Ժայռերը` խորունկ նոթերը կիտած`
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ:
Նըրանց ոտքերում` գազազած գալի`
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռոտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
- Վաշ-վիշշ, վաշ-վիշշ…
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ` հըպարտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կրկնում գիժ-գիժ.
- Վաշ-վիշշ, վաշ-վիշշ…
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մըտնում են էն խավար ձորը`
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով`
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ:
Էս տախտի վըրա աղոթում մի վանք,
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նըման,
Նայում է ձորին մի հին խաչարած:
2
Էն ձորի միջին ահա մի տընակ:
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ:
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նըման` նա էլ էս գիշեր
Գընացել է տուն: Սարերի չոբան –
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան:
Ով գիտի` պարկում շընալի՞ր չըկար,
Աղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվաձե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել –
Ոչխարը թողել` գընացել է տուն:
Այնինչ` համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քըշեց իր հոտը:
Ու Սաքոն անքուն,
Թաց տրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն-մենակ թըթվել:
3
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում:
Հապա մի նայիր հըսկա հասակին,
Ոնց է մեկնվել: Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած:
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին`
Ձեն արավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե գող, թե գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից:
Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր:
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար…
4
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր:
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա… ու մին էլ, հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զրույցները հին…
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով, գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց…
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում…
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
- Կասեն` Սաքո մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք.
Տես, ինչ ուրախ պար ենք գալիս,
Սիրուն-ջահել հարսն-աղջիկ:
Ինձ մոտ արի` ձվածեղ անեմ…
Ինձ մոտ արի` բըլիթ տամ…
Ես քու հոքիրն… ես քու նանն եմ…
Ես էլ ազիզ բարեկամ…
- Սաքո, Սաքո, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տես, ինչ լավն ա…
Տես, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա… տարա-նի-նա…
Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևույթք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժպիտներով ժանտ ու սևերես…
5
Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերևն դողում,
Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն, -
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց…
Ականջ դըրավ նա…
6
Ո՞վ հող թափեց բուխարիկից…
Էն ո՞վ նայեց լիսածակից…
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև…
- Ո՞վ ես, էհեյ… ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռում, ձեն չես հանում…
Պատասխան չըկա. Լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում:
- Հա, իմացա, Գևոն կըլինի.
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի…
Վախեցնում է… հա, հա, հա, հա…
- Գևո…
Ձեն – ձուն չըկա:
Միայն ահավոր լռության միջում
Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում:
Եվ ո՞վ կլինի, զարթուն այս ժամին.
Քընած է աշխարհ, քընած է քամին.
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ` ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քըրքիջով… փարախը մտնեն…
Աչքերը հանգչող կըրակին հառած`
Ծանր է շընչում հովիվն ահ առած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու:
- Չէ, քամին էր էն… էն գիլի շըվաք…
Էն աստղեր էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել…
Ուզում է վերև մըտիկ տա մեկ էլ`
Ու սիրտ չի անում;
Ականջ է դընում…
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ
Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
- Էստեղ է նա,
Հա, հա, հա, հա.
Տես-տես, տես-տես.
Նայիր էսպես,
Մըտիկ արա,
Հա, հա, հա, հա…
Սաքոն շարժվեց փըշաքաղված,
Դեպի շեմքը նայեց, դողաց…
Շըրըխկ… հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով…
7
Ահռելի ձոր է: Մի կըտոր լուսին
Նայում է գողտուկ, թաքչում ամպերում:
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում:
Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով`
Հասնում են մեջքին, բըռնում են թևից,
Զարկում են, զարկում օձի մըտրակով…
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճչում են, կանչում ծանոթ ձայներով.
- Սաքո, Սաքո, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տես` ինչ ուրախ պար ենք գալի`
Սիրուն, ջահել հարսն-աղջիկ:
- Ինձ մոտ արի` ձվածեղ անեմ…
Ինձ մոտ արի` բըլիթ տամ…
Ես քու հոքիրն… ես քու նանն եմ…
Ես էլ ազնիվ բարեկամ…
Սաքո, Սաքո, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տես, ինչ լավն ա…
Տես, ինչ ուրախ պար ենք գալի.
Տարա-նի-նա… տարա-նի-նա…
Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծփում են կայտառ`
- Բըռնեցեք փախավ Սաքոն խելագար…
1889-1902