Կրքով եմ անում,
Անում եմ թափով,
Եռանդով ամբողջ՝
Վատնելով ավյուն,
Ծախսելով արյուն,-
Անտարբերության թշնամին եմ ես,
Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը:
Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից
Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ,
Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից
Աշխատում են լոկ սևն ու ճերմակը,
Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից
Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն,
Ջերմաստիճանըս - անզոր զայրույթից -
Հասնում է նույնիսկ քառասունմեկի,
Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ,
Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության,
Անտարբերության ոսո՛խըս մոլի,
երևակայե՜ք,
Գերադասում եմ... մնալ ձեռնըպահ:
Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ,
Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից...
[1959թ.]