդքան մեծացել ես:
— Իշխան,— պատասխանեց Ռուբենը, մի կերպ զսպելով իրան,— ճիշտը չգիտեմ ինչ, բայց համոզված եմ, որ ազգակցական զգացմունքը չէ ձեզ իմ և քրոջս դեմ գրգռողը… Անշուշտ մի ուրիշ պատճառ ունեք: Ես ձեր մասին մի բան էլ լսել եմ, բայց չեմ ուզում հավատալ, այդ արդեն չափազանցություն կլիներ…
Մի քանի վայրկյան իշխանը աչքերը լայն բաց արած նայում էր Ռուբենի երեսին։
— Ի՞նչ եք լսել,— հարցրեց նա վերջապես։
Ռուբենը լուռ էր։ Իշխանը կրկնեց, երեքնեց յուր հարցը։
Այն ժամանակ Ռուբենը հուզված և վշտացած հայտնեց այն բանը, որին ինքն էլ արդարև չէր հավատում, որքան և վատ կարծիք ուներ իշխանի մասին։ Հայտնեց, թե լսել է, որ իշխանը կողմնակի կերպով ոմանց մոտ անվանարկել է Մարիամին։
— Կրկնում եմ, ես չեմ հավատում լսածիս, չեմ հավատում, որ դուք այդքան վատ եք։
Իշխանը փոքր-ինչ շփոթվեց, ամաչեց, զգալով, որ իրավ յուր լեզվին շատ է ազատություն տվել։ Նա հանձն չառավ, նա հետ կանգնեց յուր ասածից։ Եվ որպեսզի ավելի համոզի Ռուբենին, որ ինքը արդար է, ցույց տվեց անարդար մարդու կեղծ֊արդարացի կատաղություն։
— Կասկածել մի վայրկյան, որ ես, իշխան Սահարունիս,— գոչեց նա, աչքերը պսպղացնելով,— որ ես, իշխան Սահարունիս, ընդունակ եմ բամբասելու մի օրիորդի, լինի նա ազգականս, թե բոլորովին օտար, կրկնում եմ, կասկածել մի վայրկյան անգամ այդ մասին — կնշանակե ինձ անպատվել։ Ամոթ է ձեզ համար, Ռուբեն, ամոթ է, որ այդպես անպատվում եք ինձ։
Եվ յուր կեղծիքը թաքցնելու համար շտապեց հեռանալ: Սակայն Ռուբենը զգաց, որ իշխանը այդ բանում շատ էլ արդարացի չէ, որ անկասկած նա մասն ունի Մարիամի մասին տարածված տմարդի լուրերում։ Լուրեր, որ որքան և մութ և մեղմացրած կերպով էին հասնում սիրող եղբոր ականջին, բայց և այնպես պատճառում էին նրան մի ծանր վիշտ և ստիպում ավելի կատաղել այդ բոլորի սկզբնապատճառ — բժշկի դեմ։ Հարկավ, նա յուր լսածը չէր հաղորդում Մարիամին։ Բայց նրա դեմքից, նրա խոսակցության ձևից, քույրը կանացի բնազդմամբ մասամբ գուշակում էր նրա սրտի ճնշող գաղտնիքը։ Եվ նա յուր ցավի վրա ավելացնում էր յուր եղբոր ցավը։— Խղճի խայթոցի պես մի բան, թե ինչու յուր պատճառով պետք է բարոյապես տանջվի և՛ եղբայրը։ Դրդված դեպի Ռուբենը տածած փոխադարձ սիրուց, նա վերջին ժամանակ ամեն ջանք գործ էր դնում յուր վիշտը մոռանալ, կամ գոնե ուրախ լինել այն պահին, երբ Ռուբենը յուր մոտն էր։ Այս պատճառով նա խաբում էր եղբորը։ Նա՛, որ անտարբեր էր հոգով և սրտով դեպի բոլորը, մերթ գովում էր Ռուբենի մի ընկերոջը, մերթ մյուսին, ցույց տալու համար, թե դեռ կարող է սիրել մի ուրիշին։ Ազնիվ խաբեության միջոցը ճիշտ էր ընտրված, և Ռուբենը ուրախանում էր, որ Մարիամը դեռ գիտե հետաքրքրվել ուրիշ երիտասարդներով։
Մի օր, իրիկնադեմին, մասնավոր դասից տուն վերադառնալով, պատշգամբի վրա Ռուբենի ականջին յուր սենյակից հասավ մի ձայն, որ, կարծես, վաղուց, շատ վաղուց նա լսել էր։
Նա շտապեց ներս։
Մարիամի և Սաթենիկի հետ, նրա սեղանի մոտ, նստած էր մի անծանոթ մարդ, հասարակ սև հագուստով։ Դա բավական լայն թիկունքով, դեմքի խոշոր գծագրությամբ, թուխ աչքունքով և խիտ մորուքով մի երիտասարդ էր, որի երեսի կաշին կրում էր բաց օդի, արևի, քամու հետքը։
Տեսնելով Ռուբենին, անծանոթը ժպտալով, ծանրաբարո ոտքի կանգնեց, երևան հանելով յուր բարձր հասակը և ամուր կազմվածքը։ Մի քանի վայրկյան Ռուբենը զարմացած նայում էր նրա երեսին։ Հանկարծ նրա զարմանքը փոխվեց երկյուղի, և ակամա, մի քայլ հետ դնելով, բացականչեց.
— Բագրատյա՜ն...
— Նա ինքն է,— գոչեց անծանոթը և, յուր լայն թևերը բանալով, գրկեց Ռուբենին...
