Առաջներում մերպեսներին
Այրում էին խարույկի մեջ...
Հիմա պիտի խարույկ վառենք մենք ինքներըս,
Խարույկ՝ մեզնո՛վ։
Աղը կրակ է հանգցընում։
Բայց մենք պիտի մեր կրակով աղն էլ վառենք,
Որ ավելի բոցավառվենք,
Այնպե՛ս վառվենք,
Որ չմնա նույնիսկ մոխիր ու մնացորդ...
2.
Առաջներում մերպեսներին
Կա՛մ քառատում, կա՛մ սպանում էին դանդաղ՝
Մեր մարմնի մեջ ցից խրելով,
Ինչպես քորոցն են մխրճում
Թիթեռնիկի եղա՜ծ-չեղած մեկ օրվա մեջ...
Հիմա պիտի մենք ինքներըս հանգիստ նստենք
Հեռուստացույց-աշտարակի բարձըր ցցին,
Որպեսզի մեր սուր դեմքերով ու խոսքերով
Մենք ինքներըս ցցվենք-մնանք
Ողջ մարդկության ականջներում ու աչքերում՝
Իբրև նշտար ապաքինման,
Իբրև ասեղ սրսկումի...
3.
Առաջներում մերպեսների ականջն էին հատում հիմքից,
Կտրում ձեռքը, կտցում աչքը, հատում լեզուն
Կամ ճակատին խորատպում անջինջ խարան՝
Համարելով մեզ չար կախարդ,
Սուտ մարգարե։
Իսկ մենք հիմա պիտի արձակ ու համարձակ
Վերադառնանք վաղնջական մեր արհեստին՝
Դառնանք կախարդ... մեր բարությամբ,
Գեղեցիկի ու վսեմի նոր հարությամբ,
Եվ մարգարե դառնանք իրոք՝
Ա՛յն անվանի և անանուն խոտերի պես,
Որ զգում են մոտալուտը արեգակի,
Եվ կամ թե չէ ա՛յն գազանի մաշկի նման,
Որ փոխվում է՝
Եղանակի փոփոխումը նախզգալով...
4.
Առաջներում մերպեսներին նայում էին,
Ինչպես նայել ու նայում են բորոտներին։
Եվ, ճիշտն ասած, մենք իսկապես
Բորոտներ ենք, սակայն... ներսից։
Թաքուն տենդից, ցուրտ առնելուց
Դուրս է տալիս շուրթը ոմանց,
Իսկ մեր՝ ներսը,
Իսկ մեր՝ հոգին։
Կարմի՜ր-կարմի՜ր բշտիկներով
Մենք պատված ենք ներսից այնպես,
Ինչպես հոնի աշնանային ծառը դրսից։
Մեր ներսն ամբողջ ասես լինի համակ խտուտ,
Ինչպես կուրծքը նորահարսի։
Քոր է գալիս մեր ներսն ամբողջ...
Ու... մեր ներսով - ներաշխարհով
Մենք քսվում ենք ու քսքսվում
Ողջ աշխարհի ելունդներին,
Բարի ձեռքին մարդկայնության,
Սիրո սուր-սուր եղունգներին
Եվ ցասումի սանրին քերող...
5.
Սոխի գլխի տեղ էին մեզ դնում հաճախ։
Մենք, որ սոխի գլուխ չէինք բոլորովին,
Մենք նման ենք սոխի գլխի լոկ այնքանով,
Որ նրա պես բազմաշերտ ենք, բազմափաթեթ։
Եվ մենք հիմա մեզ ինքներըս
Պիտի բացենք հոժարակամ,
Բացենք շե՛րտ-շե՛րտ, փաթե՜թ-փաթե՜թ,
Երբ որ պետք է՝ թեկուզ կծու սոխի՛ նման,
Երբ որ պետք է՝ արդեն ծաղկի կոկոնի՛ պես:
Պիտի բացվենք հոժարակամ
Փաթե՜թ-փաթե՜թ ու շե՜րտ առ շե՜րտ,
Մինչև հասնենք մեր միջուկին՝
Ինչպես մայրերն են սպառում իրենց կաթը,
Մինչև իսպառ մենք սպառվենք,
Ինչպես այրերն են սպառում
Որդեսերման զորությունը...
6.
Կան խայտառակ ժամանակներ,
Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,
Ապա նրա ձեռք ու ոտքին
Ուրիշներն են դնում կապանք։
Մենք մեր լեզվի կապն ենք կտրել,
Որովհետև, ճիշտ է, լեզուն չունի ոսկոր,
Բայց կարող է... ոսկո՛ր ջարդել,
Նաև կապա՜նք ձեռք ու ոտքի։
Մենք, որ մարդ ենք ծնվել մորից,
Ո՛չ, չենք ուզում դառնալ նորից
Ինչ-որ ընձուղտ երկարավիզ ու բծավոր,
Մենք չենք ուզում դառնալ ընձուղտ,
Որ վիզներըս չերկարացնենք
Դեռ չեղած ու չլինելիք
Բան տեսնելու հիմար հույսով։
Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ,
Որ մեր մաշկին անհուր աստղեր չդաջոտեն՝
Մեզ դարձնելով մի սուտ երկինք։
Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ,
Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին
Ո՛չ մի անգամ ամբողջ կյանքում
Ձայն ու ծպտուն չի՜ արձակում...
