ԵՐԿՐՈՒՄ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հեքիաթն ասում է, թե՝ մի աշխարհքում
Բըխում էր առատ ջուրն անմահական,
Բայց ագահ վիշապն առաջը փակում,
Ծարավ էր թողնում աշխարհքն աննըման։
Նա զոհ էր ուզում սերուն աղջիկներ,
Որ ջուր բաց թողնի ծարավ աշխարհքին.
Եվ, անմահության ջըրի փոխարեն,
Մարդիկ շատ դարեր արցունք խըմեցին։
Մինչև մի տըղա, Լույս երկրից եկած,
Կըռվեց էն գերի աշխարհքի համար,
Հաղթեց, ազատեց աղբյուրը փակված,
Տանջվող հոգիներ փըրկեց անհամար։
Ո՛չ, հեքիաթ չի սա լիքը հըրաշքով,
Եղած թե չեղած Մըթին աշխարհքում,
Ճըշգրիտ դեպք է սա տեսած իմ աչքով,
Եվ հեքիաթ չըկա մեր անբախտ կյանքում…
Մեր երջանկության աղբյուրը փակած՝
Մեր վարդ քույրերին հոշոտում է նա…
Ա՜խ, ի՜նչքան արյուն, արցունք է թափված
Մեր սիրուն երկրի սարերի վըրա…
I
«Լո՛-լո՜, լո՛-լո՜, մերն են սարեր,
Ծաղկոտ սարեր Տարոնի,
Ծաղկոտ սարեր, ազատ օրեր,
Սերն ու գըգվանք սիրունի…
Լո՛-լո՜, լո՛-լո՜»…
Գըլո՛ւխ տըվեք, գոռոզ սարե՜ր,
Անց է կենում Մուսաբեկ,
Գըլո՛ւխ տըվեք, վախկոտ հայե՜ր,
Չընչին գյուղեր ու օբեք։
Ո՞ւր կա ոսկի, ո՞ւր սիրուն կին,
Առաջ բերեք գըլխաբաց.
Ո՞վ կա ընդդեմ նըրա կամքին,
Ո՞վ է կյանքից կըշտացած…
Մըշու երկրում թուր է զարկում՝
Դողում են Վան իր թափից,
Դողում են Վան, մինչ Արզըրում,
Ահեղ թափից, սարսափից…
II
Գըլուխ տըվե՜ք, վախկոտ հայե՜ր.
Զըրը՜նգ, եկավ Մուսաբեկ.
— Հե՜յ, դո՛ւրս արի, քեշի՛շ բաբա.
Ո՞վ կա տան մեջ, դուրս եկե՜ք…
Ու սըրահի կեսմութի մեջ
Գուճհուպ եկավ քահանան,
Դողդոջելով, ծերուկ ու խեղճ,
Բըռնած սարսափն իր մահվան։
— Հավա՞ն ես ինձ, քեշի՛շ բաբա,
Հապա նայիր մի վերև…
— Աստված է քեզ հավնել, աղա՛,
Աստված կյանք տա ու արև.
— Դե բե՛ր, հապա՛, որ հավան ես,
Աղջիկըդ բե՛ր, տուր ինձ կին.
Դե՜հ, շո՜ւտ արա, քեշի՛շ բաբա,
Դուրս բեր սիրուն Շողիկին։
Լուռ կանգնած է ծեր քահանան,
Դեմքը դեղին, միրքի պես,
Ծիծաղո՜ւմ է լացի նըման,
Թե լալիս է ժըպտերե՜ս…
— Հա՛, հա՛, հա՛, հա՜… Հավա՞ն չես ինձ…»
Խընդաց խումբը՝ հա՛, հա՛, հա՜…
Ու սոսկալի էն ծիծաղից
Սարսափն ընկավ տան վըրա։
— Ո՜վ չի հավան Մուսաբեկին…
Մի Մուսաբեկ— մի աշխարհք…
Բախտավոր ենք՝ ես… իմ որդին…
Ո՞վ է տեսել էսպես փառք…
Միայն թե, աղա՛, գութ արա մեզ,
Ժամանակ տուր երկու օր,
Որ պատրաստվենք բեկին վայել.
Ոտիդ հողն ենք նորից նոր…
— Մի երկու օ՜ր… բայց իմացի՛ր,
Ետ եմ գալու ես նորից.
Երկի՜նք թըռիր, գետի՜նն անցիր
Չես ազատվիլ իմ ձեռից…
«Լո՜-լո՜, լո՜-լո՜, մերն է Տարոն
Վայելքներով իր բոլոր…
Լո՜-լո՜, լո՜-լո՜…»։ Հանգավ «լո՜ ֊լո՜»-ն
Սարի ետև հեռավոր։
III
Ի՜նչ է ղողանջում զանգակը գուժկան,
Գյուղի զանգակը էս անվախտ ժամին․
Կարկո՞ւտ է գալիս մըթնած երկընքից,
Հըրդե՞հ է ձըգել գյուղը թըշնամին…
— Ի՞նչ է պատահել, ծերունի տերտեր,
Ի՞նչ ես վըրդովում էս հոգնած խալխին։
— Եկե՜ք, իմ որդի՜ք, եկե՜ք, իմ որբե՜ր,
Երկինքը փըլավ իմ ճերմակ գըլխին…
Ու լաց է լինում զանգակը ժամի,
Գալիս է կանգնում ամբողջ Տալվորիկ,
Ու ձայն է տալի, գոչում ծերունի
Իրենց քահանան ձայնով զարհուրիկ։
— Եկե՜ք, ընկե՜ր-հարևաննե՜ր,
Իմ Շողիկի հարսնիքին.
Ծաղի՜կ բերեք ալ ու կարմիր
Իր անթառամ պըսակին…
Դուստր եմ պահել ես նազելի,
Սըրտիս խընդում, աչքիս լուս.
