Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Նամուս Երկրորդ մաս գլուխ 15

Նամուս Երկրորդ մաս գլուխ 15
Յոթն օր շարունակ, առանց որևէ տեղ հանգստանալու, նա ճանապարհ էր գալիս։

— Լավ կորավ, լավ փչացավ քսանևյոթ տարում աշխատած անունս, — կրկնում էր նա անդադար, մտրակելով ձիուն և անցնելով Դաղստանի սարերն ու դաշտերը։

Եվ այդ մտքով հափշտակված, ինքն յուր մեջ խորասուզված, Ռուստամը ուշադրություն չէր դարձնում ոչ քամուն, ոչ ձյունին ու բուքին և ոչ էլ որևէ վտանգին։

Վերջապես, ահա նա հասել է Շամախի, կես ժամ ևս, և ահա նա կանգնած կլինի Սուսանի դեմ ու դեմ։ Սակայն, զարմանալի բան։ Յոթն օր նա անհամբերությամբ շտապում է Շամախի հասնելու, յոթն օր է, որ նրա միտքը կաշկանդված է միայն և միայն շուտ տեղ հասնելու ցանկությամբ։ Իսկ այժմ, երբ նա գրեթե Շամախումն է, այժմ, կարծես, այլևս չի շտապում։ Մի միտք, որ մի րոպե, գեթ մի վայրկյան նրա գլխով չի անցել այն ժամից սկսած, երբ նա կատաղած դուրս թռավ խանութից, — այժմ հանկարծ ծնվեց նրա ուղեղում, այժմ, երբ րնդամենը միայն կես ժամ է մնում, որ պիտի ամեն ինչ պարզվի։

— Ի՞նչ պիտի անեմ, եթե Սեյրանի ասածը հաստատվի, — ասաց նա հանկարծ ինքն իրան և, ձիու սանձը քաշելով, կանգնեց ճանապարհի մեջտեղում։

Նա բարձրացրեց գլուխը, նայեց դեպի քաղաքը։

Բահ, հրես, եկեղեցին էլ երևում է, նա հասել է։ Ինչո՞ւ է եկել, հը՞մ։ Բահ, ի՞նչպես թե ինչու է եկել, մի՞թե այդ հայտնի չէ։ Եկել է... հա, եկել է իմանալու, այն, ինչ որ ուզում էր իմանալ։ Բայց եթե իմացավ, եթե ստուգեց նրա ասածը, հետո՞։ Հըմ, նահլաթ, նահլաթ քեզ, չար սատանա...

Նա մի քանի անգամ շարունակ կրկնեց «նահլաթ քեզ չար սատանա», նայելով մերթ եկեղեցու գմբեթին, մերթ յուր ձիու բաշին։ Վերջին անգամ «նահլաթ քեզ չար սատանա» արտասանելուց հետո, նա ձեռի ափով շոյեց ձիու բաշը, ասելով. «խեղճ հեյվան, խեղճ հեյվան, շատ ես հոգնել»։ Մի րոպե այդ դրության մեջ մնաց, հետո հանկարծ մտրակեց ձիուն, և ձին խրխնջալով սկսեց

առաջ գնալ։ Բայց մի քանի քայլ չանցած, նա կրկին քաշեց սանձը և կանգնեց։ Այս անգամ նա աջ ձեռը հենեց թամքի գնդի վրա, մեջքը քիչ թեքեց և ընկավ մտածողության մեջ։ Անցավ մի քանի րոպե ևս, և նա, իրանը ուղղելով, կրկին նայեց դեպի քաղաք։ Այդ ժամանակ թույլ կերպով նրա ականջներին հասավ եկեղեցու զանգերի ձայնը։ Դողոցի նման մի բան անցավ նրա մարմնով, երբ լսեց այդ ձայնը։

— Մայրս հիմա չարշովի մեջ փաթաթված, եկեղեցու սևացած սյունի տակ կանգնած, աղոթք է անում ինձ համար, որ «ղարիբ օլքաներում նրա միակ բալին աստված չար փորձանքներից հեռու պահի»։

Մտաբերեց մորն աղերսող դեմքով եկեղեցու պատկերներից մեկի առաջ մոմ վառելիս, ձեռը դրավ աչքերի վրա, մի քանի անգամ կրկնելով․ «Խեղճ մայր, խեղճ մայր»։ Հետո ձեռը հեռացրեց ճակատից, ոտներով բոթեց ձիու փորին և առաջ գնաց։ Անցավ մի հիսուն քայլ և դարձյալ ձիուն պահեց։

— Պետք է ճշմարիտն իմանալ, այդպես չի կարելի։ Պետք է իմանալ, թե ով է այս բանում գլխավոր մեղավորը։ Ասենք թե խալը... ուֆ, խալը...

Ռուստամը մի ապտակ տվավ յուր ճակատին։

Ասենք թե խալը երևեցավ Սուսանի կրծքի վրա, ասենք թե Սեյրանի խոսքն ուղիղ դուրս եկավ։ Հետո՞։ Ո՞վ է մեղավոր։ Սուսանը՞, Սեյրանը՞, թե՞ մի ուրիշը։ Սուսանին Ռուստամի համար յուր մայրն է ուզել. ուրեմն նրա մատն էլ խառն է, ուրեմն նա էլ է մեղավոր։ Զարանգիզի Շըպպանիկը միջնորդ է եղել, ուրեմն Շըպպանիկն էլ է մեղավոր։ Քանի՞սը, քանի՞սը, տեր աստված։ Մայր, մայր, ինչո՞ւ դու կենդանի թաղեցիր քո Ռուստամին։ Դրանո՞վ ես պարծենում, որ նրան սիրում ես, ա՞յդ է քո մայրական խնամքը։ Շըպպանիկ, հըմ, դու սատանաների աղբից գոյացած արարած, դու խորամանկ կնիկ, նոր շա՞լ էր հարկավոր քեզ, հա՞։ Լավ, շատ լա՛վ, սպասիր, սպասիր, կստանաս։ Ինչի՞ցն է վախենում, ումի՞ց։ Լե՛զգիների մեջ ապրած մարդու սրտում «վախ» ասած բանը ի՞նչ է անում։ Չէ, նա չի վախենում, նա կնիկ չէ, տղամարդ է։ Գնա, գնա, հեյվան, տար տիրոջդ։ Ռուստամը մտրակեց ձիուն

և հասավ քաղաքի ծայրին։ Օրը դեռ չէր մթնել, երբ նա մտավ փողոցները։

Նրան սկսեցին հանդիպել ծանոթ դեմքերը, բայց, խորասուզված յուր մտքերի մեջ, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում։ Այս ու այն կողմից ծանոթները, նրան տեսնելով, զանազան նշաններով սկսեցին ողջունել գալուստը։ Նկատում էր թե ոչ այդ բարևները, բայց անտարբերությամբ մի հայացք ձգելով բարևողների վրա, առանց պատասխանելու անցնում էր։ Երբ հասավ իրանց փողոցի ծայրին, այստեղ կրկին պահեց ձիուն։

Հասել է, տեր աստված, ջնջիր Սուսանի կրծքից այդ նշանը, ոչնչացրու խալը, եթե միայն կա, ապա թե չէ — նրա աչքերը կտեսնեն։ Մի՛ կորցնիր Ռուստամի հոգին, տեր, մի՛ թողնիր, որ նա դժոխքի կերակուր դառնա, նա չի ուզում, արյուն թափել։ Օհ, եթե կարելի լիներ ծակել նրա սիրտը, միջի արյունով ջնջել Սուսանի կրծքի այդ խալը, որ նա չտեսնե։

«Սիրտս վկայում է, որ կա այդ խալը Սուսանի կրծքի վրա», — ավարտեց Ռուստամը և, ձիուն մտրակելով, հասավ իրանց դռներին։ Նա արագությամբ ցած իջավ ձիուց և, մի ուժգին հարված տալով դռներին, բաց արավ և ձիու սանձը ձեռին ներս մտավ։

Ռուստամը գլուխը վեր բարձրացրեց, և նրա հայացքը ընկավ պատշգամբի վրա կանգնած մի կանացի կերպարանքի վրա։ Այդ Ժամանակ, կարծես, մեկը սաստիկ հարված տվավ նրա հետևից։ Ձիու սանձը ընկավ նրա ձեռից, և ինքը մի քանի քայլ առաջ գնաց ու կանգնեց։ Կանացի կերպարանքն անշարժ կանգնած նայում էր։ Ռուստամը առաջ գնաց, բայց, ձիուն մտրակելով, նորից հետ դարձավ, սանձը վերցրեց և ձեռով նշան արավ կանացի կերպարանքին։

Սուսանը չհավատաց աչքերին, նա չհավատաց, որ յուր առջև կանգնած է ամուսինը։ Սակայն երկար չտևեց երկմտությունը, նա ուշքի եկավ, մի ինչ-որ բառ արտասանեց բարձր ձայնով և պատշգամբից գլխակոր ցած իջավ։ Ամուսնական պարտավորություն էր, թե մի ուրիշ զգացմունք, Սուսանը մի ուրախ ժպիտ երեսին դիմավորեց Ռուստամին։ Բայց որ այդ ժպիտը կեղծ էր և ակամա — այդ երևում էր Սուսանի աչքերից, որոնց արտահայտությունը չէր համապատասխանում նրա շարժումներին։ Նա վազեց դեպի

Ռուստամը։ Բայց երբ հայացքն ընկավ վերջինի այլայլված դեմքի վրա, չկարողացավ առաջ շարժվել և կանգնեց մի քանի քայլ հեռու։

— Ո՞ւր է սկեսուրդ, — հարցրեց Ռուստամը յուր կոշտ և անհողդողդ ձայնով։

— Ժամումն է, — պատասխանեց Սուսանը, ձեռները կրծքին խաչելով և գլուխը քարշ ձգելով, ինչպես կախաղանի դատապարտված մի հանցավոր։

Ռուստամը ձիու սանձը բռնեց և տվավ Սուսանին։

— Ո՞վ կա տանը։

— Մենակ եմ, — պատասխանեց Սուսանը, սանձն առնելով։

— Մենա՞կ ես։

— Մենակ եմ։

— Հըմ։ Լավ, տար ձիուն, կապիր ախոռում, գարի ու դարման ածիր առաջը, շատ ածիր, իմացա՞ր։

— Աչքիս վրա, — պատասխանեց Սուսանը և շտապեց ամուսնու հրամանը կատարելու։

— Հետո շուտով տուն եկ, — ավելացրեց Ռուստամը, յափունջիս ուսերից ձգելով թամբի վրա։

Երբ Սուսանը ձիու սանձը ձեռին քիչ հեռացավ, Ռուստամը նայեց նրա հետևից և ինքն իրան ասաց. «ինչ անմեղ է ձևացնում իրան»։ Հետո` արագությամբ բարձրացավ պատշգամբ և առանց հանվելու, ցեխոտ կոշիկներով մտավ սենյակ։ Նա մոտեցավ և նստեց պատի տակ շինած թախտի վրա, երեսը դեպի բակը։ Մի րոպե չանցած, դրսից լսվեց Սանամի ձայնը։

— Դրուստ ես ասո՞ւմ, ախչի, որտե՞ղ է, որտե՞ղ է, դե, ասա, ախչի, սիրտս ճաքեց, տրաքեց քիի։

Ռուստամը, լսելով այդ ձայնը, քթի տակ ասաց ինքն իրան. «ուրախացել է»։

Սանամը գլխակոր ներս վազեց։

— Ռուստամ, բալաս, դո՞ւ ես... ըհ ես քո ոտների տակին թարթափիլ անեմ, վույ ես բոյիդ մեռնեմ, բարով, հազար բարով ես եկել։ Մոտեցիր, մոտեցիր, որ մի պաչեմ էդ սիրուն աչքերդ։

Այս ասելով, կարոտյալ մայրը հարձակվեց զավակի վրա, որ համբույրներով ծածկե նրա երեսը։ Բայց սիրեցյալ զավակը հրեց մոր կրծքին և երեսը մի կողմ շուռ տվավ։

— Ախչի, մազս կտրվի, տղաս չի թողնոոմ, որ իրան մոտենամ, այ տղա, չես ամաչո՞ւմ։ Թող պաչեմ, ախար քանի՞ վախտ է պռոշներս կարոտել են։ Ախ, քոռանամ ես, խելքս աստված առել է գլխիցս, ախար դու ցրտից ես գալիս։ Ախչի, Սուսան, շուտ արա, սմավարը տուն բեր, չայ շինի, որ բալաս տաք-տաք մի քանի բաժակ խմի։ Ռուստամ, բալաս, ասա, խոսիր, քե՞ֆդ, հա՞լդ։ Հըմ, մի տեսնեմ, լղարել ես, թե չաղացել, հըմ, ինչո՞ւ չես խոսում, հա, քար կտրվեմ, ցրտից ես եկել...

Եվ այսպես, միամիտ Սանամը գուրգուրում էր յուր զավակին, ուրախությունից զանազան պտույտներ անելով նրա շուրջը։ Նա իրարու հետևից հարցեր էր առաջարկում և, Ռուստամից պատասխան չստանալով, ինքն իրան պատասխանում էր։

Սուսանը ինքնաեռը ներս բերեց և սկսեց շտապով թեյ պատրաստել։ Սանամը չարշովը շպրտեց մի կողմը, ճրագը վառեց և դրավ սեղանի վրա։ Ճրագի լույսը տարածվեց Ռուստամի տխուր ու գունատ դեմքի վրա։ Նա լուռ էր և շփոթված պտտում էր ցեխոտ կոշիկներով անկյունից-անկյուն։

Մինչև այդ րոպեն միամիտ Սանամը չէր նկատել յուր որդու տխրությունը, իսկ երբ նրա հայացքը ընկավ Ռուստամի երեսին, խեղճ կինը ապշեց։

— Հըմ, չէ, ախար, հըմ, այ տղա, թող տեսնեմ, այ տղա, ի՞նչ է, ինչո՞ւ աչք-ունքդ թթվեցրել ես, — հարցրեց նա շփոթված, ձեռներն առաջ տարածելով։

— Հոգնած եմ, — պատասխանեց, վերջապես, Ռուստամը։

— Հանգստացիր, հանգստացիր, զավակս, Սանամը քար ու քյասագ կտրվի. նա տաք տեղ նստի, դու ձյուն ու ձմեռ չոլեր ընկնես։ Քար կտրվի Սանամը, քար։ Հանգստացիր, տեղերդ պատրաստեմ, հա՛։

— Պատրաստիր։

— Առաջ շորերդ փոխիր, քրտնած ես, կմրսես։ Չայ խմիր, հաց կեր ու հետո։ Ախչի, Սուսան, ո՞ւր կորար, չա՛յ բեր, փլավ եփիր։

Սուսանը երկու բաժակ չայ բերեց։ Ռուստամը իրարու հետևից դատարկեց և կրկին հրամայեց, որ անկողին պատրաստեն։

— Դու հեռացիր մյուս սենյակը, — ասաց նա Սանամին։

— Ի՞նչ, ի՞նչ ասացիր, հեռանա՞մ, — հարցրեց Սանամը զարմացած, որպես թե նրան մի անկարելի բան էին առաջարկում։

— Գնա, թող քիչ հանգստանամ, էգուց կխոսենք։

— Չէ, գլուխդ ցավո՞ւմ է, ցո՞ւրտ է կպել, բեր տեսնեմ, դու ինձանի՛ց թաքցնո՞ւմ ես։

Սանամը մոտեցավ Ռուստամին և ձեռը դրավ նրա ճակատին։

— Ձեռ քաշիր, ասում եմ, — բացականչեց Ռուստամը, հրելով մոր կրծքին։

— Տաքացած ես, բեր, խալդար կապենք վզիդ, — շարունակեց Սանամը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է խոսում։ — Տեսա՞ր, տեսա՞ր, Սուսան, էս առավոտ ասացի՞, որ երազ եմ տեսել, ասացի՞, որ կամ երեխաս գալու է, կամ գիր ենք ստանալու։ Ռուստամ, քեզ էս գիշեր երազումս մի ճերմակ ձիու վրա նստած տեսա, ճերմակ ձին դովլաթ է։ Հա՛, դու չափացնում էիր, ես էլ հետևիցդ...

