Երանի չէ՜ր լինի, որ մարդ կարողանար...
...Ես մտքերս եմ սանրում՝
Խառնիխուռն-խճուճ,
Ծանրածանըր, ծալ-ծալ իմ մտքերը:
Սանրո՜ւմ ու սանրում եմ,
Բայց... ի՞նչ օգուտ, բայց ի՞նչ.
Չե՛ն նոսրանում նրանք
Եվ ինձնից չեն պոկվում,
Ո՛չ էլ հարդարվում են, կոկվում-սոկվում...
Ու ես հասկանում եմ, որ ինձ պետք է... քնե՜լ,
Քնել գեթ մի փո՛քըր,
Մի՛ քիչ գոնե,
Քնել թե՛ մազերիս,
Թե՛ նրանց չափ անթիվ այս մտքերի՜ս վրա...
Սակայն ծառ կոչվածն էլ իր սիրտն ունի՝
Մի անանուն թռչուն,
Որ (տա՛կ-տի՛կ-տա՛կ)
Բաբախում է, անվե՜րջ, բաբախում է:
Իսկ թե կողքիս մի սիրտ բաբախում է՝
Թեկուզ ծառի՛ վրա
Եվ ո՛չ կրծքի ներքո,
Մեռած էլ որ լինեմ՝
Ինչպե՞ս քնեմ:
Բայց կա նաև ի՛մն էլ՝ սովորակա՜ն մի սիրտ,
Որ միշտ բաբախում է քիչ անսովո՛ր ձևով.
Նա միշտ բաբախում է իմ... գլխի՜ մեջ,
Եվ այս պատճառով էլ իմ կրծքի տակ
Սրտի տեղ կա, կարծեմ, մի... ժամացույց,
Որի մեծ սլաքը ցույց է տալիս դարը,
Իսկ ծանրաշարժ փոքրը՝ ժամն անցողիկ...
Քաղաքային բոլոր ժամացույցները մեր
Կա՛մ ստում են կարգին,
Կա՛մ կանգ առնում հանգիստ
Նույն վաղեմի՜-անցա՜ծ թվացույցի վրա՝
Անձայն հռհռոցով մեզ ծաղրելով մտքում...
Իսկ ճաղատներ քի՞չ կան մեր քաղաքում
Եվ աշխարհում համայն:
Բախտավորնե՜ր...
Եվ շատ մե՞ծ է արդյոք իմ պահանջը կյանքից.
-Լինել... քաղաքայի՛ն մի ժամացույց
Կամ մի... ճաղա՛տ անցորդ,
Բոլորովի՛ն ճաղատ...
05.X.1964թ.
Երևան