Արծաթ կարկաչուն
Աղբյուրն է հնչում՝
Ցայտերով խոսուն
Հեռու լեռներում։
Կյանքի երազում
Քո սերն է կանչում
Արծաթ կարկաչուն
Լուսեղեն հնչում
Իմ ուղիներում,
Հեռվում ու հեռվում։
Մշուշ ծովերում
Աստղերի քարվան,
Ոսկե զանգակներ՝
Մեղմ ու քաղցրախոս
Մոլորված հեռվում
Մի անհանգրվան...
Ցնորքներ ցոլուն,
Անուրջներ անուշ
Տխուր անցյալում
Հեռու և անհուշ
Անհայտ անցյալում...
Լալկան սգավոր
Անձրևն է երգում —
Ցրտաշունչ մեգում.
Աշնանային օր
Լալկան սգավոր...
Լուսեղեն երազ —
Արդյոք ո՞ւր ես դու
Պայծառ ու անհաս
Հավիտյան սիրած
Անհայտ ու կորած
Լուսեղեն երազ...