Այն ժամանակ դեռ տիրում էր այդ օրենքը, որ դատապարտյալին նախքան աքսորելը ենթարկում էին մարմնական գանահարության։ Ի նչ սոսկալի բան է դահճի մտրակը։ Կարծես թե ֆուրիաները առաջին անդամ դժոխքից դուրս գալով, սովորեցրին մարդիկներին այնպես տանջել իրանց նմաններին։ պարդել, խեղաթյուրել, անդամալուծել և ամեն զորությունից զրկել մարմինը մի թշվառականի, ահա այդ է այն մտրակի նպատակը, որպեսզի նրան սպասող դառն աշխատությունները հանքեր,ի մեջ ավելի սպանիչ լինեն։ Եվ այդ բոլորը կատարվում էր չարագործներին ուղղելու նպատակով։
Բայց չարագործները չէին ուղղվում։ Ես տեսնում էի՝ որքան խիստ էր լինում նրանց պատիժը, որքան չարաչար վիրավորվում էր նրանց անձնասիրությունը, այնքան ավելի համառ էին դառնում նրանք, այնքան ավելի կամակորում էին իրանց մոլորությունների մեջ։ Եվ այդ շատ բնական էր։ Հանցավորը մտրակների հարվածների ներքո, փոխանակ զղջալու, արձակում էր կծու հայհոյանքներ, անեծք, և ավելի ոչինչ։
Կյանքի մեջ, իմ անձնական փորձերով, ես հասա այն համոզմունքին, որ ամենավայրենի գազանն անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրավորում։
Իմ ընկերների մասին նույնպես վճռել էին աքսոր և գանահարություն։ Բայց նրանց պատիժը ավելի թեթև էր, քան թե իմը, երևի նրա համար, որ նրանք ամեն ինչ ուրացան, ճշմարտապես չխոստովանեցան իրանց մեղքերը, բայց ես չծածկեցի, բոլորը հայտնեցի։
Այդ նախատեսեց քավոր Պետրոսը, նա ավելի փորձված մարդ էր, քան թե ես։ Եվ զգուշացնում էր ինձ ուրանալ, ոչինչ չխոստովանել, որովհետև դրանով ավելի կհեշտացննի դատավորների գործը, իմ մասին սաստիկ վճիռ տալու։ Այնպես էլ եղավ։ Իայց իմ խիղճը հանգիստ էր, որ գոնե իմ դատապարտության րոպեներում սուտ չխոսեցի։
Վերջապես հասավ սարսափելի ճգնաժամը։
Քաղաքի բազմությունը խումբերով դիմում էր դեպի պատժարանը։ Նրանք շտապում էին հանդիսատես լինելու մի սոսկալի գործողության։ Զարմանալի հետաքրքրություն ունի ամբոխը, նրան միօրինակ զվարճություն է պատճառում թե քաղցր երաժշտության ներդաշնակությունը և թե դատապարտյալի դառն հառաչանքները դահճի գանահարության ներքո։
Ամեն ինչ պատրաստ էր սոսկալի հանդեսը սկսելու համար։
Իմ ընկերները բավական քաջությամբ տարան իրանց փորձությունը, կարծես թե նրանց համար շատ սովորական լիներ այդ։ Ես մինչև հիսուներորդ զարկը անցա առանց մի ձայն հանելու, առանց իմ դեմքն անգամ այլայլելու։ Մի այսպիսի արհամարհական վարմունք իմ կողմից վիրավորեց դահիճների անձնասիրությունը, գրդռեց նրանց բարկությունը, և նրանք խստացրին հարվածների սաստկությունը։ Նույն րոպեում նրանց անգութ երեսները կարծես ասում լինեին ինձ. «Մենք ծեծում ենք, որ ցավեցնենք քեզ, երբ դու ցավ չես զգում, դրանով վիրավորում ես մեր կատաղությունը»։
Բազմությունը վայրենի ոգևորությամբ նայում էր։ Հանկարծ նրանց ուշադրությունը դարձավ մի այլ առարկայի վրա։ Ամբոխի միջից լսելի էր լինում մի ցավալի հառաչանք։ «Մարդիկ, ինչո՞ւ եք կանգնած... մի՞թե դուք աստված չունեք... սպանո՜ւմ են... սպանո՜ւմ են... աղատեցե՜ք... աղաչո՜ւմ եմ... աղատեցե՜ք... Մուրադ, սիրելիս... ա՜խ, սպանում են... մարդրկ։ դուք չե՞ք տեսնում... դուք չե՞ք լսում... սպանում են...աղատեցե՛ք... Ինչո՞ւ են սպանում... նա ավազակ չէ... նա բարի մարդ է... նա ինձ սիրում էր... նա իմ կյանքը ազատեց... Մարդիկ, ինչո՞ւ չեք լսում... Ա՜քս, աստված, չեն լսո ւմ... ամենքը խլացել են...»
Այն սարսափելի րոպեում, երբ մինը մյուսի ետևից հաջորդաբար շառաչում էին մտրակների զարկերը, երբ արյան կաթիլները դուրս էին ցայտում իմ մերկ մարմնից՝ այդ մահվան տագնապի րոպեում իմ ականջներին հասնում էր դժբախտ աղջկա ձայնը... Այդ ողբալի ձայնը այնքան մխիթարական էր, որ ես այլևս չէի զղում հարվածների սաստկությունը։ Ես երջանիկ էի, որ այս աշխարհում գոնե կար մեկը, որ սիրում էր դատապարտյալին, որ գիտեր, թե նա անմեղ է...
Բայց ամբոխը ծաղրեց նրան։ Ամեն կողմից լսելի էր լինում, «Դա այն խելագար աղջիկն է»...
Թե ինչո՞վ վերջացավ իմ փորձությունը, թե ի՛՛նչ դրության մեջ ինձ հետ բերեցին պատժարանից, ես չեմ հիշում, միայն այսքանը գիտեմ, երբ առաջին անգամ աչքերս բաց արի, ինձ քաղաքի հիվանդանոցի մեջ գտա։ Իմ մահճակալի մոտ կանգնած էր մի բավական մաքուր հագնված, ակնոցավոր երիտասարդ, որի խելացի դեմքի յուրաքանչյուր գծերից արտափայլում էր բարություն և ազնվություն։ ՛Նա ժամացույցը ձեռին բռնած, հաշվում էր իմ երակի զարկը։
— Այժմ հույս կա... ճգնաժամը անցած պետք է համարել, — Ասաց նա ինքն իրան մի առանձին բավականությամբ։
Երիտասարդը բժիշկ էր, նա մի քանի պատվերներ տվեց իր օգնականին և հեռացավ։
Մի քանի շաբաթից հետո բժիշկը գտավ ինձ ավելի առողջ։ Մտրակների հարվածներից գիշատված մարմնիս վերքերը այնքան բարվոքվել էին, որ ես կարողանում էի առանց շատ ցավ զգալու մի կողմից մյուսի վրա շուռ գալ։ Իսկ ջերմը դեռ չէր անցել։ Իմ երևակայությունը թեև արթուն էր, բայց գտնվում էր դեռ գրգռված դրության մեջ։
Գեղեցի՜կ բան է ուղեղի այդ դրությունը։ Կյանքի բոլոր լավ և վատ տպավորությունները, որոնք նրա ծալքերի վրա մնացել էին անջնջելի, բայց որոնք բոլորովին ջնջված, անհետացած էին համարվում, հանկարծ կենդանանում են, կերպարանագործվում են և երևան հանում վաղեմի մոռացված պատկերները...
Ես ինձ տեսնում էի իմ հայրենիքում, այն հասակում, երբ դեռ պատանի էի, մի անմեղ և բախտավոր պատանի, որի օրերն անցնում էին անհոգ դատարկությամբ։ Բախտավոր էի նրա համար, որ դեռ միամիտ էի, դեռ չէի հասկանում աշխարհի չարն ու բարին։ Մայրս խրատում էր ինձ, ցույց էր տալիս կյանքի ավելի ուղիղ ճանապարհը։ Բարեսի՜րտ մայր, ես այս րոպեիս տեսնում եմ քո միշտ արտասուքով լի աչքերը, քո միշտ տխուր դեմքը, որ երբեք չէր ժպտում։ Աղքատությունից սպանված, ամուսնուց զրկված, ընտանիքի տակ ճնշված այդ դժբախտ կինը դարձյալ չէր մոռանում իր զավակների օրինավոր դաստիարակությունը։
Հետո տեսնում էի ինձ վարպետիս դարբնոցում։ Դատարկամոլ պատանին սովորում է աշխատանքի։ Գործը հաջողություն է գտնում իմ ձեռքում։ Աշխատանքը, երեսի քրտինքը օրըստօրե ավելի կազդուրում են իմ ջղերը, ավելի բորբոքում են իմ եռանդը։ Սիրտս ուրախ է, խիղճս հանգիստ է, որովհետև ես կարողանում եմ իմ արդար վաստակով օգնել ոչ միայն ինձ, այլև այն անձինքներին, որոնք իմ օգնությանը կարոտ էին։ Մայրս, քույրերս ապրում են իմ ձեռքի արդյունքով։
Այնտեղ, այն դարբնոցի մուխի և սև փոշու մեջ ծագում է ինձ երանության առավոտը... իր բոլոր վարդակարմիր գեղեցկությամբ երևան է գալիս սիրո արեգակը... նա սփռում է իմ հոգու մեջ լույս և ջերմություն... Մի նազելի օրիորդ հպեցնում է իմ սրտին իր կախարդական մատը, և իսկույն նրա մեջ բոցավառվում են սիրո սրբազան կայծերը... Այդ ժամանակ երջանի՜կ էի ես, երջանի՜կ էի, որովհետև գործում էի, աշխատում էի և սիրում էի...
Հանկարծ երջանկության արեգակը սկսում է խավարել... չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով մոտենում է ինձ, խելքից հանում է, մոլորեցնում է... ես շինում եմ աղետալի բանալին... այդ բանալին բաց է անում փմ առջև կորստյան ճանապարհը... Վարպետիս դարբնոցում կատարվում է սարսափելի բարբարոսություն... ես փախստական եմ լինում...
Մի խումբ գլխից ձեռք վեր առած պատանիներ, թաքնված անտառի անհայտության մեջ, ընդունում են ինձ իրանց գաղտնի ընկերության մեջ։ Այստեղ, մարդկային բնակությունից հեռու, ծառերի և թուփերի ամայության մեջ, ես առաջին անգամ սկսում եմ ճանաչել և սիրել հրաշալի բնությունը։ Առաջին անգամ հրապուրում է ինձ սոխակի քաղցրիկ ձայնը, առաջին անգամ ծաղիկները գրավում են ինձ իրանց անմեղ, ողջախոհական գեղեցկությամբ։ Իմ մանկահասակ ընկերների ուրախ և մշտազվարթ հասարակությունը, նրանց անկեղծ բարեկամությունը, նրանց անձնվեր մտերմությունը առժամանակ հանգստացնում են սրտիս ցավերը, առժամանակ մոռանալ են տալիս ինձ այն սարսափելի դժբախտությունը, որին ենթարկված էի ես և իմ պատճառով շատերը... Սիրելի ընկերներ, որտե՞ղ եք այժմ դուք, երանի՜ թե բաժանված չլինեի ձեզանից, երանի թե միշտ ձեր հասարակության մեչ մնայի։ Դուք այնքան բարի էիք և ազնիվ, ես ցավում եմ, որ կորցրի ձեզ, որ զրկվեցա ձեզանից...
Մորս վիճակը, վարպետիս թշվառությունը, ազգականներիս հալածանքը, որոնք բոլորը չարչարվում էին տեղային զանազան օրինազանցությունների պատճառով, բաժանեցին ինձ իմ մանկահասակ ընկերների հասարակությունից։ Ես վերադարձա դեպի իմ հայրենական օջախը, օգնելու նրանց, որոնք իմ պատճառով հալածանքի էին ենթարկված...
Այդ ժամանակ կրկին դուրս է գալիս իմ առջև չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով, առաջարկում է ինձ իր հովանավորության ձեռքը։ Ես կրկին խաբվում եմ... կրկին մոլորության մեչ եմ ընկնում...
Նա համոզում է ինձ, թե հայրենիքի համար ես մի խորթ որդի էի դարձել, թե պետք է թողնել հայրենիքը և օտար երկրում բախտ որոնել։ Նա խոստանում է և առաչնորդել ինձ...
Մայրս, տխուր հանգամանքներից ստիպված, հանձնում է ինձ իմ նենգավոր մենտորի ձեռքը։ Ես թողնում եմ իմ հայրենի երկիրը՛ որը այնքան լավ և վատ հիշատակներով կապված էր իմ սրտի և հոգու հետ։ Ձեռք եմ առնում պանդխտության գավազանը։ Այդ տխուր, ցավալի զգացմունքներով լի անջատման րոպեում, որպես մխիթարիչ հրեշտակ, հայտնվում է իմ սիրո առարկան՝ IIառան։ նա իր կուսական համբույրներով կնքում է մեր ուխտը, խոստանում է մինչև իմ վերադարձը սիրել և սպասել ինձ...
Աղքատությունը մղում է ինձ հեռու և հեռու, դեպի անծանոթ երկիրներ։ Ինձ, բոլորովին անփորձ և միամիտ պատանիիս, առաջնորդում է մի հոյակապ մարդ, մի վիթխարի չարագործ, եփված և թրծված կյանքի քուրայի ամեն փորձությունների մեջ։ Իմ բնական ձիրքերով հարուստ ընդունակությունը խիստ պտղաբեր հող է դառնում իմ առաջնորդի ձեռքում։ Շուտով նրա ցանքը ընծայում է առատ և արդյունավոր հունձք, մի հունձք, ոռոգված բազմաթիվ զոհերի արյունով և արտասուքով... Բոլորովին անմեղ և բարեսիրտ պատանին, դառն հանգամանքների շնորհիվ, վերջապես դառնում է մի սարսափելի եղեռնագործ...
Եվ ես տեսնում էի ինձ, որպես մի քարաժայռ, դուրս կտրված ահագին լեռան բարձրությունից, գլորվում է, գլորվում դեպի ցած, դեպի անդունդը... Հանկարծ մթին անհայտությունից երևան են գալիս երկու ձեռքեր, աշխատում են կանգնեցնել գլորման արագ և ուժգին ընթացքը... բայց իզուր, ես արդեն հասած էի մինչև անդունդի հատակը...
Այդ հոր փրկարար ձեռքն էր, որ աշխատում էր ազատել ընկած որդուն... այն Նենեի կախարդական ձեռքն էր, որ աշխատում էր սովորեցնել նրան սիրել բարին ու գեղեցիկը...
Իմ կորստյան խորին անդունդի մեջ հայտնվում է մխիթարական ոգին՝ մի անարգված և հալածված ցեղի անմեղ դուստրը։ Սիրո հրեղեն կայծակը փայլատակում է իմ սրտի խավարի մեջ և, կարծես, երկնային կրակով զտվում, մաքրվում են իմ վատ կրքերը ամեն ախտերից։ Ես սկսում եմ դարձյալ սիրել... սիրել այն ժամանակ, երբ իմ ոտներին կրում էի դատապարտյալի ծանր շղթաները, երբ իմ ճակատի վրա դրված էր աքսորականի սև կնիքը...
Ո՜վ սեր, ո՜վ դու երկնային զորություն, որ ծավալում ես թշվառականի հոգում կյանք և խաղաղություն, որ ամրացնում ես նրա կամքը և լցնում ես նրա սիրտը պայծառ հույսերով, և այնուհետև բանտի խավարը, երկաթի կապանքների ծանրությունը այլևս զգալի չէ լինում նրան...
Աշխարհից կտրված, որպես մի անպետք մարմին ձգված եմ այդ գերեզմանի մեջ։ Ինձ չէ տաքացնում արևը յուր ջեր մությունով. ինձ համար փակված է արտաքին կյանքը։ Բայց մի արարած, անմարմին ուրվականի պես, հետևում է ինձ... և այս րոպեիս նա կանգնած է իմ առջև իր գեղեցիկ, արտասվալի աչքերով... Ա՜խ, որքան մխիթարական է այդ արտասուքը... նա թափվում է մի թշվառականի համար, որին ամենքը ատում են...
«Նենե՛, նազելի Նենե՛, հեռացի՛ր ինձանից, մի՛ մոտենար ինձ... իմ շունչը կարող է թունավորել քեզ... մի մոտենար ինձ... ես չեմ կարող գրկել քեզ... իմ ձեռքերը արյունոտ են... Անմե՜ղ երեխա, ի՞նչն է ստիպում քեզ կապվել մի թ՛շվառականի հետ, որ արժանի չէ ոչ քո սերին և ոչ քո արտասուքին... Գնա՛, հեռացի՛ր, թո՛ղ տուր ինձ... մեր բոլոր կապերը կտրվեցան այն րոպեից, երբ կարդացին իմ դատապարտության վճիռը...
Գնա՛, ո՛վ դու բնության ազատ դուստր, բաց աշխարհում լայն է քո ասպարեզը... գնա , թափառի ր երկրե երկիր, գուշակի՛ր մարդիկների բախտը, ցույց տուր նրանց չարն ու բարին, նրանք գուցե հաց կտան քեզ»...
Մինչ ես այդ զառանցությո՛ւնների մեջ էի, մի ձեռք դիպավ ճակատիս։ Աչքերս բաց արի, տեսա մահճակալիս մոտ կանգնած էր ակնոցավոր երիտասարդը։ Ես ճանաչեցի, դա բժիշկն էր։ Երևում էր, նա երկար լսում էր իմ բացականչությունները։
— Ի՞նչ եղավ նա, — հարցրի ես, դեռ ոչ բոլորովին սթափվելով իմ խռովությունից։
— Ո՞վ, — հարցրեց երիտասարդը ժպտալով։
— Նա... այն աղջիկը... Նենեն... որ հիմա այստեղ էր...
— Հա՛, իմանում եմ, — պատասխանեց նա խորհրդավոր ձայնով, — նա գնաց, խոստացավ, որ շուտով կվերադառնա...
— Այո՛, նա կվերադառնա, նա ինձ չի թողնի...— կրկնեցի ես ուրախանալով։
Երիտասարդ բժիշկը, որ մինչև այժմ ոտքի վրա էր, նստեց իմ մահճակալի մոտ և կարեկցաբար նայում էր իմ վրա։ Երբ նկատեց, որ ես փոքր-ինչ հանգստացա, հարցրեց.
— Ո՞վ է այն աղջիկը։
Ես պատմեցի, թե նա որբ ցիգանուհի է, պատմեցի, թե ինչպես ընկած էր նա չարագործների ձեռքը, որոնք վճռել էին սպանել նրան, պատմեցի, թե ո՞րպես ինձ հանդիպեց նա անտառում, ո՛րպես ազատեցի նրա կյանքը, և այնուհետև կապվեցավ ինձ հետ։
Երիտասարդ բժիշկը հետաքրքրությամբ, լսում էր։ Ես նկատեց նրա դեմքի վրա և ցավակցության նշաններ։ Մխիթարվեցա, տեսնելով, որ աշխարհում կան մարդիկ, որոնց մեջ չեն մեռած ազնիվ զգացմունքները, որոնք կարող են խղճալ անբախտության վրա։
Բժիշկը, այդ մարմնավոր խոստովանահայրը, միակ մարդն է, որ նայում է դատապարտյալի վրա որպես մարդու վրա։ նա միակ մարդն է, որի հետ կարելի է անկեղծ կերպով խոսել։ Այդ պատճառով ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ ծանրացած էր իմ սրտի վրա, ինչ որ տանջում էր ինձ։ Պատմեցի այն երազը, որ մի քանի րոպե առաջ պատկերանում էր ինձ, և ներկայացնում էր իմ կյանքի ճիշտ նկարագիրը, իր բոլոր պայծառ և մռայլ գույներով։ Պատմեցի, թե ո՛րպես անգիտակցաբար, փոքր առ փոքր շեղվելով ուղիղ ճանապարհից, անմեղությունից վերջապես ընկա անբարոյականության մեջ։ նա գլուխը խոնարհեցրած լսում էր։ Հետո իմ խոսքը կտրեց, ասելով,
— Այդ բոլորը ես գիտեմ...
