— Առաջին անգա՞մն է ձեր Թիֆլիս գալը,— հարցրեց տանտիրուհին։
— Ո՛չ, մի քանի անգամ եղել եմ, բայց շատ վաղուց,— պատասխանեց ծերունին,— հազար ութ հարյուր յոթանասուն ու վեց թվականին, պատերազմից առաջ, ես այստեղ ցորեն էի գնում ռուսաց զորքերի համար։ Այն ժամանակ Թիֆլիսում ավելի կենդանություն կար, տիկին, իսկ այժմ նա փոխվել է․․․
— Մեծ իշխանը որ գնաց, Թիֆլիսն էլ դատարկվեց,— ասաց այրին, հառաչելով։ — Այն ժամանակ ձեր վարձած բնակարանում կենում էր․․․ գեներալ․․․ սպասեցե՛ք, սպասեցե՛ք․․․ գեներալ Չուդինովր։ Գիտե՞ք որքան էր վճարում․ տարեկան ինը հարյուր մանեթ։ Այժմ շատ է պակասել տների վարձը, շա՜տ․․․
Կեսօրից հետո նորեկները տեղափոխվեցին։ Նրանց բոլոր կահկարասիքն էին` մի քանի աթոռներ ու բազկաթոռներ, երկու պահարան, երկու գրասեղան, մի գահավորակ, մի քանի պարսկական գեղեցիկ գորգեր, մի դաշնամուր և մի քանի այլ և այլ մանր պարագաներ։ Բոլորը նոր էր և, ըստ երևույթին, բազարում գնված։
Ռոստամյանը, դռները փակած, հանգստանում էր յուր սենյակում, երբ նորեկները տանտիրուհու օգնությամբ, դասավորում էին իրանց կահ-կարասիքը։ Ամբողջ օրը նա տնից դուրս չեկավ։ Ո՛չ մշակների աղմուկը, ո՛չ ծերունու և Նատալիա Պետրովնայի բարձրաձայն պատվերները ծառաներին և ո՛չ երիտասարդ կնոջ մեղմ ու դուրեկան ձայնը, որ մերթ ընդ մերթ լսվում էր դիմացի պատշգամբից, կարծես, չէին հասնում նրա ականջներին։
Մյուս օրը վաղ առավոտ Նատալիա Պետրովնան մտավ նրա սենյակը զվարթ դեմքով, հագստի թևերը հետ ծալած, և սկսեց քանի մի տեղեկություններ հաղորդել յուր նոր կենողների մասին։
— Խիստ լավ մարդիկ են,— ասում էր նա ոգևորված,— հենց երեկ և եթ վարձը տվեցին։ Հայրն աղջկանից է լավ, աղջիկը հորից, երկուսն էլ դուրեկան են։ Աղջիկր շատ գեղեցիկ է․․․ ասենք, գեղեցիկ չէ, սիրուն է, սիրուն։ Ես նրանից ավելի գեղեցիկները շատ եմ տեսել, բայց ուրիշ բան է նա։ Եթե ես տղա լինեի, տեղն ու տեղը կսիրահարվեի։ Հապա, Ստեփան Գրիգորիչ, մի լավ մտիկ
արեք նրան․․․ է՛հ ո՛ւմն եմ ասում, դուք խոմ տղամարդ չեք, հա՛ հա՛ հա՛։
Ճաշի ժամանակ Նատալիա Պետրովնայի խոսակցության առարկան դարձյալ նորեկներն էին։ Չէր անցել նրանց տեղափոխվելուց քսան ժամ, և այրին արդեն հափշտակված էր։ Նա ոգևորված պատմում էր, թե ինչպես ծերունին այն օրը դիմավորել էր իրան, թե ինչպես Վարվառա Մինայեվնան պատվել էր, ոտքի կանգնելով։ Երևում է, որ հասարակ մարդիկ չեն․ կամ շատ հարո՛ւստ են, կամ մեծ ցեղից են։ Աղջկա պահարանը լիքն է տեսակ-տեսակ նորաձև հագուստներով․ հայրը չորս ու հինգ մուշտակներ ու վերարկուներ ունի։ Ծերունին պարզ մարդ է․ նա խնդրում է ու աղաչում Նատալիա Պետրովնային շուտ-շուտ այցելություն անել, որ «օտար երկրում տխուր չանցնի մեր օրը», ասում է։
