Ես կոճակն եմ սեղմում,
Եվ սլաքը՝
հլու իմ մատներին,
Որոնում է:
Ժխո՛ր:
Տհաճ սուլո՛ց:
Աղմո՛ւկ:
Խռխռում է մեկը՝
կարծես մեռնում,
Մեկի ձայնալարերն են կտրվում կարծես:
Մի ճիչ է խեղդըվում մառախլապատ հեռվում,
Օդում խռնըվում են պատասխաններ-հարցեր:
Եթերների բոլոր շերտերն եմ ես վարձել:
Ե՛ս եմ այսօր տերը...
Նայած մատներիս տակ սլաքն ուր է դառնում՝
Նայած ինչ ընթացք եմ տալիս նրան,-
Մերթ դանդաղկոտ, ծույլ-ծույլ և մերթ՝ արագ,
Նա ինքն իր շուրջ դառնում,
Հանգըրվանում է նա կայան-կայան:
Ինչպես ձուկ որսալիս հաճախ օձ ես բռնում,
Այնպես՝ ահավասիկ.
-«Խոսում է Անկարան»...
Բայց ես տեր եմ այսօ՛ր և առհավե՜տ:
Արդեն ինձ չեն կարող
Ո՛չ երեկվա խարդախ Բյուզանդիոնը դավել,
Ո՛չ այսօրվա Պոլիսն ու Անկարան,
Ինչպես որ վարվել են դարեր նրանք
Իմ պապերի և իմ հայրերի հետ:
Իմ բախտի տերն եմ ես այսօ՛ր և առհավե՜տ,
Եվ տերն եմ ես հիմա նաև եթերների...
Ու կոճակն եմ շրջում:
Մի վալս խելակորույս,
Ռոմանս, որ երգում է՝
Մարմնով ծանըր, վարքով թեթև ինչ-որ Մերի...
Հետո՝ ինչ-որ մի ձայն այն մասին է գոռում,
Որ անկարելի՜ է, անհնարի՜ն
Իրենց պես մարդ հաշվել և նեգրերին...
...Կանգնել ենք մենք հիմա
Իրար դեմ հանդիման՝
Ողջ աշխարհը և ես:
Ասենք՝ ես նստել եմ.
Ես նստել եմ հիմա ընդունիչի առաջ,-
Եվ սլաքը հլու իմ մատներին,
Կայաններ է որսում:
Ոստնում են ստերը,
Ինչպես աղանձացուն՝ բովի վրա:
Այդ՝ խոսում են նրանք.
Այդ՝ Նյու-Յորքն է խոսում՝
«Ամերիկայի ձայնը»,
Այդ՝ Լոնդոնն է խոսում՝
Իր «Բի-Բի-Սին»:
Ամաչում է անշուշտ
Ազատության հայտնի այն արձանը,
Եվ պսակն այն ծանըր,
Որ պճնում է նրա ճակատը սին,
Ամոթանքից փոխվում-փոխարկվում է
Փշերը ցից ոզնու...
Սլաքն է ոստոստում
Ասես արգելքների,
Ասես թվացույցի հետև պահված
Սղոցների վրա.
Նոր կետեր է որսում
Իմ ձեռքը անվարան:
Նվագում են, երգում և առավել՝ խոսում,
Հաճախ լեզուներով ինձ անծանոթ:
Ինքը
պատմությունն է ալիքների վրա
Ալիքների նման կարծես հոսում:
Եվ ա՛յդ, և մի՛միայն այդ պատճառով
Բոլոր, բոլո՜ր խոսքերն եմ հասկանում,
Ինչ լեզվով էլ ասված լինեն նրանք:
Հասկանում եմ.
-Հիմա
Ապրում ենք մի դարում,
Երբ ուղիներն ամեն կոմունիզմ են տանում:
Այդ մասին են ահա
Բոլոր կայաններն ու կետերը բարբառում՝
Ոմանք սարսափահար, իբրև անեծք,
Ոմանք ուրախությամբ՝ որպես հարցադըրում:
...Ում համար պարզ չէ դեռ,
Ես չեմ հարկադըրում,
Կարող է նա անշուշտ
Ռադիոընդունիչը դեռ միացած պահել,
Ինձ համար որ պարզ է.
Ես ուզում եմ հիմա այն անջատել
Եվ այս տողերի տակ վերջակետ, ո՛չ,
Դնել... կախման կետեր:
Սակայն ևս մի պահ:
Եվ այս անգամ արդեն
Ո՛չ միայն կայանը -
Ես ալի՜քն եմ փոխում ընդոստ մի շարժումով:
Եվ ճիչերի, ստի, աղմուկի տեղ
Ծավալվում է, փռվում ալիք մի նոր՝
Խաղաղության ալի՜քը ոսկեթել:
Եվ ծանոթ ու քաղցըր՝
Իբրև ողջույն սիրած ու լավ բարեկամի,
Հանդիսավոր՝ իբրև երդումի խոսք,
ահա՝
-Խոսում է Մոսկըվան...
27.XI.1948թ.
Երևան