— Որտեղի՞ց գիտեք։
— Նայեցեք իմ վրա, ծանո՞թ է ձեզ իմ դեմքը։
— Կարծես մի տեղ տեսած լինեմ ձեզ։
— Քննիչի մոտ։ Ես այն օրը ներկա էի, երբ դատարանում ձեզանից հարցուփորձ էին անում։ Դուք իւոստովանեցաք ձեր Բոլոր հանցանքները։ Դուք նկարագրեցիք ձեր կյանքի պատմությունը սկսյալ ձեր մանկությունից մինչև ձեր կալանավորության րոպեն։ Այդ պատմությունը սաստիկ հետաքրքրեց ինձ, որովհետև նրա մեջ գտնում էի այն բոլոր պատճառները, որոնք ստիպում են մարդուն հակառակ իր կամքի հանցավոր լիներ
Բժշկի կարեկցությունը ոչ միայն շատ մխիթարական էր ինձ համար, այլ նա առիթ տվեց իմ վստահությանը դեպի ազնիվ երիտասարդը, ես հարցրի,
— Ուղիղն ասացեք, պարոն բժշկապետ, իրա՞վ նա խոստացավ, որ շուտով կվերադառնա։
— Ո՞վ։ Հա՜... դուք, երևի, դարձյալ այն աղջկա մասին եք հարցնում, — մտաբերեց նա ընդհատված խոսակցությունը Նենեի մասին։
— Այո , այն աղջկա մասին։
— Դուք ձեր երազների մեջ եք տեսել նրան, նա այստեղ չէ եղել։
Ես հասկացա, որ գրգռված երևակայությունը խաբել էր ինձ։ Նայեցա շուրջս, կրկին նկարվեցան տխուր պատկերները իմ պատժական կյանքի, և բանտային հիվանդանոցի մռայլոտ կամերաները հիշեցրին ինձ իմ դրությունը...
— Ուրեմն ես բոլորովին զրկված եմ նրանից... էլ չե՞մ տեսնի նրան...
— Զրկված չեք լինի... հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան, — պատասխանեց երիտասարդը խորհրդավոր ձայնով։
«Մի Ժամանակ»... արդյոք երկա՞ր պիտի տևեր այդ ժամանակը, մտածեցի ես։
— Մի անգամ նրան թույլ տվին մտնելու բանտը, ինձ մոտ, — ասեցի ես։
— Գիտեմ, այդ ես խնդրեցի բանտապետից, որ թույլ տան։
Նենեն ինձ ասել էր, որ մի ակնոցավոր երիտասարդ միջնորղեց նրա համար և թույլտվություն ստացավ բանտը մտնելու։ Ո՞վ կմտածեր, որ այդ բարեսիրտ երիտասարդը լիներ նա։
Նրա բարեսրտությունը մի այնպիսի համակրություն ազդեց իմ մեջ, մինչ ես վստահեցա ասել նրան,
— Ես գիտեմ, պարոն բժշկապետ, որ հավիտյան զրկված եմ նրանից։ Բայց դուք այնքան բարի եք և ազնիվ, որ կգթաք մի որբ, անտեր, անօգնական աղջկա վրա, որը այս աշխարհում ոչ մի խնամատար չունի։ Ամեն տեղ հալածում են նքան, ամեն մարդ խելագար է համայում նրան, և ոչ ոք չէ խղճում անբախտին...
— Նա խելագար չէ, — ընդմիջեց բժիշկը։
— Աղաչում եմ, խղճացեք նրա վրա, ընդունեցեք ձեր պաշտպանության ներքո, նա շատ լավ աղջիկ է։
— Ես առանց ձեր խնդրելու ևս այդ պիտի անեմ, — պատասխանեց երիտասարդը և վեր կացավ։
Ես պատրաստվում էի բռնել նրա ձեռքը, հայտնել իմ անչափ, անսահման շնորհակալությունը, բայց նա ուշադրություն չդարձրեց և շտապելով հեռացավ։