— Ես էլ իրանց համեցեք արի, Ստեփան Գրիգորիչ։ է՛հ, թող գան ու գնան, աղջիկը խիստ տխուր է, չեմ իմանում ինչ հոգս ունի, շատ քիչ է խոսում, չի ծիծաղում։
Հետևյալ և երրորդ օրն այրին միևնույնն էր կրկնում նորեկների մասին։ Այս անգամ նա իմացել էր, որ նրանք եկել են Մոսկվայից, որ եղել են Պետերբուրգում, շատ և շատ քաղաքներ են տեսել, որ արտասահմանում ևս ապրել են մի առ ժամանակ։
— Մի խոսքով, շատ օրինավոր մարդիկ են․․․ ավարտեց այրին, պարծենալով, որ այնպիսի կենողներ ունի։
Կենդանություն ստացած բնակարանի լուսամուտների փեղկերն ամեն օր առավոտը բացվում էին, երեկոյան փակվում։ Ռոստամյանը շարունակում էր յուր գործը։ Արդեն անցել էր մի ամբողջ շաբաթ, և նա միայն երկու անգամ էր տեսել ծերունուն ու նրա աղջկան, առաջնին — փողոցում, վերջնին — պատշգամբի վրա։ Տակավին նա չէր հետաքրքրվում յուր դրացիների գոյությամբ։ Միայն երբեմն նրա աչքի առջև պատկերանում էր երիտասարդ կինն յուր թախծալի աչքերով, որ առաջին օրը բարակ շղարշի տակից այնպես տխուր նայում էին դեպի հեռավոր տարածություն։ Հիշեց Ռուստաամյանը մի քանի անգամ երիտասարդ կնոջ և՛ ծանր հոգոցը։ Բայց այս բոլորը միայն վայրկենաբար։ Այնուհետև գործը
դարձյալ խլում էր նրա բոլոր ուշքն ու միտքը, և նա խորասուզվում էր հարատև մտավոր աշխատության մեջ։
Մի անգամ իրիկնադեմին, երբ արևը դեռ մայր չէր մտել, նա յուր սեղանի մոտ կանգնած, մտիկ էր անում դեպի փողոց։ Հեռվից նրա ականջին հասավ մի ձայն — նախ ցածր, ապա աստիճանաբար բարձր ու բարձր։ Դեպի գավիթ նայող լուսամուտներից մեկը նա փոքր առաջ բացել էր, որ ներսում կուտակված ծխախոտի ծուխը դուրս գա։ Թարմ և բավական սառն իրիկնային օդի հետ սենյակի մշտական մռայլ ու լուռ մթնոլորտի մեջ տարածվեցին երգի հնչյուններ, որոնց նմանը նա չէր լսել մինչև այն օրն և, այո, չպիտի լսեր հավիտյան։ Երբ նա մանուկ էր, ամառային երեկոներն, յուր հայրենի նահապետական քաղաքի շրջակա այգիներում զբոսնելիս, արևի վերջին ճառագայթների տակ սիրում էր նստել թփերի ստվերում և լսել քաղցրաձայն թռչունների երգը։ Այլ բաների հետ նրա սրտի խորքում մի անջնջելի տպավորություն էր թողել և՛ այդ երգը որ, մերթ ընդ մերթ, անցյալը հիշելիս, զարթնում էր և յուր հետ զարթեցնում մանկության ուրախ և տխուր հիշատակներ։ Բայց այդ — անցյալին էր պատկանում։ Իսկ ա՞յժմ․․․
Նա զգուշությամբ, կարծես վախենալով, որ մի գուցե ձայնն ընդհատվի, հուշիկ քայլերով մոտեցավ լուսամուտին։ Երգը շարունակվում էր, մերթ բարձրանալով, մերթ իջնելով։ Երբեմն նա բոլորովին անլսելի էր դառնում, և այդ վայրկյաններին նրան փոխարինում էր նույն եղանակով, բայց ո՛չ նույն զգացմունքով դաշնամուրի ձայնը։
Գավթում ամեն ինչ խաղաղ էր, կարծես, երգը չխանգարելու համար։ Միայն մի քանի ճնճղուկներ տերևաթափ ակացիաների ճյուղերի վրա աղմկում էին։ Թվում էր Ռոստամյանին, որ նույնիսկ նրանց ճլվլոցները ներդաշնակություն են պահում դիմացի պատշգամբից լսվող անուշ երգի հետ։
