ստիպված եղավ նահանգապետությունը փոխադրել Բաքու։ Այս եղավ մի ուրիշ հարված, որից հետո քաղաքը միանգամայն զրկվեց կենդանությունից։ Քանի գնաց, այնքան նրա դրությունը թշվառացավ։ Առևտուրն ընկավ, ժողովուրդն օրըստօրե սկսեց աղքատանալ։ Շատերը ստիպվեցին թողնել իրանց պապական երկիրը և գաղթել ուրիշ քաղաքներ օտարության մեջ օրական ապրուստ հայթայթելու։ Մեծ մասամբ գաղթում էին հայերը, որոնք գլխավորապես գնում էին Ղուբա, Դերբենդ, ուր այդ ժամանակները տորոնի արդյունաբերությունը նախանձելի վիճակի մեջ էր։ Իսկ մյուս մասը գաղթում էր Դաղստանի զանազան կողմերը, Պետրովսկ, Վլադիկավկաս, Թեյմուրխան-Շուրա, Բաքու և Անդրկասպյան երկիր։
Այս ընդհանուր գաղթականության ախտը, որ խիստ վարակիչ էր, չհամարձակվեցավ մոտենալ ոչ Բարխուդարին և ոչ Հայրապետին։
Առաջինն այսպես էր դատում։
— Ես դերձակ մարդ եմ, իմ արհեստս թուրքերի հետ է կապված, թուրքերն էլ, փառք աստուծո, իրանց տեղումն են։ Նրանք մեզանից խելոք են, իրանց պապական օջախը չեն քանդում մեր հայերի պես ու օլքա-օլքա ընկնում մի կտոր հացի խաթրու։ Թե որ աստված մարդուս ճակատին մի կտոր հաց է գրել, նա որտեղ որ լինի, կուշտ կլինի, թե չէ, ու չէ։
Իսկ Հայրապետը այսպես էր դատում․
— Թուրքն ասում է․ «քյոռ իչուն համսի բիր, յա բուրդա, յա Բաղդադդա»։ Մի քանի հարյուր կուժ ու կուլա բարձած ի՞նչտեղ կարող եմ գնալ, ի՞նչ կարող եմ անել։ էլի Շամախում մի բան կա․ ճշմարիտ է, ասելը մեղք է, բայց դրուստը պիտի խոստովանեմ, որ երկրաշարժը թեև ինձ վնասեց, խեր էլ տվավ, չունքի քաղաքում էլ սաղ կուժ ու կուլա չի մնացել, հիմա ամենքը մեկ էլ նորից են առնում։ Առևտուրս զոռ է։
Եվ այսպես, Բարխուդարն ու Հայրապետը մնում էին Շամախում։
Երկու հարևանները շարունակում էին իրանց բարեկամությունը։
Նախկին դրացության համակրության վրա ավելացել էր խնամությունը։ Գյուլնազը և Մարիամ բաջին խնամիներ էին և կատարում էին մի առանձին եռանդով այն բոլոր պարտականությունները, որ պահանջում էր քաղաքի ավանդությունը։
Կտեսնեիր, որ բարեկենդան օր է, առավոտը կանուխ, դեռ թեյ չխմած, ահա Մարիամ բաջին, ցրտից սրթսրթալով, ներս մտավ, ձեռքում ափսե իրարու վրա դրած։ Ափսեների մեջ խնամքով դարսած են ղութաբներ և բիշիներ2։ Մարիամ բաջին վազեվազ բերել է, որ նրա «աչքի լույս Սուսանը տաք — տաք ուտի»։
Զատկի առավոտ է, մեկ էլ տեսնես Գյուլնազը շալի ծայրում փաթաթած տասը քսան խաշած կարմիր ձվեր վազեցնում է Հայրապետանց տուն։
— Առ, բալաս, տա՛ր, էսօր կռվացրու էս ձվերը, բախտդ փորձիր, — ասում էր նա, ձվերը տալով Սեյրանին և մի քանի համբույրներ դրոշմելով նրա թշերին։
