Երբ չըւեցիր.
Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,
Երբ չըւեցիր.
Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,
Եղեռն, աւա՜ր...”
Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր
Ու չըւեցիր:
Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար.
Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի
Հայի տեսար.
Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր
Անպատասխան
Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս
Բոյն չտեսար:
Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից,
Թռար եկար.
Հազար հրի միջով անցար, հազար սրից
Փրկուած եկար.
Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ
Իմ հին բնում...”
Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին`
Թռար, եկար:
Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի
Հուն է բացուել,
Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին
Տուն է դարձել
Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ
Արազն անցնէ,
Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին
Բոյնն է դարձել:
Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների
Վի՜շտը բերիր.
Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի
Ի՜ղձը բերիր.
Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես
Ափերն օտար,
Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից
Քո ձագերին:
Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`
Պանդուխտների՛ն,
Մի նշխար ձի՜ւն` Արարատից, ջո՜ւր Սեւանայ`
Պանդուխտներին.
Ականջիդ մէջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ`
Մեր լոյսը նոր`
Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանայ`
Պանդուխտներին:
Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
Բարով դառնաս.
Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ
Քեզ չսպասի,
“Կռունկ, ուստի՞ կու գաս” չասի՛ ու չլացի՛...
Բարո՛վ դառնաս: