Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Նա ինձ չթողեց Խաչագողի հիշատակարանը

Նա ինձ չթողեց Խաչագողի հիշատակարանը
Անցել էր ավելի քան մի տարի այն օրից, որ ես կալանավորվեցա, որ ես բանտում մաշվում էի։

Հենց առաջին անգամ, երբ տարվեցա քննիչի մոտ, ես պարզ կերպով խոստովանեցա բոլորը, ինչ որ գործել էի։ Ես ոչինչ չթաքցրի, ես մինչև անգամ ցույց տվի այն բաները, որ ինձանից չէին հարցնում։ Ես միըստմիոջե պատմեցի, թե ի՜նչպես անմեղ սրտով դուրս եկա հայրենիքից, ի՛նչպես ընկա խաչագողների հասարակության մեջ, ի՜նչպես հետզհետե ընտելացա չարագործության, ինչե՛ր արեցի, ինչե՛ր կատարեցի և վերջապես ո՛րպես հորս խրատով բաժանվեցա այդ հասարակությունից և պատրաստվում էի բոլորովին հեռանալ նրանցից, բայց հանկարծ բռնվեցա։

Ամեն ինչ անկեղծաբար պատմելուց հետո, ես հույս ունեի, որ կարդարացնեն ինձ, տեսնելով, որ ես բոլորովին անգիտակցաբար ընկած էի այդ հանցանքների մեջ, և ի նկատի առնելով, որ ես արդեն զղջացել էի իմ մեղքերը, հասկացել էի իմ մոլորությունները և դարձել էի չար ճանապարհից։

Բայց այնպես չեղավ, ինչպես ես սպասում էի։ Իմ անկեղծ խոստովանությունը ավելի ծանրացրեց իմ վրա իմ մեղքերը։ Ես ինքս ինձ համար վկա դարձա և հաստատեցի իմ հանցանքները։ Ւմ զղջման վրա ուշադրություն չդարձրին, մտածեցին միայն ապաշխարության մասին։

Մի քանի ամսից հետո քաղաքի բարձր դատարանում կարդացին իմ դատապարտության վճիռը։ «Զրկել ամեն իրավունքներից, աքսորել մինչև մահ տաժանական աշխատությունների մեջ»...

Ես շատ տխրեցա, երբ լսեցի այդ վճիռը, չներել հանցավորին, որ արդեն զղջացել էր, որ արդեն ուղղվել էր։ Բայց ո՞վ է քննում մարդու սիրտը։ Նա այնպիսի մի խորության մեջ թաքնված է, որ ամենասրատես դատավորի աչքն անգամ այնտեղ թափանցել կարող չէ։

Իմ ընկերները նույնպես աքսորանքի դատապարտվեցան, բայց նրանք այնպես տխուր չէին, որպես ես, նրանք ավելի զայրացած էին երևում, քան թե տրտում։

Շրջապատված զինվորներով, դատարանից կրկին տարան ինձ բանտը։ Երբ հասցրին բերդի դռանը, դեռ ներս չմտած, իմ ետևից մի ճիչ, մի ցավալի աղաղակ բարձրացավ։ «Ես պետք է տեսնեմ նրան... մի՞թե դուք գութ չունեք... մի՞թե դուք աստված չունեք... մարդիկ, ինչո՞ւ են արգելում ինձ... ես պետք է տեսնեմ նրան... թողե՜ք, որ տեսնեմ նրան»...

Ես ետ նայեցա։ Այդ խոսքերը լսվում էին մի աղջկա բերնից, որ պատառոտած հագուստով, հերարձակ, այս կողմ և աքն կողմն է։ր ընկնում, աշխատում էր պատռել զինվորների շարքը և մոտենալ ինձ։ Պահապանները հրացանների սվիններով հեռացնում էին նրան, բայց նա դարձյալ առաջ էր մղվում։

Որքան և խռովության մեջ լինեի այն րոպեում, որքան և իմ գլուխը և խելքը ինձ չէին պատկանում, այսուամենայնիվ, այն սրտաշարժ պատկերի մեջ ես ճանաչեցի Նենեին։ Խե՜ղճ աղջիկ, որտեղի՞ց հայտնվեցավ նա...

