Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
- Լսիր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանով է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանով է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանով է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր...
Բաց շուրթերդ, խոսի՜ր, անգին,
Ժիր դայլայլի՜ր, իմ սիրասուն,
Թող մանկանա քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահիր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանիր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սուր քաշեն մորդ վրան,
ՈՒ տես, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանաս: