Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Կիկոսի մահը

Կիկոսի մահը
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: Էս ծառը որ տեսնում է` իրեն-իրեն միտք է անում.
-Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
-Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ...
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է` սկսում է սուգ անել.

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում: Ասում է. գնա´ մի տե´ս, քույրդ ընչի´ ուշացավ:
Միջնեկ աղջիկն է գնում:
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է` ձենն ավելի է բարձրացնում:
-Արի´, արի´, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ:
-Ի նչ Կիկոս:
-Բա չես ասիլ`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,- գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում: Ասում է.
-Աղջի´, մի գնա տես քույրերդ ի նչ եղան: Գնացին, ետ չեկան:
Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում` երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:
-Քա´, ընչի՞ եք լաց ըլում:
Մեծ քույրը թե` բա չես ասիլ`

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,- սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում:
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ` երեք աղջիկն էլ կանչում են.
-Արի´, արի´, անբախտ տատրի, տե´ս թոռանդ գլուխն ինչ է եկել:
-Ի նչ թոռ, ա´յ աղջկերք, ի՞նչ է պատահել:
Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա´յ մեր`

Գնացի մարդի,

Ունեցա որդի,

Գդակը պոպոզ,

Անունը Կիկոս.

Վեր ելավ ծառին,

Ցած ընկավ քարին...

Վա՜յ Կիկոս ջան,

Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան. – մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել:
Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ: Ասում է` մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը:
Վեր է կենում գնում:
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
-Արի´, արի´, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
-Ինչ Կիկոս, ինչ եք ասում,- զարմանում է մարդը:

Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա՜յ հեր`

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ, Կիկոս ջա՜ն,- ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք:
Սրանց մեջի խելոքը հերն է լինում: Ասում է.
-Ա´յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք. լացով ինչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա: Դու մի´ ասիլ` սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր: Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:
1913
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top