ՏԱՆԸ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Մենք կարծում էինք, թե իր շանթերով
Հըսկում է աստված Սասմա սարերին.
Մենք ասում էինք՝ անթիվ նավերով
Կըգան օգնության մեր ծանըր օրին…
Ավա՜ղ մեր պայծառ հույսերի համար.
Ահա խորտակված, և ահա կըրկին
Նայում ենք անհույս, մենա՛կ, դալկահար՝
Մորթող թըշնամու արյունոտ ձեռքին։
Երկրի մեծերը չեն փոխում իրենց
Մեռելի ոսկրին ողջ ազգը հայի,
Մեր տունն են ուզում, մեր տեղն են ուզում,
Մեր բուն երկիրը՝ մեզնից ամայի…
Նա էլ, որ աստծու անունով եկավ,
Փըրկչական խաչով, խոսքով գըթության,
Նա էլ աստըծուն՝ կանգնեց՝ փառք տըվավ,
Որ մենք հոշոտված, տանջված ենք էսքան…
Ու հոսո՜ւմ, հոսո՜ւմ, հոսում է անմեղ
Արյունն-արցունքը տարաբախտ ազգի,
Հոսում ամեն օր, հոսում ամեն տեղ,
Եվ դեռ սոսկալին չի եկել իսկի…
Եվ ահա մենակ, խոցված ու ցավոտ,
Թե մարմնով տանջված՝ հոգով առավել,
Մենք միտք ենք անում մինչև առավոտ․
— Տե՜ր ամենագետ, մենք ի՞նչ ենք արել…
I
Հայի չար բախտը ինձ ներքև բերավ
Բարձըր Գուգարքի ծաղկոտ սարերից,
Իմ հոգին լըցրեց հառաչանք ու ցավ,
Տըխուր երգերի քընար տըվավ ինձ։
Դե՛, հեծծի՛ր, իմ երգ, ինչպես կըհեծծի
Բուքն իմ ամայի աշխարհքի վըրա,
Անքուն կարոտի դուռը կըծեծի,
Թե՝ քու անբախտը չըկա ու չըկա…
Դե՛, հեծծի՛ր, իմ երգ, ինչպես սըգավոր
Հայի հեծեծանքն ու բողոքն անվերջ,
Ինչպես պանդուխտի թառանչ սըրտախոց
Օտար դըռներում, անհայտ ճամփի մեջ…
II
Իմ միտքն էլ, ավա՜ղ, շըրջում է մոլոր
Հայի հալածված պանդուխտի նըման,
Մենակ ամեն տեղ, տըխուր ամեն օր,
Ցավերով լըցված պանդուխտի նըման։
Կորցրել է վաղուց ամենն, ինչ ուներ,
Փընտրածն էլ, էսպես, չի գըտնում բընավ,
Անքուն ջըրի պես գընում է երեր,
Աշխարհքից աշխարհք, մի ցավից մի ցավ։
Ու, ինչպես օտար աշխարհքից դարձող
Կարոտած ճամփորդ, նըկատում է նա՝
Հեռո՜ւ, մըթան մեջ, վառ կարմիր լուսով
Ծաղկում է ծանոթ լուսամուտն ահա…
Մենակ ու խաղաղ ճըրագի առջև,
Չոր ձեռքը տըված դալուկ ճակատին,
Մըտքի ծովն ընկած մըտածում է նա,
Հին տառապանքի, հին ցավի որդին։
Գըլխի վերևը տըխուր պատկերներ,
Գըրքե՜ր ու գըրքեր իր շուրջը բոլոր…
Ու ներս է մտնում մի բարի ըստվեր,
Իր մայրը ցամքած, մայրը սևաշոր։
— Ի՞նչ ես միտք անում, Վահա՛ն ջան, էդքան,
Ասա՛, քեզ ղուրբան, քո մըտքին ղուրբան,
Ի՞նչ ես միտք անում ու հալվո՜ւմ, հալվո՜ւմ…
— Բան չըկա, մայրի՛կ, գըլուխս է ցավում…
— Չէ՛, սուտ ես ասում, ինձ չես խաբիլ էլ.
Էդ ո՞վ է, ասա՛, քո քունը կըտրել,
Էդ ո՞ր սիրունը, ո՞ր անուշ հոգին…
— Հա՛, գըտա՛ր, մայրի՛կ… սիրում եմ մեկին…
— Տեսա՞ր, որ ասի՝ չես խաբիլ ինձ էլ,
Տեսա՞ր, ինչպես եմ ցավըդ իմացել…
Ինչո՞ւ ես հապա ծածկում ինձանից,
Ծածկում ինձանից— քեզ սիրող նանից…
Դե ո՞վ է, ասա՛, ես էլ կըսիրեմ…
Դե ո՞ւր է, ասա … ո՞ւր է, որ բերեմ.
Բերեմ, որ էդքան միտք չանես էլ ղու…
— Չես կարող, մայրի՛կ, նա շատ է հեռու…
Նա շատ է հեռու, գերության միջում,
Դու չես իմանում, դու չես ճանաչում…
Էնպես մի դըժար տեղ եմ սիրել ե՜ս…
Չես կարող հասնես, չես կարող բերես…»
Ու դուրս է գընում հուսահատ, մոլոր
Իր մայրը ցամքած, մայրը սևաշոր,
Աղոթում իրեն Վահանի համար,
Աշխարհքի համար, ամենքի համար…
III
Հայտնըվեց ապա մի օտար տըղա,
Մի ուրիշ տրղա երևաց էլի,
Խոսում են անքուն գիշերներն երկար,
Խոսում են տաք-տաք, մո՜ւթ, կասկածելի…
— Ո՞վ են, Վահա՛ն ջան, գալիս են քեզ մոտ,
Էդ ինչ տղերք են՝ գունա՜տ, անծանոթ…
Երնեկ իմանամ՝ էդ ինչ եք ուզում,
Էդ ի՞նչ եք էդքան խոսո՜ւմ ու խոսում…
— Պանդուխտ են, մայրի՛կ, ընկեր տըղերք են,
Քըշված, հալածված, ընկած դես ու դեն.
Տուն ու տեղ չունեն, ինձ մոտ են գալիս,
Զըրույց ենք անում, իրար սիրտ տալիս…
— Իմ անբախտ զավակ, մանկուց վըշտակոխ.
Ընկերներդ էդպես հալածված, անհող,
Սիրածըդ հեռու, գերության միջում…
Խոսում է մայրը, խոսում, հառաչում,
Ու դուրս է գընում կըրկին շըվարած…
Ամեն տեղ քընած, ամենքը լըռած…
Մենակ՝ մընում է իր անհոգ մարդուն,
Չի գալիս նա էլ, դեռ չի գալիս տուն.
Իր պեսների հետ էլի՛ էն անտեր
Գինետանն ընկած ու խոսում է դեռ…
IV
(Գինետանը)
Կըտրել է վաղուց ամեն ձեն ու ձուն։
Գիշերվան կես է։ Հոգնած ու անքուն,
Գըլուխը գինոտ դազգահին դըրած՝
Գինետան տերն էլ քուն մըտավ թըմրած։
Կեղտոտ լամպարի աղոտ լուսի տակ,
Մեջտեղը մի գավ, աղքատ ու անկարգ
Սեղանի շուրջը, իրենց անկյունում,
Երեք ծերունի զըրույց են անում։
— Ցավ-կըրակ դառավ էս լակոտն, ախպե՛ր,
Էլ բան չի ասվում, հետը չի խոսվում,
Ուշքըն ու միտքը միշտ հեռու տեղեր՝
Չես էլ հասկանում, թե ինչ է ուզում…
Հավան չի կենում աշխարհքի կարգին.
Ասում է՝ մարդիկ բըռնության տակին…
Միտս էլ չի գալիս՝ ինչպես է ասում,
Խըրթին, գըրաբառ բաներ է խոսում,—
Էս մեկն՝ էսպես է, էն մեկելն՝ էնպես…
Երկուսից մինը— կամ նըրանք, կամ ես…
Սո՛ւս կաց, ասում եմ, էդ ի՞նչ ես անում…
Թե՝ դու հին մարդ ես, դու չես հասկանում…
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛.
Ա՛յ քեզ նոր տըղա՛…
Դե բաժակըդ բե՛ր,
Մարտիրոս ախպեր,
Բեր մի-մի բերան
Կյանք խընդրենք դըրան։
Էդ, ինչ որ դու ես խաբարը տալիս,
Մի ուրիշ տեսակ բան է դուրս գալիս…
Բարի հիշատակ լինի քեզ համար,
Տունըդ շեն պահի ու ծուխըդ վարար։
Ածում են կոնծում ընկեր ծերերը,
Բայց նոր է բացվել պատմության ծերը։
— Հա՛, ախպե՛ր, ուրիշ բան է դուրս գալիս.
Ես էլ հենց էդ եմ գըլխիս վայ տալիս,
Թե սըրա վերջը ուր պիտի գընա.
Տանից ու բանից եղած ավարա,
Աշխարհքի դարդը շալակն է առել՝
Ամենքի համար դարդաքաշ դառել…
Ընկեր թե օտար, ծանոթ, անծանոթ–
Ով վեր է կենում— վազում է իր մոտ.
― Վահա՛ն, ի՞նչ անենք… Վահա՛ն, ո՞նց կենանք…
Վահա՛ն, ի՞նչ կասես… Վահա՛ն, ե՞րբ գընանք…
Գըլխի՞ եք ընկնում՝ «էնտե՜ղ» են գընում…
«Էնտեղ» հո գիտե՜ք, լավ եք իմանում…
— «Էնտե՜ղ», օ՜ֆ, «էնտե՜ղ»—
Կըրակ է անթեղ…
Դե բաժակըդ բե՛ր,
Մարտիրոս ախպեր,
Արի՛, մի սըրտանց
Կյանք խընդրենք դըրանց…
Ջահել ժամանակ ի՜նչքան եմ ես էլ
Էդ ճամփի վըրա անքուն երազել,
Ի՜նչքան եմ ուզել թե փախչեմ ծածուկ…
Հիմի դըրանցն եք թարիֆ անում դուք…
Ուր գընան՝ աստված բանները աջի,
Չարը խափանի, բարին առաջի…
Ածում են կոնծում ընկեր ծերերը,
Բայց հեռու է դեռ պատմության ծերը։
— Շընորհակալ եմ, ողջ կենաք, ախպե՛ր,
Էս տեսակ մի բան չեմ տեսել ես դեռ.
Տեղ ունես թե չէ՝ մըտիկ չեն տալիս,
Տասը գընում են՝ քըսանը գալիս,
Ինչ որ ճանկում են՝ ուտում են, թափում,
Ամբողջ գիշերը վիճում, աղմըկում,
Ամպի պես ծըխով սենյակը լըցնում…
Էլ ոչ մահճակալ, ոչ տեղ են հարցնում.—
Մինը բարձրանում՝ սեղանին պառկում,
Մյուսը հատակին լեն-արձակ ձըգվում…
Ոչ աղբ են նայում, ոչ փոշի, ոչ ցեխ,
Պառկում են էստեղ, պառկում են էնտեղ…
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՜.
Թամաշա է հա՜…
Դե բաժակըդ բե՛ր,
Մարտիրոս ախպեր,
Արի՛, մի սըրտանց
Կյանք խընդրենք դըրանց.
Շատ լավ տըղերք են, ես ու իմ հոգին.