Դեռ երկրաշարժից մի տարի չանցած Հայրապետը Բարխուդարի խորհրդով Սեյրանին տվել էր Սարգիս վարպետի ուսումնարան, ուր նույնպես սովորում էր Բարխուդարի որդի Սմբատը։
— Թող սև ու սպիտակը ջոկել սովորի, մեզ նման մարդը ինչի է հարկավոր, — ասում էր Բարխուդարը։
Սեյրանը առաջին տարին մի այնպիսի ընդունակություն ցույց տվավ, որ Սարգիս վարպետի ուշադրությունը գրավեց։ Մի տարվա ընթացքում նա անցավ այբուբենի տետրը, Սաղմոսը, բայց երբ երկրորդ տարում հասավ Ավետարանին — սկսեց փոքր առ փոքր ծուլանալ։ Նա օրեցօր զզվեց Սարգիս վարպետի ուսումնարանից։ Շատ աշխատեց Սարգիս վարպետը յուր ընդունակ աշակերտին ազատելու ծուլության ախտից, շատ անգամ դիմեց այս նպատակով սովորական միջոցին — ֆալախկային։ Բայց ոչինչ չօգնեց։ Սեյրանր քանի գնում, այնքան ծուլանում էր։ Նա շատ ժամանակ, տանը Մարիամ բաջուն խաբելով, թե ուսումնարան է գնում, գրքերը թաքցնում էր բակում, հողի տակ, իսկ ինքը վազում
փողոց ընկերակիցների հետ խաղալու։
Հայրապետը սկզբում խրատում էր նրան, պարգևներ էր խոստանում,
բայց վերջը, տեսնելով, որ այս չի օգնում, նույնպես դիմեց Սարգիս վարպետի միջոցին, այսինքն սկսեց ծեծել։
— Ես շկոլից հենց վարպետի ռոզգիներից եմ փախչում, դու էլ տանն ես թակում, — ասում էր Սեյրանը, աչքերի արտասուքը արխալուղի թևերով սրբելով։
Մի օր վարժապետը Սեյրանին, մի դաս նշանակելով, ասաց.
— Տե՛ս, Սեյրան, վաղը այս դասը այնտեղից մինչև այստեղ անգիր կանես։ Ջուր կանես, հաա՛, թե չէ ձեռիցս չես պրծնի, իմացիր, որ այնքան ոտներիդ կծեծեմ, որ կաշին կթափվի, կարմիր միսը կմնա։
— Աչքիս վրա, վարպետ, մի ջուր անեմ, որ քեֆդ գա, — պատասխանեց Սեյրանը։
Նախընթաց օրը Սեյրանը սաստիկ ծեծ էր կերել և այս պատճառով խիստ նեղացած էր վարժապետից։ Նա մտածեց այս ծեծի փոխարեն մի լավ խաղ խաղալ վարժապետի գլխին։ Օգուտ քաղելով վերջինի խոսքերից «դասդ ջուր կանես», Սեյրանը մյուս օրը գիրքը պահեց Առաքելի աղբյուրի տակ այնքան, որ նա թրջվելով բոլորովին «ջուր դառավ»։
— Առ, վարժապետ, — տվեց նա գիրքը Սարգիս վարպետին։
— Այդ ի՞նչ ես արել, — հարցրեց վերջինը զայրացած։
— Ջուր։
— Այ դու սատանի ճուտ, ինձ ձեռ ես գցե՞լ։ Պահեցե՛ք դրա ոտները, պինդ պահեցեք, էնպես, որ իսկի տեղից ժաժ չգա։
Այս վերջին ծեծն էր, որ Սեյրանը կերավ Սարգիս վարպետի կողմից։
Մյուս օրը որքան նրան ստիպեցին, այլևս չհամաձայնվեց ուսումնարան գնալ։
Հայրապետը, տեսնելով, որ էլ ճար չկա, դուրս բերավ նրան ուսումնարանից և հանձնեց Բարխուդարին, որ սա դերձակություն սովորեցնի նրան։ Այսուամենայնիվ երեք տարվա ուսումը շատ էլ անօգուտ չեղավ Սեյրանի համար․ նա սովորել էր քիչ թե շատ ուղիղ
կարդալ և գրել։