Ես քո երգը վաղուց եմ լսել...
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն...
Սիրո խոսք, և համբույր, և խոստում...
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։
Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։
Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր...
Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...