Նրա աղաղակից դուրս եկավ բանտապահը։

— Դարձյալ այն ցնորված աղջիկն է, — Ասաց նա և հրամայեց հեռացնել։

Երևում էր, որ Նենեն առաջին անգամ չէր, որ խնդրում էր՝ իրան թույլ տան բանտը մտնելու։ Նրան արդեն ճանաչում էին։ Նա խիստ ողորմելի ձայնով պատասխանեց.

— Պարոն բանտապահ, ես ցնորված չեմ... ի սեր աստծո։ գթացեք իմ վրա, թույլ տվեցեք, որ տեսնեմ նրան...

— Ո՞ւմ տեսնես։

— Այն կալանավորին, որ տանում են...

— Դու ո՞վ ես։

— Ես նրա բարեկամն եմ... թողեք տեսնեմ նրան... մի՞թե դուք աստված չունեք... եթե չթողնեք, ես դատավորի մոտ կգնամ... թագավորի մոտ կգնամ...

— Ավելի լավ կլինի, եթե գժատունը գնաս, — Հեգնությամբ պատասխանեց բանտապահը և հրամայեց հեռացնել։

Նրա անգթությունը ավելի վշտացրեց ինձ, քան իմ դատապարտության վճիռը, որ այն օր կարդացին դատարանում։ Ինձ ներս տարան, դռները փակվեցան իմ ետևից, ես այլևս ոչինչ չլսեցի...

Ամբողջ օրը խելագարի նման էի։ Ես բոլորովին մոռացել էի իմ թշվառ դրությունը, մոռացել էի, թե ո՛րպիսի սարսափելի ապագա էր սպասում ինձ, ես միայն մտածում էի անբախտ Նենեի մասին։ Միշտ իմ աչքերի առջևն էր այն վրդովմունքով լի աղջիկը, տեսնում էի այն հերարձակ կույսի վշտալի պատկերը, լսում էի նրա սգավոր ձայնը... Արևը մտավ, մութը պատեց, բանտի մեչ տիրում էր գիշերային խավարը։ Այդ մթության մեջ դարձյալ տեսնում էի նրան, լսում էի նրա ձայնը...

Առաջի՛ն անգամ ես զգացի շղթաներիս ծանրությունը, առաջի՛ն անգամ բանտը ներկայացավ ինձ իր սոսկալի կերպարանքով։ Մինչև այսօր ինձ տանելի էր բոլորը։ Իսկ երբ տեսա, թե իմ պատճառով տանջվում է մի անմեղ հոգի, այն ժամանակ միայն հասկանալի եղավ բոլոր զարհուրանքը իմ թշվառ դրության...

Ամենքը թողեցին ինձ. իմ հավատարիմ ընկերները ինձ մատնեցին. ես կտրվեցա լույս աշխարհից... բայց նա ինձ չթողեց... Նա եկավ իմ ետևից, նա որոնում էր ինձ, երևի երկար որոնում էր և գտավ։ Բայց գտավ բանտի մեջ, դատապարտյալների մռայլ գերեզմանի մեջ...

Այդ գերեզմանի շուրջը պտտվում էր նա, գիշերային մենավոր ուրվականի պես պտտվում էր նա, և խավարի միջից մի մարգարեուհի մեռելահարցուկի նման կամենում էր դուրս կոչել իր սիրելիին...

Դա իրողություն էր, և դա ցնորք չէր, ես լսում էի նրա ձայնը, նույն սրտաշարժ, ողբալի ձայնը, որպես լսել էի ցերեկով։ Գիշերը խաղաղ էր. մարդիկ քնած էին, դրսում ամեն ինչ գտնվում էր խորին լռության մեջ։ «Թողե՛ք տեսնեմ նրան»... այդ խոսքերը միայն հնչվում էին գիշերային լռության մեջ...

Բանտի պահապան զինվորը, հրացանը ուսին դրած, չափավոր քայլերով անցուդարձ էր անում իր պահականոցի մոտ։ Նա նույնպես լսում էր ողբալի ձայնը և անհետաքրքրությամբ ասում էր. «Դա այն ցնորված աղջկա ձայնն է»...

Գիշերը ես անցուցի տենդային անհանգստության մեջ. ո՛չ քնած էի և ո՛չ արթուն։ Առավոտյան, երբ արեգակի առաջին ճառագայթները ներս ցոլացին բանտի նեղ լուսամուտներից, և ինձ համար ծագեց ուրախության լույսը, դուռը բացվեցավ, և խելագարի նման ներս վազեց Նենեն։ Նրա աոաջին խոսքերը կցկտուր էին և անհասկանալի։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և երկար մնաց իմ կուրծքի վրա անխոս։ Նա նման էր մի սպանվածի, որի երեսի վրա բնավ գույն չկար։ Կենդանի մնացել էին դեռ չմարած աչքերը միայն, այն լի կատաղությամբ աչքերը, որոնք իրանց խռովության մեջ ևս գեղեցիկ էին։

Նրա խռովությունը շուտով անցավ, անցավ՝ որովհետև գտնվում էր ինձ մոտ, որովհետև տեսնում էր ինձ։ Նա սկսեց խոսել.

— Ա՛խ, սիրելիս, եթե գիտենայիր ո՛րքան որոնել եմ քեզ... ո րքան ման եմ եկել...

Նրա ձայնը սկսեց խեղդվել, փոքր-ինչ հանգստացավ և ապա շարունակեց.

— Անցնում էի քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, ամեն տեղ հարցնում էի քեզ... Ա՜խ, ինչո՞ւ մարդիկ այդքան վատացել են... ամեն տեղ հալածում էին ինձ... ամեն տեղ հեռացնում էին ինձ... չէին թողնում, որ բնակարանների մեջ մտնեմ... ասում էին՝ դա ցնորված աղջիկ է...

— Ապա որտե՞ղ էիր անցկացնում դու։

— Փողոցների վրա, բաց երկնքի տակ... և ավելի հանգիստ էի, երբ գտնվում էի անապատում կամ թաքնվում էի անտառների ծառերի մեջ... Այնտեղ լավ էր, այնտեղ մարդիկ չկային...

— Ապա ինչո՞վ էիր կերակրվում դու։

— Շատ անգամ օրերով քաղցած էի մնում... շատ անգամ ուտում էի դաշտային բանջարներ կամ կերակրվում էի վայրենի պտուղներով... Երբեմն գտնվում էին բարի մարդիկ, որոնք ինձ հաց էին տալիս։

Եվ այդ բոլորը ո՞ւմ համար, ինչի՞ համար, մի դատապարտյալ աքսորականի համար, որ պիտի մաշվեր, պիտի ոչնչանար հանքերում...

Բայց ինձ ավելի զարմացնում էր այն, թե ինչպե՞ս թույլ տվին «խելագար աղջկան» մտնել բանտը, որի մեջ ես ամենևին խելագարության նշան չէի նկատում, միայն վերին աստիճանի անձնազոհությունը և թշվառության սաստիկ կատաղությունը նրան բախտավոր մահկանացուների աչքում խելագար էին ներկայացնում։

Նա պատմեց, թե այն օրից, որ եկել էր այդ քաղաքը և տեղեկացել էր, որ ես այն բանտումն եմ գտնվում, բանտի շրջակայքից չէր հեռանում, գիշերները անց էր կացնում նրա պատերի մոտ, իսկ ցերեկով կանգնում էր փողոցների վրա, աղաչում էր, պաղատում էր անցորդներին, պատմում էր նրանց իմ անմեղությունը, խնդրում էր, որ օգնեն ինձ։ Նա դեռ այնքան միամիտ էր, որ կարծում էր, թե ամեն մարդ իրավունք ուներ ինձ դատավոր լինելու։ Իսկ այն առավոտ, երբ բանտը մտնում էր մի երիտասարդ ակնոցավոր պարոն, նա վազեց, մոտեցավ և, գրկելով նրա ոտները, խնդրեց, որ իրան էլ թույլ տան բանտը մտնելու և իր «սիրելիին» տեսնելու։ Ակնոցավոր պարոնը գթաց նրա վրա, խոստացավ, որ իսկույն հրաման կառնե բանտապահից։ Նա կատարեց իր խոստմունքը, քանի րոպեից հետո նրան ներս թողեցին։

