— Քիչ տզտզիր, վե՛ր կաց, էս չուխան տար տուր տիրոջը, ամա տես հա՛, առանց շագիրդանի չի պուք գաս։
Պատժված աշակերտը աչքերը սրբում էր և ցավը մոռանում։
Երկրաշարժը պատահած րոպեին Բարխուդարը դարձյալ բարկացած էր աշակերտներից մեկի վրա։ Նա հենց նոր էր վերջացրել կշտին դրած մոմի կռուճները, գազաչափերը, մահուդի կտորտանքը և ուզում էր տեղից բարձրանալ, երբ բոլոր մարմնով դողաց և «թրըփ» մեկ էլ նորից նստեց տեղը։
— Ուստա, դո՛ւրս թռիր, տափը տիրուն ա կյամ, — գոռաց քյարգյար Սարգիսը և, պատասխանի չսպասելով, ինքը մի ոստումով թռավ փողոց։
Բարխուդարը և աշակերտները անմիջապես հետևեցին նրան։
— Սարգի՛ս, դուքանը ձեռաց կապիր, ես տուն եմ վազում, — ասաց և գդակը գլխից հանելով (ինքն էլ չգիտեր ինչու), վազեց դեպի տուն։
Տունը բավական հեռու էր, գտնվում էր քաղաքի մյուս ծայրում։ Ամբողջ ճանապարհը Բարխուդարը պիտի բարձրանար դեպի վեր, որ մի մեծ դժվարություն էր նրա համար այդպիսի դրության մեջ։ Նա սկսեց յուր երկայն ոտներին ուժ տալ։ Մի քանի քայլ չանցած, նրան հանդիպեց Հայրապետը։
— Զրընգ, զրընգ, փշրվեցին, Բարխուդար, տունս քանդվեց։
— Քեչի ջան հարայընդա, ղասաբ — փի, — պատասխանեց միայն Բարխուդարը, ուշադրություն չդարձնելով Հայրապետի վրա և մինչև անգամ չնայելով նրա երեսին։
Հարևաններր շարունակեցին իրանց ճանապարհը դեպի տուն։ Բարխուդարը արագիլի նման էր ընթանում, մինչդեռ Հայրապետը հազիվ հազ կարողանում էր հետևել նրան։ Կարճահասակ մարդը ճարահատյալ սկսեց վազ տալ, որպեսզի հետ չմնա յուր հարևանից։
Քաղաքը չէր հանդարտվում, փողոցները դեռ լիքն էին խառնիճաղանջ ամբոխով։ Հայրապետը և Բարխուդարը դժվարությամբ էին կարողանում իրանց համար ճանապարհ բանալ։ Ամեն մի քայլափոխում նրանց առաջ հանդիսանում էին մեկը մյուսից զարհուրելի տեսարաններ։ Մի կողմում երեք-չորս մարդիկ փալասի մեջ փաթաթած տանում էին բազարից
դեպի տուն իրանց ազգականներից մեկի դիակը։ Փալասի ծայրերը բռնողները լաց չեն լինում, նրանց աչքերի արտասուքը չորացել է․ նրանք առաջ են շարժվում լուռ ու մունջ, ինչպես գիշերային ուրվականներ։ Մյուս կողմում մեջքից ծոված մի ծերունի, կանգնած յուր փլատակված տան ավերակների վրա, ողբում է յուր որդու կորուստը, ուժաթափ ձեռները խփելով ալեզարդ գլխին։ Այստեղ հավաքված են մի խումբ մանուկներ։ Նրանք, իրանց մոր դիակը շրջապատած, մի այնպիսի աղաղակ են բարձրացրել, որ լսողի գլխի մազերն են ցցվում։ Այնտեղ ահա, ուղիղ փողոցի մեջտեղում, մի կին է նստած։ Նա յուր գրկում բռնած է մի մանկահասակ աղջկա ջարդ ու փշուր եղած գլուխը, կատաղի համբուրում է նրան։ Երբեմն բարձրացնում է յուր գլուխը և, երկու ձեռներով բռնելով անցորդների հագուստի փեշերից, բղավում է վայրենի ձայնով․
— Տվեք ինձ, ի՛նձ տվեք մինիկ աղջկանս, դուք եք նրան սպանել, անաստվածներ, դուք չօգնեցիք նրան հողի տակից դուրս բերելու։
Սակայն անցորդները ուշադրություն չեն դարձնում նրա վրա, միայն մի վայրկյան նայում են նրա արյունալի աչքերին, «գժվել է», բացականչում են և, գլուխները շարժելով, շարունակում են իրանց ճանապարհը։
Եվ այսպես, ամեն քայլափոխում Բարխուդարը և Հայրապետը հանդիպում էին մեկը մյուսից ավելի ողբերգական, ավելի սարսափելի պատկերների։
Վերջապես, հասան այն փողոցը, ուր գտնվում էին նրանց տները։ Դեռ փողոցի ծայրից Բարխուդարը տեսավ, որ յուր տան հանդեպ խառնվում են մարդիկ։
«Տունս թափվել է, կնիկս ու բալաներս տակն են մնացել», անցավ նրա մտքով, և նա զգաց սոսկում։ Պակաս չսարսեց և Հայրապետը, բայց նույն վայրկյանին հանկարծ նրանց առաջը կտրեց մի գունաթափ պատանի։
Սա Բարխուդարի որդի Սմբատն էր։
— Սուսանին էլ դուրս բերեցին հողի տակից, Սեյրանին էլ, սաղ սալամաթ
են։ Մի քիչ Սեյրանի գլուխը արնվել է, ինքը լաց չի լինում, ասում է, չի ցավում, ծիծաղում է։
— Բաս մե՞րդ, Մարիամ բաջի՞դ, սաղ սալամա՞թ են, — հարցրեց Հայրապետը։
— Չիմ, չիմ սաղ սալամաթ են։ Մարիամ բաջին ինձ ասեց, որ վազ տամ ու ձեզանից խաբար իմանամ։ Շուտ հասեք, նրանք նիգարան են, դրսում հավաքված լաց են լինում։
Փողոցում նրանք հանդիպեցին Գյուլնազին և Մարիամ բաջուն։ Մաբիամ բաջին, տեսնելով յուր ամուսնուն կենդանի է անվնաս, չկարողացավ զսպել յուր ուրախությունը։ Նա վազեց առաջ և ուզում էև փաթաթվել Հայրապետի վզովը, բայց հանկարծ մտաբերեց, որ փողոցումն է և ետ քաշվեց։ Իսկ ամոթխած Գյուլնազը ուրախության արտաքին ոչինչ նշան չցույց տվավ։
— Սաղ սալամաթ են, — խոսեց վերջապես Մարիամ բաջին, — Սեյրանս ու Սուսանս ազատվեցին, օղորմի մեր հարևանների մեռելներին, նրանք մեզ ձեռք հասցրին, հանեցինք հողի տակից։
— Փառք աստուծո, փառք աստուծո, — ասացին միաբերան Բարխուդարն ու Հայրապետը, իրանց երեսների քրտինքը սրբելով։
— Ամատունս քանդվեց, Մարիամ ջան, զրընգ-զրընգ կուժ ու կուլաս փշրվեցին։ Ու՛ֆ, հենց կասես ոսկորներս էին փշրվում, հավատաս, մի հատ էլ սաղ չի մնացել։ Պիտի վազ տամ, տեսնեմ։
— Փիեե՜, զահլա տարիր հո, — հանդիմանեց Բարխուդարը յուր հարևանին, — ինչ անշնորհակալ մարդ ես, մին երեսիդ խաչահանիր, որ մենք ամեններս սաղ սալամաթ ազատվել ենք։
Այս ասելով, Բարխուդարը մյուսների հետ շտապեց ներս։
Երկու հարևաններից ոչ մեկի տունը չէր քանդվել, միայն բակի կողմից ցած պարիսպը փլատակվել էր կիսով չափ։ Նույնպես մի քանի տեղերից ճաքճքվել էր փողոցի պարիսպը։ Այս կողմից երկու հարևանները համեմատաբար բախտավոր էին, քան մյուս հարևանները, որոնցից շատերի տները կատարյալ ավերակ էին դարձել։
Բարխուդարը և Հայրապետը, տեղեկանալով Սուսանի և Սեյրանի մասին, շտապեցին իրանց ազգականների ու բարեկամների մոտ` «հալ օվհալ» իմանալու։
Մի երկու ժամից հետո վերադարձան և հայտնեցին, թե փառք աստուծո, ամենքը փրկված են, միայն այս ինչի գլուխն է քիչ ջարդվել, այն ինչի կուռն է դուրս ընկել և այլն։
— Ամա բանից երևում է, շատ մարդ է փչացել, ասում են մոտ հիսուն հոգի կա, — ավելացրեց Բարխուդարը։
— Ինչ հիսուն, սաղ քաղաքն է սուգի մեջ, — մեջ մտավ Հայրապետը։ — Գնացի, Մարիամ ջան, դուքանս տեսա, մոխիր, մոխիր, հենց կասես, աման-չամաններս ձեռքով են փշրած։ Սաղերը ջոկեցի, ղրաղ դրի։ Դրուստ երկու հարյուր կուժ է մնացել, հարյուր կուլա, վեց կարաս, տասներկու խաշխաշի գավաթներ, է, մին էլ քսանութ գիլասարի աման, մնացածը «հյուֆֆ», թո՛զ։
Քաղաքը բավական հանդարտվել էր, ցերեկվա խլացուցիչ աղմուկի, դղրդոցի փոխարեն այս ու այն կողմերից լսվում էին լալու հանդարտ ձայներ։ Իսկ քաղաքի հեռավոր մասերից, թրքերի թաղեց երբեմն-երբեմն բարձրանում էին ծնծղաների և թմբուկների հնչյուններ։ Կանանց, տղամարդկանց և երեխաների «շահ Հյուսեյին, վա՛հ Հյուսեյին» բացականչող ձայները, խառնվելով այդ հնչյունների հետ և տարածվելով խավար մթնոլորտի մեջ, մի տեսակ անբացատրելի զարհուրանք էին ազդում։
Սա թուրք դժբախտ ընտանիքներն էին, որոնք ողբում էին իրենց ազգականների հանկարծակի կորուստը։
Օդը բավական մաքրվել էր։ Փլատակված շինություններից բարձրացած փոշին նստել էր գետնին։ Երկինքը պարզ էր, լուսին չկար։ Դժբախտացած քաղաքի ողբերգության վկա աստղերը պայծառությամբ պսպղում էին։ Բնակիչները — ոմանք իրանց տների բակերում, ոմանք փողոցներում, բաց օդի տակ կամ վրանների մեջ — պատրաստվում էին հանգստանալու ցերեկվա չարչարանքներից հետո։ Ոչ ոք չէր համարձակվում յուր տունը մտնել, ամենքը երկյուղ ունեին երկրաշարժը կրկնվելուց։
Բարխուդարի և Հայրապետի ընտանիքները վճռեցին այս գիշեր միասին անցկացնել։ Գյուլնազը, Մարիամ բաջու օգնությամբ,