Դադարեց երգը, լռեց դաշնամուրը, բայց նա, դեռ կանգնած լուսամուտի առջև, անթարթ աչքերով նայում էր դեմ ու դեմ։ Եվ սթափվեց նա այն վայրկյանին, երբ հայացքն ընկավ դիմացի լուսամուտին։ Նրա կասկածը փարատվեց։ Երգեցողը նա էր, այն ծերունու երիտասարդ աղջիկր։ Տխրադեմ էակն երգում էր մի տխուր
երգ։ Երկու խոշոր և թախծալի աչքեր մտիկ էին անում ուղիղ Ռոստամյանի երեսին, համարձակ, խելացի, բայց քնքուշ հայացքով։ Այդ — կետ առ կետ այն հայացքն էր, որով մի շաբաթ առաջ նույն այդ էակը նայում էր դեպի քաղաքի հեռավոր տարածությունը։ Այժմ այդ տարածության վերջնակետը Ռոստամյանն էր․․․
Ապշությունը տեղի տվեց հիացման։ Խառն, անսովոր մի զգացմունք սկսեց պղտորել նրա անդորր սիրտը։ Վայրկենաբար նրա մեջ ձայն տվեց բնական ամոթխածությունը։ Նա լուսամուտից հեռացավ։ Սակայն միայն մի քանի րոպեաչափ։ Մի անսպասելի և անհաղթելի ուժ կրկին մղեց նրան դեպի լուսամուտ։ Իսկ նա․․․ նույնպես նայում էր։ Երբեք Ռոստամյանը մի այդպիսի թափանցող հայացք չէր զգացել յուր վրա։ Նա խոսում էր ուղիղ մենակյացի խաղաղ սրտի հետ։
Անցավ մի քանի րոպե։ Երիտասարդ կինը հեռացավ լուսամուտից։
Օրն արդեն մթնել էր։ Ծառան ներս բերեց Ռոստամյանի կանթեղն և զարմացմամբ տեսավ, որ երիտասարդ պարոնը չնկատեց նրա ներս մտնելն ու դուրս գնալը։
Փոքր ինչ անցած ներս մտավ Նատալիա Պետրովնան։ Ռոստամյանն ուրախացավ նրա այցելությանը։
— Ստեփան Գրիգորիչ ես ձեզ ինչքա՞ն եմ պարտք,— հարցրեց այրին խոհուն դեմքով։
— Ի՞նչ պարտք,— գոչեց Ռոստամյանն, որ դեռ ախորժելի տպավորության ներքո էր գտնվում։
— Ո՞նց թե ի՛նչ պարտք, մոռացե՞լ եք։ Ասեմ․ տասը մանեթ վերցրել եմ Գաբոյին փող ուղարկելիս, տասն ու հինգ մանեթ առել եմ ու տվել Պետրեին․ մեկէլ օրն էլ ստացա քառասուն։ Հաշվեցե՛ք․․․ Քառասունը դուրս բերեք տան ու ճաշի վարձ մարտ ամսի համար։ Ահա՛, այս ձեզ տասն ու հինգ մանեթ, մնացյալը հետո կտամ։ Չնեղանաք, որդի․․․
— Է՛հ, Նատալիա Պետրովնա, խոմ ես հարկահան չեմ, որ վռազում եք պարտքս տալու։ Ինձ փող հարկավոր չէ, պահեցե՛ք։
— Չէ՛, Ստեփան Գրիգորիչ, ես պարտք չեմ սիրում․ պարտք որ ունենում եմ, գիշերները քունս չի տանում։ Շնորհակալ եմ, շատ ու շատ շնորհակալ եմ ձեզանից, երանի թե ամեն մարդ ձեր սիրտն ունենար։ Ես ամենքին էլ ասում եմ, թե իմ կենողը ոսկի է։ Ապրիք, որդի, ես ձեր լավությունը մինչև մահս չեմ մոռանալ, դուք ինձ շատ անգամ եք նեղ դրությունից ազատել։ Աստծուն է հայտնի, թե ես ինչքան եմ աղոթք անում ձեզ համար, Ստեփան Գրիգորիչ։ Երեկ էլ երկար գովում էի ձեզ Մինաս Կիրիլլիչի ու Վարվառա Մինայեվնայի մոտ։
Այրին նստեց և փոխադարձաբար սկսեց Ռոստամյանի մոտ ևս վերջիններին գովել։ Երեկ նա Մինաս Կիրիլլիչին առաջարկում է մի թուղթ գրել, որ ինքը ձեռք քաշի, թե բնակարանի մի ամսվա վարձը ստացել է։ Մինաս Կիրիլլիչը շատ զարմանում է այս առաջարկության վրա։
— Դեհ, դո՛ւք ասացեք, Ստեփան Գրիգորիչ, ի՞նչպես չգովեմ այդպիսի մարդկանց,— գոչեց Նատալիա Պետրովնան ոգևորված։ «Թե որ, ասում է, ինձանից եք վախենում, ահա ձեզ երկու հարյուր մանեթ այս գլխից»։ Այս որ լսեցի, ինքս ինձանից ամաչեցի։ Մեր ժամանակում քիչ մարդ կլինի, որ այսպես վարվի տանտերերի հետ։ Ստեփան Գրիզոգորիչ, եկեք, այս անգամ ինձ լսեցեք,— ավելացրեց հանկարծ այրին, մի քանի վայրկյան լռելուց հետո։
— Ի՞նչ եք կամենում։
Այրին խորհրդավոր ժպտաց և աչքերով ու հոնքերով նշան արավ դեպի նորեկների բնակարանը։
— Հը՛մ, ի՞նչ կասեք, Ստեփան Գրիգորիչ,— ասաց նա, ձեռները հենելով սեղանի ծայրին և գլուխը մոտեցնելով յուր խոսակցին։ — Թե որ ամբողջ Թիֆլիսը փնտրեք, ով գիտե, Վարվառա Մինայեվնայի պես ուրիշը չեք գտնիլ։ Եթե խոսք տալիս եք, ես հիմիկվանից կարող եմ մի կերպ հասկացնել նրանց։ Հույս ունիմ, որ կհամաձայնվին, թե՛ Վարվառա Մինայեվնան, թե՛ հայրը։ Նրանք էլ ձեզ են հավանել․ ամեն օր հարցնում են։ Երեկ ես մեկ-մեկ ասացի․ խոմ գիտեք, թե ի՛նչ կասեի․ ես ձեզ վրա ե՞րբ եմ վատ խոսել, որ նրանց մոտ վատ խոսեի։ Այնքան գովեցի, որ զարմացան։ Ասացի — հատը չկա Թիֆլիսում։
— Շնորհակալ եմ, Նատալիա Պետրովնա։ Բայց եթե նրանց էլ ինձ մոտ այնպես ավելորդ եք գովում, ինչպես ինձ չափից դուրս գովել եք նրանց մոտ — ես ձեզ չեմ հավատում։
— Ո՛չ նրանք են իմ ազգականները, ո՛չ էլ դուք, պարոն Ռոստամյան, ինչո՞ւ համար պիտի ավելորդ գովեմ․ հը՞մ։ Խոմ դուք լեզվիս վարձ չեք տալիս։ Իմ ուզածն էլ այն է, որ դուք, վերջապես ձեզ համար մի սիրուն աղջիկ գտնեք ու մարդավարի ապրեք այս աշխարհում, պրծավ գնա՜ց։ Վարվառա Մինայեվնային ես շատ եմ հավանում․․․ Փող էլ պիտի որ ունենա, հայրը կապալառու է եղել․ մեծ-մեծ գործեր է ունեցել։ Պսակվեցե՛ք, Ստեփան Գրիգորիչ․ ես կդառնամ ձեզ համար մայր, դուք էլ որդի։ Խիստ լավ կլինի, աստված վկա․ այ, իմ երկու սենյակները կմիացնեմ նրանց բնակարանի հետ, մեջտեղից դուռը բաց անել կտամ, ես կտեղափոխվեմ ձեր սենյակներն, իսկ դուք այնտեղ կբնակվեք։ Լավ չե՞մ ասում, Ստեփան Գրիգորիչ․ հը՛մ, ո՞նց եք հավանում ասածս։
Ռոստամյանը լուռ ժպտաց, իբր թե Նատալիայի առաջարկությունը կատակ համարելով։
Այրին գնալուց հետո, Ռոստամյանը նստեց, որ պարապի։ Բայց հակառակ սովորությանը, այս անգամ չկարողացավ ընտելանալ գործին։ Գրում էր ու ջնջում շարունակ, և երկար ժամանակ չէր հաջողվում նրան գտնել յուր մտքերի թելը։ Նրա ականջներին դեռ հնչում էր երիտասարդ կնոջ տխուր մեղեդին, իսկ աչքերի առջևից չէր հեռանում նրա պատկերը, որ այնպիսի հետաքրքրությամբ լուսամուտից մտիկ էր անում։
