Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Բարեգործություն Խաչագողի հիշատակարանը

Բարեգործություն Խաչագողի հիշատակարանը
Գիշեր էր, երբ մենք դուրս եկանք հիշյալ քաղաքից։ Լուսնյակի լուսով մեր սայլակը հանդարտ վազում էր հարթած ճանապարհով։ Երկու ուժեղ ձիաներ քաշում էին նրան ամենայն արագությամբ։ Ես կառավարում էի նրանց երասանակները։ Քավոր Պետրոսը մրափում էր սայլակի մեջ, որպես մի հսկա, որ հանգստանալու պետք է զգում մի մեծ հաղթությունից հետո։

Մեր ճանապարհը ձգվում էր անսահման անապատի միջով, ուր դեպի ո՛ր կողմը նայում ես, երկինքը միանում է հորիզոնի հետ։ Այսպիսի անապատները ոչ միայն ցերեկով, այլև գիշերով, այն ևս լուսնկա գիշերով կախարդիչ կերպով ազդում են մարդու երևակայության վրա։ Եվ ինչպիսի՜ պատկերներ ասես չեն գալիս ու չեն գնում նրա աչքերի առջևից...

Հանկարծ միտքը սլանում է հեռո՜ւ և հեռո՜ւ, և օտարական պանդուխտը տեսնում է իրան իր հայրենիքում... տեսնում է ծանոթ երեսներ... տեսնում է ծանոթ տեղեր... տեսնում է իր մանկության սրբավայրը և ուրախանում է... Բոլորը հետզհետե անհետանում են։ Ւսկ այն պատկերը, որ միշտ կից է եղել նրա սրտին, նա մնում է, նա երկար ժամանակ մնում է...

Այդ իմ Սառայի պատկերն է...

— Նազելի Սառա...— Ո՜րքան մեծացել է նա... ո՜րքան գեղեցկացել է... ահա նա ժպտում է... ո՛րքան ուրախ է... ահա մոտ եկավ... ինչո՞ւ է գլուխը քաշ գցել... երևի ամաչում է... տե՛ս, կարմրեց... — Սիրելի Սառա, մի վախիր... ես քո Մուրադն եմ... գրկիր ինձ... համբուրիր ինձ... ա՜խ, ինչո՞ւ ես փախչում.,, Սառա ջան... իմ Սառա...

Վերջին խոսքերը այնպիսի բարձր ձայնով արտասանեցի ես, որ քավոր Պետրոսը իր քնից զարթնեց։

— Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, — գոչեց նա շփոթվելով։

— Ոչինչ, — պատասխանեցի ես փոքր-ինչ հուշի գալով։

Նա կրկին աչքերը խփեց, քնեց։

Քավոր Պետրոսի խռովությունը առանց պատճառի չէր՛ Ես ամբողջ գիշերը անցուցել էի զառանցության մեջ։ Մի կողմից անքնությունը, մյուս կողմից սայլակի անդադար օրորվիլը այն աստիճան գրգռել էին իմ ուղեղը, որ ես ընկել էի հալուցինասիոնների մեջ...

Այդ ինձ հետ շատ անգամ էր պատահում։ Բայց երբեք չէր պատահել, որ ես ինձ բոլորովին մոռանայի։ Երբեմն, ամբողջ ժամերով, բոլորովին քնած դրության մեջ, ես կառավարում էի ձիաները, բայց գեթ մի անգամ չէր պատահել, որ կա՛մ մտրակը, կա՛մ երեսանակները իմ ձեռքից ցած ընկնեին։ Ես իմ կիսաքուն դրության մեջ մինչև անգամ հետևում էի ճանապարհի ուղղությանը, նկատում էի կամուրջները, զգուշանում էի զառիվայրներից և սայլակը վտանգի չէի ենթարկում։ Իսկ այս անգամ ինձ այն աստիճան մոռացել էի, որ ձիաներին իրանց կամքին էի թողել, և բոլորովին շեղվել էինք ուղիղ ճանապարհից։ Այդ նկատելի եղավ այն ժամանակ, երբ լույսը բացվեց, և արևելքը սկսեց շառագունել։

— Այդ ճանապարհը սատանան գիտե թե ո՛ւր է տանում, — Ասաց քավոր Պետրոսը, երբ զարթնելով սկսեց նայել իր շուրջըւ— Մենք մոլորվել ենք...

