Իմ հոգու մեղկության, առօրեական ճղճիմ
Սին հոգսերի վրա թագավորող հավետ
Ո՛վ Առնական Ոգի.
Արհամարհիր մահը՝ այն դալկամիտ խեղճին,
Որ հագած ֆարաջան տերտերական խղճի,
Կտանի քեզ դժոխք, կամ դրախտ երկնավետ:
Կասկածո՞ւմ ես արդյոք, որ երբեք չի չոքի
Մահը հոգուդ վրա և աշխարհի վրա,
Քանզի ինքը - մահվան արարչական ոգին
Ամեն վայրկյան ցավով ծնում է, տե՛ս, նրան -
Կյանքի ահեղաճիչ առօրյա մանուկին...
Բ. ԳԻՇԵՐԵՐԳ
Առկայծում են երկնի ջահերը,-
Վառվում են իմ երկնային տաճարում...
Ա՜խ, մեռածը որքա՜ն ջահել է,
Որքա՜ն քնքուշ է, ինչպես գարուն...
Ա՜խ, մարած ու անլույս աչքերում
Կարծես արևն է այդ, որ մարել է.
Վարսերի հյուսքը զեփյուռ է բերում.
Ժպիտը՝ ամպերին զարդարել է...
Բայց այդ ո՞վ է, որ հարդարել է
Այդ վարսերը՝ հարուստ ու փարթամ...
Եվ եթե մահը նրան էլ տարել է,-
Սրա վրա ե՞ս պիտի սաղմոս կարդամ...
Գ. ՑԱՅԳԵՐԳ
Հոգեհանգի՜ստ, հոգեհանգի՜ստ...
Վախվըխելով գիշերն է գնում,
Ճամփան մութ, ինքը հետիոտն.
Երկնքում մեռած լուսինն է քնում,
Հառնում է խավարը՝ որպես մահվան բոթ...
Շուրջը լռություն, անդո՜րր ու հանգի՜ստ.
Լռել է անգամ չղջիկը անտուն.
Չի կըվվում չար բուն ավերակ վանքից,
Ծղրիդն է լռել մոտիկ բացատում...
Լուսնի դիակը ծածկել է ամպը,
Ամայացել է մարդաշատ ճամփան...
Սարսափն է գերում ինձ քիչ-քիչ.
-Մի՞թե միմիայն ես եմ վրիպել չար մահվան աչքից...
Հոգեհանգի՜ստ, հոգեհանգի՜ստ...
Դ. ԱՅԳԵՐԳ
Արևելքին խոցխոցում են լուսո սլաքները,
Քնած բնությունը աչքերն է ճմլում,
Թփուտներում թևահարում են հավքերը,
Լողանում են կարապները ջրում...
Արևելքը ահա խնդություն է ցրում,
Պարզվում են երկնքի աչքերը
Եվ լուսո արցունք են ծորում...
Այս անգամ ես եմ զարթոնքի այդ պահին
Քնել խոր խոհերիս խորքում...
-Բայց ինչո՞ւ են կարապները մահվան երգ երգում...
Ե. ՍԻՐԵՐԳ
Երկինքը խնդություն է ցողում,
Կոկոն վարդը բացում է թերթեր,
Զեփյուռից վարդենին դողում,
Օրորվում է թեթև...
Արևը վարսերը նետել,
Լվանում է հորդ գետի ջրում,
Արևը վարսերը փետել,
Երկրի վրա է ցրում...
Ես նստած սիրերգ եմ գրում
Ու սիրտն իմ խնդությամբ թաց է,
Բայց ահա մեկը սև բոթ է բերում.
-Գետում խեղդըվեց սիրածըդ...
Զ. ՄԻՋՕՐԵԻ ԵՐԳ
Զենիթում մեխվել է արևը,
Կարծես ննջում է, կամ մեռած է.
Տափաստանում կյանքը մարել է -
Կենդանությունն է վերացել...
Արևը ջերմություն է շնչում.
Տափաստանն է անջրդի քարափ...
Օդում ոչ մի թռչուն,
Լճում ոչ մի կարապ...
