Մեկ քըրդըստանցի անմեղ հայ մշակ
Տուն ու տեղ թողած՝ էկավ մեկ քաղաք,
Որ չըղրեխ քաշի, մի քիչ փող դատի,
Գնա, որ իր խեղճ օղլուշաղն պահի։
Չըղրեխի անունն էր մենակ լըսել,
Աչքով չէր տե՛սել, հունարն իմացել։
Չըղրեխ ու տըրեխ հենց գիտեր մեկ ա,
Միտքը մոլորված՝ նա քուչա քուչա
Որ ման էր գալիս, մեկ մարդ ռաստ էկավ։
Աչքիցն ու ունքից նա չափեց, տեսավ,
Որ էս օրհնածն իր ատամի խարջ ա։
«Ախպե՛ր՝ քո խոքուն ղուրբան էղնիմ՝ խա՛յ՝
Չըղրեխն՝ որ կըսեն, էս ի՞մալ զատ ա։
Չոջուխ ու լաջերս տուն եմ վռընդել,
Զըմեն ֆուխարա մեր օլքեն թորգել,
Քալել ես վալիաթն, օր չըղրեխ քաշեմ,
Տանիմ զիմ քուլվաթն պախեմ, կերակրեմ»։
Սատանա մարդին գազ, կշեռք պետք չի՛,
Աչքով նա մարդի խելքը կըչափի։
Գըլխին խելք դըրեց, որ գնա, մոմ առնի,
Տանի չը՛ղրեխի չորս կողմը վառի,
Առաջին չոքի, դեմ համբուրի,
Դեմ չըղրեխի կոթը պտըտի։―
Շուտով վազըվազ գնաց, մմերն առավ,
Ու արդար սրտով նա իր ուխտն էկավ։
Ինչպես ասել էր, մմերը վառեց,
Չոքեց առաջին ու խաչակնքեց։
Բայց վա՜յ նրա օրին․ կոթն էլ որ չքաշեց,
Էն դաստա միրուքն էլ հետը ծալվեց։
Ի՞նչ վնաս ունի, միրուքն ո՞վ կուտի,
Չըղրեխն կատու չէր, որ երեսն չանգռի։―
Խեղճ քրդստանցին էնպես իմացավ,
Թե դեռ չըղրեխի վախտը չի հասավ,
Որ մուրազը տա, իրան ռադ անի,
Չոքելով էլ՝ ջուրն եկավ ծնկների։
Առաջ հլա կամաց սկսեց ասիլ,
«Յամա՜ն սուրբ չըղրեխ՝ քզի եմ խանչել,
Զիմ մորուս սադաղ՝ քեզ ապավինել։
Թո՛րգ զիմ մորուս՝ թո՛րգ՝ քեզ ղուրբան եղնիմ․
Թո՛րգ,– թո՛րգ,– հա՜յ յաման՝ արևուդ մեռնիմ,
Քզի մեկ ուլ մը ես մատաղ կենեմ,
Զիմ մորուսը թորգ. որ խազանջ էնեմ»։―
Չըղրեխ ի՞նչ տեղ էր քըրդեվար սովրել,
Որ կարենար նրա աղոթքը լըսել։
Ղոյմաղոչում դու մեր քրդստանցի,
Գիժ կովի նման կաթըդ շուռ ածի,
Թո՛րգ, թո՛րգ ասելով՝ որ զարբ չի արեց։
«Զքո շինողի խերը անիծեմ,
Զքո բունիաթի փիրը նզովեմ,
Խուլ մի, գեշ խաջաթ խմա մեջ ձգել,
Ուխտ կըսեն. երե․ գլխուն խռովել.
Զմլա դմբլակի պտուղն խավարի՛,
Մեր սաքվի քեոթուկն էստուց աղեկ կըլի»։―
Ասեց ու հետը միրուքը քաշեց,
Թափեթափ տալով, պռոշը կծեց։
Չըղրեխը մնաց միրքիցն ճոլոլակ,
Անեծք ու օրհնանք խառնեց մեր մշակն
Չըղրեխն անեծքին ի՞նչ մտիկ տար,
Թե գլուխն էլ հետը մեր քրդի պոկ գար։
Ընչանք անիծածն թողեց խերն ու շառը
Միրքի կեսն ու բեղն հենց էնպես ձար, ձար
Պոկեց, պլոկեց, տարավ քրդի չարը։―
Աստված ո՛չ տա՝ մարդ էնպես տեղ ընկնի,
Որ խըրատ տվողն էլ սատանա ըլի։
Թե չէ է՛ն չըղրեխն կըկապեն միրքիդ,
Որ չես պրծընիլ, թե տաս էլ հոգիդ։