Որքան մխիթարական լիներ իմ դժբախտության տխուր ժամերում տեսնել իմ մոտ Նենեին, որքան սիրարժան լիներ նրա ծայրահեղ անձնազոհությունը, այսուամենայնիվ, ես մտածում էի. «Մի՞թե ես արժեմ դրան... ինչո՞վ է մեղավոր այն անմեղ աղջիկը, որ տանջվում է մի չարագործի համար... ինչո՞ւ ես ձգեցի նրա սրտում այն սրբազան կայծը, որ այնքան բոցավառվեցավ, որ այնքաþն բորբոքվեցավ, մինչև խելքից հանեց նրան... ինչո՞ւ ես խլեցի նրա հանգստությունը... Այդ բնության ազատ որդին, որի ցեղին վիճակված է կյանքի անհոգ և ավելի ուրախ բաժինը, գուցե ավելի բախտավոր կլիներ, եթե չհանդիպեր ինձ... ինչո՞ւ ես թշվառացրի նրան... Ավելի լավ չէ՞ր լինի, որ հենց այն օրը, երբ ես նրա կյանքը ազատեցի եղեռնագործի ձեռքից, բաց թողնե՛ի նրան։ Նա կդնար, աշխարհը լայն ու արձակ է ցիգանուհու համար, կգնար և իր համար նոր բախտ կորոներ»...

Արդեն ուշ էր... այդ բոլորը պետք էր անցած համարել... ես միայն հարցրի.

— Ինչո՞ւ եկար դու, ինչո՞ւ չմնացիր հորս մոտ. նա բարի մարդ էր, կպահեր, կպահպաներ քեզ։

Դժբախտները ամեն մի դժբախտության դեպքերում այն քաղաքավարական ձևերը չգիտեն, որ պահպանում են բախտավորները միայն։ Նենեն բոլորովին պարզ կերպով պատասխանեց.

— Հայրդ մեռավ, նա մեռավ հենց այն օրը, երբ իմացավ, որ դու կալանավորված ես։

Այդ բոթը սարսափելի ներգործություն ունեցավ իմ վրա։ Նա մեռավ իմ պատճառով, մոլորյալ որդու պատճառով, ես նրա մահվանը պարտական էի...

Նենեն չնկատեց իմ խռովությունը, շարունակեց պատմել.

— Այն առավոտը, երբ դու հեռացար խրճիթից և խոստացար, թե երեկոյան կվերադառնաս, մենք անհամբեր սպասում էինք քեզ։ Արևը մտավ, օրը մթնեց, բայց դու չվերադարձար։ Ամբողջ գիշերը չքնեցինք, հենց նստած սպասում էինք քեզ։ Հայրդ մեր բոլորից ավելի անհանգիստ էր։ Մյուս առավոտը մինչև ճաշ դարձյալ սպասում էինք քեզ։ Հետո հայրդ ինձ իր հետ առնելով, գնացինք այն «ավազակների» բնակարանի մոտ, տեսանք՝ նրանց տնակը այրված էր, ոչ ոք չկար այնտեղ։ Երբ ետ դարձանք, անտառում պատահեց մեղ մի խոզարած, նա պատմեց, թե ի՛նչ էր պատահել։ Երբ հայրդ լսեց նրա պատմությունը, իսկույն թուլացավ և ցած ընկավ։ Ես և խոզարածը հազիվ կարողացանք նրան ուշքի բերել և հասցրինք մինչև խրճիթը։ Նույն գիշերը նա սաստիկ ջերմի մեջ էր. առավոտյան նրա մարմինը գտանք բոլորովին սառած։ Ես և պառավը թաղեցինք նրա մարմինը խրճիթից ոչ այնքան հեռու մի ծառի տակ։ Հիշո՞ւմ ես այն եղևնին, որ դու մինչև նրա մոտ էիր թույլ տվել ինձ հեռանալ խրճիթից։

— Հիշում եմ...— պատասխանեցի ես բոլորովին մեքենաբար։

— Այնուհետև ես վճռեցի գալ քո ետևից և որոնել քեզ։ Ես հիմա ամեն տեղ կգնամ, ես հիմա էլ չեմ վախենում։ Պառավը ինձ չէր ուզում թողնել, ասում էր՝ մնա ինձ մոտ, աչքիս լույսի նման կպահեմ քեզ։ Նա ինձ շատ էր սիրում, նա քեզ էլ շատ էր սիրում, այնքա՜ն լաց եղավ որ...

— Ինչո՞ւ չմնացիր նրա մոտ։

— Քեզ ինչպե՞ս թողնեի...

— Ես մի օր կվերադառնայի, քեզ դարձյալ կգտնեի... մենք դարձյալ միասին կլինեինք...

— Չէ։ ես գիտեմ, ես բոլորը գիտեմ... այնտեղից, ուր քեզ պիտի ուղարկեն, մարդիկ էլ չեն վերադառնում...

