Գիտեմ միայն, որ դու կաս՝ անհերքելի, որպես մահ,
Ու անխուսափ, որպես օր, որ բացվում է ու մարում —
Եղել ես դու, այժմ կաս — ու կլինես աշխարհում:
Օրերիս պես, որ անցան — անմխիթար դու անցար,
Արևի պես այսօրվա — դու վառել ես իմ ներկան, —
Եվ ես գիտեմ, որ կգաս՝ մխիթարիչ ու պայծառ —
Օրերի պես, որ դեռ նո՛ր պիտի բացվեն, պիտի գան:
Օրերի պես գույնզգույն — բացվում ես դու ու մարում,
Նո՛ր ես ընդմիշտ ու անդարձ` հավերժորեն քաղցր, խոր.
Եվ ես գիտեմ` կլինես դու` պայծառ ու լուսավոր —
Քանի ապրում եմ ես դեռ, քանի դեռ կամ աշխարհում:
1919