աղին» ասելով, գլուխ տվավ։ «Աստուծո բարին, ուստա», — պատասխանեց մանրավաճառ Խաչովը, առանց նայելու «ուստայի» երեսին և առանց ընդհատելու յուր կոնցերտը։
Ամենքը իրանց գործին էին շտապում։ Իսկ մեր Հայրապետը, չնայելով որ առավոտները սովորաբար ամենից վաղ էր գնում խանութը, դեռ փողոցում չէր երևում։ Նա դեռ տանն էր։
Թևավոր չուխան ուսերին ձգած, սրածայր գդակը գլխին, նա անցուդարձ էր անում սենյակում, անդադար ներս ծծելով չիբուխից դառն ծխախոտի թունավոր ծուխը և կրկին ահագին քուլաներով դուրս թողնելով օդի մեջ։
Նրա գունասպառ դեմքը, կնճռված ճակատը, ծռմռված շրթունքները, դողդոջուն ձեռները, անհաստատ և անկանոն քայլվածքը, այս բոլորը, բոլորը հաստատում են, որ նա գտնվում է հոգեկան սաստիկ խռովության մեջ։ Ժամանակ-ժամանակ, երբ նա չիբուխը հանում է բերանից և ծուխը բաց թողնում, նրա ծռմռված շրթունքներով սահում է մի դառն կսկծալի ժպիտ։ Այդ վայրկյաններին ծերունու անորոշ հայացքը, կարծես անգիտակցաբար, ընկնում է Մարիամ բաջու վրա, որ նստած է սենյակի մի անկյունում։
Մարիամ բաջին չէր նայում յուր ամուսնուն։ Սովորականին հակառակ նրա գլուխը բաց էր և կարճլիկ մազերը անկանոն կերպով սփռված էին ուսերի վրա։ Գլուխը կարմիր թաշկինակով փաթաթած, նրա դեմուդեմ անկողնի մեջ պառկած էր Սեյրանը։ Նրա փակ աչքերից, սեղմված շրթունքներից երևում էր, որ քնած էր։ Մարիամ բաջին անդադար հառաչելով, ախ ու ուֆ քաշելով, շուտ-շուտ յուր ձեռը դնում էր նրա ճակատին և կրկին հետ քաշելով, կրկնում․ «տաքացրել է»։ Թաշկինակի տակից Սեյրանի ճակատի վրա փայլում էին արյունի կարմիր կաթիլներ, որ չորացել էին ու կպել կաշվին։ Նրա երեսը ուռած էր և տեղ-տեղ կապտած։
Երբ վերջին անգամ Մարիամ բաջին գլուխը դարձրեց դեպի յուր որդու երեսը և համոզվեց, որ նա քնած է, զգուշությամբ բարձրացավ տեղից։
— Դուրս եկ, երեսդ լվա, գլուխդ կարգի բեր, հիմա կգան, կհավաքվեն կեղծավորները ու էլի կսկսեն սուտ-սուտ ախ ու վախ քաշել, — խոսեց Հայրապետը ցած ձայնով, երևի, նույնպես չկամենալով խանգարել Սեյրանի քունը։
— Ջհաննամ, որ կգան, դարդս խո նրանք չեն, — պատասխանեց Մարիամ բաջին, խորը հառաչանք արձակելով կրծքից և ուղղելով գլխի մազերը։ — Ախար, ա՛յ մարդ, էլի դու կարգին չես ասում, թե ի՛նչպես է պատահել էս անցքը երեխիս։
— Խոցոտված սրտիս մատ մի՛ կոփիլ, աստված սիրես, — պատասխանեց Հայրապետը, երեսը շուռ տալով յուր ամուսնուց։
— Յարադան աստված, դո՛ւ նրանց հախին գաս, դո՛ւ նրանց ծնողներին էլ էս օրին հասցնես։
— Իսկի խալխի համար անեծք մի՛ անիլ, ոչ նրանք են մեղավոր, ոչ էլ ծնողները։
— Հապա ո՞վ է երեխիս չախլախ արել ու էս օրը գցել։
— Ինքը, հախն է։ Թո՛ղ չարչարվի, տնքտնքա, խելքը գլուխը կգա։ Հը՛մ, ինչ սոնկ է՞, «խելքը գլուխը կգա»։ Եթե էշի պոչը տափին կհասնի, դա էլ կխելոքանա։ Սեյրան, ուրիշ անեծք չունեմ, տա՛ աստված, որ դու էլ ինձ պես հայր լինես ու քեզ պես տղի ձեռին տանջվես։ էս ի՛նչ օր է, ի՞նչ ապրել է, տեր աստված, մի անգամ ա՛ռ հոգիներս ու ազատիր էլի։
— Հերիք է, ա՛յ մարդ, քի՛չ սիրտդ մըղ-մըղ մաշիր։ էլի օրհնյալ լինի աստված, որ երեխիս կենդանի են բերել, որ սպանած լինեին, ի՞նչ պիտի անեինք։
— Երանի չէր, որ սպանեին ու պրծներ, մենք էլ ազատված կլինեինք։
— Ո՛ւֆ, լեզուդ չորանա։
— Չէ՛, բաս մնալու է, էսօր կենդանի են բերել, վաղը կամ մյուս օրն էլ աստուծո կարող զորությամբ կամ գլուխը կբերեն, կամ փորը ծխով լցված։
Մարիամ բաջին, որպեսզի չլսի յուր ամուսնու կսկծալի խոսքերը, հեռացավ սենյակի մյուս անկյունը ու այնտեղ սկսեց յուր հագուստը կարգի բերել։
— Հրես ասում եմ, աստուծով մի օր կլինի ու դու էլ կտեսնես, — շարունակեց Հայրապետը, կարծես, դիտմամբ, որ ավելի ու ավելի վշտացնի Մարիամ բաջու սիրտը։ — Այն օրից, երբ ընկերացել է լրբերի, գողերի, հարբեցողների, թուղթ խաղացողների, պապիրոս
քաշողների հետ, էլ ես նրանից ձեռք եմ քաշել, ասել եմ, «հե՛չ դահի բունան օղուլ չխմազ»։ Իմացա՞ր։ Հիմա նրա ավետարանը կարդացված է, թող սատկի ու շների կերակուր դառնա էլի՛, փիե՛։ Չէ, չեմ ուզում, չեմ ուզում ջանըմ, գյոզում էնենց տղին, որ գիշերվա կիսին տնից փախչում է ու մտնում գինետուն մոր կաթը կտրածների հետ լակում, կռվում ու շան պես էնքան թակվում, ջարդ ու փշուր լինում, որ փալասով են տուն բերում։ Տա՛ր, տա՛ր քեզ լինի, խերը տեսնես, ես նրանից ձեռ եմ քաշել, յախաս թափ եմ տալիս։
Հայրապետը այս ասելով երկու ձեռներով բռնեց յուր արխալուղի օձիքից և թափահարեց։
— Հրես ասում եմ, հենց որ աչքերը բաց արավ, ուշքի եկավ, ասա նրան, որ էլ աչքիս չերևա։ Թող դուրս գա, կորչի որտեղ որ ուզում է, ես նրա հետ էլ բան չունիմ։ Հասկանո՞ւմ ես։ Ես նրա հայրը չեմ, իմացա՞ր, ես կուժ ծախող Հայրապետս, էլ օրես դեն նրա հայրը չեմ, պրծավ գնա՛ց։ Հրես ես էլ կգնամ Կոնդուստոր, սեկլատարին կասեմ, որ նրա անունը դաֆթարից հանի դուրս։ Հետո կգամ նաչառնիկի մոտ ու ամեն բան նրան մին-մին նաղը կանեմ, էսպես, էսպես, Սեյրանը տղաս չէ, վասսալա՛մ, շյուդ թամամ․․․
— Պրծավ գնաա՛ց, իմ բանս էլ դրստվեց, յարիս էլ մահլամ դրիր։ Քիչ ենք խայտառակվել, դու էլ գնա՛, կունդուստորի-մունդուստորի, սկլատարի-մկլատարի դավթարը գցիր անուններս։ Հայրապետ, շուն է, գել է, լիրբ է, փչացած է, ինչ որ է — էլի տղադ է, էլի հայրն ես, դու պիտի մի կերպ էս չար ճանապարհից հեռացնես նրան։
— Չեմ ուզում, ջանիմ, չե՛մ ուզում էլի, որ նա տղաս լինի։ Տար վզովդ գցի՛ր, ես բան չունեմ, ես ձեռներս լվանում եմ, թող գնա չոլերն ընկնի։ Նա չէ՞ր պատճառը, որ Բարխուդարը քսան-երեսուն տարվա բարեկամությունը մի օրում քիրթ կտրեց ինձ հետ։ Նա չէ՞ր պատճառը, որ խեղճ մարդու աղջկա անունը սաղ քաղաքում ընկավ, ինքն էլ խայտառակ իլա՞վ։ Չէ՛, չէ՛, չէ՛, չեմ ուզում, նա իմ տղաս չի էլի, փիիեե՛, նահլաթ քեզ․․․
— Քո խեղճ Բարխուդարին թող խեղճ օձ կծի, — ընդհատեց Հայրապետի խոսքը Մարիամ բաջին, — թող նրա սիրտը տասը դանակ միասին խրվեն, թող աստծուց մահ խնդրի, մահը ձիավոր իլի, ինքը փիադա վազ տա, վազ տա, չհասնի։ Նա, նա, էն քյոփակ Բարխուդարն է երեխիս էս օրին հասցրել։
Մարիամ բաջին այս թունավոր անեծքը արտասանեց աչքերը դեպի երկինք բարձրացրած և ձեռներով անդադար կրծքին խփելով։ Հայրապետը, դեմուդեմ կանգնած, բարկացած նայում էր նրա երեսին, մի ձեռով չիբուխը քիչ բերանից հեռու բռնած, մյուսով ստեպ-տեպ գդակը գլխին սեղմելով։
Երբ Մարիամ բաջին յուր անեծքն ավարտեց, Հայրապետը կամեցավ մի ինչ-որ բան խոսել, բայց կատաղությունից չկարողացավ ոչինչ ասել։ Նա չիբուխը խրեց գոտում, ձեռները քաշ ձգեց և գլուխը աջ ու ձախ շարժելով, շարունակեց մտիկ անել ամուսնու բերանին։
Այս պատկերից հետո Մարիամ բաջին կռացավ, վերցրեց գետնից շալը և գլխին փաթաթելով, ասաց․
— Տափին դիպչեն բախտավորները։ Ուրիշները առավոտվա ժամաժամքի աղոթք են անում, ես անեծք եմ թափում բերանիցս։
— Ինչու որ օձ ես, օձի արգանդեն դուրս եկած, — ասաց Հայրապետը, կրկին չիբուխը գոտուց դուրս հանելով։
— Դու էլ ցավիս վրա ցավ մի՛ ավելացնի, աստված սիրես։
— Ձայնդ կտրի՛ր, մոլթանու աղջիկ։ Լեզուդ կծած պահիր, թե չէ ամենի աջըղը քեզանից կառնեմ, — բարկացավ կրկին Հայրապետը, այս անգամ մոտենալով Մարիամ բաջուն և չիբուխը բարձրացնելով նրա գլխին։
— Ա՛ռ, ա՛ռ, ինչ ուզում ես արա, էլ օրես դեն ինձ համար սև ու սպիտակ մին է։ Չէ, սիրտս էրվի, խորովի, մի անեծք էլ չանե՞մ սաբաբի համար, հա՞։
— Սաբաբը դու ինքդ ես։
— Սաբաբը քյոփակ Բարխուդարն է։ Թո՛ղ, թող աղջկանը տանի տա հայասըզ Սանամի լակոտ Ռուստամին։ Ինչո՞ւ չի տալ, հարուստ, սովդաքար․․․ հը՛մ, հըմ․․․ յարադան աստված, դու հախը նահախին տվողը չես։ Շատ չի քաշիլ, ես կտեսնեմ Բարխուդարին փոշմանած, գլխին թակելիս։
— Շատ ես լեզվիդ զոռ տալիս, հա՛, փիեե՛, — գոչեց Հայրապետը,
դարձյալ կանգնելով յուր ամուսնու դեմուդեմ։
Մարիամ բաջին երեսը շուռ տվավ նրանից։
— Չէ, տեսնում եմ, որ գարիդ շատ է ընկել, բաս, որ էդպես է, ա՛ռ, աղբեր, դա — քեզ, նա ինձ, հա, ջանըմ, դա — քեզ, նա — ինձ։
Այս ասելով Հայրապետը վերցրեց յուր գլխից գլխարկը և Մարիամ բաջու գլխից — շալը։ Գդակը դրավ ուժով Մարիամ բաջու գլխին, իսկ շալը ձգեց յուր գլխին։
— Հիմա, համեցեք ես մեղա աստուծո, դու մարդություն արա՛, օրես դեն, ես կնիկություն կանեմ։
— Յարաբ, աստված, էս մարդուն մի ծտի խելք էիր տվել, էդ էլ ինչո՞ւ խլեցիր, — ասաց Մարիամ բաջին, գդակը գլխից մի կողմ շպրտելով և յուր շալը Հայրապետի գլխից քաշելով։
Գդակն ընկավ անկողնի վրա։ Սեյրանը զարթնեց։
