Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Փոքրիկ մաքսանենգը Խաչագողի հիշատակարանը

Փոքրիկ մաքսանենգը Խաչագողի հիշատակարանը
Մեր ճանապարհորդության չորրորդ օրը հասանք Թաբրիզ քաղաքը, իջևանեցինք հայոց եկեղեցու բակում։

— Այժմ պետք է մտածել փողի մասին...— Ասաց քավոր Պետրոսը, և կիրակի օրը վաղ առավոտյան, ինձ իր հետ առնելով, սկսեցինք գնալ եկեղեցու երեսփոխանի տունը։

— Այնտեղ կարո՞ղ եմ խոսել, թե դարձյալ պետք է խուլումունջ ձևանամ և թաքցնեմ իմ հայությունը, — Հարցրի ես քավոր Պետրոսից։

— Կարող ես խոսել, — պատասխանեց նա ժպտալով.— և լավ հայ պիտի ձևանաս։

Բայց իմ խոսելը պետք չեղավ, որովհետև քավոր Պետրոսր ինձ ներս չտարավ երեսփոխանի մոտ, այլ հրամայեց սպասել դրսում, իսկ ինքը միայնակ ներս մտավ։ Չգիտեմ ի՞նչ խոսեց նրա հետ, ի՞նչ ասաց, միայն այդքանը հիշում եմ, որ այն օր եկեղեցում քահանան մեր մասին ժողովրդին «ծանուցումը արեց, որի մեջ հայտնեց այն միտքը, թե մենք Մուշի երկրից ենք եկել, թե մեր կնիկներր, զավակները «անհավատների» ձեռքում գերի են ընկած, այժմ բարեպաշտ քրիստոնյաներից ողորմություն ենք հավաքում, որ տանենք տանք «անհավատներին» և մեր գերիներին ազատենք, և այլն։ «Դարձյալ խաբեբայությո՜ւն»... մտածեցի ես խորին վրդովմունքով։

Որքան էլ սուտ լինեին այդ խոսքերը, այսուամենայնիվ, ժողովրդի վրա խորին տպավորություն գործեցին։ Տեր հայրը այնպիսի ազդու եղանակով նկարագրեց մեր գերիների ողբալի դրությունը, որ բոլոր լսողների մեջ ցավակցություն շարժեց» Քարոզից հետո եկեղեցում գանձանակ ման ածեցին և մեզ համար փող հավաքեցին։ Իսկ մենք մուրացկանի նման, գլուխներս ծռած, կանգնած էինք եկեղեցու դռան մոտ. քավոր Պետրոսը աջ կողմում, իսկ ես ձախ կողմում։ ժամավորները դուրս գալու միջոցին ձգում էին մեզ սև փողեր։ Այդ առաջին անգամն էր, որ ես, քավոր Պետրոսի հորդորանքով, ստիպված էի ձեռքս մեկնել և ողորմություն խնդրեի.. Ամոթը խեղդում էր ինձ։ Որքան ցածությո՜ւն էր։ Խաբե՛լ և մուրալ...

Այն օրը ես խելագարի նման էի և միշտ լաց էի լինում։ Բայց քավոր Պետրոսը մխիթարում էր ինձ, ասելով, «Ղարիբի երեսը սև կլինի, իսկ ջիբը՝ լիքը»...

Մյուս օրը մենք արդեն փող ունեինք։ Մեր ամենահարկավոր գնելիքը արտասահման գնալու համար՝ էր անցագիրը։

— Գիտե՞ս, Մուրադ, — Ասաց ինձ քավոր Պետրոսը, —օտարության մեջ հաջողակ կերպով թափառելու համար ավելի լավ է մտնել ուրիշի մորթիի մեջ։

Ես ոչինչ չհասկացա։ Նա բացատրեց.

— Պետք է անունդ, ազգանունդ, ծնած տեղդ, պարապմունքիդ անունը, բոլորը փոխես։

Ես ապշած մնացի։ Նա շարունակեց.

— Քո անունը այսուհետև Մուրադ չէ, դու կոչվում ես Ամբրոսիոս։ Քո պարապմունքը, քո արհեստը դարբնություն չէ, դու այսուհետև եկեղեցու պաշտոնյա ես, դու սարկավագ ես։ Քո ծնված տեղը Սալմաստը չէ, դու երուսաղեմացի ես։ — Եվ ուրիշ այսպիսի շատ բաներ ասաց նա, թե ի՜նչ էի ես և ի՜նչ պիտի լինեմ այնուհետև, բայց ես չթողեցի նրան վերջացնել, ընդհատեցի նրա խոսքը, հարցնելով.

— Լա՛վ, ի՞նչպես կարող եմ սարկավագ լինել, որ ամենևին կարդալ չգիտեմ և երբեք եկեղեցում չեմ երգել։

— Այդ միևնույն է, — պատասխանեց նա արհամարհանքով.— քեզ ինչ որ ասում են, այն լսի՛ր։

— Իսկ քո անունը և կոչումը ի՞նչ պիտի լինի։

— Իմ անունը Անտոնիոս է, ես հույն աբեղա եմ և Երուսաղեմի վանքի միաբան։

— Ե՞ս էլ հույն եմ։

— Դու էլ հույն ես։

Դարձյալ ազգուրացություն...

Ես չհակառակեցի։ Ես հավատացի նրան, որ օտարության մեշ թափառելու համար այդ բոլոր պայմանները անհրաժեշտ էին։ Այն օր թուրքաց հյուպատոսից անցագրեր ստացանք միևնույն անուններով, որ մեր մեջ որոշել էինք։ Բայց զարմանալին այն էր, որ քավոր Պետրոսը հենց առաջուց ուներ իր մոտ երկու անցագրեր միևնույն անուններով, միայն հնացել էին, ժամանակները անցել էր։ Նա տարավ հյուպատոսի մոտ և նորը ստացավ։

Բայց քավոր Պետրոսը հիշյալ երկու անցագրով չբավականացավ։ Նա աշխատում էր ձեռք բերել զանազան անցագրեր զանազան անուններով և այլևայլ պարապմունքներով։. Թաբրիզում, Ատրպատականի այդ մեծ մայրաքաղաքում, այդ բոլորը հնարավոր էր։ Այնտեղ կային եվրոպական պետությունների բոլոր ներկայացուցիչները, որոնցից կարելի էր անցագրեր ստանալ։ Այնտեղ կային այլևայլ պետության հպատակներ, որոնք պարապում էին զանազան գործերով, որոնք կարող էին իրանց անուններով անցագրեր վեր առնել, տալ ուրիշներին, որ ուրիշները նրանցից օգուտ քաղեին, իսկ իրանք դարձյալ կմնային Թաբրիզում։ Բայց քավոր Պետրոսը գնեց մեծ քանակությամբ պարսկական անցագրեր։ Դրանք վաճառվում էին այնպես, ինչպես վաճառվում են տերության դրոշմավոր թղթերը։ Բավական էր ուղարկել պատահած մարդու ձեռքով անունների մի ցուցակ (իհարկե, նշանակելով յուրաքանչյուր անունի ներքո տարիքը, հասակը, դեմքը և այլն), և նա կտաներ թեսքիրաջիի մոտ և նույն անունների համեմատ կգներ զանազան անցագրեր։ Թեսքիրաջ|ւ կռչում էին անցագրերի կապալառուին։

Չնայելով, որ քավոր Պետրոսը մի քանի օր առաջ իբրև մուրացկան կանգնած էր հայոց եկեղեցու դռանը և ձեռքը մեկնում էր ամեն մի անցնողին, բայց երևում էր, որ նա առաջուց ուներ իր մոտ մի փոքրիկ գումար։ Նա գնեց մեծ քանակությամբ զանազան տեսակ անցագրեր։ Ես զարմանում էի, թե ի՞նչ նպատակի կարող էին ծառայել դրանք։ Մեզ բավական էր երկուսը միայն, և ունեինք արդեն, իսկ մնացածները ո՞ւմ համար էին։ Երբ հարցրի նրանից, նա ինձ ոչինչ չպատասխանեց։ Մեկի վրա գրված էր՝ «սպահանցի ակնաբույժ Հաջի-Աբդուլ-Հուսեին-Ղուլի-էֆենդի». մի ուրիշի վրա գրված էր՝ «խորասանցի ակնավաճառ Մաշադի-Մուհամեդ Ղուլի-Աղա»։ Բայց ինձ շատ չէին հետաքրքրում այդ զանազան անունները, ինձ գրավեց մի այլ բան։

Մի օր քավոր Պետրոսը, ինձ իր հետ առնելով, գնացինք Թաբրիզի բազարը։ Այնտեղ գնեց նա զանազան տեսակի էժանագին իրեղեններ, որպիսին են թել, ասեղ, հասարակ մատանիներ, ապակուց շինած գույնզգույն հուլուններ, երեխաների խաղալիքներ, կանանց երեսը ներկելու դեղեր և այլ այս տեսակ վաճառքներ։ Այդ բոլորը այնպես փայլուն և խայտաճամուկ կերպով պատրաստված էին, որպես գիտե եվրոպացին ասիական ազգերի ճաշակին իր վաճառքները հարմարացնել։

Ամբողջ մթերքը եղավ մի փոքրիկ արկղիկ, բացի դրանից, քավոր Պետրոսը գնեց մի պարկի մեջ բավական մաստաք։ Այդ ամենը շալակած ես հասցրի մեր իջևանը, որ եկեղեցու բակումն էր։

Նույն օրվա գիշերը նա ասաց ինձ.

— Մուրադ, այն գումարը, որ եկեղեցում հավաքվեցավ մեր գերիների փրկության համար, ես բոլորը քեզ եմ ընծայում, թե՛ իմ մասը և թե քո մասը։ Այդ գումարով ես գնեցի այն իրեղենները, որ դու այսօր բազարից տուն բերեցիր։ Այդ իրեղենների վրա դու պիտի փորձես քո բախտը, թե ո՛րքան կհաջողվի քեզ առևտրական գործունեությունը։

Ես զարմացա քավոր Պետրոսի առատաձեռնության վրա։

— Ես երբեք վաճառականություն չեմ արել, — Ասեցի նրան։

— Կսովորես...— Ասաց նա և հրամայեց բերել մեր ավանակների փալանները։

Իսկույն վազեցի ախոռատունը և բերեցի փալանները։ Ես մինչև այսօր չեմ կարող զսպել իմ ծիծաղը, թե որպիսի խորամանկությամբ այդ հին մաքսանենգը սովորեցրեց ինձ, թե ո՛րպես պետք էր զանազան վաճառքներ փախցնել մաքսատնից։ Նա իմ ավանակի փալանի միջի եղած հարդը դուրս հանեց, և ինձ համար գնած իրեղենները մի այնպիսի ճարտարությամբ դարսեց հարդի տեղը, որ մաքսատան ամենա հմուտ ծառայողն անգամ չէր կարող երևակայել, որ նրա մեջ կարող էին գտնվել թաքցրած ապրանքներ։ Բայց իր ավանակի փալանի մեջ թաքցրեց նա ուրիշ իրեղեններ, որ ես տեսնել չկարողացա...

Մյուս օրը առավոտյան մենք թողեցինք Թաբրիզը; Չորրորդ օրը հասանք Երասխ գետին, որ բաժանում էր պարսից հողը Ռուսաստանից։ Մենք պետք է անցնեինք պուլֆայի կարանտինից, որ ռուսաց հողի վրա էր գտնվում։ Այստեղ էր և ռուսաց մաքսատունը։

Քավոր Պետրոսը տեսավ մի քանի պարսկաստանցի աղքատ հայեր, որոնք նույնպես կամենում էին անցնել սահմանը, բայց անցագիր չունենալու համար մնացել էին պարսից հողի վրա։

— Ուր պիտի գնաք, — Հարցրեց նրանցից քավոր Պետրոսը։

— Գնում ենք Նախիջևանի, Երևանի կողմերը, — պատասխանեցին նրանք։

— Ի՞նչ գործով։

— Մշակություն անելու։

— Ապա ինչու եք մնացել այստեղ։

— Անցագրի փող չունենք։

Քավոր Պետրոսը ասաց, թե ինքը ունի մի քանի ավելորդ անցագրեր, կտա նրանց, միայն այն պայմանով, որ սահմանը անցնելուց հետո կրկին ետ դարձնեն իրան։

— Մեր դժվարությունը սահմանը անցնելն է, — պատասխանեցին նրանք, — Այնուհետև ի՞նչ պետք է մեզ անցագիրը։

Քավոր Պետրոսը տվեց նրանց յուրաքանչյուրին մի— Մի անցագիր, և մենք միասին անցանք Երասխ գետը։

Կարանտինի մաքսատնում, բացի մեր անցագրերին նայելը և ձեռք քաշելը, ուրիշ բան չեղավ։ Մեր ավանակների փալանների վրա ուշադրություն անգամ չդարձրին։

Մենք անցանք Երասխը առավոտյան և նույն օրվա երեկոյան պահուն հասանք Նախիջևան քաղաքը։ Մեզ հետ եկած մշակները մեծ շնորհակալությամբ ետ դարձրին քավոր Պետրոսից ստացած անցագրերը։ Եվ իրավ, այնուհետև նրանք անցագրի պետք չունեին, որովհետև պիտի գնային Պարսկաստանից գաղթած իրանց ազգայինների մոտ և մշակություն անեին։

Բայց ինձ զարմացնում էր մի բան. քավոր Պետրոսը այն տեսակ մարդկանցից չէր, որ առանց նպատակի մի գործ կատարեր, ուրեմն ի՞նչ խորհուրդ կարող էր ունենալ մշակներին անցագիր տալը։ Ավելորդ էր մտածել, թե նրանց վրա խղճաց և կամեցավ օգնել նրանց։ Երբ այդ մասին հարցրի, նա պատասխանեց.

— Ինձ պետք էր, որ այդ անցագրերի վրա լիներ մաքսատան կնիքը և ստորագրությունը։

— Դուք ինքներդ կարող էիք ներկայացնել, որ կնքեին և ստորագրեին։

— Բանը նրանումն է, որ ես չէի կարող, մի մարդ կարող է միայն մեկ անցագիր ներկայացնել։

— Բայց ի՞նչ հարկավոր է անպատճառ մաքսատան ստորագրությունը կամ կնիքը։

— Դա շատ հարկավոր է, դա նշանակում է, որ անցագրի տերը սահմանից անցնելու ժամանակ հայտնվել է, որտեղ որ հարկն է։

— Եվ դուք մշակներից օգուտ քաղեցիք։

— Նրանք ինձանից օգուտ քաղեցին, իսկ ես՝ նրանցից։

Ես դարձյալ չհասկացա այդ բոլոր ձեռնածության նպատակը։ Քավոր Պետրոսը իմ հետաքրքրությունը հանգստացրեց նրանով, որ ասաց, թե հետո կհասկանամ, երբ շատ բան կսովորեմ։

Նախիջևանում երկար չմնացինք։ Մենք իջևանել էինք մի կեղտոտ քարվանսարայում։ Հենց առաջին գիշերը քավոր Պետրոսը հրամայեց ինձ դուրս բերել իմ ավանակի փալանի մեջ թաքցրած վաճառքը։

Երբ ամենը դուրս բերեցի, նա ասաց ինձ բավական փաղաքշական եղանակով.

— Այդ բոլորը քեզ է պատկանում, իմ փոքրիկ մաքսանենգ, առավոտյան միմանրավաճառ կբերեմ, և բոլորը մի անգամից կծախենք։

Ես երբեք այնքան ուրախ չեմ եղել, որպես այն գիշեր։ Մեծ անհամբերությամբ սպասում էի, մինչև առավոտը լուսանար և մաքսատնից փախցրած իմ մթերքը վաճառվեր։ Արևը այն առավոտ ծագեց ինձ համար որպես մի ավետաբեր հրեշտակ։ Քավոր Պետրոսը վաղուց գնացել էր փողոց՝ գնող հրավիրելու։ Վերջապես բերեց մի հայ մանրավաճառի։ Բավական խոսեցին, բավական բազար արեցին, հետո բարիշեցան։ Մանրավաճառր համբարեց արծաթը և մթերքը առնելով հեռացավ։ Քավոր Պետրոսը փողերը ինձ տվեց, ասելով.

— Բախտդ հաջողակ է. մի հարյուրին երկու հարյուր վաստակ ունեցար։

Ես ուրախությամբ ընդունեցի փողերը և լցրեցի այն քսակի մեջ, որ ստացել էի Սառայից որպես հիշատակ։ Այդ փողերը ինձ տալով, քավոր Պետրոսը վարվեցավ ինձ հետ նույն վարպետությամբ, որպես վարվում է խորամանկ որսորդը իր անփորձ, դեռևս որսորդության չսովորած շան հետ։ նոր սովորող շան առաջին որսը տալիս է իրան ուտելու, որպեսզի նա ավելի քաջալերվի, ավելի վստահություն ստանա., Բայց նրա ավանակի փալանի մեջ թաքցրած մթերքը ես չտեսա, թե ուր տարավ, կամ ինչ արեց...

