Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Թագավորի երեք երազը

Թագավորի երեք երազը
Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.
— Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է.
— Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:
Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.
— Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:
Նա պատասխանում է.
— Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։
Ասում է.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։
Եվ մարդը գնալով, թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։
Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ ամաչում է գնալ վիշապի մատ։ Եվ այնուամենայնիվ գնալով, պաղատագին ասաց.
— Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։
Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։
Եվ գնալով, մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով, թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը, մարդը տարավ, հանձնեց վիշապին։
Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։
Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է, խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։
Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.
— Ո՜վ մարդ, դու մի տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բեբումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top