Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Երկաթուղու շինությունը

Երկաթուղու շինությունը
1898 թվին նոր էր բացվել Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղին։ Լոռու գյուղերից մեկում մի իրիկնադեմ Ուհանես բիձու դռան գերանների վրա նստոտած զրույց էինք անում։ Ուհանես բիձեն մեզ պատմում էր, թե ինչպես սկսվեց երկաթուղու շինությունը։
«Մի տարի ես ու մեր Սիմոնը ներքի ճալումը ճիպոտ էինք կտրում»։— Էսպես էր պատմում նա։
«Մին էլ տեսանք մի քանի սիպտակ շլապկավոր մարդիկ ներքևից դուրս եկան ու ջուրնիվեր, ջուրնիվեր գնացին։
— Ասի՝ հե՛ Սիմոն։
— Թե՝ ի՞նչ ա։
— Ասի՝ էստեղ մի բան կա։
— Թե՝ ի՞նչ պըտի ըլիլ, ճամփորդ մարդիկ են, կարելի ա ճամփեն կորցրել են, իրենց համար գնում են։
— Ասի՝ չէ, էստեղ մի բան կա, ետնա կիմանաս։
Եկանք տեսանք Տերսանց ջաղացի կտերը մի սիպտակ փետ ա տնկած։
— Ասի՝ հե՛ Սիմոն։
— Թե՝ ի՞նչ ա։
— Ասի՝ հիմի տեսնո՞ւմ ես։
— Թե՝ էս ի՞նչ ա որ։
— Ասի՝ հալա դեռ կաց, ետնա կիմանաս․․․
Սրանից մի քանի ժամանակ անցկացավ— մին էլ տեսնենք կազեթ եկավ, թե՝ բա՜ երկաթուղու ճամփեն դեսն են տանում․․․
— Ասի՝ հե՛ Սիմոն։ — Թե՝ ի՞նչ ա։
— Ասի՝ հիմի տեսա՞ր՝ խոսքս որտեղ դուրս եկավ…
— Ա՛յ լեզուդ պապանձվեր, հա՛,— ձայն տվեց էն կողմից որսկան Օսեփը։
— Ա՛յ աղա, ընչի՞ ես էդպես ասում, ի՞նչ մի վնաս բան ա երկաթուղին,— մեջ մտան մի քանի գյուղացի։
— Վնաս չի, բա ի՞նչ ա, եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, կխտար չմնաց, ձենիցը խրտնեցին, փախան կորան։
— Պախրեն ու կխտարը չէ որ, հավատա, ես էլ կկորչեմ,— խոսքն առավ մի հովիվ, որ դագանակին հենված կանգնած էր։— Գնում եմ քարի գլխին կանգնում եմ, ձորերին մտիկ եմ անում, որ էն քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտում ա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն, ու մարդ կարենա ոչ թե օգնի…
— Չէ՜, շատ բան կփչանա,– սրա հետ էլ հառաչեցին մի քանիսը։
Ու սկսվեց վեճը երկաթուղու վրա, թե երկաթուղին օգուտ էր բերելու, թե վնաս։
Էդ վեճի ժամանակ երկաթուղու գծի վրա աշխատող օտարականներից մինը ձորիցը դուրս եկավ ու մոտեցավ մեզ։
— Բարի իրիկուն ձեզ։
— Աստծու բարին, ուստա։
— Ինձ մի չափ ալյուր է հարկավոր, ձեզանից ո՞վ ալյուր կծախի,— դիմեց օտարականը ամենքիս։
— Ո՞րտեղացի ես, ուստա,— հարցրեց Ուհանես բիձեն։
— Օսմանլվի հողիցն եմ։
— Ուհանես բիձա, հալա մի հարցրու տես ո՞ր քաղաքիցն ա,— խնդրեց մի գյուղացի։
— Քու քաղաքի անունն ի՞նչ ա, բարեկամ,— կրկին հարցրեց Ուհանես բիձեն։
— Սըվազ։
— Սըվա՜զ,— երկարացնելով ու խորհրդավոր կրկնեց Ուհանես բիձեն։
— Ի՞նչ ասավ, Ուհանես բիձա։ — Սըվազ…
— Պա՛հ, քու տունը չքանդվի…— ծափ տվին ու ծիծաղեցին մի քանի գյուղացի։
— Էնտեղից էստեղ քանի՞ ամսվա ճանապարհ է,— շարունակում էր իր հարցուփորձը Ուհանես բիձեն։
— Երեք ամսվա։
— Պա հո՜…— միաբերան զարմացան ամենքը։
— Համեցեք, ղարիբ ախպեր, նստի, հաց բերեն, հաց անուշ արա։
— Չէ՛, շնորհակալ եմ, վռազ եմ. ձեզանից ո՞վ ալյուր կծախի, մի չափ ալյուր տա՝ գնամ։
— Ախչի, մի չափ ալյուր դուրս բերեք,— դռնից ձեն տվեց Ուհանես բիձեն,— գլուխ-գլուխ լցրեք։
Հարսներից մինը մի չափ ալյուր դուրս բերեց, ուզեց դատարկի մեջը, բայց նա թող չարավ։
— Ի՞նչ արժե…
— Ածա, դեռ ածա տոպրակիդ մեջը։
— Չէ, առաջ մի գինն իմանանք։
— Դեռ ածա, հետո կիմանաս, թե որ թանգ ըլի, դարտակելը հեշտ ա։
Ուստեն իր տոպրակը բաց արավ, հարսն ալյուրը մեջը դատարկեց ու գնաց։
— Դե հիմի ի՞նչ տամ,— հարցրեց ուստեն՝ ծոցից քսակը հանելով։
— Ոչինչ, ուստա, ոչինչ չի հարկավոր, քեզ փեշքեշ, մեր աշխարքումը ղարիբից հացի փող չեն առնիլ, էդ տեսակ ադաթ չկա…— ասավ Ուհանես բիձեն ու շարունակեց իր չիբուխը ծխել։
Ուստեն մի քիչ շփոթվեց, չեմ ու չում արավ ու գնաց։
Ուստի գնալուց հետո մի կարճատև լռություն տիրեց, ապա թե խոսեց մի գյուղացի.
— Էն օրը մինն եկել ա, թե՝ մածոն եմ ուզում։ Հարսները մածոն դրին առաջին, կերավ պրծավ, հիմի վեր ա կացել, թե՝ ի՞նչ արժե…
— Ասում եմ՝ ի՞նչը…
Թե՝ մածոնը… — Ասի՝ ա՛յ մարդ, գլխիցս քաշվի, էդպես բաներ մի խոսիլ, թե չէ՝ ոչխարի էլած կաթն էլ կցամաքի…
— Ա՜յ տղա, բա ի՞նչպես անենք… էն լա՞վ ա, որ ով գա մուֆտա ուտի ու տանի՞… էս վրա քանիսն են գալի, գիտե՞ս, թե չէ… էն օրը մնին էլ ես եմ մի խան ալյուր չափել տվել… էդ ո՞ւր կերթա,— մեջ ընկավ Ուհանես բիձու փոքր ախպերը։
— Որ գա՝ մին էլ տուր…— գլուխը վեր քաշելով հանդարտ խոսեց Ուհանես բիձեն։
— Օջախդ շեն կենա,— վռչացին մի քանի ծերեր։
— Աչքս լուս էլի՜. Սըվազից սկսած ով գա՝ չափի տուր, կասես ես նրանց համար եմ աշխատել… Ով գալիս ա՝ բարով, հազար բարի, բան ա ուզում՝ փողը բերի՝ տանի…
Ու սկսեցին վիճել։ Ուհանես բիձեն էլ տաքացավ, աղմուկը մեծացավ։
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…— ձորերում սուլում էր երկաթուղին։
Նոր էր մտել նա մեր ձորերը։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top