— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Առակիս ծառը խրատում է հյուրերին ու աղքատներին, որ հարմար ժամի գնան մեծարանք փնտրելու, հյուրերը ուտելու և հանգստանալու, իսկ աղքատները՝ կարիքները բավարարելու։ Եվ ամեն ժամ հյուրընկալողները պատրաստ չեն ընդունելու, կամ բարեգործները` ողորմություն տալու: Իսկ ամբաստանելու և տրտնջալու դեպքում չպետք է չարանալ, այլ անհրաժեշտ է պատասխանել քաղցրությամբ, բացատրել անպատրաստության պատճառները և այլ ժամի առատաձեռնությունը։