Ո՞վ է նա, ի՞նչ տեսակ կին։ Ինչո՞ւ հայր ու աղջիկ, իրանց հայրենիքը թողած, եկել են, Թիֆլիսումն են բնակվում և, վերջապես ո՞րն է նրանց հայրենի քաղաքը։ Արդյոք, Մինաս Կիրիլլիչը բախտախնդիր թափառականներից մեկը չէ՞, արդյոք, այդ երիտասարդ կինը նրա աղջի՞կն է իսկապես։
Նույն գիշեր պես-պես քաղցր, սակայն հոգետանջ երազներ, իրարու հաջորդելով, ընդհատում էին նրա սովորական անդորր քունը։ Հայտնի չէր ո՛ր ժամին, մի անգամ նա հանկարծ զարթնեց․ այնպես թվաց նրան, որ մեկը զարկում է դռներին։ Նա մոտեցավ լուսամուտին, նայեց դեպի դուրս։ Ոչինչ չկար․ տիրում էր մի այնպիսի
խավար, որ դիմացի բնակարանի ուրվագիծը հազիվ-հազ նշմարվում էր։ Սաստիկ անձրև էր գալիս։
Առավոտը նա զարթնեց ավելի վաղ, քան երբևիցե զարթնել էր վերջին տարիները։ Նրա սիրտը լեցված էր անորոշ թախծությամբ։ Ցավում էր նա, որ ամբողջ երեկոն անցուցել էր անօգուտ։ Տրտմությամբ նա թերթեց յուր գրած ու ջնջած էջերը, հազիվ-հազ մնացել էին մի քանի չջնջված տողեր։
Այն օրը Ռոստամյանը պիտի գնար յուր պաշտոնակիցներից մեկի մոտ մի քանի կարևոր տեղեկություններ վերցնելու յուր աշխատության համար։ Օրն ամպամած էր, թեթև անձրև էր շաղում, իսկ գիշերային հորդառատ հեղեղից փողոցներում գոյացել էր անանցանելի ցեխ։ Այն փողոցն, ուր գտնվում էր այրի Նատալիայի տունը, բավական նեղ էր, բարձրադիր, մայթերը զառիվայր, իսկ սալահատակը տեղ-տեղ քանդված։ Անձրևային եղանակին այդ փողոցով ոտքով անցնելն ուներ յուր անհարմարությունը, սլկուն ցեխի մեջ մարդ ստեպ սայթաքում էր և երբեմն ընկնում։ Իսկ Նատալիա Պետրովնայի տունը գտնվում էր փողոցի վերին անկյունում։
Ռոստամյանը փողոցներում սովորաբար քայլում էր շտապ-շտապ, գլուխը քաշ գցած, ձեռները վերարկվի գրպաններում դրած, և շատ անգամ չէր նկատում յուր մոտով անցնողներին։ Արդեն ճաշի ժամանակն էր, երբ նա, մի մեծ մատյան ձեռին, վերադառնում էր տուն։ Փողոցի անկյունից դեպի վեր բարձրանալիս, հանկարծ նա դիպավ մեկին։ Նա գլուխը բարձրացրեց, որ ներումն խնդրի, և երես առ երես հանդիպեց յուր նոր հարևանին։
— Ոչինչ,— ասաց ծերունին,— մեղավորը ձեր քաղաքային վարչությունն է, որ փողոցները լավ չի պահում։ Ես միշտ ասել եմ, որ Թիֆլիսը դեռ Ասիա է։
Ռոստամյանն հետևից, ծերունին առջևից — մի քանի րոպե ընթանում էին միասին։ Մինաս Կիրիլլիչը հագած էր մեծ և խորը կրկնակոշիկներ, լայն մուշտակ մշկյա բեշկի օձիքով։ Մի ձեռքով նա գլխին բռնած էր մի մեծ հովանի, մանր անձրևից պաշտպանվելու համար, մյուսով — մի կլորակ թղթյա կապոց։ Իսկ ձախ գրպանից ցցված էին ռուս լրագրների մի քանի համարների ծայրերը։
Նա, տրտնջալով փողոցի անմաքրության վրա, քայլում էր զգուշությամբ, որ չցեխոտվի։
Պատահեց մի փոքրիկ միջնադեպ, որն և պատճառ եղավ ծերունու և Ռոստամյանի առաջին բարեկամության։