XV
Բագրատյանի երևալը Ռուբենին մի այնպիսի ցնցումն պատճառեց, որ երկար ժամանակ այլայլված նայում էր նորեկին ոտից մինչև գլուխ։
Նրա առաջ կանգնած էր յուր պատանեկան ընկերներից մեկը, որին մոտ ութ տարի չէր տեսել և որին երեք տարի մեռած, անհետացած էր համարում։
Երբ Ռուբենը գիմնազիստ էր, Բագրատյանը ուսանում էր ռեալական դպրոցում։ Մի օր նրանք ծանոթացան, և անմիջապես երկուսի մեջ հղացավ փոխադարձ համակրություն։
Բագրատյանը գյուղական հասարակ ընտանիքի զավակ էր, կրթություն էր ստանում մի բարեգործ ազգականի օժանդակությամբ։ Հասակով յուր հասակիցներից մեծ, ուսման մեջ շատերից հետ մնացած, այդ պատանին ուներ հատկություններ, որ առանձին դիրք էին տալիս նրան ընկերական շրջանում։ Մինչ դասակիցները զբաղված էին իրանց ուսումով, նրա ուղեղը ոգևորված էր այլ բաներով։ Տասնուչորս տարեկան հասակից սկսած նա պարապում էր մի շարք գրքերի ընթերցանությամբ, որ ոչինչ կապ չունեին դպրոցական ուսման հետ։ Եվ այդ գրքերի ազդեցության ներքո նրա մեջ պատրաստվում էին այն ձգտումները, որ ապագայում նրա բնորոշ հատկանիշներն էին կազմում։ Նկատելի էր, բնությունից առանց այն էլ սակավախոս պատանին օրեցօր ավելի լռիկ է դառնում, ավելի մտազբաղ և հետզհետե նրա պայծառ ճակատը սքողվում է մի մռայլ ստվերով։ Մի անգամ աշակերտներից մի քանիսը նրան տեսան ուսումնարանի հետևում մի պատի տակ նստած արտասվելիս։ Ոչ ոք չէր կարծում, թե նա այնքան փափկասիրտ է։ Հարցրին պատճառը։ Նա, հուզված, տվեց նրանց մի հայ լրագիր, ուր նկարագրված էր Տաճկական-Հայաստանում եղած հարստահարությունների մի դեպք։
Դեռ հինգերորդ դասատան աշակերտ էր, երբ մի օր հրավիրեց նա յուր աղքատիկ սենյակը ամենամոտիկ ընկերներին։ Այստեղ նա հաղորդեց նրանց այն, որ վաղուց նրա մտախոհության նյութն էր կազմում։ Հայտնվեց, որ մասամբ անընդունակ, մասամբ ծույլ համարված աշակերտի պատանեկան ուղեղը յուրացրել է և սիրտը ջերմ կերպով ընդունել մի ծանր գաղափար, որով պետք է նոր-նոր տոգորվեր ժամանակակից թարմ սերունդը։ Նրա միտքը հասկացան միայն հինգ-վեց հոգի, որոնց թվում և՛ Ռուբենը։ Բնականաբար կազմվեց համամիտ և համագաղափար ընկերների մի սուղ շրջան։
Բագրատյանն էր այդ շրջանին ուղղություն տվողը, ոգի ներշնչողը, պարագլուխը։
Ապագայում Ռուբենը հաճախ հիշում էր այն բարձրահասակ, կայտառ, սևաթույր աչքերով գյուղացի պատանուն, որ յուր զորեղ կամքով, կորովի բնավորությամբ բոլոր ընկերակիցներին հարգանք էր ներշնչում։ Հիշում էր, այդ պատանին ուներ յուր մեջ ինչ-որ մի դյութական ուժ, որ կամա-ակամա բոլորին հպատակեցնում էր։
Ոչ ոք չուներ շրջանի մեջ այնքան կշիռ, որքան նա, ոչ ոքի կարծիքը այնքան հեղինակություն, որքան նրանը։
Եվ ինքը՝ Բագրատյանը, զգում էր այդ։ Գուցե հենց դա էր պատճառը, որ օրեցօր նրա մեջ զարգանում էր մի տեսակ բռնակալական ձգտումն, ձգտում, որ հարգանքի հետ թույլերին ներշնչում էր և՛ ատելություն, և՛ նախանձ, որոնք սակայն բնավ բացարձակ կերպով չէին արտահայտվում։
Ավարտելով միջնակարգը, Բագրատյանը դիմեց բարձրագույն կրթության Ռուբենից երկու տարի առաջ։
Այնուհետև նրանք այլևս չտեսան միմյանց: Թե ինչ պատահեց Բագրատյանին հետո — ճիշտ չգիտեր Ռուբենը, նույնպես և ոչ ոք։ Հայտնի էր միայն, որ նա տարի ու կես Պետերբուրգի տեխնոլոգիական ճեմարանում ուսում առավ, հետո արտաքսվեց։ Այնուհետև նրա մասին եղած տեղեկությունները հակասում էին միմյանց...
Մի օր հանկարծ լուր տարածվեց, թե նա մեռել է օտար երկրի մի հետ ընկած ավանում և թաղվել օտար քահանայի ձեռքով։ Բոլորը հավատացին այդ լուրին։ Բագրատյանը մոռացվեց։ Ոչ ոք չէր հիշում նրա անունը և եթե հիշում էր, շատ թույլ, սառնարյուն կերպով, իբրև վաղուց չքացած մի բան։ Եվ հանկարծ մեռածը երևան է գալիս, անձամբ ներկայանում է յուր ընկերներից մեկին։
Դեպքը անսպասելի էր, ազդեցությունը ուժգին։
— Պատմի՛ր, որտե՞ղ էիր,— գոչեց Ռուբենը շնչասպառ հետաքրքրությամբ, երբ փոքր-ինչ սթափվեց ապշությունից։
Նորեկի վայրկենաբար պարզված դեմքը իսկույն քողարկվեց այն մթին ստվերով, որ, ըստ երևույթին, մշտական էր։
Մարիամը և Սաթենիկը տակավին չգիտեին Ռուբենի հանկարծակի և երկարատև այլայլման պատճառը։ Զարմացած մտիկ էին անում մերթ մեկի, մերթ մյուսի երեսին։
— Մեռած էիր և կենդանացա՞ր։ Եթե սնահավատ լինեի, երկյուղից պետք է խելագարվեի, կարծելով, որ իմ առաջ կանգնած է ուրվականդ։
Նորեկը նստեց, հրավիրելով Ռուբենին ևս նստել։ Նա տակավին լուռ Էր:
— Ութ տարի բարեկամներից և ընկերներից անհայտ ապրել մեր դարում, թույլ տալ, որ չար լեզուները չար լուրեր տարածեն, չհերքել այդ լուրերից ամենասարսափելին, չուրախացնել ընկերներիդ — ասա՛, ի՞նչ է նշանակում այդ գաղտնիքը։
— Նշանակում է,— խոսեց, վերջապես, Բագրատյանը, հառաչելով,— որ այդ բոլոր լուրերը անհիմն չէին, ես չէի կարող հերքել։
— Ի՞նչ, մի՞թե դու ինձ պետք է հավատացնես, թե երեք տարի մեռած էիր:
— Այո, մեռած էի, թեև շնչում էի…
Ռուբենը կարծեց, թե նա կշարունակե։ Բայց ոչ. նա կանգ առավ, նայեց Մարիամին և Սաթենիկին։ Պարզ էր. նա չէր կամենում օրիորդների ներկայությամբ խոսել։
Այնինչ Մարիամի և Սաթենիկի զարմանքը փոխվեց բուռն հետաքրքրության։ Նրանք անթարթ աչքերով նայում էին նորեկի բերանին։
Առանձին անհամբերություն էր արտահայտում Մարիամի դեմքը։ Եվ երբեք վերջին ժամանակ ոչ ոք չէր գրավել նրա ուշադրությունը այնպես, որպես այդ խորհրդավոր հյուրը։
Ռուբենը զսպեց յուր հետաքրքրությունը, թողեց յուր հարցուփորձը, տեսներով, որ Բագրատյանը ակամա է խոսում։ Այն ժամանակ նորեկը ինքը հետաքրքրվեց Ռուբենի ներկա կացությամբ և բավականացավ վերջինի համառոտ պատասխաններով։
— Ազատ ժամանակ ունե՞ս,— հարցրեց նա հանդարտ:
— Ունեմ։
— Գնանք մի քիչ զբոսնելու։
— Այս ցրտով և քամո՞վ։
— Փույթ չէ։
Ռուբենը դուրս եկավ նրա հետ։ Մարիամը և Սաթենիկը մնացին առանձին։ Քանի մի վայրկյան նրանք լուռ նայում էին նախ՝ պատուհանի միջով Բագրատյանի հետևից, մինչև աներևույթացավ վերջինի լայն թիկունքը իրիկնային կիսամթում, ապա՝ միմյանց երեսին։
— Ի՜նչ տարօրինակ մարդ էր,— արտասանեց վերջապես Սաթենիկը։
— Այո՛, տարօրինակ և երկյուղալի։
— Ես կարծում եմ, որ այդ մարդը մի հասարակ մարդ չէ, — սկսեց ենթադրություններ անել Սաթենիկը։ — Դու նկատեցի՞ր, նա ինչպես ակամա էր պատասխանում եղբորդ հարցերին։ Կտեսնես, այդ մարդու անցյալում մի բան կա, նա այժմ էլ մի շատ ծանր հոգս պետք է ունենա։ Ո՞վ պետք է լինի:
Մարիամը լուռ էր։ Անսպասելի հյուրը երկուսի վրա ևս խորին տպավորություն էր գործել։ Մեկը յուր տպավորությունը հաղորդում էր լսելի ձայնով, մյուսը լուռ խորհում էր մտքում։ Հարկավ, ոչ մեկը չկարողացավ գաղտնիքը հասկանալ։
Արդեն ուշ երեկո էր, երբ Ռուբենը տուն վերադարձավ: Երբեք նա այդպես ուշացած չէր դրսում, այն օրից, երբ քրոջ հետ առանձին էին ապրում։
Մարիամը միայնակ սպասում էր նրան անհամբեր և երկյուղով։ Նա ներս մտավ միանգամայն այլափոխված։ Նրա միագույն այտերի վրա երևում էր մի անսովոր կարմրություն, նրա աչքերի մեջ փայլում էր մի տեսակ կենդանացուցիչ հուր։ Նա նյարդային քայքայված դրության մեջ էր: Նա գլխարկը մի կողմ շպրտեց և նստեց սեղանի մոտ։
— Ո՞րտեղ էիր,— հարցրեց Մարիամը։
— Տեսա՞ր, տեսա՞ր այն մարդուն,— գոչեց Ռուբենը, տեր աստված, ինչ ուժ, ինչ կրակ, այդքան նեղություններ քաշել և այդչափ կենդանի հոգի ունենալ… Ի՞նչ եմ ես և ինձ նմանները այդ մարդու մոտ։
Արտասանելով այս խոսքերը ավելի ինքն յուր, քան Մարիամի համար, նա ոտքի կանգնեց և սկսեց շտապ֊շտապ անցուդարձ անել։
— Դու չես կարող երևակայել,— շարունակեց նա, դառնալով քրոջը,— այդ մարդը ինչքան է տանջվել յուր կյանքում։ Մազերս փշաքաղվում էին, երբ լսում էի նրա չոր ու ցամաք պատմությունը։
Վայրկյան առ վայրկյան Մարիամի հետաքրքրությունը բորբոքվում էր։ Նա ձգտում էր իմանալ Բագրատյանի կյանքի պատմությունը, նա փափագում էր լսել այն բոլոր նեղությունները, որոնց մասին այնպես հուզված խոսում էր Ռուբենը։ Սակայն հատուկտոր դարձվածներով Ռուբենը ավելի յուր ոգևորությունն էր արտահայտում, քան մի կանոնավոր բան պատմում։
Այսքանը պարզվեց նրա բոլոր ասածներից։— Տեխնոլոգիական ճեմարանից արտաքսվելուց հետո Բագրատյանր զրկվում է յուր բարեգործի օժանդակությունից։ Նա ընկնում է հետին աղքատության մեջ։
Ճարահատված նա շատ չափավոր ռոճիկով մտնում է մի կալվածատիրոջ մոտ կառավարչի պաշտոնով։ Բայց այստեղ ևս հանգամանքները դավաճանում են նրան։ Կալվածատերը կասկածում է նրա անցյալի մասին և քաղաքավարի կերպով հրաժարեցնում պաշտոնից։ Նա գաղթում է ուրիշ քաղաք…
— Ամեն տեղ կրել է քաղցածություն, ցուրտ, մերկություն։ Ամեն տեղ մարդկանց անտարբերությունը եղել է նրա ընկերը։ — Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով։
Ռուբենը տխուր ժպտաց։
— Իզուր, Մարո, իզուր,— արտասանեց նա հառաչելով,— և առանց որևէ հանցանքի։