Այդ խոսքերը թեև արտասանեց նա հանդարտությամբ, բայց նրանց մեջ կար և՛ բարկություն, և՛ հանդիմանություն։

Հետ դառնանք, — պատասխանեցի ես, — գուցե կգտնենք ուղիղ ճանապարհը։

— Հարկավոր չէ, շարունակի՛ր, տեսնենք աստված ո՛ւր է տանում մեզ։

Քավոր Պետրոսը մեր մոլորվելու մեջ գտնում էր աստծո կամքը։ Նա մտածում էր, գուցե ուղիղ ճանապարհի վրա մեզ մի վտանգ կպատահեր, գուցե այնտեղ հետամուտ էին լինում, որ կալանավորեն մեզ, իսկ շեղվելով ուղիղ ճանապարհից՝ ազատվեցանք։

Զարմանալի բան է աստուծո ներկայությունը ամեն գործի մեջ. թե գողը և թե կողոպտյալը միօրինակ հույս են գնում նրա վրա։ Սպանողը նրանից ուժ է խնդրում իր բազկի համար, իսկ սպանվողը՝ ազատություն։ Բոլորը դիմում են դեպի նա։

Արևը բավական բարձրացել էր։ Մենք գտնվում էինք դեռ միևնույն հարթ-հավասար անապատի մեջ։ Դեպի ո՛ր կողմը և նայում ես, վերջ չկա։ Մի ծանր, ճնշող տպավորություն էր գործում այդ լայնատարած, մռայլոտ անապատը մարդու վրա։ Կարծում ես, թե հորիզոնը ամեն կողմից հետզհետե նեղանալով, պատրաստվում է խեղդել քեզ։ Տեղ-տեղ պատահում էին փոքրիկ գյուղեր, նույնպես փոքրիկ, ողորմելի խրճիթներով, բայց մենք կանգ չէինք առնում, անցնում էինք։ Մի տեղ միայն քավոր Պետրոսը ցած իջավ սայլակից, մտավ գյուղը, մեզ համար ճանապարհի պաշար գնելու և մանավանդ տեղեկանալու, թե որտեղ ենք գտնվում, կամ դեպի ո՛ւր է տանում մեր բռնած ուղին։

Ես սայլակը կանգնեցրի գյուղի գլխավոր փողոցի վրա, սպասում էի քավոր Պետրոսի վերադարձին։ Նա կանչել տվեց գյուղի տանուտերին, ինչ-որ խոսեց նրա հետ և, քառորդ ժամից հետո վերադառնալով, ասաց ինձ,

— Այստեղ անկարելի է մնալ։

— Ինչո՞ւ։

— Ո՛չ մեզ համար հաց կարելի է գտնել, և ո՛չ ձիաների համար գարի։

— Ի՞նչ է պատահել։

— Այս կողմերում սարսափելի սով է տիրում, մարդիկ ամեն ինչ սպառելով, հետո կերել են իրանց անասուններին, այդ ևս սպառելով, այժմ ուտում են այն, ինչ որ անասունները պիտի ուտեին։

Ես սոսկացի։ Նա նստեց սայլակի վրա և հրամայեց քշել»։

— Դեպի ո՞ր կողմը, — Հարցրի ես։

— Դեպի աջ։

— Դուք հիմա գիտե՞ք, թե ո՞ւր է տանում այդ ճանապարհը։

— Գիտեմ։

Քավոր Պետրոսի պատմությունից երևաց, որ նախորդ տարվա երաշտության պատճառով այս կողմերում հունձը խիստ անհաջող է եղել, իսկ ներկա տարվա ցանքերը նույնպես մի առանձին բեղմնավորություն չէին խոստանում։ Գյուղացիները, որ առանց այդ դժբախտությունների ևս միշտ աղքատ են եղել, այժմ զրկվել էին ապրուստի ամեն միջոցներից։

— Իսկ մեզ մոտ ուտելու մի բան մնացե՞լ է, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Միայն հացը պակաս է։ Շա՛տ ապրի Լիզան, նրա առատաձեռնության շնորհիվ մենք այժմ ունենք մի ամբողջ բուդ խոզի ապուխտ, մի քանի կտոր երշիկներ և պանիր։

— Պանիրը պահիր ինձ համար, իսկ մյուսները դու կուտես։

Քավոր Պետրոսը խոզի միս ուտելու սովորություն չուներ, որովհետև մեղք էր համարում։

Առաջիկա գյուղը այնքան հեռու էր, որ մենք հասանք այնտեղ, երբ երեկոյան ճրագները վառվում էին։ Թեև քավոր Պետրոսին ասել էին, որ այստեղ ավելի հարմարություններ կգտնենք իջևանելու համար, բայց հայտնվեցավ, որ սովը և չքավորությունը այստեղ ավելի սարսափելի էր։

Մեր սայլակը կանգնեցրինք առաջին հանդիպած խրճիթի դռանը։ ճրագվի մոմ անգամ չգտանք վառելու համար, որովհետև ճրագվի մոմերը այժմ գործ էին ածում որպես կերակուր։ Մեր հեռվից տեսած ճրագները ուրիշ ոչինչ չէին, բայց միայն փայտի տաշեղներ, որ բանեցնում էին մոմերի տեղ։

Մենք ունեինք մեզ հետ «մոմապատ», այսինքն՝ մոմով պատած թելի մի ահագին կծիկ, որ մարդիկ ճանապարհորդության ժամանակ ման են ածում։ Բայց այդ կծիկը մեզ ուրիշ շատ գործերում ևս հարկավոր էր լինում։ Վառեցինք «մոմապատը»։

Մտանք խրճիթը։ Դա մի կատարյալ հիվանդանոց էր, ընտանիքի մեծ մասը պառկած, հառաչում էր ցնցոտիների ներքո։ Ոտքի վրա էր մնացել միայն ծերունի տանտերը և մի փոքրիկ աղջիկ նրա թոռնիկը։

— Այստեղ անկարելի է մնալ, — Ասացի ես քավոր Պետրոսին։

— Ամեն տեղ այսպես է, պարոն, — մեջ մտավ ծերունի տանտերը, —ամեն խրճիթում հիվանդներ կգտնեք։

Ամառվա եղանակը և լուսնկա գիշերը նպաստեցին մեզ իջևանելու բակում, դատարկ ախոռատան հանդեպ։ Այստեղ հիվանդներ չկային, որովհետև և շնչավորներ չկային։

— Սամովար կգտնվի՞, — Հարցրի ես տան տերից։

—Սամովա՞ր, — կրկնեց թավամորուս տան տերը ծոծրակը քորելով։

— Այո՛, սամովար։

Ռուս մուժիկին մի բան հասկացնելու համար պետք է տասն անգամ կրկնել։

— Սամովար եթե գտնվի, պարոն, պետք է տերտերի տանը գտնվի։ Մենք էլ առաջվա ժամանակներում ունեինք, պարոն, բայց մեր մեղքից ոչինչ չմնաց, բոլորը ծախվեցավ...

— Ինչո՞ւ ծախվեցավ։

— Ծախեցինք կերանք, պարոն։ Մեր մեղքերի համար աստված պատիժ ուղարկեց սովը։ Ոչինչ չկար ուտելու։

— Իսկ հիմա՞։

— Հիմա ավելի վատ է, սովի հետ ավելացավ և հիվանդդությունը։

Ես ընդհատեցի տխուր խոսակցությունը և կրկին հիշեցրի նրան սամովարը։

— Օլյա, — ձայն տվեց նա իր փոքրիկ թոռնիկին, — վազի՛ր տեր հոր տունը, ասա, որ մեզ մոտ պարոններ եկան, թող փոխ տա մեզ սամովարը։

Եվ իրավ, նրա խրճիթում ոչինչ չէր մնացել, կա՛մ առաջուց չէր ունեցել, կամ ունեցածը վաճառել էր։ Մի հասարակ սեղան, որի երեսի վրա սև փոսիկներ էին կազմվել սամովարի տակից ընկած կրակներից, մի քանի հատ կոտրված տաբուրետկաներ, մի հատ արույրե կաթսա, հնոցի մոտ դրած, որի մեջ վաղուց կերակուր չէր եփվել, մի քանի փայտյա գդալներ, մի քանի անկոթ դանակներ, առանց պատառաքաղների, եթե ավելացնենք դրանց վրա երկաթյա անթրոցը ( ) կստանանք կարասիների ամբողջ թիվը:

Միակ առարկան, որ մնացել էր իր տեղում անշարժ, որին սովի բոլոր սաստկությունը չէր կարողացել ստիպել վաճառելու, էր աստվածամոր պատկերը, փոքրիկ Հիսուսը գրկում, որ դրված էր խրճիթի մի անկյունում։ Մուժիկը նրանից չէր բաժանվում, մուժիկը ամեն բան նրանից է սպասում և նրա համար է զոհում»

Քավոր Պետրոսը այս գիշեր լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Նա նստած էր մեր սնդուկներից մեկի վրա և ծխում էր։ Խիստ հազիվ անգամ էր պատահում, որ նա ծխեր, բայց երբ որ ծխում էր, դա արդեն նշան էր կա՛մ սաստիկ ուրախության և կա՛մ սաստիկ տրտմության։ Վերջինն այս գիշեր ավելի հավանական էր։ Շրջապատող թշվառությունները դառն տպավորություն էին գործել նրա զգայուն սրտի վրա»

Օլյան վերադարձավ սամովարը իր հետ բերելով, բայց սամովարի հետ եկավ և տեր հայրը, երևի նրա համար, որ լսել էր, թե հյուրերը «պարոններ» են և ոչ հասարակ մարդիկ։ Քավոր Պետրոսը քաղաքավարությամբ ընդունեց նրան։

Քահանան հայտնվեցավ բավական բարեկիրթ մարդ, որպիսիները խիստ հազիվ են պատահում գյուղերում։ Լսելով, որ մենք «պարոններ» ենք, նա կարծել էր, թե գուցե պաշտոնական անձինք ենք, եկել էր հայտնելու մի սարսափելի դեպք։ Մի սովատանջ կին, քաղցածության կատաղության մեջ, սպանել էր իր երեխային և ուտելու փորձ էր արել...

Քավոր Պետրոսը զարհուրեցավ։ Ինձ վրա ևս խիստ սոսկալի տպավորություն գործեց այդ լուրը։

— Մի՞թե այս աստիճան սաստկացել է սովը, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Մարդիկ այժմ համարյա ոչինչ չեն գտնում ուտելու, — Պատասխանեց քահանան, — կերակրվում են բանջարով, խոտերով, արմատներով և դեռ չհասունացած ցորենի հասկերով, իսկ դրանք ավելի շուտով են սպանում նրանց, որովհետև հիվանդանում են ու մեռնում են։

— Շա՞տ է մեռնողների թիվը»

— Շատ է։ Գյուղի բնակիչների համարյա կեսը չի մնացել։

Տիֆը ավելի մեծ կոտորած է անում, քան թե քաղցածությունը։ Մնացածներից շատերը հիվանդ են։

— Գյուղական հասարակությունը ոչինչ հնարների վրա չէ՞ մտածում։

— Գյուղական հասարակությունը ի՞նչ կարող է անել։ Սպասում են կառավարությունից հաց և բժիշկ ստանալ։ Մեզ խոստացել են։

