Մրսած մի եղեգի նման
Կարոտս անսկիզբ ու անծայր
Տխուր դողդողում է հիմա,
Երգում է միայն քեզ համար:
Երգում է անըսփոփ ու տխուր
Կարոտս — անմայր մի մանուկ —
Իմ երգը — աչքերիդ պես խոր
Ու թույլ ձեռքերիդ պես անօգ:
Բայց դու կարոտիս հանդեպ
Ինչո՞ւ ես լռել, շվարել,
Ինչո՞ւ է լռությունը անդեմ
Շարել իր պատնեշները քարե:
Երգի՜ր, զրընգա՜, զնգա՜,
Նետի՛ր երգիդ վանկը հետին
Անփույթ ժպիտի պես մանկան —
Քո թույլ, հոգնաբեկ պոետին:
Մենակ ես ընկել եմ ճամփա,
Ուսիս` հոգնությունը իմ ծեր,
Նետի՛ր արևի մի փայլ
Դեպի իմ խավարը անծիր...
8. III. 1920