Բախտից են դժգոհ
Եվ ոչ թե խելքից:
Իսկ ես, տե՜ր աստված,
Կրակն եմ ընկել
Իմ խելքի ձեռքից:
Խելք ունենայի՝
Վաղուց էի ես
Կարգին մարդ դարձել -
Ես կարող էի
Սենյակ տալ վարձով,
Եվ ոչ թե վարձել:
Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կանեի.
Եթե հաստ է պետք՝
Բարակըս որն է,
Հաստ կմանեի:
Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կերգեի,
Տեղն ընկած տեղը
Տեղի կտայի,
Ինձ կըհերքեի.
Ու կլինեի
Ոչ դեմ, ոչ էլ թեր,
Այլ ոսկե միջին:
Գլուխը քարը.
Թող էժան լիներ,
Միայն... շատերին
Գեղեցիկ թվար:
Հերն էլ անիծած.
Թող ներկված լինի,
Միայն թե դուր գա,
Խաբվեն-հավանեն:
Գրողի ծոցը.
Թող որ սուտ լինի,
Միայն թե կույր-կույր
Պաշտեն-դավանեն...
...Ում էլ հարցընես՝
Խելքից չէ դժգոհ,
Այլ միայն բախտից:
Անաստված աստված,
Ինչու ես տվել
Անխելքի բախտ ինձ...
08.V.1958թ.
Մոսկվա