— Շուտո՞վ կստացվի։

— Աստված գիտե։ Դեռ պետք է քննեն, դեռ պետք է տեղեկանան, թե որ աստիճան օգնության կարոտ է մեր դրությունը, որ հետո օգնեն։

— Դուք ձեր դրության մասին տեղեկություններ չե՞ք տվել։

— Ի՜նչպես չենք տվել, մի քանի անգամ խնդիրներ ենք մատուցել, բայց դեռ խնդիրները չեն քննվել:

— Հաց ամենևին չէ՞ մնացել։

— Ձեզ հայտնի է, որ այսօր տերունական տոն է, ես պետք է պատարագ մատուցանեի, ամբողջ գյուղում այնքան ալյուր չգտնվեցավ, որ նշխարք պատրաստեինք։

— Իսկ մերձակա քաղաքում հաց գտնվո՞ւմ է։

— Գտնվում է, բայց գյուղացիների մոտ միջոցներ չեն մնացել բերել տալու համար։

Տխրության մռայլը պատեց քավոր Պետրոսի դեմքը, մի քանի րոպե մնաց լուռ մտածության մեջ, հետո նա դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Խնդրեմ, նեղություն հանձն առեք, տեր հայր, ես կամենում եմ անձամբ տեսնել մի քանի խրճիթներ, առաջնորդեցեք ինձ։

— Մեծ ուրախությամբ, — Ասաց քահանան և վեր կացավ:

Նրանք գնացին։ Մեր հյուրընկալը վազեց գյուղի տանուտերին իմաց տալու, թե աստիճանավոր է եկել։ Քավոր Պետրոսի այցելությանը տալիս էին պաշտոնական նշանակություն:

Ես և փոքրիկ Օլյան մնացինք մենակ, պտտվում էինք սամովարի շուրշը, հոգս էինք տանում թեյի պատրաստության համար։

— Այսօր ի՞նչ ես կերել, Օլյա։

— Այն օրից, որ մայրս մեռավ, ես հաց չեմ կերել։

— Շա՞տ ժամանակ է, որ մայրդ մեռավ:

— Երկու շաբաթ է։ Հետո Սաշան մեռավ, հետ Միտկան մեռավ... երեկ թաղեցինք փոքրիկ Վերային...

Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել, նա սկսեց հեկեկալ։

— Գիտե՞ս, Վերան իմ քույրն էր, — Ասաց նա արտասվախառն ձայնով։

Ես տվեցի Օլյային մի կտոր երշիկ և խնդրեցի, որ ուտե: Խեղճ աղջիկը առաջին անգամ էր տեսնում մի այսպիսի բան։

— Այդ ի՞նչ է, — հարցրեց նա։

— Եփած միս է։

Նա չկերավ, թեև մոր մեռնելուց հետո հաց չէր կերել, այլ վազեց մտավ խրճիթը, երևի, հիվանդներից մեկին ուտացնելու համար։

Քավոր Պետրոսի այցելությունները երկար չտևեցին, որովհետև նա մտել էր մի քանի խրճիթներ միայն և, ամեն տեղ տեսնելով միևնույն զարհուրելի տեսարանները, միևնույն դժբախտությունները, այլևս համբերել չէր կարողացել և հետ էր դարձել։ Նա սաստիկ զգայուն մարդ էր. թշվառության համար դեռ պահված էին նրա աչքերում արտասուքի մի քանի կաթիլներ։

Նրա հետ էր և՛ քահանան, և՛ գյուղի տանուտերը։

Իսկ գյուղացիների մի խումբ, լսելով այդ անակնկալ այցելության համբավը, հավաքվել էր մեր կեցած տան դռանը։

Հենց որ նստեցին, քավոր Պետրոսը դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Ես ձեզ կտամ մի գումար, տեր հայր, դրանով դուք հաց, բժիշկ և դեղորայք բերել կտաք քաղաքից։ Ես հավատացած եմ, որ ձեր ծուխի թշվառությունը ձեզ համար նույնքան զգալի է և ցավակցական, որքան եղավ նա ինձ համար, երբ այս գիշեր իմ աչքով տեսա ողորմելի մարդկանց կրած տառապանքը։

