Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Րաֆֆի Դավիթ-բեկ Առաջին գիրք (Թ)

Րաֆֆի Դավիթ-բեկ Առաջին գիրք (Թ)
Կեսօր էր արդեն։ Խանի վրանի առջևի հրապարակի վրա, դեպի աջ կողմը, կարգով շարված էին երկու հարյուր զինված ձիավորներ խանի հեծելախմբից, հրացանները պատրաստ ձեռներին բռնած։ Նրանց հանդեպ, դեպի վրանի ձախ կողմը, նույնպես կարգով շարված էին երկու հարյուր հայ ձիավորներ, նույնպես հրացանները ձեռքներին պատրաստ բռնած։ Հայ և պարսիկ ձիավորների մեջտեղը թողնված էր փողոցի նման մի երկայն տարածություն, որտեղից պիտի անցներ Թորոս իշխանը։ Այդ փողոցի ծայրից հայտնվեցավ նա։ «Սալամ․․․», — գոռացին բոլոր ձիավորները մի քանի անգամ, և օդը թնդաց բազմաթիվ ձայների որոտմունքից։ Իշխանը նստած էր մի գեղեցիկ, սպիտակ նժույգի վրա, որի ամբողջ ասպազենը զարդարված էր արծաթով։ Նա մի հսկայատիպ մարդ էր, այրական խրոխտ դեմքով և առյուծի հրացայտ աչքերով։ Նրա առջևից տարվում էին իշխանի բերած «փեշքեշները», որ պիտի ընծայեր խանին։ Յոթն հոգի մինը մյուսը ետևից, գլխների վրա դրած, տանում էին յոթ պղնձե սինիներ, որ ծածկված էին քիրմանի թանկագին շալերով և իրանց մեջ կրում էին զանազան հազվագյուտ և ծանրագին իրեղեններ։ Նրանց ետևից, սանձերից բռնած, տանում էին երեք գեղեցիկ նժույգներ, որոնց թամքը, սանձը և բոլոր պարագայքը զարդարած էին արծաթով։ Նժույգները նույնպես ծածկված էին քիրմանի շալերով։ Այդ «փեշքեշների» ետևից գալիս էր ինքը իշխանը շրջապատված իր թիկնապահներով։ բոլոր մահմեդականները մի առանձին նախանձոտ կատաղությամբ դիտում էին հայ իշխանի փառքը և մեծությունը։ Նրա կշտից քարշ էր ընկած երկայն, կեռ թուրը, որի երախակալը զարդարած էր թանկագին ակներով, իսկ գոտիի մեջ խրած էին մի զույգ ատրճանակներ, արծաթով պատած կոթերով։ Նա թեև քառասուն և հինգ տարեկան կլիներ, բայց երիտասարդի բոլորովին թարմ դեմք ուներ, բավական գեղեցիկ և կանոնավոր գծագրությամբ։ Կարճ կտրած մորուքի և գլխի գանգրահեր մազերի մեջ դեռ ոչ մեկը չէր սպիտակել, չնայելով, որ այդ մարդը իր կյանքում խիստ սակավ րոպեներ ազատ էր մնացել մաշող վշտերից։
Երբ իշխանը մոտեցավ խանի վրանին, տասն քայլ հեռավորության վրա ձիուց ցած իջավ, այդ ժամանակ խանը դուրս եկավ վրանից, դիմավորեց նրան, և ձեռքիցը բռնելով, բերեց չադրի այն մասը, որ հատկապես պատրաստված էր պատվավոր հյուրին ընդունելու համար։ Իշխանի թիկնապահները, որ թվով քսանևհինգ հոգի էին, բոլորը ամեհի և քաջ երիտասարդներ, ձեռքները իրանց սրերի վրա դրած, կանգնեցին վրանի մուտքի այն կողմում, որ կողմը նստած էր իրանց տերը։ Նրանց հանդեպ կանգնած էին խանի ֆարրաշները, և անընկերասեր կերպով նայում էին կոպիտ սյունեցի հայերի երեսին։

— Բարով եկաք, հազար բարով, ձեր յուրաքանչյուր քայլը ինձ համար մեծ շնորհ եմ համարում, — ասաց խանը իր երկրի քաղաքավարության սովորական ձևով։

— Ինձ բերեց ձեր սպասին, իբրև մի ուխտավոր, ձեր շնորհալի դեմքի լույսը տեսնելու ցանկությունը։ Ես ինձ բախտավոր եմ համարում, որ վայելում եմ ձեր շնորհը և բարեսրտությունը, և հուսով եմ, որ միշտ անխախտ կպահպանվեն մեր բարեկամական կապերը, որպես եղել են միշտ։

Այսպես երկար, երկու տարբեր և թշնամական ցեղերի պետերը, մինը մյուսին հայտնի կերպով շողոքորթելով, թափում էին միմյանց առջև իրանց բարեկամական ջերմ զգացմունքը և սերը։ Այդ միջոցին իշխանի ծառաները «փեշքեշները» ներս բերեցին։ Յոթն պղնձե սինիներ շարվեցան խանի առջև։ Երբ նրանց վրայից վեր առեցին քիրմային շալի ծածկոցները, խանի աչքերը կատարելապես շլացան։ Այդ թանկագին իրեղենները թեև մելիք Վարթանեսի գանձի չափ չէին լինի,բայց դարձյալ մեծ հարստություն դիզված էր սինիների վրա։ Մեկի վրա կիտված էին ոսկի դրամներ, մյուսի վրա արծաթի դրամներ, երրորդի վրա արծաթով զարդարած ընտիր զենքեր` դաշույն, ատրճանակ, ղարաբինա, վառոդի և գնդակի ամաններ և այլն․ չորրորդի վրա արծաթից շինված և ոսկեջրած անոթներ` թասեր, կուլաներ, ղեյլանի և չիբուխի գլուխներ և այլն․ հինգերորդի վրա` գեղեցիկ չինեական ամաններ, վեցերորդի և յոթներորդի վրա` զանազան տեսակ նուրբ մետաքսեղեն և շալեղեն գործվածներ հարեմի կանանց հագուստի համար։
— Ի՞նչ նեղություն եք քաշել, — խոսեց խանը այդ բոլորը տեսնելուց հետո, — դուք ինձ չափազանց ամաչեցնում եք ձեր առատաձեռնությամբ․ ես, իրավն ասեմ, չգիտեմ, թե ինչով կարող եմ դուրս գալ ձեր պարտավորությունից։

— Այդ բոլորը ոչինչ նշանակություն չունին ձեր բարեսրտության առջև, — պատասխանեց իշխանը ուրախ ժպիտով, — ես դերվիշի նման ձեզ համար մի հատիկ մեխակ եմ բերել և ավելի ոչինչ։

Այդ միջոցին կանգնեցրին վրանի առջև իշխանի բերած երեք ազնիվ նժույգները իրանց գեղեցիկ ասպազենով։

— Փա՛հ․․․ փա՛հ․․․ փա՛հ․․․ մաշալլա․․․ — բացականչեց խանը հիացմունքով, — դրանք, երևի, ձեր սեփական երամակիցն են, թե ոչ, Սյունաց ամբողջ նահանգում այս տեսակ ձիաներ չկան։

— Այո՜, իմ սեփական երամակիցն են, — պատասխանեց իշխանը և հրամայեց ձիապաններին, որ շուռ տան նժույգները, որպեսզի խանը տեսնե նրանց ձախ ոտի ազդրի վրա իր դրոշմը, որ էր հայոց Թ տառը։

«Փեշքեշի» ձիան ատամներին չեն նայում, ասում է հասարակաց առածը, բայց խանը կամենում էր տեղեկանալ նժույգների տոհմը, ծագումը, կարծես, փողը նաղդ էր տվել․ և այդ ավելի վրդովեցնում էր իշխանին, թեև նա ամեն կերպով աշխատում էր ծածկել իր խռովությունը։

— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, — ասաց խանը ծանրությամբ, — ես վաղուց գիտեի, որ դուք շատ լավ մարդ եք, իսկ այժմ ուրախ եմ, որ ես սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ։
Այնուհետև նա հրամայեց իր ախոռապետին, որ նժույգները տանել տա և խառնե իր ձիաների երամակի հետ, իսկ սանդուխտարին (գանձապահին) հրամայեց, որ սինիների մեջ բերված ընծաները տանե իր սանդուխանան (գանձարանը)։

Այդ միջոցին խանի գեղեցիկ հագնված մանկլավիկները չինեական նախշուն գավաթների մեջ մատուցին շարբեթ, պատրաստած Ռաշտի լիմոնի ջրից, որի մեջ լողում էին սառույցի մանր կտորտանք։ Զովացուցիչ ըմպելիք մի քանի անգամ տրվեցավ, ընդմիջվելով Շիրազի անուշահոտ թամբաքուից պատրաստված ղեյլանով։ Չնայելով այն բոլոր շողոքորթական խոսքերին, չնայելով այն բոլոր մեծարանքին, որ խանը ցույց էր տալիս հայոց իշխանին, նա դարձյալ իրան խաբված էր համարում, ընդունելով իշխանի բերած ընծաները և զրկվելով մելիք Վարթանեսի գանձից։ Այդ ի՞նչ հիմարություն էր, որ նա ընդունեց իր կնոջ առաջարկությունը, մի՞թե կնոջ խոսքին կարելի է հավատալ, մի՞թե առաջին կինը չէր, որ խաբելով իր տղամարդին, զրկեց նրան դրախտի փառքից։ Այսպես էր մտածում նա և տարուբերվում էր զանազան չարանենգ խորհուրդների մեջ, բայց չգիտեր ինչ կերպով հագեցնել իր ագահության կրքերը։

Խանը այն տեսակ մարդիկներից չէր, որ շնորհակալ է լինում ստացածովը․ այս պատճառով Թորոս իշխանի հարուստ ընծաները ոչ միայն չբավականացրին նրան, այլ ձգեցին խիստ խորին կասկածանքի մեջ, — արդյոք այդ մարդը, որ այսքան կարողացավ տալ ինձ, ուրեմն ո՞րքան պետք է պահած լինի իր համար։ Նա տխուր էր, որ շատ ստացավ, որովհետև այդ շատը ապացույց էր ուրիշ շատերի, որ պետք չէր թող տալ մի հայ մարդու մոտ։

Շերբեթի խմելուց հետո մանկլավիկները ձեռք լավանալու ջուր բերեցին, և կամենում էին ճաշի սեղանը պատրաստել։

— Ես մի պատառ հաց անգամ բերանս դնել կարող չեմ, մինչև գերիներին բանտից դուրս եկած և իմ մարդիկների հանձնված չտեսնեմ, — ասաց Թորոս իշխանը փոքր-ինչ սառն կերպով։

— Ինչու՞ եք շտապում, — պատասխանեց նրան խանը ծիծաղելով, — դեռևս ճաշտ անուշ արեք, հանգստացեք, այնուհետև, երեկոյան զովի ժամանակ, երբ գնալու կլինեք , գերիներին ձեզ հետ կտանեք։

Բայց պարսկական ճաշը` հնդկական անուշահոտություններով, իսկ հաճախ թույներով համեմած ճաշը, Թորոս իշխանին չէր գրավում։ Նա իսկապես ախորժակ չուներ մի բան ուտելու, թեև ճանապարհից էր եկած, թեև ոչինչ չէր կերած։ Գերիների վիճակը սաստիկ տանջում էր նրա առաքինի և սիրող սիրտը։ Նա ցանկանում էր շուտով տեսնել նրանց, տեսնել, թե որն մեռել, և որը կենդանի մնացել։ Բայց խանը չէր կամենում, որ իշխանը գերիներին նույն ցավալի դրության մեջ տեսնե, որպես պահել էր նրանց․ այս պատճառով իր մանկլավիկներից մեկի միջոցով ծածուկ պատվեր տվեց բանտապետին, որ նրանց դուրս բերե բանտից, շղթաները արձակե, և կեղտոտության մեջ ապականված այդ թշվառներին փոքր-ինչ մաքրել տա։
Այդ միջոցին երկու մելիքների վրանը մտավ խանի սպասավորներից մեկը, որին կաշառել էին լրտեսելու, թե ինչ վախճան կունենա Թորոս իշխանի այցելությունը։

— Ի՞նչ լուր բերեցիր, — հարցրեց նրանից մելիք Ֆրանգյուլը։

Սպասավորը պատմեց, թե խանը սիրով ընդունեց իշխանին, և շնորհակալ եղավ նրա բերած «փեշքեշների» համար, և հրամայեց բանտից դուրս բերել գերիներին և հանձնել իշխանի մարդիկներին։

Սպասավորի յուրաքանչյուր խոսքը նետի նման ծակում էր երկու մելիքների սրտերը։ Նրանք դժվարանում էին հավատալ, թե խանը կարող էր այսպես հեշտությամբ իր միտքը փոխել, թե նա այնքան կհիմարանար, որ չէր հասկանա իր սեփական շահերը, և չէր կատարի այն բոլոր օգտավետ խորհուրդները, որ նրա հավատարիմ մելիքները հաղորդեցին նրան։ Ուրեմն դարձյալ խորտակվեցավ այն մեծ որոգայթը, որի մեքենայության վրա այնքան շատ աշխատել էին այդ երկու մարդիկը, դարձյալ նրանց ջանքերը իզուր անցան։ Բայց խանի տրամադրության անակնկալ փոփոխությունը առանց մի նշանավոր պատճառի չէր լինելու, և այդ պատճառը գիտենալը ավելի հետաքրքրում էր մելիք Դավիթին։

— Դու այն ասա, Կաֆար, — հարցրեց նա սպասավորից, — դեռ Թորոս իշխանը չեկած, ո՞վ տեսնվեցավ խանի հետ։

— Հարեմից մի կին եկավ խանի վրանը, և նրա հետ առանձնացած գաղտնարանում, երկար խոսում էին, — պատասխանեց սպասավորը։ — Ծերունի ներքինապետը սատանայի նման կանգնած էր գաղտնարանի մուտքի մոտ և ոչ ոք համարձակություն չուներ մոտենալու, դրա համար ես ոչինչ լսել չկարողացա։