Մենք ուզում ենք գործի լեզո՜ւն,
Բայց ո՛չ իբրև երկանք ստի
Ու ջրաղաց խաբեության։
Դժվար բան է սուտ ասելը,
Բայց սուտ ասելն ավելի է հեշտ ու դյուրին,
Քան թե անվերջ սուտ լսելը։
Ռետինաձև սուտ ծամելուց մենք զզվել ենք։
Լավ ապրանքը ինքն է ծախվում,
Ու վատն է, որ պիտի գովես։
Իսկ մենք դեմ ենք ամե՜ն տեսակ փերեզակի...
Մենք ծնվել ենք, աշխարհ եկել,
Ո՛չ թե թվալ - երևալու խաբեությամբ,
Այլ լինելո՜ւ,
Ա՛յն լինելու, ինչ կանք իրոք։
Մենք ծնվել ենք, որ մարդկության
Հազար ու մի «ինչու»-ներից գոնե մեկի
Հարցապնդող աչքում մխենք
Մեր գոնե մե՛կ պատասխանը
Եվ դրանով գոնե մաս-մաս վերադարձնենք
Օտարացվող էությունը մեր մտքերի,
Որ չխամրեն սրանք այնպես, կարծես իսկույն
Չորացնում են ծծողական կոչվող թղթով
Եվ մեզ տրված մեծությունից
Թողնում միայն մի ճմըռթված թղթի կտոր,
Որ կոչվում է «Ստացական»...
7.
Հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի,
Բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ.
Ծնվում են մեծ, բայց չեն թողնում, որ դառնան մեծ։
Մենք ծնվեցինք...
Ու սնվեցինք
Շատ ավելի «ալելույա-օվսաննա»-ով,
Քան թե հացով սովորական...
Ճարպոտ մուժն էր վարագուրում
Կիսաքաղցի մեր աչքերը։
Փայտոջիլներն էին կծում ու կծոտում
Երազները մեր անմարմին։
Բայցևայնպես մերպեսները կարողացան
Պատիվն իրենց պահել ճերմակ
Եվ խիղճն իրենց պահել մաքուր՝ աղի նման,
Որովհետև մերպեսները
Նախընտրում են զրկվել գլխից,
Քան խոնարհել գլուխն իրենց նրա՛նց առաջ,
Ովքեր լուրջ-լուրջ փորձ են անում
Ուղեղ հատել՝ դրամի պես
Ու միտք դաջել՝ լաթի նման։
Մերպեսները, ո՛չ, երբևէ
Ծունկ չեն ծալում կուռքի առաջ
Եվ չեն հանում իրենց աչքը ա՛յն պատճառով,
Որ այդ կուռքը, կիկլոպի պես, մեկ աչք ունի։
Շա՜տ-շա՜տ՝ նրանք կկոցում են մեկ աչքն իրենց,
Որ... ավելի հեռո՛ւն տեսնեն ու պա՜րզ տեսնեն։
Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝
Անտանելի ցավն աշխարհի
Որևէ կերպ բարձրացնելու
Եվ արևի կիզարանում մոխրացնելու նպատակով։
Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝
Գեղեցկության մերկ ծնկներին շուլալվելո՛ւ,
Հողի տաքուկ բուրմունքի մեջ լուռ հալվելո՛ւ,
Մանուկների աչքերի մեջ նկարվելո՛ւ երազանքով...
Մենք թռչուն չենք,
Որ մի կաթիլ ջուր ըմպելով՝
Կտուցներըս անմիջապես երկինք տնկենք։
Ով ուզում է իր ջուրն ըմպել աղբըրակից,
Նա չի՛ կարող չխոնարհվել,
Նա չի՛ կարող ծնկի չգալ։
Եվ չի՛ կարող չխոնարհվել,
Ու չի՛ կարող ծնկի չգալ՝
Ով ուզում է նայել խորքը ջրհորների,
Որոնք նույնպես ուրիշ բան չեն,
Քան թե կուռքեր՝
Արձանները ա՛յն աղջամուղջ-մթնշաղի,
Որ ներաշխարհ կամ հոգի է կոչվում դարեր։
Եվ մերպեսներն ա՛յդ կուռքին են երկրպագում,
Խոնարհվում ու ծնկի գալիս
Ա՛յդ կուռքերի առաջ միայն՝
Նրանց մթին հայելու մեջ
Իրենք իրենց ճանաչելով...
8.
Ու գալու է մի ժամանակ,
Երբ որ պիտի մարդիկ նաև մերպեսների՛ն երկրպագեն՝
Ոչ կուռքի՛ պես,
Ո՛չ էլ աստծու,
Այլ... հերոսի՜,
Որովհետև մենք լավ գիտենք,
Որ շատ հաճախ
Բռունցքով ենք զարկում մեխի ծակող ծայրին,
Մեր բռունցքով՝ մուրճի տեղակ։
Բայց դրա հետ գիտենք նաև.
-Բռունցքը չէ,
Որ սարքվել է մուրճի ծանոթ օրինակով,
Այլ մուրճն է հենց,
Որ սարքվել է մեր բռունցքի նմանությամբ։
Ու մենք գիտենք.
-Եթե քամին
Ընդամենը մեր մազերի հետ է խաղում,
Ապա ինքը եղանակը խաղ է անում... մեր գլխի՜ հետ։
Բայց աստղերը իրենց կլոր - ճերմակ սանրով
Հանգստարար շարժումներով ամեն անգամ
Հարդարում են քամուց գզված մեր մազերը
Ու դրանով հավատացնում իրենց ու մեզ,
Որ առայժմ... մեր գլուխը իր տեղումն է...
Այս հավատով ու հույսով է, բարեկամըս,
Որ աշխարհում մերպեսները ամեն գիշեր
Աղքատ քնում ու զաթնում են հարստացած...
18-20.XI.1963թ.
Երևան