— Այդ փողերը գանձարանի՞ց են, — Հարցրեց գյուղի տանուտերը։

— Այդ փողերը ես եմ տալիս ձեզ, — պատասխանեց քավոր Պետրոսը։

Նրանք զարմացած մնացին։ Նրանց վրա տիրեց մի տեսակ երկյուղ, մի տեսակ կասկած, թե ի՞նչ նպատակ կարող էր լինել դրանում, որ մի անծանոթ մարդ, մի քանի ժամ իրանց գյուղում հյուր լինելով, նվիրում էր այդքան փող։

— Աստուծո և իմ հոգու համար եմ տալիս, — Ասաց քավոր Պետրոսը։

Աստուծո և հոգու անունը տալու ժամանակ նրանց կասկածը փարատվեցավ, և ամեն կողմից օրհնություններ ու շնորհակալությունները չափ չունեին։

Քահանան, որպես երևում էր, բարեխիղճ մարդ էր. նա թույլտվություն խնդրեց քավոր Պետրոսից, որ ներս կանչե դրսում կանգնած գյուղացիներին ևս, որ մի քանի վկաների ներկայությամբ ստանա գումարը, որպեսզի վերջը տարաձայնությունների առիթ չմնա։

— Ես, — Ասաց նա, — Այդ գումարը մի քանի անձինքների գործակցությամբ կծախսեմ և նրա գործադրության մասին մանրամասն հաշիվ կներկայացնեմ ձեզ։ — Հետո խնդրեց նա քավոր Պետրոսի հասցեն։

— Այդ հարկավոր չէ, տեր հայր, ես ձեզ բոլորովին հավատում եմ։

Քավոր Պետրոսը մինչև անգամ չհայտնեց նրանց իր անունը, թեև շատ խնդրեցին, և հանգստացրեց քահանային Ավետարանի խոսքերով, թե բարեգործությունները պետք է ծածուկ կատարվեն, և միայն աստված պիտի գիտենա»

Հետո դարձավ նա դեպի ինձ և ներկա գտնվողներին անհասկանալի լեզվով ասաց.

— Պատրաստվիր, որ շուտով ճանապարհ ընկնենք, այս գյուղը մնալու տեղ չէ։

Քավոր Պետրոսը իր ձեռքով մխիթարեց այն գյուղացու դժբախտությունը, որի տանը հյուրասիրվեցանք մենք։ Քառորդ ժամից հետո մեր սայլակը արդեն գտնվում էր ճանապարհի վրա։

Սպահանցի քահանային եկեղեցու շինության համար հանգանակած գումարից հետո, քավոր Պետրոսի այդ երկրորդ բարեգործական վարմունքը ինձ ավելի զարմացնում էր։ Զարմանում եմ գլխավորապես այն պատճառով, որ եկեղեցու շինության գործում նրան թելադրում էր հավատը, կրոնի զգացմունքը և վերջապես ազգային նախանձախնդրությունը։ Ւսկ ա՛յստեղ ի՞նչ կար, որ զարթնեցներ նրա կարեկցությունը։ Մի՞թե մի ամբողջ սովատանջ բազմության թշվառությունը կարող էր ազդել նրա քարացած սրտի վրա։

Այդ խորհրդածությունները զբաղեցնում էին իմ միտքը, երբ մեր սայլակը դանդաղ կերպով առաջ էր գնում։ Ձիաները ամբողջ օրը չարչարված լինելով, չէինք կամենում ավելի հոգնեցնել նրանց։ Այդ միջոց էր տալիս ինձ քավոր Պետրոսից բացատրություններ խնդրելու։

— Բարեգործությունը լա՞վ բան է, — Հարցրի նրանից։

— Ես չեմ հասկանում ի՞նչը առիթ տվեց քեզ հանկարծ մի այսպիսի հարց առաջարկել ինձ։

— Ինձ առիթ տվեց ձեր այսօրվա վարմունքը»