— Լավ է, լավ, էգուց, էգուց կպատմես, ձեռ քաշիր, — ընդհատեց Ռուստամը մոր շատախոսությունը։

— Ինչ անեմ, ուրախությունից ինքս էլ չեմ իմանում ինչեր եմ դուրս տալիս։ Մուրաբա կուզե՞ս։

— Չէ. եթե ինձ սիրում ես, այս գիշեր մի խոսեցնի։

— Հա, հոգնած ես, բալաս, հա, թող տեղերդ պատրաստեմ, — ասաց Սանամը և մոտեցավ անկողնին, որ Ռուստամի համար անկողին պատրաստի։

Ամբողջ այդ խոսակցության ժամանակ Սուսանը ինքնաեռի քով կանգնած, ձեռները ծոցում ծալած, մտիկ էր անում մերթ Ռուստամին, մերթ Սանամին։ Երբ Ռուստամը նայում էր, Սուսանը իսկույն աչքերը ցած էր գցում։

Սանամը պատրաստեց անկողինը և երկու բաժակ թեյ խմեց, անդադար նայելով յուր որդու երեսին և չհամարձակվելով որևէ հարց առաջարկել նրան։ Սուսանը թեյ չէր խմում. շարունակ նայում էր ամուսնուն, կարծես, ձգտելով նրա դեմքի վրա կարդալ այն, ինչ մտածում էր Ռուստամը։

Սանամը մի անգամ ևս փորձեց որդուն մոտենալ և խոսեցնել, բայց այս անգամ Ռուստամը նրան վճռողաբար հրամայեց, որ իրան հանգիստ թողնի ու հեռանա մյուս սենյակ։

Դառն էր Սանամի համար այդպես շուտով բաժանվել յուր որդուց, բայց տեսնելով, որ հնար չկա հակառակվելու, վախենալով, որ միգուցե ավելի բարկացնի Ռուստամին, հնազանդվեց և տհաճությամբ հեռացավ յուր սենյակը։ Սանամի և Ռուստամի սենյակները իրարուց բաժանվում էին մի բավական ընդարձակ նախագավթով։

Առանձնանալով Սուսանի հետ, Ռուստամը դուռը կողպեց և հրամայեց Սուսանին ինքնաեռը մի կողմ դնել։ Սուսանը կատարեց նրա հրամանը և, քաշվելով սենյակի մի անկյունը, ձեռները խաչաձև ծալեց կրծքին և դարձյալ սկսեց նայել յուր ամուսնուն։ Մի ժամի չափ Ռուստամը լուռ ու մունջ շրջեց սենյակում։ Սուսանը կամենում էր խոսել, հարցնել Ռուստամին նրա տխրության պատճառը, բայց ամեն անգամ, երբ հայացքը ձգում էր նրա երեսին, լեզուն կապվում էր։ Վերջապես, Ռուստամը դադարեց հետ ու առաջ շրջելուց և հանկարծ շորերով և դաշույնը մեջքին պառկեց անկողնի վրա։

— Մոտեցի՛ր ինձ, — հրամայեց նա Սուսանին։

Սուսանը դողալով մոտեցավ անկողնին և կանգնեց նրա առջև, գլուխը խոնարհած։

— Ձիուն գարի ու դարման տվի՞ր։

— Տվի։

— Շա՞տ։

Շատ։

— Հը՜մ, — ասաց Ռուստամը և լռեց։

— Ինչ փափուկ անկողին է, Սուսան։ Այդ ո՞ւմ համար է։ Սուսանին այնքան զարմացրեց այդ տարօրինակ հարցը, որ չիմացավ ինչ պատասխանե։

— Չես լսո՞ւմ։

— Հը՞մ, — հարցրեց Սուսանը, ավելի ու ավելի զարմանալով։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top