Դատարկ տաշտը կռնատակին բռնած, նոսր ցեխի մեջ սրընթաց վազեց ծերունու մոտով մի շրջավաճառ և, կարծես դիտմամբ, մի քանի անգամ ոտները գետնին սաստիկ խփեց։ Մինաս Կիրիլլիչի մուշտակը շաղախվեց ցեխի բծերով։
— Անպիտա՜ն,— գոչեց մաքրասեր ծերունին բարկացած։
Կինտոն կանգնեց և, լեզուն հանելով, ծերունուն մի ծաղրական նշան արավ։
— Հանդո՜ւգն,— ձայնը բարձրացրեց ծերունին,— բավական չէ վարմունքդ, դեռ կապկություն էլ ե՞ս անում․․․ Ոստիկա՜ն։
Բայց ոստիկան չկար փողոցում։ Դեմ ու դեմ մի գինեխանութի առջև երկու կիսահարբ կինտոներ կանգնած, զվարճությամբ մտիկ էին անում հեռվից։ Ռոստամյանը նշան արավ շրջավաճառ կինտոյին, որ հեռանա։ Բայց կինտոն զանազան միմոսություններով շարունակեց ծաղրել Մինաս Կիրիլլիչին։
— Կորե՜ք,— գոռաց ծերունին վրդովված ձայնով։
Կիսահարբ կինտոները հրհռացին, խրախուսելով միմոսող շրջավաճառի հանդգնությունը։
— Էդ լոդին որ հագիլ ես, միթամ ինձմեն մինձ մարթիս է՞լի,— ասաց վերջինը, մի ոտն առաջ դնելով,— էն օրն էլ ինձ փախցրիր, «տվոյ շամայկա գնիլոյ», ասացիր․․․ մնոգո ֆարսիշ ա՜յ․․․
Ռոստամյանն աշխատեց ծերունուն հանգստացնել, որ ուշադրություն չդարձնի կինտոյի վրա։ Բայց Մինաս Կիրիլլիչը դեռ չգիտեր, թե ո՛րքան կոպիտ է շրջավաճառ կինտոն, երբ մանավանդ ծախել, վերջացրել է յուր վաճառքը։ Նա, բաց հովանին բարձրացնելով, մոտեցավ յուր հակառակորդին։ Կինտոն տաշտը դրեց գետնին և մի ավելի անամոթ ծաղրական շարժում գործեց։ Ռոստամյանի արյունը գլխովը տվեց։ Նա, կատաղած, բռունցքները սեղմած, շրթունքները կրծոտելով, արյունալի աչքերով հարձակվեց անամոթ շրջավաճառի վրա։ Վերջինը, հենց առաջին հարվածից
զգալով նրա կռների ուժը, շտապեց տաշտը վերցնել և հեռանալ, բարձրաձայն հայհոյելով։
— Ասիա, կատարյալ Ասիա է այս երկիրը,— գոչեց ծերունին, որ բարկությունից գունաթափվել ու դողում էր։
Հասնելով դռներին, Մինաս Կիրիլլիչը բարեկամաբար սեղմեց Ռոստամյանի ձեռն և որովհետև շատ էր վրդովված։ ուստի չափազանցություն չհամարեց ասել, թե իբր հավիտյան չի մոռանալ նրա պաշտպանությունը։
Ահա այսպես արժանացավ Ռոստամյանն առաջին դեպքում այն մարդու համակրությանը, որ ապագայում չարագուշակ դեր պիտի կատարեր նրա ճակատագրի վերաբերմամբ։
Մյուս օրը Նատալիա Պետրովնան պատմեց, թե որքան ծերունին շնորհակալ է Ռոստամյանից նախընթաց օրվա պաշտպանության համար։
— Ոնց, որ տեսնում եմ,— ավելացրեց այրին,— հայր ու աղջիկ խիստ են սիրում ձեզ, Ստեփան Գրիգորիչ, մի գլուխ ձեզ վրա են խոսում։
— Շատ ուրախ եմ։
— Ապա ինչո՞ւ չեք ուրախ լինիլ, նրա նման աղջիկը, որ ինձ վրա խոսի, ես էլ ուրախությունից կպարեմ։ Է՜հ, հույս ունեմ, որ բանը գլուխ կգա, դուք միամիտ կացեք․․․․
