Բարեկենդանը
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կինը բարկանում է.
— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։
— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
Կինը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
— Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։
— Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
— Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։
— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց։
— Այ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։
Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է հասնում իրեն։
— Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։
— Անցկացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։