Միտք եմ անում, մի~տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ` ցավերըս հոգամ...
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը:
-Ողջու~յն Պառնասի գըլխից սըրբազան...
Ետ նայեմ տեսնեմ` իմ ծանոթ Մուսան:
-Վե՛ր կաց, բանաստեղծ, կանչում է էսպես,
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբայրքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ:
Երկինք են հասել արցունք ու արյուն...
Ահա` քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին:
Նայիր` աղջիկը ի~նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
Կյանքի արևը ու սիրտ է հուզում,
Անձնըվեր սիրո երգեր է ուզում...
Ուրախ ու անհոգ գարունն էլ ահա
Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում.
Հավքերն երգում են, ծաղկունքը փըթթում...
1899թ.