Նա վերմակը հետ քաշեց և գլուխը բարձրացրեց։ Հայրապետը մոտեցավ, որ գղակր վերցնի անկողնի վրայից։ Մի վայրկյան հոր ու որդու հայացքները հանդիպեցին իրարու։ Հայրապետն արագությամբ երեսը շուռ տվավ, որ որդու երեսը չտեսնի։ Սեյրանի դեմքը արտահայտում էր հոգեկան տարօրինակ տանջանք։ Արդյոք, ո՞րն էր այս վայրկյանին վշտացյալ պատանու մեջ զորեղ — խղճի խայթոցը ծերունի ծնողներին պատճառած ցավերի մասին, թե սեփական տանջանքը։
— Ջուր, — արտասանեց Սեյրանը թույլ ձայնով։
Մարիամ բաջին շտապեց բավականացնել նրան։ Սեյրանը նկատեց, թե ինչպես հայրը իրանից երեսը շուռ տվավ զզվանքով, նրա երեսը շառագունվեց։
— Առ, խմի՛ր, — ասաց Մարիամ բաջին, ջրով լի բաժակը մոտեցնելով որդու բերնին։
— Ո՞րտեղդ է ցավում, — հարցրեց, երբ Սեյրանը բաժակը ագահությամբ դատարկելով հետ դարձրեց։
— Գլուխս, — պատասխանեց Սեյրանը և, կրկին վերմակը գլխին քաշելով, պառկեց։
— Մի քիչ նստիր, խոսիր, որ քեֆդ բացվի, բալաս, հերիք է քնածդ, — շարունակեց Մարիամ բաջին, խնամքով ծածկելով յուր որդու ոտները վերմակի ծայրով։
— Նստել չեմ կարող, գլուխս ցավում է։
— Երեսդ դես պարանիր ու խոսիր։
— Չեմ ուզում, չեմ ուզում, թող, — գոչեց Սեյրանը, գլուխն ավելի խորը թաղելով վերմակի տակ։
— Չեմ ուզում, հըմ, երես ունիս, որ ուզես, ամոթից պիտի խեղդվես, ոչ թե խոսես, — մեջ մտավ Հայրապետը, որ այդ ժամանակ երեսը մյուս կողմ դարձրած չիբուխ էր լցնում։ — Ադա, ամաչո՞ւմ ես իսկի, — շարունակեց նա, մոտենալով Սեյրանի անկողնին, — ամաչում ե՞ս, թե երեսիդ մեռոնը թափվել է ու սլկված կաշին է մնացել, հը՞մ․․․
— Օղորմի քո հորը, ա՛յ մարդ, օղորմի օխտը պորտիդ, սո՛ւս արա, սո՛ւս արա, թող տեսնենք գլուխներիս ի՛նչ օյին է գալիս, — աղերսեց Մարիամ բաջին։
— Այ քյոփօղլի աղջիկ, չե՞ս թողնելու, փիե՜ փիե՜, ի՞նչ ես գլխիս չաքուճ դառել, խեղդվեցի հո, — գոռաց Հայրապետը Մարիամ բաջու վրա։ — Ասա՛, ասա՛, անառակ տղա, ասա տեսնեմ, դա ի՞նչ օյիններ են, որ դու մեր գլխին բերում ես, հը՞մ։
Սեյրանը լուռ էր։
— Չես խոսո՞ւմ, լեզու չունե՞ս, լալացել ե՞ս, հըմ, լալացի՛ր, այ «սանի դողանըն բոյնի սնսուն, բելա բոյնի սնսուն, Սեյրան օղլան»։
— Սնսո՛ւն, սնսո՛ւն, հա՛, սնսո՜ւն, — երեք անգամ կրկնեց Մարիամ բաջին վշտացած ձայնով։
Վերմակը շարժվեց, և Սեյրանը գլուխը դուրս հանեց։ Նա քիչ բարձրացավ և ձախ կողմով հենվելով անկողնին, մի քանի վայրկյան նայեց հոր երեսին և կրկին ծածկվեց ու ընկավ։
— Ի՞նչ ես ուզում, բալաս, — հարցրեց Մարիամ բաջին։
— Հըմ, ուզում էիր, որ մի բան հաչե՞ս, հաչի՛ր, անառակ։
— Եթե ես լավ որդի չեմ, դու էլ ինձ համար մի օրինավոր հայր չես, — փնթփնթաց Սեյրանը, գլուխն ավելի խոր թաղելով վերմակի տակ։
Հայրապետը լսեց այս խոսքերը։
— Լսեցի՞ր, այ կնիկ, տե՛ս, տե՛ս, բեգզադը ջուրիաթ էլ
ունի...