Խորհրդավոր հյուրը այնքան գրավել էր Մարիամի միտքը, որ նույն գիշեր օրիորդը երկար ժամանակ նրա թողած տպավորության տակ էր։ Նրա աչքի առաջից չէր հեռանում մի տեսակ կիսաառասպելական մշուշով վարագուրված երիտասարդի կերպարանքը։ Ո՞վ է նա իսկապես, ինչո՞ւ է եկել, ո՞ւր պիտի գնա — տակավին չպարզված այս հարցերը ակամա հետաքրքրում էին նրան։ Ռուբենի ասածից իմացավ նա, ի միջի այլոց, որ այդ երիտասարդը նրա պատանեկան ընկերներից մեկն է եղել, բայց որքան աշխատեց, չկարողացավ մտաբերել` տեսե՞լ է արդյոք մի տեղ նրան, չհիշեց անգամ նրա ազգանունը։
Անցավ երկու օր։ Բագրատյանը կրկին երևեցավ։ Այս անգամ նրա դեմքը այնքան մռայլ և խոժոռված չթվաց Մարիամին, որքան առաջին օրը, երբ անծանոթը ներս մտավ, հարցրեց Ռուբենի տեղը և նստեց նրա վերադարձին սպասելու։
— Հաջողվե՞ց, — հարցրեց Ռուբենը խորհրդավոր եղանակով, հենց որ ներս մտավ Բագրատյանը։
— Հույս կա,— պատասխանեց նա։
Նրանք լռեցին։ Ռուբենի անհամբեր հարցը, Բագրատյանի կտրուկ պատասխանը ավելի գրգռեցին Մարիամի հետաքրքրությունը: Նա ենթադրեց, որ նրանց խոսքը անշուշտ մի շատ նշանավոր գործի մասին է։
Բագրատյանը հրավիրված էր ճաշի, Ներկա էր և՛ Սաթենիկը, որ դիտմամբ եկել էր յուր հետաքրքրությանը քիչ թե շատ գոհացումն տալու։ Սակայն այս անգամ ևս օրիորդները չիմացան ավելի, քան Ռուբենի պատմածը Մարիամին։ Ճաշի ժամանակ խոսակցությունը պտտում էր երկու երիտասարդների նախկին ընկերների մասին, Բագրատյանը հետաքրքրվում էր, Ռուբենը յուրաքանչյուրի մասին տեղեկություն էր տալիս։
— Իսկ ո՞րտեղ է Մելիք-Բարսեղյանը, — հարցրեց հանկարծ նորեկը,— հիշո՞ւմ ես, դու նրան միշտ պաշտպանում էիր ինձ մոտ։
Բարեբախտաբար այդ պահին Մարիամը անցել էր խոհանոց, ուր նա զբաղված էր համեստ սեղանի երկրորդ և վերջին համեստ կերակրի պատրաստությամբ։
— Նա այժմ բժիշկ է,— պատասխանեց Ռուբենը։
— Թիֆլիսո՞ւմն է։
— Այո։
— Փոխվե՞լ է, թե՞ նույն եսամոլն է մնացել, ինչ որ գիմնազիայում։
— Դու ինքդ կտեսնես և կիմանաս։ Ներս մտավ Մարիամը կերակուրի ամանը ձեռին։
Սաթենիկը վայրկյան առաջ կարողացավ մի միջանկյալ խոսքով բժշկի անունը դուրս հանել խոսակցությունից։
— Դուք երկա՞ր կմնաք Թիֆլիսում,— հարցրեց նա։
— Հայտնի չէ,— պատասխանեց հյուրը։
Նա լռեց։ Սաթենիկը փորձեց մի որևէ խոսակցությամբ զբաղեցնել նրան, աշխատելով, վերջապես, որ նա փոքր֊ինչ ազատություն տա յուր ժլատ լեզվին։ Սակայն Բագրատյանը ավելի ինքն էր հարցնում, քան իրան առաջարկած հարցերին պատասխանում և առհասարակ ավելի լսում էր, քան խոսում։
Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա շտապեց հրաժեշտ տալ, դարձյալ Ռուբենին յուր հետ տանելով։
Այս անգամ Ռուբենը տուն վերադարձավ ավելի ուշ։ Հետևյալ օրը նա զարթնեց շատ վաղ, տնից դուրս գնաց սովորականից մի ժամ առաջ. տուն եկավ սովորականից մի ժամ ուշ։ Նկատելի էր, որ նա մի բանով զբաղված է, մի բանով, որ չէր կամենում ոչ ոքի հաղորդել։ Մարիամի հետաքրքրությունը փոխվեց երկյուղի։ Նա վախենում էր Ռուբենի մասին, նա զգում էր, որ եղբոր տարօրինակ տրամադրության պատճառը Բագրատյանն է։ Նա փորձեց խոսել Ռուբենի հետ այդ մասին, մի որոշ հետևանքի չհասավ։ Միևնույն ժամանակ, նա ցանկանում էր դարձյալ տեսնել Բագրատյանին, այնինչ վերջինը հինգ օր էր չէր երևում։ — Ինչո՞ւ նա դադարեց քեզ մոտ գալուց,— հարցրեց մի օր նա Ռուբենից։
— Այսօր կգա։
Մարիամը թեթև երկյուղի հետ զգաց և՛ մի անորոշ ուրախություն։
— Ռուբեն, ինչո՞ւ ինձանից թաքցնում ես, թե ինչ գործով է զբաղված այդ Բագրատյանը։
— Սիրելիս, — պատասխանեց եղբայրը, փոքր-ինչ ձանձրացած քրոջ անչափ հետաքրքրությամբ,— առայժմ չեմ կարող ասել։ Բայց կիմանաս, շուտով կիմանաս...
— Խոստովանում եմ, նրա լռությունը, նրա կերպարանքը ինձ վրա մի տեսակ երկյուղ է ազդում։ Եթե չլիներ նրա աչքերի խորշում մի բարի և ազնիվ փայլ, ես պետք է կասկածեի նրա մասին։
— Բարի և ազնիվ,— կրկնեց Ռուբենը զգացված,— ոչ ոք մեր ընկերներից Բագրատյանի չափ չի եղել և այժմ էլ չէ բարի և ազնիվ։ Բայց նա ունի մի ուրիշ հատկություն, որ շատ և շատ բարձր է այդ առօրյա առաքինություններից։ Մարո, նա հազվագյուտ մարդ է։
Ճաշից հետո եկավ Բագրատյանր։ Այս անգամ նա Ռուբենի հետ առանձնացավ վերջինի սենյակում և այնտեղ խորհրդակցում էին։
Հիվանդոտ հետաքրքրությունը հանգիստ չէր թողնում Մարիամին։ Նա չէր զգում, որ հետզհետե անգիտակցաբար մոռանում է յուր հոգսերը, յուր մտածությունները, և ավելի ու ավելի զբաղվում այդ երիտասարդով։ Նա չէր զգում, որ անսպասելի հյուրի զարթեցրած հետաքրքրության զգացումը այնքան զորեղ էր, որ նսեմացնում էր մի ուրիշ զորեղ զգացում — նրա սրտի ամենախորին վիշտը։
