Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ։ Իր մահաբեր թույնը թափելով՝ սուլում էր դառնաշունչ քամին։ Նրա շնչից գունատված տերևները դողդողում էին, անհասկանալի լեզվով ցավալի սվսվում, դալկանում, դեղնում ու իրանց-իրանց թափվում և թափվելով տխուր շրշում, անզոր հառաչում էին։ Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը, անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին «վա՜յ» էր կանչում իր խոր թավուտներից։ Ճիշտ որ վա՜յ…
Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները, և… հառաչում էր նա։ Չէ՞ որ նա էլ գիտե զգալ, չէ՞ որ այնտեղ էլ կենդանության շունչ կա, ցավ ու կսկիծ կա։
Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին։ Որսկանի ձեռքից փախած՝ նա վայր է ընկել բրնուտում։ Գնդակատեղից դեռ հոսում է նրա արյունը, իր աչքով տեսնում է, զգում է այն սոսկալի փոփոխությունը, որ կատարվում է իր մեջ, իր շուրջն էլ փոխվում է, ինքն էլ այն չի, ինչ որ առավոտն էր… Բայց այս ի՛նչ զարհուրելի բան է. ինչու էլ այն չի, ինչու էլ չի կարողանում կանգնել, փախչել… Օրհասական ջանքեր է անում, տանջվում է, տանջվում և ճգնում է պարզել, թե ախար ի՞նչ պատահեց, այն ի՞նչ էր… Եվ շփոթ ու աղոտ հիշում է, որ արածում էր իր հորթուկի հետ… հանկարծ մի բան որոտաց… մի տաքություն զգաց ու վայր ընկավ… ականթոթափել կանգնեց… իր սիրուն հորթուկը… Բայց հիշողության թելը կորավ, ուշքը խառնվեց, ուժ չկա…
Նա զգաց, որ ծարավից պապակում էր, այրվում էր ներսը… Հիշեց ներքև՝ ձորակում վազող վտակը, խոնարհած ճյուղերի տակ կարկաչող այն վճիտ-պսպղուն ալիքները… Նրա մտքով կայծակի արագությամբ միասին եկան ու անցան հովասուն անտառներում անցկացրած օրերը և մշուշապատ առավոտները, երբ նա առողջ ու թեթև իջնում էր այն ձորակն ու կուշտ-կուշտ խմում էր սառը ջրերից… Այժմ էլ փափագում էր սաստի՜կ-սաստի՜կ, բայց որքան աշխատում էր՝ չէր կարողանում բարձրանալ։ Ամեն շարժվելով ճղփում էր նրա տակ լճացած արյունը և կրկին սկսում էր ծորել գնդակատեղից։ Բայց արյունը բարակեց, ցավն էլ առաջվա նման չէր նեղացնում․ նա թմրեց, զգաց, որ քունը տանում էր մի տեսակ, խավարը թանձրանում էր շուրջը, և հետզհետե աչքերը մթնում էին։
Արևն իր վերջին շողերը քաշել էր լեռների ետևը։ Ամեն ձեն ու ձուն կտրել էր անտառում։
Գիշերվան ցուրտն ընկավ։ Սթափվեց եղջերուն, լիակուրծ ու ագահ շունչ քաշեց, լայն-լայն բաց արավ շշմած աչքերը… վերևը փոքրիկ լույսեր ցոլացին։ Այդ աստղերն էին երկնքում։ Նա հասկացավ, որ գիշերը հասել էր։ Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց և… կրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով։ Նա լսեց իր թառանչը, և այդ վերջին ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում։