Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ —
Մոխրանում է ահա քո մարմինը անուշ:
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր...
Սի՜րտս է կարծես մխում,
Սիրտս — մաքուր, զվարթ,
Սիրտս — երկնի մովում
Կարմիր բացված մի վարդ:
Այրվում է, բոսոր,
Վա՜ր է իջնում արագ —
Հրաբորբոք, հզոր
Սիրտս` կարմիր կրակ...
Սի՜րտս — արև, սիրտս — գարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո, —
Իրիկնային այս աշխարհում —
Քա՛ղցր զոհ...
* * * * * * * * * *
Ցերեկների թույնը բոսոր
Սի՜րտ իմ, տա՛ր, սի՜րտ իմ, տար, —
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՛ր:
Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, ու ծածկվիր —
Խավարո՛ւմ, խավարո՛ւմ.
Հո՜ւշ է կյանքը, ոսկի՛ մոխիր
Ու մարում:
Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, կարմի՜ր երազ,
Երկինքներում ցուրտ ու սին, —
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՛ հետ միասին...