Ու ճոճվո՜ւմ է - ու ճոճվո՜ւմ է
Արդեն դատարկ գավի վրա,
Ինչպես... ահեղ մի անդունդի...
Անթարթ փայլը
Իր աչքերի ճմռթորված բոլորակի
Ասես լինի արտացոլք մի հեռավոր մոլորակի,
Որ չունի լույսն իր սեփական...
Եվ իր գլխով,
Ուր փլված է միջնորմ ամեն
Ու ջարդված է ամեն փական,
Պտտվելով դեգերում է այն քաոսը,
Որ եղել է ծնող մայրը
Այդ միևնույն մոլորակի...
Իր դեմ-դիմաց տնկված շիշը
Պատրաստ է, տե՛ս,
Կարծես երկինք սլանալու՝
Մի նորօրյա հրթիռի պես,
Որ վառելիք չունի սակայն...
Կրծած-թողած դեղին մեջքը աղաձկան
Շա՜տ է նման սղոցաձև լեռնապարի,
Որ սրա պիշ-չռված աչքում
Մեծանում է վայրկենապես
Ու... ճոճվո՜ւմ է,
Իսկ փուլ գալիս
Սրան՝ հերթով կախ է տալիս
Սղոցաձև ատամների կեռ-կատարից,
Կախ է տալիս,
Բայց չի խեղդում,
Որովհետև փոխարկվում է նորից ձկան...
Իսկ իր դիմաց հաց իսկ չկա,
Այլ փշրանքներ չոր ու ցրիվ
Հին սփռոցի ամպած-զամպած դեմքի վրա՝
Աստղերի պես...
Դեռ թեքված է
Ու ճոճվում է վաղո՜ւց դատարկ գավի վրա,
Ինչպես... ահեղ մի անդունդի:
Եվ գավի մեջ
Նա թերևըս պարզ տեսնում է
Մի ցամաքած հատակ... ծովի,
Հենց ա՛յն ծովի, որ կստացվեր,
Եթե կյանքում իր կոնծածը
Կուտակեին մի տեղ հանկարծ:
Մինչդեռ հիմա՝ դատա՜րկ մի շիշ,
Որ սեղանը դարձըրել է
Հրթիռարկման հրապարակ,
Եվ մի դատա՜րկ գավաթ ցմփոր,
Որի վրա,
Ինչպես ահեղ մի անդունդի,
Ինքը թեքվել ու ճոճվում է:
Ու ճոճվում է... լոկ կե՜նտ մի գավ բան խմելուց...
Եվ ինքն անգամ չիմանալով՝
Երազում է... հրազենի մի կե՜նտ գնդակ,
Որով իր դեմ տնկված շիշը, ինքն էլ մեջը,
Վեր կսուրար դեպի երկինք
Ու կտանե՜ր - կհասցընե՜ր
Իր իսկական... հայրենիքը՝
Քաոսային միգամածը...
30.III.1967թ.
Արզնի