Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չե՛մ ուզում» և կամ «Ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
Ու չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ`
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:
Ու երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել`
Այլևըս չասել չեմ կարողանա
Ու կասեմ.
-Գիտե՞ք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ:
...Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքև են թափվում
Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջո՛ւյն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ...
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագըրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել անունը նրա,
Ինքըս ինձ դարձյալ ասում եմ. «Չասե՛ս»:
Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք,ասում էր.
«Երբ Բեթհովեն եմ լսում` թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով»...
Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա,
Տա՜ք կաղապարը:
Ու խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա՛»:
«Դատա՜րկ բան,- կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...
Այսպես` կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:
Եվ ամեն անգամ,
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
Որ հա ՛րց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա՛»,
Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
Ու... հասկանում եմ, որ ես չե՜ մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել`
Ա՛յն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ ա՛յդ չի սարքվում,
Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծո՛ւ,
Տիրակալների հրամաններո՛վ,
Պարանո՛վ,
Ով լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքո՛վ,
Որ մարդկանց կրծքերի վրա
Ուսուցանում է կետադըրություն:
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
Ուրեմըն նաև չի՛ կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումի՞ց եմ պակաս:
Եվ... վճռվա՜ծ է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:
Ու պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր`
Ուր կամենում են, թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
Ու խանութների դռների՛ առջև.
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:
Ու երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՞նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ այն խաղալիք աղջիկը:
Եվ նա
Կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան,- կասի,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...
...Ու պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առևտըրով:
Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ,
Որ... համերգի տոմս առնեմ ու...
...գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով...
Իսկ թե այդ պահին
Գարու՞ն թե աշուն կլինի դրսում,
Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ:
Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած
Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»...
Ու տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի. «Բա՛րև»,
Ես ի պատասխան կասեմ. «Ի՞նչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրև պատասխան ես կասեմ.
«Չունե՜մ ձեր կաղապարը»:
Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,
Ում իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՜նչ լինելը:
Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ. «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Ի՛մ իսկ բերանից,
Ի՛մ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկրկընի՛
Հնավաճառի ելևէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»...
24.X.1962թ.
Երևան