Նույն օրը մենք դուրս եկանք Նախիջևանից և գնացինք Թումբուլ գյուղը։ Նախիջևանը կանգնած է մի բարձրավանդակի վրա, իսկ Թումբուլը գտնվում է համարյա նրա ստորոտում։

Մտնելով այդ գյուղը, ինձ թվում էր, թե իսկապես մեր գյուղումն եմ գտնվում։ Ոչինչ զանազանություն չկար։ Ես տեսնում էի տների նույն ձևը, որպես մեր գյուղումն էր, մարդկանց նույն բարբառը, նույն լեզուն, նույն ուրախ և անհոգ դեմքերը։ Հագուստների ձևն անգամ չէր փոխվել, բոլորը նույնն էր։ Քավոր Պետրոսը ինձ ասաց, թե դրանք մեր գյուղացիներ են. ռուս-պարսկական 26 թվի պատերազմից հետո գաղթեցին և եկան հիմնեցին այդ գյուղը։

Թումբուլցիք չէին փոխել և՛ իրանց կենցաղավարության եղանակը, և՜ իրանց պարապմունքները։ Դրանց էլ այս կողմերում կոչում էին «խաչագողներ»... Նոր երկիրը չուղղեց նրանց, նրանք պահպանեցին այն բոլոր հատկությունները, ինչ որ բերել էին իրանց հետ Պարսկաստանից,»

Ուղիղ տասը տարի էր անցել այն օրից, որ Թումբուլցիք գաղթել էին Պարսկաստանի՜ց։ Մի այսպիսի փոքր ժամանակում իրանց գյուղը դրախտ էին դարձրել։ Քավոր Պետրոսին ամենքր ճանաչում էին, իսկ ինձ ճանաչեցին հորս անունով։ Այս տեղ գտնվեցան ինձ ազգականներ, որոնց թվումն էր իմ մորաքույրը։ Մայրս շատ անգամ խոսացել էր ինձ իր քրոջ մասին և միշտ մեծ կարոտությամբ էր հիշում նրան։ Քավոր Պետրոսը ինձ տարավ նրանց տուն։ Երբ մորաքույրս դուրս եկավ մեզ ընդունելու, քավոր Պետրոսը, ինձ ցույց տալով, ասաց նրան.

— Ես չեմ ասի, թե ով է, տեսնեմ կճանաչե՞ս։

Մորաքույրս նայեց իմ վրա և խորին հրճվանքով գրկեց ինձ բացականչելով.

— Ի՞նչպես չճանաչեմ... իմ Մուրադն է...

Նա երկար անմռունչ մնաց իմ կուրծքի վրա։

Եթե կանայք չլինեին, ես կարող էի համարձակ ասել, որ «խաչագողների» մեջ մարդկային սիրտ չկա։ Դրանց մոտ էր պահպանվել այն աստվածային ավանդը, որ կրում է իր մեջ բոլորը, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, ինչ որ առաքինական է։ Դրանք սիրտ ունեին։

Մորաքույրս շատ նման էր մորս, կարծես մի ձու լինեին մեջտեղից կես կիսած։ Նա տեսել էր յոթ տարեկան հասակում, այն օրից անցել էր ամբողջ տասը տարի, և իմ պատկերը մնացել էր նրա հոգու մեջ անմոռանալի։ Ես չեմ կարող նկարագրել այն սրտաշարժ տեսարանը իր ամբողջ հոգեբանական բնավորությամբ, թե որպիսի հիացմունքով ընդունեց նա ինձ։ Ամբողջ ժամերով նայում էր իմ վրա, գրկում էր, համբուրում էր և ուրախանում։ «Իմ քույրը այժմ անբախտ չէ, ասում էր նա, որ ունի քեզ պես սիրուն տղա»։

Քավոր Պետրոսը ինձ թողնելով մորաքրոջս տանը, ինքը հեռացավ, հայտնելով, թե մի քանի մարդկանց հետ գործեր ունի, պետք է վերջացնի։

Թումբուլցոց հյուրասիրությունը մեծ հռչակ է ստացել։ Երեք օր մեզ պահեցին այնտեղ, անդադար մի տնից մյուսը ման էին ածում; Ամեն տեղ սփռված էր հացի սեղանը, ամեն տեղ կերուխումով և ուրախությամբ էինք անցկացնում։

Այդ խնջույքները ինձ հիշեցնում էին միևնույն զվարճությունները, որ կատարվում էին մեր գյուղում։ Այստեղ ևս, երբ հրավիրյալների գլուխները տաքանում էին, սկսում էին մի առանձին պարծանքով պատմել իրանց քաջագործությունները զանազան երկրներում։ Նրանք հիշում էին այնպիսի երկրների, այնպիսի քաղաքների և այնպիսի ազգերի անուններ, որ ես բնավ չէի լսեր Կարծես թե, այդ մարդիկը աշխարհի մի ծայրից մինչև մյուսը արշավել էին։ Քավոր Պետրոսը բոլոր ժամանակը լուռ էր մնում։ Նա լսում էր նրանց արկածների պատմությունը խորին սառնասրտությամբ, որպես մի հսկա, որ լսում է գաճաճների դատարկախոսությունը իրանց քաջագործությունների մասին և ժպտում է միայն։

Գիշերները ես անց էի կացնում մորաքրոջս տանը։ Նա երկար նստած իմ անկողնի մոտ՝ չէր թողնում ինձ քնել, անղադար խոսում էր, հարցնում էր Սավրայի մասին։ Հայրենիքի սերը դեռ մնացել էր նրա սրտում անմոռանալի։ Նա դեռ հիշում էր բոլոր արտերը, այդիները, պարտեզները, մինչև անգամ նշանավոր ծառերը մեր գյուղի։ Հարցնում էր սուրբ Հովհաննու մատուռի ուխտագնացության մասին, պատմում էր, թե իր ժամանակում որպիսի բազմությամբ էր կատարվում նրա տոնախմբությունը։ Խոսում էր կնիկների, աղջիկների սովորույթների մասին, թե ի՜նչ խաղեր էին խաղում, թե ո՜րպիսի հանդեսներ էին կատարում, երբ ուխտ էին գնում։ Հայրենական երկրի, հայրենական կյանքի բոլոր սիրելի պատկերները կենդանի մնացած էին նրա հիշողության մեջ:

Հազար անգամ հարցնում էր մեր ընտանիքի մասին միևնույն բաները, և նրա հարցասիրությունը չէր հագենում։ «Մորդ ծամերը խո չե՞ն սպիտակել», «Քույրերդ ո՞րքան են մեծացել», «Հիմա Նազլուն մարդու գնալու աղջիկ կլինի», «Ձեր սպիտակ Վանի կատուն մնո՞ւմ է», «Հիմա ո՞րտեղ եք պահում ձեր չորացրած մրգեղենները», «Քանի կով ունեք, օրական ո՞րքան կաթ են տալիս», «Ո՞վ է կթում կովերը, ո՞վ է թխում հացը», «Ձեր հարևան պառավ Գոզեն մնո՞ւմ է»։ «Մայրդ ի՞նչ գույնով քող է կրում. քույրերդ ի՞նչ ճոթից հագուստ են հագնում» և այլն։

Ես նրա հարցերին գոհացուցիչ պատասխան էի տալիս, իհարկե չէի ասում,թե ֆերրաշները մեր տունը այնպես դատարվել են, որ ոչ կով է մնացել և ոչ Վանի կատու...

Բայց այն գհշերը, որի առավոտը ես պիտի ճանապարհ ընկնեի, նա ավելի խրատներ էր տալիս ինձ, քան թե բաներ էր հարցնում։ «Գնա, Մուրադ, — ասում էր, — սուրբ աստվածածինը թո՛ղ բարի ճանապարհ տա քեզ, գնա երկրե երկիր ման արի, փող աշխատիր և բարձրացրո՛ւ հորդ անունը։ Քո հայրը անհայտության մեջ կորավ, հիմա դու ես մնացել քո հոր տան միակ սյունը։ Մորդ, քույրերիդ, բարեկամներիդ հույսերը քեզ վրա են դրված։ Դու պետք է բոլորին ուրախացնես, դու պետք է բոլորին մխիթարես»...

Ես հավատացած եմ, եթե մորաքույրս գիտենար, թե «խաչագողները» ի՞նչ միջոցներով են փող աշխատում, նա երբեք ինձ խորհուրդ չէր տա, որ ես օտար աշխարհ գնայի և նրանց հետ թափառեի։ Բայց նա չէր իմանում... ես նույնպես չէի իմանում...

