Քնել չե՛մ կարող: Աչքերիս առաջ ցատկում են, պարում:
Աչքերիս վրա մի հրաբորբոք մշուշ է իջել —
Իսկ նրանք գալիս ու դառնում են ցոփ, խայտառակ պարում:
Գալիս են նրանք, անվերջ շարքերով անցնում են նրանք,
Աչքերիս առաջ հոլովվում են գիրգ, տռփասեր ձևեր:
Մոտենում են ինձ, համբուրում են շոգ շրթերով կրակ
Ու կրկին-կրկին ոգի են դառնում ու ցատկում են վեր:
Եվ նորից, նորից մոտենում են ինձ ու գրկում են ինձ,
Երակներիս մեջ լցնում են գինի, մարմինս խանձում:
Եվ երբ դողացող ձեռքերով նրանց սեղմում եմ կրծքիս —
Դառնում են կրկին անմարմին ոգի — կրքերի ցանցում:
Եվ վերմակի տակ դողում, գալարվում ու տենդում է դեռ
Մարմինս` թաղված քրտինքում, ինչպես տիղմերում ճղճիմ:
Իսկ հոգուս խորքում աղոթում է դեռ մեկը, կարեվեր,
Որ չկատարվի՛ մարմինիս կարմիր երազը վերջին...
1916