— Այդ դու ո րտեղից գիտես։

— Ես երեկ դատարանի դռանը կանգնած էի. ինձ չթողեցին, որ ներս մտնեի, այնտե՛ղ էլ ասում էին, թե ես խելագար աղջիկ եմ... Դրսում հարցրի, ինձ պատմեցին բոլորը...

Ես չգիտեի՝ ի՞նչ անել նրա հետ, ի՞նչ խորհուրդ տալ, ես չունեի այս աշխարհում մի բարեկամ անգամ, որի պաշտպանությանը հանձնեի այդ անբախտ աղջկան։ Ես առանց երկար մտածելու կրկին ասացի նրան,

— Դու դարձյալ գնա պառավի մոտ, այնտեղ սպասիր ինձ։ Նա բարի կին է. նա կպահե քեզ։ Ո՞վ է իմանում, գուցե աստված կհաջողի, մի օր վերադառնամ քեզ մոտ...

— Ես քեզանից չեմ բաժանվի։

— Դու խո գիտես, թե ինձ ո՛րտեղ պիտի ուղարկեն։

— Գիտեմ։ Ես էլ կգամ քեզ հետ։

Սույն միջոցին բանտի վերակացուներից մեկը ներս մտավ, հրամայեց Նենեին հեռանալ։

— Ես այստեղ պետք է մնամ։

— Այստեղ հյուրանոց չէ, օրիորդ., — պատասխանեց վերակացուն դառն ժպիտով։

— Ես դրան մենակ չեմ թողնի։

— Բավական է, որքան միասին եք եղել...

— Մի տարուց ավել չէ, որ մենք ճանաչում ենք միմյանց։

— Ցավում եմ, որ այդքան կարճատև է եղել ձեր սերը... Այսուամենայնիվ, պետք է հեռանաք, նազելի օրիորդ։

Լսելով վերակացուի վերջին հեգնությունը, արյունս բորբոքվեցավ։

— Եթե դու կշարունակես այդպես վիրավորել մի պատվավոր աղջկա, ես քո գլուխը կջարդեմ։

— Մտածի՛ր, թե ո՛րտեղ ես գտնվում... այստեղ քո բնակած անտառները չեն, — պատասխանեց նա սառնությամբ։

— Պարոն վերակացու, — մեջ մտավ Նենեն, — մի՞թե դու քույր չունես, մայր չունես, մի՞թե դու չե՞ս հասկանում կնոջ սիրտը։ Ինչո՞ւ ես հալածում ինձ։ Իմ Մուրադը վատ մարդ չէ. նա իմ կյանքը ազատեց մի եղեռնագործի ձեռքից... այն օրից ես սիրում եմ նրան...

— Ես այդ հասկանում եմ...— պատասխանեց վերակացուն ավելի կոպտությամբ։ — Բայց բանտի մեջ չեն սիրում... պեզ թույլ տվեցին մտնել այստեղ պարոն բժշկապետի խնդրելով։ Բավական է, որքան տեսնվեցաք, որքան խոսեցիք։ Ասո՛ւմ են ձեզ, որ հեռանաք այստեղից, եթե չկամեիք, որ ձեզ դուրս քաշեին։

Նենեն ավելի կամակորեցավ։

— Ես կմնամ այս բանտում։

— Ես ձեզ խրատ կտայի, որ գժատանը մնայիք։

— Անգութնե՜ր... բոլորը այդպես են խոսում... ես ինչո՞վ եմ գիժ, — Բացականչեց Նենեն արտասուքը սրբելով։

Վերակացուն ուշադրություն չդարձրեց, կանչեց մի զինվոր, նրան դուրս քաշեցին, և բանտի դռները կրկին կողպվեցան։ Ես մնացի մենակ։ Մի քանի րոպե լսելի էր լինում նրա ճիչը, աղաղակը, և շուտով նրա ձայնը անհետացավ .բանտր խուլ, գերեզմանական լռության մեջ։

Սարսափելի դրություն։ Քո սիրած էակին հալածում են, վիրավորում են, և դու սառն աչքով պիտի նայես այդ անիրավության վրա և լռես։ Մի՞թե այդ է նշանակությունը այն խոսքերի, որ կարդացին ինձ դատարանում. «Զրկել ամեն իրավունքներից»...

Ի՞նչ պետք է լինի խեղճ աղջկա վերջը՝ ահա այդ էր ինձ տանջող միտքը, երբ դարձյալ մնացի մենակ, երբ սպանվածի նման տարածվեցա իմ կալարանի խոնավ հատակի վրա։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top