— Լավ բան է։

— Ուրեմն մենք ինչո՞ւ ենք խաբում, կողոպտում, սպանում և ամեն տեսակ եղեռնագործություններից ետ չենք մնում։

— Մենք կողոպտում ենք ժլատ հարուստներին։ Իսկ աղքատներին պետք է օգնել։

Գիշերային լռության պահուն, անապատի մեջ, ճանապարհի վրա, առանձնացած մի խստասիրտ մարդու հետ, այս տեսակ վիճաբանությունը կարող էր վտանգավոր հետևանքի հասցնել։ Ւմ տապարը, որ միշտ սայլակի նստարանի տակ էր պահված լինում, հանեցի և խրեցի գոտիիս մեջ։ Լուսնյակի լուսով քավոր Պետրոսը նկատեց այդ, իսկ ես նրա դեմքի վրա նկատեցի մի արհամարհական ժպիտ։

— Դուք ասում եք, թե աղքատներին և թշվառներին պետք է օգնել։ Շատ գեղեցիկ միտք է, — շարունակեցի ես։ — Իսկ ողորմելի թաթար Ասկերը աղքատ և թշվառ չէ՞ր, ինչո՞ւ հրամայեցիք ինձ սպանել նրան։

— Ես միջոցների մեջ խտրություն չեմ գնում։ Եթե Ասկերին սպանել չտայի, չէի կարող կողոպտել բուխարեցի հարուստ վաճառականին։ Իսկ բուխարեցուն կողոպտելով, ես այսօր մի ամբողջ գյուղ ազատեցի սովատանջ մահից։

Քավոր Պետրոսի խոսքերը որքան էլ ինձ տարապայման թվեին, այսուամենայնիվ, նրանք բխում էին հաստատ համոզմունքից, որոնց համեմատ ևս գործում էր նա։ Նա իր գաղափարների մեջ հաջորդաբար էր վարվում։ Այնքան ժամանակ նրա մոտ ծառայելով, ես վկա էի եղել շատ անցքերի և միշտ նկատել էի, որ նա մի առանձին կատաղի ատելություն ուներ դեպի ժլատ հարուստները, որոնց ընդհակառակն, նա երբեք չէր վշտացրել աղքատին և միշտ թշվառների բարերարն էր հանդիսացել։ Բայց, ես հիշեցի մի պայման, որի մասին մինչև այսօր առիթ չէի ունեցել խոսելու նրա հետ։ Ես հարցրի.

— Դուք, որ միշտ բարի եք եղել դեպի աղքատը, դեպի հարստահարյալը և դեպի թշվառը, ինչո՞ւ մինչև այսօր չկատարեցիք ձեր խոստմունքը մի անձի վերաբերմամբ, որ ձեր պատճառով թշվառացավ։

— Ի՞նչ անձ։

— Իմ վարպետը։ Չե՞ք հիշում, երբ առաջին անգամ մենք վճռեցինք թողնել մեր հայրենիքը և օտար աշխարհ գնալ, մենք ուխտեցինք փող վաստակել և այդ մարդու կրած բոլոր վնասների փոխարենը վճարել։ Մոռացե՞լ եք։

—Չեմ մոռացել։ Երբ կհասնենք իջևան, դու ինձ հիշեցրու, ե՛ս ցույց կտամ քեզ մի նամակ, որից դու կտեղեկանաս, որ ես վաղուց կարգադրություն արել եմ այդ մասին։ Ես ուղարկել էի մի գումար մեր գյուղի քահանային, խնդրելով, որ հասցնե քո վարպետին, բայց պատասխան ստացա, թե այն օրից, որ նրան փախցրին բանտից, նրա մասին ոչինչ տեղեկություն չկա, թե ինքը և թե իր ընտանիքը անհայտացել են։ Բայց ինձ զարմացնում է մի բան, Մուրադ, ի՞նչը առիթ տվեց քեզ այսպես կասկածավոր կերպով վերաբերվել դեպի իմ գործունեությունը։

Ես ոչինչ չպատասխանեցի։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top