Եթե գտնվի մեկը՝ պարապ,
Այս մեռյալ, մահառիթ ժամին,
Թե վարարի հորդառատ անձրևե տարափ,
Թե բարձրանա հռնդուն քամին,-
Հենց այդ երկունքի ժամին
Կմեռնեմ ես - անդարձ ու հանգիստ,
Քանզի եթե իջնող նժար կա մի,
Ապա կա բարձրացող մի այլ նժար...
Եվ հոգիս համաձայն է ու սիրտս՝ հոժար,
Որ ծնվողը մեռնողին կարդա հոգեհանգիստ Միշտ, Միշտ...
Է. ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԳԸ
Գլորվում է արևը ներքև.
Դեպի մահվան իր մահիճը...
Մեռնող շողերը երկիրն են ներկել,
Ինչպես ներկում է ձեռքերն իր դահիճը:
Ու բեղմնաբեղուն դաշտերն ու ճահիճը,
Խոլական ծովը, երկինքն անագե,
Բարձրագահ լեռները՝ դեմքերին կավիճը,
Մեռնող արևի շողերն են հագել...
Մեռնում է արքան,
Հատնումով անգամ
Այնքա՜ն, օ՜, այնքա՜ն
Պայծառ ու հստակ, բոսոր, կրակե...
Եվ ո՞վ կարող է նորից - նոր ծագել
Նրա պես հստակ, նրա պես պայծառ,
Նրա պես հրկեզ, նրա պես անծայր...
Եվ իջնում է արդ խավարը դաժան...
Երկնում առկայծող աստղերը հազար
Չեն փոխարինում պայծառ արևին...
Մեզանից հեռու, օտար են նրանք
Եվ չեն պարգևում մեզ հուր ու կրակ...
-Թող միշտ արևը երկրին արևի...
Ը. ՊԱՐԵՐԳ
Փչում է քամին կատաղի խանդով,
Անծայր դաշտերում ահեղ հռնդում.
Ու ցողունները մի խոր եռանդով
Պարում են անդուլ անտառում, հանդում:
Պարերգ է սուլում այս քամին անտուն.
Պարը դառնում է խոլ ու խելագար -
Ճկուն թեքում է սիգապանծ բարդուն,
Սեգ կաղնուն գետնում այնպես խոլաբար...
Փոշու ամպերով ծածկում է ճամփան,
Վերև է հառնում ջրերը գետի,
Շոյում է քնքուշ և մտերմաբար
Ե՛վ լեռ, և՛ քարափ, և՛ մարգագետին...
Ապա դու փորձիր, ընկեր իմ, գտի՛ր,
Թե ի՞նչ է բերում այս պարը մոլի.
-Նա կամ գոռ ծնունդ աշխարհ կնետի,
Կամ մահ կարող է բերել բոլորին...
...Օ՜, մի համառիր, պոե՛տ, հավատա,
Վակխանալիա չէ, մահվան պարն է դա...
Թ. ՎԵՐՋԵՐԳ
Այն, որ անտես է, այն, որին չեն տեսնում քո աչքերը,
Այն, որ քնած է միայն, դու մեռա՞ծ ես կարծում...
Չգիտե՞ս միթե, որ յուրաքանչյուր տրված հարցում
Միշտ հառնում են պատասխան ծնող անցքերը:
Այդպես քնածը արթնությամբ իր հորիզոնն է բացում,
Հորիզոն, որ կյանք է և ուր խաչվում են զույգ հայացքները,
Զույգ հայացքները մահվան և կենդանության...
Եվ այն, ինչ մեռած է թվում այնտեղ՝ վերև է համբարձում
Ինչպես անհնարին թվացող պատասխանը՝ տրված հարցում:
Ուրեմն սպասիր քնած, բայց մեռած թվացող նրա հարության,
Նրա, որ խաչվել է, համբարձվել է հենց նոր,
Նրա, որ Քրիստոս չէ... Քրիստոս-ցնորք...
Այդ կյանքն է հավիտյան կենդանի, հավիտյան նոր...
Եվ դո՛ւ, պոետ, որ քնել, արթնացել ես արդեն,
Ինչո՞ւ ես շվարած կանգնել...
Երգիր հարության քո երգերը,
Երգիր անկաշկանդ, անարգել,
Պոետ - երկրային անգել...