Հավան եմ կենում դըրանց արարքին,—
Մարդը նա հո չի՝ հենց իրեն նայի,
Մարդը նա է, որ աշխարհքը շահի…
Տեր աստված պահի իրեն խընամում…
Ածում են՝ վերջին բաժակն էլ քամում,
Չեն հասնում սակայն պատմության ծերը,
Ու միշտ ընկնում է էգուց գիշերը։
V
Դատարկ փողոցով, բարձըր հազալով,
Ինքը իրեն հետ մենակ խոսելով,
Թըրը՜խկ հա չըրը՛խկ, գիշերվա մըթնում
Մարտիրոս ախպերն իր տունն է գընում։
Եվ ուշ գիշերով հասնում է նա տուն։
Ճըրագը վառ է, «նըրանք» էլ զարթուն,
Աղմըկում են դեռ կողքի սենյակում,
Էն նոր դուրս եկած երգերն են երգում։
Պառավն էլ անքուն իրեն է մընում,
Ձեռները ծոցին դուրս ու տուն անում,
Ու մարդը շեմքից մըտած-չըմտած՝
Դիմացն է գալիս հանգած ու հատած։
— Բա՛ գիտե՞ս, ա՛յ մարդ, ի՜նչ իմացա ես,
Գիտե՞ս ինչիցն է մաշվում երեխես,—
Սիրո՜ւմ է մեկին…
— Վա՜յ քու կարճ խելքին…
Ի՜նչ սիրահարված, բա՜ն գիտես իսկի.—
Ազգի համար է միտք անում, ազգի՜.
Ուրիշի համար, խեղճերի համար…
Ի՜նչ սիրահարված, կարճամիտ հիմա՛ր,
Ի՞նչ ես հասկանում՝ ինչ կա աշխարհքում.
Ականջըդ մի բաց, տես ինչ են երգում…
(Տղերքը երգում են)
Սև սարերի ետև նըրանք
Տառապում են խավարում,
Լույս են ուզում ու ազատ կյանք
Աստծու ազատ աշխարհում։
Կանցնենք թափով
Սարերն ամպոտ,
Կերթանք խրմբով
Մենք նըրանց մոտ։
Է՜յ, հերիք էր, լար բռնակալ,
Քանի՞ տանջես խեղճերին․
Խեղճը պիտի ապրի դարձյալ,
Վայն եկել է քու օրին…
Ազատության որդիքն ենք մենք՝
Թըռած դեպի ապագան։
Էսպես խըմբով սըլանում ենք,
Ո՞վ կըփակի մեր ճամփան.
Կայծակ կըլնենք
Կիջնենք ամպից.
Հեռո՜ւ ճամփից,
Հեռո՜ւ ճամփից…
Հե՜յ, գալիս ենք, ո՛վ տանջվածներ,
Գալիս ենք մենք զինավառ,
Ե՛վ ազատ օր, և՛ կյանք, և՛ սեր—
Ողջ բերում ենք ձեզ համար։
VI
Դողդոջ ու գունատ պառավները լուռ
Ականջ են դընում։ Սարսափ ու սարսուռ
Պատել է նրանց, և սարսափահար,
Տեղները սառած, նայում են իրար.
Ի՜նչ է կատարվում իրենց հին տանը,
Ի՜նչ երգ է երգում իրենց Վահանը,
Ի՜նչ երգ են երգում էս տղերքը նոր,
Ի՜նչ երգ են երգում անզո՜ւսպ, ահավոր…
Ամբողջ գիշերր կըրակի վըրի
Էն շամփրի նըման, անքուն ու ցավոտ,
Պըտուտ են գալիս անկողնի միջին,
Պըտուտ են գալիս մինչև առավոտ։
— Վահա՛ն ջան, Վահա՛ն, ի՞նչ երգեր են էդ.
Ի՜նչ վըտանգավոր երգեր եք երգում…
Էդ ո՞ւր ես ուզում գընաս դըրանց հետ…
Ի՞նչ է պատահել, ի՞նչ կա էն երկրում…
— Է՜հ, մայրի՛կ, դու էլ՝ ի՜նչ երգեր են էդ…
Ջահել տըղերանց երգեր են, էլի…
Ջահել տղերք ենք, միտքներըս թըռչում՝
Հազար մի հեռու տեղ են ման գալի…
Ու ժողովները դարձան աղմըկոտ.