Ռուբենի սենյակի դռները բացվեցին, Մարիամը ներս հրավիրվեց։ Բագրատյանր նստած էր անշուք և փոքրիկ թախտի վրա, ոտը ոտի վրա ձգած, կռները կրծքին ծալած։ Ամբողջ նրա կերպարանքը այդ վայրկյանին արտահայտում էր մի անթափանցելի սառնություն։ Մարիամը զգաց մի ճնշումն, մի ծանր բան յուր սրտում: Այդ մարդու ներկայությունը մի անհասկանալի ուժով խլում էր նրա համարձակությունը և չէր թույլ տալիս նրան մինչև անգամ ազատ շրջել, ազատ խոսել նույնիսկ յուր եղբոր հետ։ Նա, կարծես, վախենում էր ուղիղ նայել հյուրի երեսին, բայց բոլոր ուշք ու միտքը կենտրոնացրած էր նրա վրա։
Տանտիրոջ պատանի ծառան, որ օգնում էր Մարիամին խոհանոցի գործերում, ներս բերեց սամովարը: Մարիամը թեյ պատրաստեց և առաջարկեց։ Բագրատյանը յուր կոշտացած ձեռքով վերցրեց մատուցարանի վրայից մի բաժակ, դրեց յուր մոտ։ Հոգով փափագում էր Մարիամը խոսել նրա հետ, բայց լեզուն չէր զորում։ Նա չգիտեր ինչի մասին խոսել և ինչպես սկսել։ Թվում էր նրան, որ այդ մարդուն զբաղեցնելը դժվար է, որ նա հասարակ խոսակցությունից կարող է ձանձրանալ։ Նրա առաջ նստած էին երկու կատարյալ հակատիպեր, մեկը — Ռուբենը, դարձյալ հուզված, վառված ինչ֊որ մտքերով, պատրաստ ամեն վայրկյան խոսելու, մյուսը — Բագրատյանը, սառն, հանդարտ, սակայն այդ սառնության և հանդարտության մեջ ավելի ազդու, անգամ երկյուղալի։
— Որքան հիշում եմ, օրիորդ, ես ձեզ առաջ տեսել եմ,— դարձավ Բագրատյանը Մարիամին, առաջին անգամ։
— Ի՞նձ,— կրկնեց Մարիամը, շփոթվելով,— ե՞րբ, ո՞րտեղ։
— Մոտ տասը տարի առաջ, Ռուբենի հետ, ձեր ազգականներից մեկի տանը։
Մարիամը մտքում հանդիմանեց իրեն, որ չէր հիշում Բագրատյանին։ Կարծես, այդ մի աններելի թուլություն էր նրա կողմից, կարծես, նա մի անգամ տեսնելով այդ կերպարանքը, չպիտի մոռանար հավիտյան։
— Ես էլ կարծում եմ… — արտասանեց նա։
Նա կամենում էր ուղղել յուր սխալը։ Բայց կանգ առավ, զգալով, որ անգիտակցաբար գրեթե սուտ ասաց։
Մեջ մտավ Ռուբենը և աշխատեց վերականգնեցնել Մարիամի հիշողության մեջ Բագրատյանին, թեև ինքն էլ համոզված չէր, թե երբևէ նրանք հանդիպած լինեին։
— Դուք ավարտեցի՞ք գիմնազիական ուսումը,— հարցրեց Բագրատյանը։ — Այո։
— Ուրեմն դուք ունեք շատ ընկերուհիներ կրթված օրիորդների մեջ։
— Թեև շատ չէ, բայց ունեմ։
Բագրատյանը մի քանի վայրկյան լռեց։ Ապա մի քիչ թեյ խմեց և շարունակեց.
— Այն ժամանակ, երբ ես դեռ գիմնազիստ էի, հայ օրիորդը չուներ մի որոշ իդեալ. նա բարձր չէր առօրյա չնչին հոգսերից։ Ցանկալի է իմանալ, նա նո՞ւյնն է և՛ այժմ, թե՞ ժամանակի հոսանքը կարողացել է նրա վրա ևս ազդել։
Այս խոսքերը Մարիամին նեղ դրության մեջ ձգեցին: Ի՞նչ պատասխաներ։
— Ահա մի շատ հետաքրքրելի խնդիր, — միջամտեց Ռուբենը, — որ, ճշմարիտ, արժե լուրջ մտածության։ Ինձ թվում է, — շարունակեց նա, մի քանի վայրկյան կանգ առնելուց հետո, — հայ կինը առանց իդեալի չէ. միայն պետք է ուսումնասիրել նրան։ Խոստովանում եմ, ես այդ մասին դեռ առիթ չեմ ունեցել խորհելու։
— Իմ կարծիքով,— վստահացավ, վերջապես, խոսել Մարիամը,— առաջ պետք է իմանալ հայ երիտասարդի իդեալը կնոջ մասին։ Օրինակ,— դարձավ նա Բագրատյանին այս անգամ բավական համարձակ,— ես կկամենայի իմանալ, թե դուք ինչ եք պահանջում կնոջից. նա ի՞նչ ձգտումներ պետք է ունենա։
Մի րոպե տիրեց լռություն։ Մարիամը անհամբեր սպասում էր Բագրատյանի պատասխանին։
— Օրիորդ, — ասաց վերջինը դրական եղանակով և հաստատ ձայնով, որի մեջ զգացվում էր նրա համոզմունքի ամրությունը,— այժմյան հայ կնոջ մեջ ես միայն մի բան կցանկանայի տեսնել։ Կցանկանայի տեսնել նրա մեջ մի ուժ, որով կարողանար տղամարդից անկախ կրել այն բոլոր նեղությունները, դիմանալ մեր կյանքի այն բոլոր փոթորիկներին, որոնց դեմ այժմ սկսել է կռվել հայ երիտասարդությունը։
— Դուք ուրեմն կնոջից պահանջում եք տղամարդին հավասար ուժ։ — Այո, և ոչ միայն բարոյական ուժ, այլև ֆիզիկական տոկունություն, այնչափ, որչափ, բնության սահմանած օրենքները թույլ են տալիս։ Հուսով եմ, իմ միտքս կարոտ չէ մանրամասն բացատրության։
— Միայն եթե բարեհաճեք բացատրել, թե որոնք են այն նեղությունները, կյանքի այն փոթորիկները, որոնց դեմ, ինչպես դուք ասում եք, սկսել է կռվել ժամանակակից երիտասարդությունը։
— Որո՜նք են, կրկնեց Բագրատյանը ներողամտաբար ժպտալով,— ես կարծում եմ, օրիորդ, այդ պարզ է հետաքրքրվողի համար։
— Պարզ է,— արտասանեց Մարիամը դառն հեգնությամբ,— այո, շատ պարզ է, այնքան, որքան բացատրում է տղամարդը, որքան նա ինքն օրինակ է դառնում օրիորդին…
Այդ խոսքերի մեջ զգացվող հեգնության միտքը անհասկանալի էր Բագրատյանին։ Նա կես-զարմացած նայեց օրիորդին։ Ռուբենը միայն հասկացավ քրոջ ակնարկությունը, ուստի սրտմտությամբ առաջ տարավ նրա խոսքը.