Ռոստամյանր, վախենալով, թե մի գուցե այրին իսկապես մտադիր է որևէ ակնարկություն անել հարևանների մոտ, կամ կարելի է արդեն արել է, շտապեց խնդրել, որ նա թողնի յուր անտեղի միջամտությունն այն բանում, որի մասին ինքը չի մտածել և չի մտածում։
— Կատակ եմ անում որդի,— արդարացավ այրին,— ես խոմ երեխա չեմ, որ իմ գլխու բաներ սարքեմ։ Է՛հ, դո՛ւք գիտեք։ Բայց մի բան խնդրեմ, կկատարե՞ք։
— Հրամայեցե՛ք։
— Այս երեկո նրանք հայր ու աղջիկ պիտի գան իմ մոտ․ ես եմ համեցեք արել․ դուք էլ եկեք, Ստեփան Գրիգորիչ, է՛հ, կխոսեք դեսի-դենից։ Պետրեին կուղարկեմ, որ Կատոյին էլ հրավիրի։ Կգա՞ք։
— Կգամ,— համաձայնվեց Ռոստամյանը։
Այրի Նատալիան մի ժամանակ շատ սիրում էր հյուրեր ընդունել և հյուր գնալ։ Ամուսնության առաջին տարիներում հազիվ անցնում էր մի օր, որ նա միայնակ մնար։ Քանի երիտասարդ էր, նա յուր ուրախ բնավորությամբ զգում էր ծանոթների և բարեկամների կարոտություն։ Բայց երբ դարձավ հարսնացու դստեր մայր, աշխատեց յուր ծանոթների շրջանն ավելի ընդարձակել, հանուն յուր միակ Կատոյի բախտավորության։ Նրա ամուսինը միջակ աստիճանի պաշտոնյա էր, ուստի նրա շըջանը բաղկացած էր պաշտոնյաների և մեծ մասամբ օտարազգի պաշտոնյաների ընտանիքներից։ Ինքն այրին աշխատում էր հարաբերություն ունենալ քաղաքի և՛ փողավոր դասակարգի հետ, դարձյալ հանուն յուր միակ Կատոյի բախտավորության։ Եվ, պետք է ասել, նա մասամբ կարողանում էր գրավել յուր տան վրա շատերի ուշադրությունը։ Պատճառը նրա բարեհամբույր բնավորությունն էր և մի փոքր էլ արտաքին արժանավորությունները։ Կար ժամանակ, որ Նատալիա Պետրովնային կարելի էր գեղեցկուհի համարել։ Նույնիսկ վերջին ժամանակ, չնայելով, որ մի կողմից ամուսնու և անդրանիկ որդու մահը, մյուս կողմից ժամանակը — միանգամայն թառամացրել էին նրա գեղեցկությունը — նրա բարձր հասակը, առողջ կազմվածքը, վառվռուն աչքերը, քաղաքավարի շարժվածքը և խոսելու բարեկիրթ ձևերը բավական բարձր էին պահում նրան յուր հասակակիցների շրջանում։
Աղջկա բախտը մի կերպ կարգավորելուց հետո, նա այլևս «պիկնիկներ» չէր սարքում, բայց սիրում էր երբեմն այցելել յուր ազգականներին և բարեկամներին։ Տաղտկությունից նա վերջին տարիները սկսեց խառնվել ուրիշների ամուսնական հարցերում — պսակել, նշանել։ Եվ երբեմն այսպիսի դեպքերում նա կատարում էր դրական դեր, դրդված անկեղծ և անշահ փառասիրությունից — մի փառասիրություն, որ հատուկ է այրիների և ամուսնացյալ կանանց մեծամասնության։ Միացնել յուր երիտասարդ կենողի վիճակը որևէ մի օրիորդի հետ — նա վաղուց էր մտադիր։ Շատ մայրեր այս մասին նրան բացորոշ ակնարկություններ էին անում։ Բայց Ռոստամյանի համառ մենասիրությունը բոլորովին զինաթափ
էր անում այրի Նատալիա Պետրովնային։ Այս պատճառով, ճարահատված, նա հետաքրքրվող և անհամբեր մայրերին պատասխանում էր,
— Իմ կենողն ուզում է, որ վարդապետ օծվի․ ձեռք վերցրեք նրանից, քա՛։