Մելիք Դավիթը հասկացավ բոլորը, դա անիծված Սյուրին պիտի լիներ, որ այս անգամ ևս խոչընդոտ դրեց հոր ձեռնարկության առջև, որ այս անգամ ևս ոչնչացրեց նրա բոլոր հույսերը։ Կատաղությունը, վրեժխնդրությունը իր ամբողջ դժոխային վրդովմունքով լցրին թշվառ հոր սիրտը։ Նա այնքան մեծ ակնկալություններ ուներ իր աղջկանից, նա հավատացած էր, որ Սյուրին կլինի մի լավ միջնորդ, մի լավ բարեխոս իր և խանի մեջ, և կաշխատե կատարել հոր բոլոր ցանկությունները, իսկ այժմ հակառակն էր տեսնում։ Խաբված հույսը ավելի զայրացնում էր նրան։ Նրան հայտնի էին բոլոր պատճառները, թե ինչո՞ւ Սյուրին այսպես էր վարվում։ Նա ծախեց իր աղջկան, վաճառեց նրան փառք և իշխանություն ստանալու համար։ Նա խլեց նրան քրիստոնեական ընտանիքից և ձգեց մահմեդական հարեմի ապականության մեջ և, որ ամենագլխավորն է, նա զրկեց աղջկան իր սիրած տղամարդից․․․ որ այժմ գտնվում էր միևնույն գերիների թվում․․․ և որի շղթաները կամենում էին ավելի ծանրացնել, և եթե հնար կլիներ, նրա կյանքին մահ նյութել․․․ Անգութ, անողորմ փառասերը կարծում էր, թե կարող կլինի խեղդել բնության ձայնը իր սիրող դստեր մեջ, կարծում էր, թե պարսկական փակված հարեմի խլության մեջ բոլորը կմոռանա նա, ինչ որ առաջ այնքան թանկագին, այնքան մոտ էր նրա սրտին։ Նա չէր կարծում, թե հայ ընտանիքի ստրկացած դստեր մեջ կարող է լինել այս աստիճանի կամքի և բնավորության հաստատություն։ Նա չէր մտածում, որ Սյուրիի այժմյան կյանքի պայմանները կարող էին նրան ավելի խելամուտ դարձնել և ավելի ջերմ կերպով բորբոքել նրա սրտում կորցրած տղամարդի սերը։ Մելիք Ֆրանգյուլի արծվի տեսությունից անհայտ չմնաց իր գործակցի խռովությունը․ նա տեսավ, թե որպես այդ սառնասիրտ և անագորույն մարդը շփոթության մեջ ընկավ, երբ լսեց սպասավորի բերած համբավը։ Բայց ինքը չէր հավատում, որ խանը փոխած լինի իր միտքը, նա ավելի հավանական էր համարում, որ խանը կընդունե Թորոսի բերած ընծաները, կխոստանա վերադարձնել գերիներին, իսկ հետո կհրամայե նրան բանտարկել, և կպահանջե նրանից մելիք Վարթանեսի գանձերը։ Ի՞նչ կարող են անել իշխանի բերած երկու հարյուր ձիավորները և քսանևհինգ թիկնապահները, որոնց առջև կանգնած են նույն թվով զինված պարսիկներ։ Շատ-շատ հայերի և պարսիկների մեջ կռիվ կըկնի, մարդիկ կսպանվեն, բայց դարձյալ Թորոսը կմնա խանի ձեռքում։

— Դու հաստատ գիտե՞ս, որ խանը հրամայեց գերիներին հանձնել Թորոսի մարդկանց ձեռքը, — հարցրեց նա սպասավորից, չնայելով, որ նա արդեն հաղորդել էր այդ տեղեկությունը։
— Ինչպես չգիտեմ, — պատասխանեց սպասավորը գործագետ մարդու եղանակով, — ես իմ ականջով լսեցի և իմ աչքով տեսա, երբ բանտապետը խանից հրաման ստանալով, գնաց, բաց արեց բանտի դռները և պատվիրեց իր սպասավորներին մաքրել գերիներին, որ իշխանը նրանց այնպես կեղտոտ չտեսնե։

Սպասավորը կրկին հեռացավ, պատվեր ստանալով երկու մելիքներից, եթե մի նոր փոփոխություն կամ մի նոր դեպք կպատահե` շուտով իմացում տալ նրանց։

Սպասավորի հեռանալուց հետո երկու մելիքները, կայծակնահար եղած մարդու նման, եկար մնացին մի սոսկալի շփոթության մեջ։ Նրանցից ամեն մեկը խոսք չէր գտնում իր սրտի ցավը և վրդովմունքը արտահայտելու։ Մելիք Ֆրանգյուլը մինչև այսօր հույս էր դրած մելիք Դավիթի խորամանկության և բազմափորձության վրա։ Նա հավատացած էր, որ այդ բանսարկուն իր ազդեցության տեր դստեր միջնորդությամբ ամեն ինչ կարգի կդնե։ Իսկ այժմ մի խուլ զգացմունք նրան համոզում էր, թե Սյուրին խիստ անշնորհակալ գործիք է հոր ձեռքում, թե հայրը այնքան ազդեցություն չունի նրա վրա, որքան ինքը աշխատում է ցույց տալ, և վերջապես Սյուրին հակառակ է գնում հոր ձեռնարկություններին։ Այդ կարծիքների մեջ ավելի համոզվեցավ նա սպասավորի այն խոսքով, որով հայտնեց, թե Թորոս իշխանի գալուց առաջ, հարեմի կնիկներից մեկը վրանի գաղտնարանում տեսնվեցավ խանի հետ։ Ո՞վ կարող էր լինել այդ կինը, եթե ոչ Սյուրին․ և կնիկներից որի՞ն կարող էր հետաքրքրել գերիների վիճակը, եթե ոչ նրան։