— Չի կարելի պահանջել հայ օրիորդից մի բարձր իդեալ, քանի որ մեր երիտասարդությունը, որից ավելի է պահանջելի, նեխված է անբարոյականության ցեխի մեջ։ Օ՜օօ, Բագրատյան, դու դարձյալ նույն իդեալիստն ես, ինչ որ էիր առաջ։ Դու գուցե զարմանաս, որ ես այսպես խիստ եմ խոսում, բայց եթե այդքան տարի հեռացած լինեիր մեզանից, շուտ պետք է հիասթափվեիր։ Մեր երիտասարդությունը — ես խոսում եմ կրթված երիտասարդության մասին — այժմ այնպիսի օրինակներ է տալիս, որ բարոյական ապականության կատարելատիպեր են…
Մարիամը շնորհակալությամբ լի մի մելամաղձիկ հայացք ձգեց Ռուբենի երեսին։ Եղբոր խոսքերը բխում էին քրոջ սրտից, որ այդ վայրկյանին դարձյալ լցվել էր դառնությամբ դեպի նա, որ Ռուբենի ակնարկած կատարելատիպն էր…
— Ցավալի է, եթե այդպես է,— ասաց Բագրատյանը, տակավին չզգալով Ռուբենի սրտմտության բուն շարժառիթը,— բայց այդ չպետք է երբեք հուսահատեցնի մեզ։ Տեսնել շատ քիչ, պահանջել և սպասել շատ ավելի — իմ կարծիքով, այս պետք է լինի նույնիսկ քեզ պես հիասթափված մարդու ցանկությունը։ Եթե երիտասարդությունը ապականված է, թող հայ կինը օրինակ լինի նրան։ Ներեցեք, օրիորդ, ես դարձյալ դառնում եմ մեր խոսակցության բնաբանին — հայ կնոջը։ Մեր պատգամախոսները ուզում են, որ կինը լինի միայն լավ տնտեսուհի և առաքինի մայր։ Ոչ. այդ չէ իմ ցանկացածը։ Ես աչքի առաջ ունեմ ուրիշ բան։ Ձգեցեք ձեր հայացքը ավելի հեռու ձեր արյունակից ժողովրդի այժմյան վիճակի վրա, մտածեցեք և կտեսնեք, որ կնոջ դերը չպիտի սահմանափակվի միայն հասարակ տնտեսուհու և քնքուշ մոր պաշտոնով։ Ինչպես մեր երիտասարդության, նույնպես և օրիորդների բոլոր ուժերը ներկա ժամանակ պետք է ուղղված լինեն դեպի մի կետ… պետք է ծառայեն ժողովրդի հասարակական վիճակի վերակենդանության գործին։ Ահա այս դերը կատարողից պահանջվում է անսահման սեր դեպի յուր հայրենիքը և այդ սիրո անունով անձնազոհ լինելու պատրաստականություն։ Ունե՞ արդյոք հայ օրիորդը այդ սերը։ Ունե՞ արդյոք նա յուր սրտում անձնազոհության կայծ — ահա ինչ եմ ուզում իմանալ։
Նա կանգ առավ և թուխ հոնքերի տակ տեղավորված կրակոտ աչքերը սևեռեց Մարիամի երեսին։ Դա մի այնպիսի թափանցող հայացք էր, որին չկարողացավ դիմանալ օրիորդը։ Նրան թվում էր, որ Բագրատյանը ձգտում էր կարդալ յուր սրտի ամենանվիրական գաղտնիքը։ Նա հասկացավ նրա խոսքերի միտքը։ Հասկացավ, թե այդ երիտասարդը ինչ է պահանջում հայ օրիորդից: Կարո՞ղ է, արդյոք, գեթ փոքր մասամբ համապատասխանել նրա կամեցածին։ Մտածե՞լ է արդյոք երբևէ այս ուղղությամբ:
Եվ զգում էր Մարիամը այդ մարդու առաջ մի անհաղթահարելի տկարություն, վայրկենաբար մի թռուցիկ հայացք ձգելով դեպի յուր անցյալը։ Այնտեղ նա տեսնում էո մի ամայություն։ Ի՞նչ է մտածել նա մինչև այսօր, կյանքի ո՞ր հոգսերն են եղել նրա ջերմ մտատանջության նյութը։ — Ոչ մեկը, որ հեռու լիներ նրա անձնականությունից, ոչ մեկը, որ անջատված լիներ նրա անհատական երջանկությունից։
— Չգիտեմ, կա՞ արդյոք ձեր ասածի նման մի օրիորդ, չգիտեմ:
Այս եղավ նրա պատասխանը — ուրիշ ոչինչ։ Եվ սրանով վերջացավ խոսակցությունը։ Բագրատյանը զգաց Մարիամի հոգեկան խռովությունը յուր խոսքերի ազդեցությունից։ Նա փոխեց խոսակցության նյութը։
Այդ օրից Մարիամի միտքը ավելի էր զբաղված նորեկի անձնավորությամբ…
XVI
Տիկին Սոփիոյի հույսերը խաբվեցին։ Նա կատաղած էը ոչ միայն Մարիամի, այլև Հալաբյանի դեմ։ Այժմ նա պախարակում էր ամուրիին, աշխատում էր փքել նրա ամեն մի թերությունը, մոռանալ բոլոր լավ հատկությունները։ Հալաբյանր ծեր է, տգեղ է, տգետ է, արժե՞ Նատալիայի մի մատին անգամ։ Երբեմն յուր սրտի թույնը տիկինը թափում էր իշխան Սահարունիի գլխին։
— Մեղավորը դու ես, եթե մեջտեղ չընկնեիր, ես նրա անունն էլ չէի տալ։ Նա ո՛վ է, ո՛ւմ որդին է, ի՞նչ մարդ է որ…
Իսկ իշխանը հասկանում էր քրոջ հոգին, գիտեր, նրա կատաղությունը ուրիշ ոչինչ է, եթե ոչ անաջողության արգասիք։ Նա ինքն էլ հուսահատված էր։ Այն օրից, երբ տեսավ, որ Հալաբյանին դժվար է փոխել, որ անկարելի է Նատալիային նրա վզին կապել, չէր իմանում ինչպես համոզեր քրոջը, որպեսզի նա յուր ամուսնուց մի բան պոկե։
Այլ էր եթե իշխանի անցյալ կյանքի փորձերից խրատված չլինեին թե՛ տիկին Սոփիոն և թե Նիկողայոսը։ Բայց օրինակները պարզ էին, և Նիկողայոսը շատ լավ էր ճանաչում նրան։ Գիտեր, որ երաշխավոր լինել իշխան Սահարունիի համար, կնշանակե՝ նրա պարտքը անպայման յուր վրա վերցնել, զուտ փող տալ նրան՝ կնշանակե տվածից հավիտյան ձեռք վերցնել։ — Դրստիր բանս, եթե այս եղունգիս չափ սիրում ես ինձ, — անդադար հորդորում էր իշխանը յուր քրոջը։
— Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող։ Նիկոն քեզ չի հավատում, ասում է՝ այնքանն էլ հերիք է, ինչքան տվել եմ, ստացածը հետ տվե՞լ է, որ նոր պարտք է ուզում։
— Ասա նրան, որ ինչ որ ինձ տվել է, տոկոսով հետ կստանա ժամանակին։ Իշխան Սահարունին քարվանսարի բազազ չի, որ սուտ կոտր ընկնի, ուրիշի փողերը կուլ տա։ Իմ անունս ու պատիվս միլիոններով չեմ ծախիլ… Հասկացրո՛ւ նրան, լսո՞ւմ ես։
— Եթե կարող ես, ինքդ հասկացրու, ես այսուհետև ձեր մեջ գործ չունեմ,— դրապես հրաժարվեց Սոփիոն։
Մի օր իշխանը փողի սաստիկ կարոտություն ուներ: Նա թղթախաղում տանուլ էր տվել մի բավական զգալի գումար։ Ինչ-ինչ այս տեսակ պարտքերը նա ճշտությամբ վճարում էր։ Փորձեց սրանից-նրանից խնդրել, ամենքը մերժեցին, ոչ ոք չէր հավատում նրա վարկին։ Մի առավոտ նա դարձյալ վազեց Սոփիոյի մոտ։ Նիկողայոսը տանը չէր։ Նա հրավիրեց քրոջը մի առանձին սենյակ և, գրպանից մի մուրհակ հանելով, դրեց նրա առաջ։
— Առանց այլևայլի, այս վեքսիլի տակ մարդուդ ստորագրել կտաս, — գոչեց նա հրամայողական ձայնով։
Սոփիոն վախեցավ նրա հուսահատությամբ լի կատաղի աչքերից։
— Որ չուզենա ստորագրել, ի՞նչ անեմ։
— Հրամայում եմ քեզ, որ ստիպես։ Այդ քո գործն է։
Տիկինը ավելի զարմացավ։
— Սրափիոն, ի՞նչ ես խոսում, հրամայելս ո՞րն է։
— Կարճ ասա, չե՞ս ուզում կատարել...
