-«Բո՜րբ»,- զնգում է զանգը,
Իսկ սենյակիդ ներսում արձագանքում՝ «բոսո՜ր»:
Սպասում եմ: Մի պահ:
Մի պա՞հ: Թե՞ ողջ մի կյանք,
Որ նման չէ, ավա՜ղ, հոսող ջրի կյանքին:
Սպասում եմ և՝ «մո՜ւթ»-
Ձայնը ետ է դառնում
Եվ չակերտի նման ինձ իր մեջ է առնում:
Դու չե՞ս վերադարձել:
Սուտ է ուրեմն, այո՞,
Թե կա մի վեցերորդ ինչ-որ զգայարան:
Սուտ է ուրեմն, այո՞, մանկությունից ծանոթ
«Սիրտս վկայում է» այն խոսքը, որ գուցե
Մարդկայինն է բոլոր խոսքերի մեջ մարդկանց...
Ու կոճակն եմ սեղմում՝ կոկորդի՛ պես,
Եվ այդ խեղճ կոկորդը խռխռում է խռպոտ:
«Գո՜րշ»,- սողում է ձայնը՝ հորանջի՛ պես՝ դանդա՜ղ:
Սպասում եմ։ Մի պա՞հ։ Թե՞ բովանդակ մի կյանք,
Որ խաչվում է քո տան սանդուղքների գլխին,
Խաչվում՝ պաշտամունքի չարժանացած:
Սպասում եմ և՝ «սև՜»,
Ձայնը գույնի փոխված՝
Կրկին ետ է դառնում
Եվ ինձ առնում
Իր սև շրջագծում մահազդային...
Դու տա՜ նը չես։ Պա՛րզ է։ Դու չե՜ս վերադարձել.
Որբ ես թողել և՛ ինձ,
Ե՛վ մի ամբողջ քաղաք,
Եվ հերքել ես մի բան, որ հաստատել է պետք.
Ա՛յն, որ կա վեցերո՜րդ զգայարան,
Եվ որ մարդկանց «սիրտը վկայում է» իրո՛ք:
Ու կոճակն եմ սեղմում.
«Սե՜ր»,- ճչում է զանգը,
Իսկ սենյակիդ ներսում արձագանքում՝ «կարո՜տ»...
Սպասե՞լ եմ: Որքա՞ն...
...Ու երբ վերջին անգամ
Բթամատս նորից կոճակին եմ դնում՝
«Բո՜րբ»,- հնչում է անվերջ, ղողանջում է կրկին,
Եվ այդ «բորբ»-ի հուժկու արձագանքը («բոսո՜ր»)
Արդեն լուսաբացի կիսաքնում
«Բարի լույս» է հնչում բոլո՜ր կանանց համար,
Որոնց ես չեմ սիրում, որովհետև
Քեզ եմ սիրում նույնիսկ ա՛յն ժամանակ,
Երբ որ իմ դեմ դուռըդ բաց չի լինում:
20.X.1962թ.
Երևան