Դեմը փայլում է հսկա արծաթափայլ հայելին:
Դեմը նստել է մի կին ու աչքերով մեռելի
Նայում է պաղ աչքերին` անվերջ, էլի ու էլի:
Թափել է վար, ճակատին դեղին մազերը հիմա,
Ու ակնարկում է մթին տագնապներով ակամա:
Այնպես օտա՛ր է, այնպես անսիրելի ու հեռու.
Ի՞նչ են գտել նրա մեջ գուրգուրելու, սիրելու:
Տխո՛ւր, տխո՛ւր, որպես մահ, ակնարկում է հայելին.
Սանրվում է սակայն նա, դեմքը ժպտում է էլի:
Ու կանգնել է իրեն մոտ — մոտի՛կ, մոտի՛կ, որպես սեր —
Մի բարեկամ անծանոթ, հրաշագործ մի ընկեր:
Դեմքին տաղտուկ մի ժպիտ, ձեռքին սրվակ ու փոշի`
Թափում է նո՛ւրբ հմայքներ, ծախվող բույրեր ուրիշի:
Հարազատ է այնքան այդ զրնգունը մկրատի.
Ի՞նչ է ուզում սակայն ծեր, չար ժամացույցը պատի:
Նա ինչո՞ւ է աղմկում, որպես տաղտուկ թշնամի
Սուր զարկերով իր բեկուն` հարվածների պես գամի:
...Մոգ-վարսավիրը սակայն թափում է նուրբ հմայքներ —
Ու էլ դեմքով դյութական` ահա ելնում է նա վեր:
Ո՞ւմ ինչ, որ նա էլ հիմա ինքն իրեն չի ճանաչի —
Ու ժպիտով ակամա պիտի գերի ու խաչի:
Ես պոետ եմ ու գիտեմ, որ աշխարհում այս նսեմ,
Ճշմարիտ է միայն այդ ամոքող սուտը լուսե: —
Սուրբ է կյանքում միայն դա՜ — ամոքող փայլը ստի.
— Օ, պչրուհի՜, հավատա՜ երազներին պոետի...