Սոփիոն մի քայլ հետ դրեց և լուռ նայեց եղբորը ոտից մինչև գլուխ։
— Չե՞ս ուզում,— կրկնեց իշխանը։
— Չէ։
— Լավ, — ասաց իշխանը և շինծու հանդարտությամբ, մուրհակը վերցնելով, դրեց գրպանը,— ուրեմն թող մարդդ պատրաստվի բերդը գնալու… Սոփիոն գունաթափվեց։
— Բե՞րդը…— արտասանեց նա, դողդողալով։
— Այո՛, բերդը։ Հերիք է, ինչքան ես նրան խնայեցի քո խաթրու, հերիք է, ինչքան թաքցրի նրա կեղտոտ բաները։ Այժմ ինձ համար դիփ մեկ է, եթե այս վեքսիլով փող չստանամ, այ, սրանով կյանքիս վերջ կտամ,— շարունակեց նա, սյուրտուկի ծոցի գրպանը բանալով և ցույց տալով ատրճանակի կոթը։— Ես կորչելու եմ, թող Նիկողայոսն էլ կորչի։ Այս րոպեիս կգնամ պոլիցիա և ինչ որ մարդուդ հետ միասին արել ենք, բոլորը կպատմեմ, հետո դու տես, թե ինչ կլինի։
Այս սպառնալիքը միանգամայն սարսափեցրեց Սոփիոյին, որ ապուշ դարձած լսում էր։
— Ի՞նչ ես խոսում, ի՞նչ եք արել միասին,— գոչեց նա, շունչը կտրված և ուժասպառ նստելով աթոռի վրա։
— Ի՞նչ ենք արե՜լ… Գողություն, ավազակություն, մարդասպանություն, կերել ենք, գռփել ենք, կողոպտել ենք խեղճերին, անտերներին։ Հերիք է, որ հարյուրից մեկը միայն մեկը բացվի, ես ու մարդդ Սիբիրում կլինենք…
Այլևս Սոփիոն չկարողացավ ուրիշ բան հարցնել։ Եղբոր խոսքերը ազդեցին նրա վրա անհաշիվ, անպայման։ Նա հավատաց լիովին, թե կա մի երկյուղալի գաղտնիք։
— Տուր ինձ, տուր ինձ, դու գժվել ես,— գոչեց նա, ձեռը եղբորը մեկնելով:
Իշխանը մուրհակը տվեց։
— Երեք օր ժամանակ եմ տալիս, ավելի չեմ կարող,— խստությամբ որոշեց նա։— Կա՛ց, վեքսիլը ստորագրել կտաս, բայց ինչ որ ասացի մեր արածների մասին, չես պատմիլ մարդուդ։ Հասկանո՞ւմ ես, մի խոսք էլ չես ասիլ, թե չէ՝ վատ կլինի ամենիդ համար։
Եվ երեք օր շարունակ տիկին Սոփիոն, բոլոր մյուս հոգսերը մի կողմ թողած, մուրհակը ձեռին չէր հեռանում ամուսնուց։ Ժամանակ-անժամանակ, առավոտ-երեկո, միշտ, երբ տանն էր Նիկողայոսը, նա միևնույնն էր կրկնում.
— Կամ ինձ սպանիր, կամ այս վեքսիլի տակ ձեռ քաշիր։ Անտանելի էր Նիկողայոսի դրությունը։ Ընտանեկան կյանքը նրա համար կատարյալ դժոխք դարձավ։ Նա հուզված էր, բարկանում էր, գոռում էր, հրում էր ձեռքով կնոջ կրծքին, բայց իզուր։ Ինչպես մի անխուսափելի չարիք, մի բնական պատիժ, Սոփիոն անգութ կերպով հալածում էր յուր ամուսնուն, ստվերի պես հետևելով նրան ամեն րոպե, ա մեն վայրկյան։ Մերթ նա գոռում էր, մերթ աղերսում և մերթ արտասվում, աշխատելով թունավորել մարդու հանգստությունը։
Ուրիշ ելք չկար։ Վերջապես Նիկողայոսը համաձայնեց, միանգամայն հաղթված համառ կնոջ անընդհատ հալածանքից։
— Բայց ասա եղբորդ, — պատվիրեց նա, մուրհակը ստորագրելիս, — այս վերջին անգամն է լինելու...
Իշխանը փողը ստացավ բանկից, և այնուհետև մոռացավ (գուցե առժամանակ) Նիկողայոսին էլ, Սոփիոյին էլ, բոլոր Սադափյաններին էլ։
Ձմեռվա ընթացքում Նիկողայոսի գործերը այնքան հաջող գնացին, որ կարողացավ յուր պարտքերից մի քանիսը վճարել։ Մնում էին մի քանի խոշոր պարտքեր, ի միջի այլոց, և Հալաբյանից վերցրածի մի մասը։ Մի օր հանդիպեց ամուրիին և խնդրեց մի քանի ամիս ևս համբերել։ Հալաբյանը անտարբեր կերպով գլուխը շարժեց, կարծես, միևնույնն էր, կստանա՞ր յուր փողերը, թե ոչ։
— Ես մինչև մահ չեմ մոռանալ, որ ձեզանով ոտքի կանգնեցի, — ասաց Նիկողայոսը երախտագիտաբար։
— Ոչի՜նչ չեմ արել ձեզ համար, որ ինձ չմոռանաք, — արտասանեց Հալաբյանը վհատված ձայնով։
— Փա՛հ, բաս ո՞վ է արել...
