Երբ, Վեներա, իմ սիրելի՛,
Անակնկալ - այն էլ ինչպե՜ս,
Ի՜նչ դրությամբ ես քեզ տեսա,
Մեզ դարերով քո պարգևած
Ու ներշնչած բյուր սերերից
Եվ ոչ մեկից այդ վայրկյանին
Քեզ օգնության ձեռք չհասավ:
Ցուրտ էր, ձմեռ, ու ցրտի մեջ
Տաք ու դաժան մարտ էր գնում:
Եվ կույր մի արկ՝ իբրև ծաղըր
Ձևով այնքա՜ն նման սրտի,
Ներս սպրդել ու պայթել էր
Քաղաքային թանգարանում՝
Պատվանդանից քեզ գցելով
Ածխացող ու սև պարկետին:
Թալկացել էր ու մարել էր
Այն հայացքը քո աչքերի,
Որ դարերով պարգևել է
Սիրո խայտանք ու սիրո ցավ:
Քո ձևերը մարմարացած
Եղծվել էին ալ շիթերից,
Թե ի՞նչ արյան և ո՞րտեղից,-
Ծանր պահ էր՝ չհասկացա:
Ես հևիհև քեզ մոտեցա՝
Մոռանալով մահ ու կռիվ,
Ես ուզեցի ափերիս մեջ
Քո մարմարե թևը բռնել:
-Կփրկե՜մ քեզ,- շշնջացի,-
Միայն թե մեզ սիրի՛ր, սիրի՛ր.
Հեշտ չի հաղթել առանց սիրո
Եվ դժվա՛ր է, ծա՜նր է մեռնել:
Գրկիր՝ հանեմ այս մարմնակուլ,
Սեր չծնող այս հրդեհից...
Դու խնդացիր կարծես ցավով
Շիթի միջից կարմիր արյան:
Ես նո՜ր տեսա... Զրկվել ես դու
Քո մի հատիկ, միա՜կ թևից,
Դու, թևավո՜ր սիրո աստված,
Հաշմանդա՛մ ես մի կատարյալ:
Օ Վենե՛րա - գթության քո՜ւյր,
Օ Վենե՛րա - մարտի ընկե՜ր,
Ես մոռացա, թե երբևէ
Դու եղել ես աստվածուհի.
Ես մոռացա, որ դարերով,
Քո մարմինն են միայն երգել,
Կանչել են քեզ շշուկներով
Եվ խոսքերով ասված ու հին:
Եվ այնժամ քեզ, որ իմ սիրած
Թովիչ բոլոր աղջիկների
Դողդողագին բազուկներով
Գրկել ես ինձ քանի՜ անգամ,
Ես գրկեցի եղբայրաբար,
Դուրս հանեցի պաղ ձյուներից՝
Ո՛չ թե իբրև աստվածուհու,
Ո՛չ էլ իբրև կնոջ անգամ:
Այդ վայրկյանին դու ինձ համար
Զինվոր էիր մի ահավոր՝
Կռվի ելած հանուն սիրո,
Հանուն նրա անհաղթ ուժի,
Հայրենական պատերազմի
Մի հաշմանդա՛մ, մի վիրավո՛ր,
Իսկ թե նորից աստվածուհի՝
Ո՛չ թե սիրո, այլ վրեժի՜...
05.II.1947թ.