— Դուք չե՞ք կարծում, որ այդ բոլոր գործերը փչացնողը ձեր աղջիկն է, — հարցրեց նա մելիք Դավիթից։

Թշվառ հոր լեզուն կապվեցավ, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել․ անակնկալ հարցը սարսափեցրեց նրան։

— Ես չեմ կարծում, — պատասխանեց նա րոպեական մտահուզությունից հետո։

— Ապա ի՞նչով եք բացատրում Սյուրիի խանի հետ տեսնվելը Թորոսի գալուց առաջ։

— Ես առավոտյան ձեզ պատմեցի, թե այս գիշեր հարեմի մեջ պատահել է մի անկարգություն, կնիկներից մեկը Սյուրիի քնած

ժամանակ կտրել է տվել նրա ծամերը, երևի, այս առիթով դիմել է նա խանին, հայտնելու իր գանգատը։
Թեև մելիք Դավիթի բացատրությունները հեռու չէին հավանականությունից, այսուամենայնիվ, մելիք Ֆրանգյուլի սրտում մնաց մի խուլ կասկած դստեր և հոր հարաբերությունների մասին, մանավանդ երբ նա մտաբերեց, որ առավոտյան Սյուրին մերժել էր հոր այցելությունը, պատճառ բռնելով իր տկարությունը։ Հարազատ հորից ավելի ո՞ւմ կարող էր ընդունել հիվանդ աղջիկը, որ մահմեդականների մեջ ոչ մի ազգական, ոչ մի բարեկամ չուներ։ Եվ ի՞նչ հրաշքով այդ հիվանդը այնպես շուտ առողջացավ, որ շտապեց բողոքել իր ծամերի կտրվելու մասին։ Այդ բոլորը մելիք Ֆրանգյուլին թվում էին անլուծելի հանելուկներ։

Բայց մելիք Դավիթի համար ամեն ինչ պարզ էր, թեև նա աշխատում էր խորամանկությամբ ծածկել։ Նրան հայտնի էր իր դստեր սերը Գենվազի Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի հետ, որ այժմ գերիների թվումն էր գտնվում, որին սպանել տալու ամեն միջոցները անցան ապարդյուն․․․ Նա գիտեր, որ Սյուրին այնքան խելք ու այնքան համարձակություն ուներ, որ կարող էր ցրել խանի հրապուրանքը Ստեփաննոսի հոր մելիք Վարթանեսի առասպելական գանձի մասին։ Եվ վերջապես, նա բոլորովին բնական էր համարում, որ Սյուրին կաշխատեր հաջողեցնել գերիների ազատությունը, որպեսզի նրանց թվում ազատված լինի և իր սիրելին։ — Այդ բոլորը ոչնչացնելու, այդ բոլորը խափանելու համար, և Թորոս իշխանին ձեռնունայն, ամոթալի վերադարձնելու համար` բավական էր մի խոսք ասել խանին, — բավական էր հայտնել նրան, թե իր պաշտելի Սյուրին խաբում է, դավաճանում է նրան, թե նա սիրում է այն գերիներից մեկին, որոնց ազատության համար բարեխոսություն է անում, թե նա վաղուց իր սիրտը տված էր այդ պատանուն, որ կարող է մի ժամանակ ոչ միայն խլել նրա հարեմի կնիկներից ամենագեղեցկին, այլ տիրանալ և այն գավառին, որ պատկանում էր նրա հորը, որը նվաճելու համար խանը գործ դրեց այնքան շատ զոհողություններ։ Այդ բոլորը անագորույն հայրը պատրաստ էր հայտնել խանին։ Նա պատրաստ էր մատնել հարազատ աղջկան։ Բայց ի՞նչ կլիներ դրա հետևանքը։ — Հետևանքը, որպես պարզ հայելու մեջ, տեսնում էր նենգավորը․ խանը, արդարև, գերիներին դարձյալ կպահեր իրանց շղթաների մեջ և Թորոս իշխանին դատարկ ճանապարհ կդներ։