Քուրդը եկավ դուստրըս խըլի,
Կյանքը խըլի ծերունուս։
Հայր եք դուք էլ, զավակի տեր,
Մի ճար գըտեք իմ ցավին…
Ու ծերերը՝ չո՜ր, ալեհե՛ր,
Հառաչում են խըմբովին.
— Ափսո՜ս Շողիկ, սիրո՜ւն Շողիկ,
Մեր աչքի լուս, մեր ալ ծաղիկ…
Վա՜յ խե՛ղճ ծընող, ծեր քահանա․
Քըրդի ճամփեն տատասկ դառնա…
Հընչում է դարձյալ զանգակը ժամի,
Կանչում է, գոչում հայրը ծերունի․
— Հավա՜ր ձըգեք հեռու տեղեր,
Ազգ ու ազինք իմանան,
Դըրոշ բանան, զորքեր կապեն,
Թող գա՜ն, հասնեն օգնության…
Եվ զուր ծերունու աչքերը անզոր
Հըրաշք են փընտրում մըշուշոտ հեռվում,
Լուռ են ու դատարկ ճամփեքը բոլոր,
Փոշի չի ելնում հայոց դաշտերում։
Լալիս է սակայն զանգակը կըրկին
Ու գոչում է ծերն առավել ուժգին․
— Լըսի՜ր, աստվա՜ծ, եթե մի օր
Բույր եմ խընկել քո անվան,
Թե դու էլ ես ծե՜ր, ալևո՜ր,
Ու գութ ունիս հայրական…
Բայց ծածկում է դեմքը աստված՝
Հայից դարձած ու խրռով,
Սև-սև գիշերն իջնում է ցած,
Լիքը անքուն ցավերով…
IV
Հայի գիշե՜ր, հայի գիշե՜ր,
Ցավի անդունդ անհատակ…
— Աղջի՛կ, ինչո՞ւ չես քընում դեռ,
Ի՞նչ ես լալիս տեղի տակ։
— Չիտեմ, մայրի՛կ, ինչու էսպես
Քուն չի գալիս էլ աչքիս.
Աչքըս քանի փակում եմ ես՝
Քուրդն է կանգնած առաջիս…
— Քընի՛ր, բալա՛ս, մի վախենար,
Աստված կա դեռ երկընքում.
Քուրդ ու տաճիկ, զարկ ու ավար
Շատ ենք տեսել մեր կյանքում…
— Մայրի՛կ, մայրի՛կ, չե՞ս իմանում,
Ո՞վ է լալիս դուրսն անտեր…
Մայրի՛կ, մի տես՝ չի լուսանո՞ւմ…
Ա՜խ, ինչ ծանր է էս գիշեր…
— Քընի՛ր, բալա՛ս, Որբն[1] է մենակ
Իր Սըհակին որոնում,
Է՜, քեզ նըման, մի ժամանակ
Նա էլ աղջիկ է լինում,
Հավանում է չար տաճիկը,
Գալիս եղբորն ըսպանում,
Ճարը հատած հեգ աղջիկը
Աստծուն աղոթք է անում.
— Ո՜վ տեր աստված, թևեր տուր ինձ,
Թեթև թևեր թռչունի,
Թըռչե՜մ, կորչեմ էս աշխարհքից,
Անգութ ձեռից դուշմանի…
Էն օրվանից ման է գալի
Թևեր առած, անդադար,
Կանչո՜ւմ, կանչո՜ւմ, ձեն է տալի
Իր Սըհակին ջըրատար…
Քնի՛ր, բալա՛ս, աստված դեռ կա,
Աղոթք ասա մըտքիդ մեջ,
Հիմի շուտով լիսն էլ կըգա,
Էս գիշերն էլ ունի վերջ…
— Թրը՛խկ… թրը՛խկ…
— Ո՞վ է ծեծում
Կես գիշերին դուռն էդպես…
— Թրը՛խկ, թրը՛խկ…
― Հե՜յ, չե՞ս լըսում,
Վեր կաց, տերտե՛ր, ներս թող մեզ…
Ու անլեզու քըրդի նըման
Սարսափն հանկարծ ընկավ տուն,
Տեղի տակին կըծիկ եկան
Մանուկները դեռ անքուն։
Մարեց մայրը լեղապատառ,
Աղջիկն հանգավ մոր գըրկում,
Իսկ դուռն ուժգին ու անդադար
Հա՛ զարկում են ու զարկում։
Լույսը ձեռքին ծերը գունատ
Դողդողում է, երերում…
Ձեռքը փակին տարավ հանկարծ,
Դուռը բացվեց խավարում,
Շառաչեցին, շողշողացին
Զենքերն լուսումն էն աղոտ,
Ու զինավառ ներս խուժեցին
Երեք ջահել անծանոթ։
— Օրհնյա՛ ի տեր, հայի լեզվով
Ողջունեցին ու մըտան,
Մութ խըրճիթը լըցվեց լուսով
Անակընկալ խընդության։
— Էսպես անժամ, ղարիբ եղբա՛րք,
Ո՞ւսկից եք դուք գալիս ինձ…
— Հեռու տեղից, Կովկասից…
— Բայց մեր երկիր ամեն անկյուն
Մահվան երկյուղ ու վըտանգ…
— Դըրա համար մենք եկանք…
— Իսկ դուք չունե՞ք ձեր աշխարհքում
Տուն, տեղ, ծընող, քույր կամ կին…
— Ունենք, թողինք ամենքին…
Հայի գիշե՜ր, անքո՜ւն գիշեր,
Լի տանջանքով ու մութով,
Հայի գիշե՜ր, անհո՜ւն գիշեր,
Լի՜ ահավոր խորհուրդով…