Քավոր Պետրոսին խիստ սակավ էի տեսնում։ Նա ինչ-որ պատրաստություններով զբաղված էր։ Թումբուլը մի նշանավոր կայարան էր Պարսկաստանի «խաչագողների» համար, որտեղից վեր էին առնում իրանց գործունեության համար պետք եղած բոլոր պարագայքը, ինչ որ իրանց պակաս էր։ Բայց ես քավոր Պետրոսի վերաբերությամբ տակավին այդ կարծիքը չունեի»

Նա մի առավոտ բերեց իր հետ մի թուրք և վաճառեց իմ ավանակը։ Ճշմարիտն ասած, ինձ խիստ զգալի էր բաժանվել իմ խոնարհ և. հավատարիմ ընկերից, որ այնքան ժամանակ ճանապարհորդել էր ինձ հետ և ամենայն հոժարությամբ կրել էր իմ ծանրությունները։ Բայց քավոր Պետրոսը հանգստացրեց ինձ, ասելով.

— Ավանակի փողը այն փողերի հետ, որ դու վաստակեցիր քո վաճառքներից, պիտի ուղարկես մորդ, դու գիտես, որ նա իր մի հատիկ կովը ծախեց և գնեց քեզ համար այդ ավանւսկը։

— Այդ ես գիտեմ։ Բայց դրանից հետո ինչով կարող եմ շարունակել ճանապարհորդությունը։

— Դու կնստես մի փառավոր կառքի մեջ։

Ես զարմացա։ Բայց իմ զարմանքը երկար չտևեց։ Քանի րոպեից հետո մի գեղեցիկ ճանապարհորդական կառք կանգնեց մորաքրոջս ղռանը։ Երկու ուժեղ սև ձիաներ լծած էին կառքին։ Թումբուլցիք ունեին կառքեր, ունեին լավ ձիաներ, որ բերում էին իրանց հետ, երբ վերադառնում էին Ռուսաստանից։ Երբ իրանց պետք չէին, վաճառում էին։ Քավոր Պետրոսը այդ կառքը և ձիաները գնել էր մի «խաչագողից», որ նոր էր վերադարձել պանդխտությունից։

Կառքի մեջ տեղավորված էին զանազան մեծ և փոքր արկղներ։ Ի՞նչ կար նրանց մեջ, ես չգիտեի։ Միայն քավոր Պետրոսը տվեց ինձ մի ձեռք լավ հագուստ, մի զույգ ուղևորի կոշիկներ և հրամայեց հագուստս փոխել։ Այդ նորաձև հագուստին ես բոլորովին անսովոր էի. մորաքույրս օգնեց ինձ հագնելու։ Քավոր Պետրոսը նույնպես փոխել էր այն ցնցոտիները, որոնցով մի քանե օր առաջ մուրացկանի պես կանգնած Թաբրիզի եկեղեցու դռանը՝ ողորմություն էր ընդունում։ Այժմ մեր հագուստը բոլորովին համապատշաճ էր այն փառավոր կառքին, որի մեջ պիտի նստեինք։

Մորաքուքրս տվեց ինձ մի նամակ, խնդրեց, որ հասցնեմ իր ամուսնին։ Նրա ամուսինը պանդխտության մեջ էր։ Նամակի վրա միայն գրած էր ամուսնու անունը և ազգանունը քաղաքի անուն չկար։ «Խաչագողները» միշտ այսպես են գրում իրանց պանդուխտների հասցեները, որովհետև չգիտեն, թե ո՛րտեղ են գտնվում նրանք։ նամակատարը պահում է իր մոտ նամակը, եթե մի տեղում կհանղիպե պանդուխտին, կտա։ Բաւց խիստ հազիվ էր պատահում, որ նամակները տեղ հասնեին, կա՛մ տանողն էր կորչում, կամ ստացողը վաղուց արդեն կորած էր լինում...

Ավանակներով մտանք Թումբուլ և դուրս եկանք այնտեղից կառքով։ Դա ի՞նչ հրաշք էր...

Ժամատան դռանը քավոր Պետրոսի ծանոթները սպասում էին, որ մեզ ճանապարհ դնեն։ Մորաքույրս իր երեխաների հետ եկավ մինչև գյուղից դուրսը։ Ամեն կողմից թափվում էին բարեմաղթություններ, ամեն բերան ցանկանում էր մեզ բարի ճանապարհ և բախտավոր վերադարձ։

Վերջապես հայտնվեցավ քահանան, կարդաց «Տե՛ր, ուղղյազճանապարհս խաղաղությամբ» աղոթքը, և մեր կառքը շարժվեցավ...
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top