Խանը Ստեփաննսին սպանել կտար։ Խանը նրա սիրուհուն` Սյուրիին խեղդել կտար կամ խայտառակությամբ դուրս կձգեր իր հարեմից։ Այս բոլորը անտարակույս կաներ խանը։ Բայց ի՞նչ կշահեր մելիք Դավիթը, — ահա այդ հարցը տանջում էր նրան։ Սյուրիի անհավատարմությունը պետք է պատճառ դառնար նրա հորը կորցնել իր բոլոր նշանակությունը խանի աչքում։ Եթե այժմ թե՜ հայ և թե՜ մահմեդական հասարակությունների մեջ համարում և ազդեցություն ուներ նա, դրանցով պարտական էր իր աղջկանը, որ խանի առաջին կինն էր։ Բայց երբ Սյուրին այլևս չէր լինի, այնուհետև ո՞վ մարդու տեղ կդներ տաթևացի ուրացողին։ Այժմ նրան թեև սրտով չէին հարգում, բայց նրանից վախենում էին, որովհետև խանի նման մի հզոր փեսա ուներ։ Բայց երբ նրա բոլոր կապերը կքանդվեին խանի հետ, այն օրից նա կընկներ, այն օրից նա կկորցներ բոլորը։ Թեև Սյուրին ոչ մի ժամանակ չէր օգնել նրա չար նպատակներին, թեև նա միշտ հակառակել էր հոր եղեռնական դիտավորություններին, բայց այդ գիտեր հայրը միայն, դրսից այլապես էին նայում գործերի վրա։ Դրսից այնպես էին կարծում, թե մելիք Դավիթը իր աղջկա միջնորդությամբ խանի խելքը, միտքը և սիրտը իր ձեռքումն ունի։ Ինչո՞ւ չշահվել միամիտների այդ երևութական կարծիքից։ Ինչո՞ւ իր ձեռքով ոչնչացնել իր բախտը․․․
Խաբեության սովորությունը զսպեց չարագործին հարազատ աղջկան մատնելու ցանկությունից, ոչ թե նրա կյանքը և պատիվը խնայելու մտքով, այլ իր կարծիքական բարեկամությունը խանի ընտանիքի հետ պահպանելու համար։

— Այդ պարսիկների խոսքերին ամենևին հավատալ չէ կարելի, — ասաց մելիք Ֆրանգյուլը տհաճությամբ, ընդհատելով իրանց մեջ տիրող լռությունը։

— Պարսիկները մեղավոր չեն, — պատասխանեց մելիք Դավիթը սառնությամբ, — մեղավորը մենք ենք, որ չգիտենք իր ժամանակին ցանել, որ կարողանանք նույնպե իր ժամանակին պտուղ ստանալ։ Սուտ չէ ասած, թե «հայի վերջին խելքն է գովելի», որովհետև գործի սկզբում նա խելք չունի։ Այսպես էլ վարվեցանք մենք։ Թորոս իշխանը առաջուց իր պատվիրակների ձեռքով ամեն ինչ խոսում է, ամեն պայմաններ վերջանում է խանի հետ, իսկ մենք հետո ենք իմանում, և հետո ենք աշխատում նրա արդեն եփած ապուրի մեջ սառն ջուր խառնել։ Այսպիսի հիմարություննրը խիստ սակավ անգամ են հաջողություն գտնում։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top