Նա չկարողացավ խոսքն ավարտել, չուխան ուսերից մի կողմ ձգեց, չիբուխն աջ ձեռում սեղմեց և ատամները կրճտելով, սկսեց բոլոր ուժով ոտները գետնին խփել։
— Հայրապե՛տ, Հայրապե՛տ, խելքդ գլխիդ հավաքիր, — մեջ մտավ Մարիամ բաջին։
— Կտրի՛ր ձայնդ, դու, հըմ, հարամզադա, համարձակվում ես հորդ գլխին չաքո՞ւչ բանեցնել։ Դո՛ւրս, դո՛ւրս ասում եմ, հենց է՛ս սհաթիս դուրս, օձի զավակ։
Հայրապետը հարձակվեց Սեյրանի անկողնի վրա, վերմակը խլեց և մի կողմ շպրտեց։
Մարիամ բաջին ընկավ ամուսնու, ոտների առաջ։
— Աման դըր, աման, ա՛յ մարդ, տունս մի քանդիլ, խեղճ եմ...
— Շորերս, շորերս, ես չեմ ուզում էլ այսուհետև ձեր որդին լինել, դուրս եմ գալի հենց այս րոպեիս։
Այս ասելով, Սեյրանն արագությամբ ոտի կանգնեց անկողնի վրա։
Բաց թողնելով ամուսնու ոտները, Մարիամ բաջին այս անգամ չոքեց որդու առաջ, մազերը փետտելով։
— Սեյրա՛ն, Սեյրա՛ն, խնայի՛ր ոտքի վրա չորացած մորդ բամբակ մազերը, խնայի՛ր, — գոչեց խեղճ կինը աչքերից աղի արտասուք թափելով և մազերը տարածելով որդու ոտների առաջ։
Հայրապետը մնաց անշարժ։ Նրա ալեխառն գլուխը և ձեռները բարկությունից դողում էին։ Կարծես մոր աղերսանքն ազդեցին Սեյրանի վրա։ Թշվառ պատանին, տեսնելով նրան այդ դրության մեջ, նույնպես մնաց անշարժ։ Նրա ձեռները թուլացան և քարշ ընկան կողքերին, իսկ գլուխը թեքվեց կրծքին։
— Բա՛ց թող, բաց թող, գնա, տեսնեմ, ո՞րտեղ է գնալու, ի՞նչ կարող է անել առանց ծնողների, — խոսեց Հայրապետը, այս անգամ մի քիչ մեղմացած։
— Չէ, չեմ թողնիլ, միսը եղունգից բաժանե՞լ, հայրը որդուց ջոկե՞լ։ Չէ՛, չէ՛, առաջ վիզս կտրեցեք, հետո ջոկվեցեք։
— Մատաղ լինես, Սեյրան տղա, քո ծերացած մորդ, թե չէ աստծուն է հայտնի, որ մեծ թիքադ ականջդ կմնար ձեռումս։
— Թող մնա, այսուհետև Սեյրանի համար ողջ մին է ինչ էլ որ լինի։ Ես էլ մորս եմ խնայում, բայց իմացի՛ր, որ էլ օրես դեն ես այստեղ մնալ չեմ կարող։ Կթողնեմ այս տունը հենց այն րոպեին, երբ ոտներս կարող կլինեն տեղից շարժվիլ։
Այս ասելով, Սեյրանն այլևս չկարողացավ ոտքի վրա կանգնել։ Բոլորովին ուժաթափվեց և ընկավ անկողնի վրա։
— Տանջի՛ր, աստված, տանջի՜ր, պապակիր ինձ, ինչքան ուզում ես, — բացականչեց Մարիամ բաջին, վերմակը քաշելով Սեյրանի վրա։
Այդ վայրկյանին դրսից լսվեցին ոտների ձայներ։ Մարիամ բաջին շտապեց կարգի բերել յուր ցիրուցան եղած մազերը և հագուստն ուղղել։
Հայրապետը դռներից դուրս նայեց և իսկույն դեպի ներս շուռ գալով, ասաց․ «սատանաների նախիրն եկավ, վե՛ր կաց ոտքի»։
Ներս թափվեցին մի խումբ կանայք խայտաճամուկ չարշովների մեջ փաթաթված, տնքտնքալով, ծանր հառաչանքներ արձակելով, ախ ու վախ քաշելով։
Հայրապետր չուխան հագավ ու դուրս գնաց։
Մարիամ բաջին առաջ շարժվեց, որ հյուրերին ընդունի։