— Շնորհակալ եղեք ձեր եղբոր որդուց։
Նիկողայոսը զարմացավ։ Առաջին անգամն էր նա այդ լսում: Այն ժամանակ Հալաբյանը բացատրեց բանի էությունը, հայտնեց, թե լոկ Ռուբենի խնդրելովն է նրան օգնել։
— Ռուբե՞նը, Ռուբե՞նն է ինձ համար ձեզ խնդրել,— գոչեց Նիկողայոսը, չհավատալով յուր լսելիքին։ — Այո, Ռուբենը… բայց…— արտասանեց Հալաբյանր և, գլուխը երերելով, հեռացավ։
Անհասկանալի, նույնիսկ անբնական էր թվում Նիկողայոսին վեհանձնության մի այդպիսի օրինակ։ Ի՞նչպես, նա, որին զրկել է, որին յուր տնից համարյա թե արտաքսել է, հանկարծ մոռանում է ամեն ինչ և կողմնակի օգնո՞ւմ է յուր զրկողին, այն էլ գաղտնի՞ կերպով։ Ոչ, այդ անկարելի է, մեջտեղ մի բան կա։ Մարդ ասված արարածը երբեք չի կարող այդչափ վեհանձն լինել։
Նա պատմեց Հալաբյանից լսածը յուր ամուսնուն։ Տիկին Աոփիոն, լսելով Ռուբենի անունը, կատաղեց, փրփրեց։
— Այդ էր պակաս, համ ութ տարի մեր հացով ապրի, համ մեզ խայտառակ անի քաղաքում, համ էլ մեր բարերա՞րը լինի։ Չէ, Նիկո՛, մի հավատալ, սուտ է, Ռուբենը այն պտուղը չէ…
Երբ նույն բանը լսեց յուր մորից Նատալիան, քահ-քահ ծիծաղելով ասաց.
— Եթե ուրիշին օգնել կարողանում է, ինչո՞ւ շվեյկա քրոջը չի օգնում։
Օրիորդ Նատալիան այժմ Մարիամի անունն անգամ լսել չէր ուզում, ուր մնաց նրա եղբոր բարեկամությունը ընդունել։ Այն երազը, որ նա հույս ուներ կատարված տեսնել, այն ճոխ ու փարթամ կյանքը, որ պետք է զարմացներ ամբողջ քաղաքին, մնաց երազ։ Նա թեև ձայնակցում էր մորը, երբ վերջինը անխնա պարսավում էր Հալաբյանին, բայց կորուստը զգալի էր և շատ զգալի։ Տարի ու կեսից ավելի էր, նա վճռել էր յուր կյանքը կապել Հալաբյանի կյանքի հետ, թեև մյուս կողմից նա պտրում էր ավելի արժանավորին։ Սակայն բոլոր յուր շրջապատողների մեջ չկար ավելի լավը և հույս էլ չուներ երբևէ գտնել մի այդպիսուն, ուստի Հալաբյանն էր մնում միայն։ Այժմ դուրս է գալիս մի ատելի աղջիկ և վերջնապես խորատակում է նրա հույսերը։
Ահա ինչու նա այնքան կատաղել էր, նրա խելքը կրքից այնքան խավարել էր, որ ոչ մի միջոց չէր խնայում Մարիամի պատիվը արատավորելու համար։ Ոչ ոք այնպես ջերմ չէր պաշտպանում բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որպես նա, ոչ ոք Մարիամի բարոյականությունը այնքան չէր զրպարտում, որքան այդ նախանձոտ աղջիկը։
Մի անգամ նա ոտով զբոսնում էր Գոլովինսկի պրոսպեկտի վրա, մի քանի կավալերներով շրջապատված։ Պատահաբար հանդիպեց Մարիամին, որ Սաթենիկի հետ գալիս էր դեմուդեմ։ Մի քանի քայլ մնացած նա ինչ-որ ասաց յուր ուղեկիցներին, բոլորը ուշադրություն դարձրին Մարիամի վրա, իսկ ինքը բարձրաձայն ծիծաղեց, համեստության սահմանից դուրս գալով։ Մոտովը անցնելիս նա մի այնպիսի կատաղի հայացք ձգեց Մարիամի վրա, որ, կարծես, պատրաստ էր հարձակվել և տեղն ու տեղը խեղդել նրան։
— Ֆո՛ւ, կատարյալ ֆուրիա է դառել այդ աղջիկը, — շշնջաց Սաթենիկը Մարիամի ականջին։
Մարիամը անուշադիր թողեց Նատալիայի ծիծաղը և կռվակոչ նայվածքը, անցավ։ Նա վերջին ժամանակ մոոացել էր յուր ակամա ոխը Նատալիայի և տիկին Սոփիոյի դեմ։ Եվ առհասարակ հետզհետե նրա սրտում մեղմանում էր ատելության զգացմունքը ոչ միայն դեպի յուր հեռավոր հակառակորդները, այլ անգամ դեպի նա, որ ավելի, քան ովևէ վայելում էր նրա կծու ատելությունը։ Թե ինչպես պատահեց այդ — նա չգիտեր և չէր զգում։ Չէր զգում, որ Բագրատյանի գաղտնախորհուրդ անձնավորությունը, մի անհասկանալի դյութական զորությամբ, հաղթում և նսեմացնում է ամեն բան նրա աչքում։ Տակավին այդ մարդը նրա համար մի տեսակ առեղծված էր, տակավին չէր հասկանում, թե ինչ է կատարվում յուր շուրջը, ինչ մի գաղտնի գործ է այն, որ այդքան զբաղեցնում է թե՛ Բագրատյանին և թե Ռուբենին։
Ամեն օր երկու երիտասարդները տեսակցում էին վերջինի սենյակում, խոսում էին, վիճում և շտապով միասին դուրս գալիս։ Ո՞ւր էին գնում, ինչո՞ւ — հայտնի չէր։ Սովորաբար պարզախոս Ռուբենը այժմ դառել էր գաղտնապահ, անհանգիստ, նյարդային։ Մերթ Մարիամը նրան տեսնում էր սեղանի մոտ նստած, ինչ-որ մի քարտեզ առաջը դրած, խորասուզված մտքով նայելիս, մերթ թղթի վրա ինչ-որ հաշիվներ անելիս։ Նա նկատում էր, որ եղբայրը այլևս չէր պարապվում յուր սովորական գործերով — չէ կարդում, չէ գրում։ Այս բոլորը ավելի ու ավելի սաստկացնում էր Մարիամի հիվանդոտ հետաքրքրությունը և դրդում նրան զանազան ենթադրություներ անել։
— Սաթենի՛կ, ինչ մարդ է այդ Բագրատյանը,— դառնում էր նա երբեմն յուր ընկերուհուն։
Սակայն Սաթենիկը նույնքան էր ճանաչում այդ մարդուն, որքան Մարիամը։ Մի անգամ վարժուհին ասաց, թե մի բան է լսել Բագրատյանի մասին, չգիտե որքան ճիշտ է:
— Ի՞նչ,— հարցրեց Մարիամը։
— Ասում են, նա եկել է այստեղ մի շատ կարևոր գործով և շուտով պետք է գնա։