Աշնան հավքերի էն տարմի նըման,
Որ ղըժվըժում է՝ չըվելուց առաջ
Դեպի արևոտ կողմերը գարնան։
Մի օր էլ հանկարծ աղմուկը լըռեց,
Վահանը չեկավ էն գիշերը տուն։
Չըկա մյուս օրն էլ, չըկա՜ ոչ մի տեղ,
Ամեն հարցուփորձ անցավ ապարդյուն։
Եվ ահա նամակ կորած Վահանից։
Բանում են ըշտապ, դողդոջ ձեռքերով.
Ասում է՝ իզուր էլ մի՛ փնտրեք ինձ.
Էլ մի՛ փնտրեք ինձ ու մընաք բարով…
— Դուք ինձ կյանք տըվիք, դուք ինձ մեծացրիք,
Բայց քանի էսքան ցավ կա աշխարհքում,
Իմ կյանքն իմը չի, իմ սիրտն իմը չի,
Չեմ կարող հանգիստ մընալ ձեր գըրկում։
Ցավի աշխարհքում արնոտ ու ահեղ
Ուրիշ նոր կյանք է բացվել ինձ համար.
Ուրիշ հայրեր են մընում ինձ էնտեղ,
Ուրիշ մայրեր են կանչում անդադար…
Ներեցե՜ք, որ ձեզ թողնում եմ էդպես
Անկա՜ր, անխընդում, ծերության օրով,
Ներեցե՜ք ձեր խենթ, խելագար որդուն,
Մոռացեք նըրան ու մընա՜ք բարով…
VII
Որդու նամակը ծընկանը դըրած,
Արցունքը ցամքած էն մաշված դեմքին,
Խաղաղ իրիկվան դեմ ու դեմն ահա
Նըստած է մայրը իր դատարկ շեմքին։
Կատուն է կողքին մըռռում միալար.
Փոքրիկ Սերիկն էլ, կուչ եկած իր մոտ,
Էնպես միամի՜տ, տխո՜ւր, դալկահար
Պռըշկել է մոր դեմքին արցունքոտ։
Նայում է մայրը, նայում է հեռուն,
Էն անհայտ հեռուն, ահավո՜ր, անվե՜րջ,
Ուր գընաց իրեն զավակը սիրուն,
290 Գընաց «նրանց» մոտ, արյան ծովի մեջ…
— Ո՜վ քաղցրահայաց սուրբ Աստվածածին,
Ո՜վ արագահաս զինվոր սուրբ Սարգիս,
Դուք օգնեք խեղճին, հասնեք նեղվածին,
Դուք տաք հովություն արար աշխարհքիս.
Հարեհաս լինեք «նրանց», ամենքին,
Ամենքի հետ էլ իմ ճար ու մեկին…
Աղոթք է անում իր մեկի համար,
Աշխարհքի համար, ամենքի համար,
Մինչև թըռչում է ճաճանչը ետին,
300 Մինչև որ մութը առնում է գետին…
VIII
Մըթնեց։ Կըտրել է ամեն ձեն ու ձուն։
Գիշերվան կես է, խաղաղ լըռություն։
Հին գինետանը, իրենց անկյունում,
Երեք ծերունի զըրույց են անում։
— Ի՞նչ ես միտք անում, Մարտիրոս ախպեր.
Լա՜վ կըլնի վերջը… բաժակըդ մի բե՜ր…
Բե՛ր մի-մի բերան
Կյանք խընդրենք նըրան…
Տեր աստված բարի ճամփա տա իրեն,
310 Նըրա բաց աչքը լինի միշտ վըրեն…
Վատ բանի համար հո չի գընացել…
Ի՜նչ ես մոլորված նըստած մընացել,
Բաժակդ էլ լիքը առաջիդ է դեռ…
Վերցըրո՜ւ, խըմի՜ր, Մարտիրո՛ս ախպեր…
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
ՃԱՄՓԻՆ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։