— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:
Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...
Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ արթնացած խոսքի:
Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...
Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:
Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին...