Իբրև օրինակ մենք մեջ կբերենք մի նկարագիր Դավիթ բեկի կռիվներից, ուր երևում է նա իր վեհ հերոսական բնավորությամբ։
Մինչև Դավիթ բեկը խաղաղեց իր հայրենիքի ներքին դրությունը, մինչ հայերը սկսել էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել, մի արտաքին վտանգ կրկին խռովեց նրանց հանգստությունը։ Դավիթ բեկը այժմ գործ ուներ մի հզոր թշնամու հետ, որպիսիք էին օսմանցիքը։
Սուլթան Ահմետի օրերում ահագին բազմություն տաճկաց զորքերի դիմում են դեպի պարսկական Հայաստանի մի մասը։ Տիրելով Երևան քաղաքին, ապստակելով հանդիպած ազգաբնակությունները, և ամեն ինչ սրի և կրակի մատնելով, 1726 թվին նրանք անցան Սյունյաց աշխարհը, նրանց թիվը հասնում էր յոթանասուն հազարի․ այդ խառնիճաղանջ բազմությունը ուներ իր մեջ զինվորներ զանազան ազգերից և զանազան ցեղերից․ նրանց մեջ կային մինչև անգամ հայեր։ Նվաճելով Դավթի երկրի մի մասը, նրանք տիրեցին Յոթնաբերդին և Ղափանու գավառին։ Երկրի հայ բնակիչները վերջին հուսահատության մեջ թողին Դավթին և մտան օսմանցոց
լծի տակ։ Դավիթը մնաց միայն յոթանասուն անձնանվեր տղամարդերի հետ իր բերդի մեջ Հալիձորում։ Նրանից չբաժանվեցան և տեր Ավետիքը, Մխիթար սպարապետը, Մելիք-Փարսադանը, Տաթևի երեք եպիսկոպոսներ և տասներկու քահանաներ։ Նրա մնացյալ զորքը բոլորը ցրվեցան։ Այսուամենայնիվ Դավթի արիությունը ամենևին չթուլացավ․ նա մնաց միշտ քաջասիրտ և անձնավստահ։ Նախ և առաջ նա հոգ տարավ ամրացնել բերդը, պաշար հավաքել այնտեղ և խրախուսել իր ընկերներին։
Ղափանը տիրել են ինն ամիս հետո, Դավթի բերդին մոտենում են օսմանցոց զորքերը երկու փաշաներով, որ կոչվում էին Պեքիր և Արաբ-Ալի։ Նրանց առաջնորդում էր Բարգյուշատա խանը։ Նրանց թվում գտնվում էին և շատվոր հայեր Գողթան գավառից և առավելապես Ագուլիս քաղաքից, որոնք տաճիկներին հաճոյանալու համար, խառնված էին նրանց հետ։ Այլևս տեղային թյուրքերից շատերն, որոնք հին ոխ ունեին Դավթի դեմ, միացել էին թշնամու հետ։
Օսմանցիք բանակ են կազմում Հալիձորի հանդեպ։ Դավիթը մի փոքրիկ խմբով բռնում է ավանի մյուս կողմը։ Երկու կողմերը բաժանված են լինում գետով, որը նույն միջոցին հորդացած լինելով, դժվարացնում էր անցքը։ Դավիթը բռնում է գետի անցքը և մինչև երկու օր թույլ չի տալիս օսմանցիներին անցնել։ Բայց երկրորդ օրը հայոց հրացանավորները, որոնք տաճիկների հետ էին և որոնք ծանոթ էին այն տեղորայքը, անցնում են գետը ուրիշ կողմից և բռնում են Հալիձորի մի մասը։ Անցքը բացվում է օսմանցիների առջև։ Դավթին դժվար էր այնուհետև արձակ դաշտում ընդդիմանալ թշնամու բազմությանը։ Նա յուրայիններով, որոնց թիվը ավելի չէր, քան երեքհարյուր և հիսուն հոգուց, պատսպարվում է Անապատ կոչված ամրոցի մեջ։
Այս բերդը կոչվում էր Անապատ այն պատճառով, որ նրա մեջ զետեղված էր մի կուսանոց, ուր կային թվով քառասուն միանձնուհիք։ Օսմանցիք գետը անցնելեն հետո պաշարեցին բերը։ Վեց օր տևեց պաշարումը։ Օսմանցիք անդադար ռմբակոծում էին, և իրանց պատերազմական բոլոր հնարները գործ էին դնում, բայց նրանց ջանքերը մնում էին ապարդյուն։
Յոթներորդ օրը պաշարողները վճռում են վերջնական հարձակումն, և իրանց զորքերը երեք մասի բաժանած, երեք կողմից դիմում են դեպի բերդը։ Եվ չնայելով բերդի ներսից կարկտի պես թափվող գնդակներին, նրանք մոտենում են պարիսպներին, կանգնեցնում են սանդուղքները և այլ վերելուկ մեքենաներ, սկսում են բարձրանալ։ Բայց օսմանցիներից և ոչ մեկը կարողանում է ներս մտնել, այլ զարկվելով, ցած են թափվում։
Թշնամին կրկնապատկում է իր զորությունը և վայրենի կատաղությամբ նոր հարձակում է գործում։
Հասնում է օրհասական րոպեն։
Այս սարսափելի տագնապի մեջ, երբ մի կողմից շողում էին սրեր, հոսում էր արյուն, որոտում էին թնդանոթներ, մյուս կողմից, բարեպաշտ միանձնուհիների դասը հնչեցնում էին զանգակներ և աղերսում էին վերին օգնականությունը։
Քաջազնական հոգին միանալով կրոնական զգացմունքների հետ հրաշքներ էր գործում։
Ամողջ ութ ժամ տևում է կռիվը։ Բերդը աննկարագրելի ամրությամբ պաշտպանվում էր։ Թշնամիներից և ոչ մինը դեռ չէր կարողացել ներս մտնել։ Պաշարվածները՝ քան թե անձնատուր լինել՝ ընտրել էին մահը, բայց ցանկանում էին ավելի փառավոր կերպով հանդիպել նրան։
Արևը մերձենում էր իր մուտքին։ Օրը տարաժամում էր։ Պաշարողները դեռ չէին կամենում ետ քաշվել։
Սույն միջոցին Մխիթար սպարապետը տեր Ավետիքի հետ թողնելով Դավթին փոքրաթիվ պահապանների հետ բերդի մեջ, իրանք ամրոցի գաղտնի դռնով դուրս են գալիս, իրանց հետ ունենալով մի քանի հարյուր սպառազեն տղամարդիկ։ Նրանք անակնկալ կերպով հարձակվում են թշնամու գլխավոր բաժնի վրա։ Որովհետև մութը պատած էր այն ժամուն, թշնամին շփոթվում է․ նրանք կարծում են, թե պաշարվածներին դրսից օգնություն հասավ։ Ամբողջ բանակի մեջ տիրում է խռովություն և իրարանցում։ Սկսվում է կոտորածը։ Նույն միջոցին թշնամու խառնիճաղանջ բազմությունը թողնում է բերդը․ նրանք սկսում են ցրվել։ Նույն ժամին բերդից դուրս է գալիս և Դավիթ Բեկը, միանում է իր ընկերների հետ։ Թշնամին փախչում էր, դրանք հետամուտ էին լինում։ Նրանցից ընկնում են մի քանի հազար հոգի, խլում են հարյուրից ավելի դրոշակներ և հարուստ պատերազմական մթերք։
Դավթի մի այսպիսի հաջողությունը լսելով վհատած հայերը, որ առաջ թողել էին նրանց, կրկին հավաքվում են նրա դրոշակի տակ։ Դավիթը կրկին հավաքում է իր զորությունները։ Այնուհետև նա տեր Ավետիքի և Մխիթար սպարապետի հետ գործեցին և մի
քանի այլ հաղթություններ օսմանցիների դեմ, մինչև բոլորովին դուրս հալածեցին նրանց հայոց երկրից։
Այն ժամանակ պարսից Շահ-Թահմազ արքան եկած էր Ատրպատական, որ արգելե օսմանցիների հարձակմունքը դեպի Պարսկաստան։ Նա Դավրիժումն էր, երբ մեծ ուրախությամբ լսեց Դավթի հաղթությունները։ Եվ Դավիթը նրան ավելի գոհացնելու համար, նույն ժամանակվա սովորության համեմատ, ուղտերի մի ամբողջ կարավան բեռնավորված տաճիկների գլուխներով, այլև իր խլած ավարից մասն հանելով շահին, ուղարկեց Դավրիժ։ Շահը ուրախությամբ ընդունեց կարավանը, որ բերում էր իր թշնամիների գլուխները։ Այս պատճառով կապեց Դավթի հետ դաշնագրություն, առանձին ֆերմանով շնորհելով նրան Ղափանի ամբողջ գավառը, որպես սեփականություն, այլև կարգեց նրան գլխավոր իշխան բոլոր Սյունյաց և Գողթանի նահանգների, ստորադրեց նրա հրամանին տեղային խաներին, և հրաման տվեց իր անունով դրամ կտրել։
Դավիթը այժմ հասած էր իր բաղձանքին, նա իր ազատ հայրենիքի տերը և իշխանն էր։ Այդ եղավ 1727 թվին։
* * *
Սյունյաց նահանգը թեև բոլորովին մաքրված էր օսմանցիներից, բայց Օրդուբադի և Ագուլիսի կողմերում տակավին տիրում էին նրանք։ Դավիթը ուղարկեց տեր Ավետիքին և Մխիթար սպարապետին այն կողմերից ևս հալածել նրանց։ Մի քանի կռիվներում հայերը հաղթող են հանդիսանում և հաջողվում է տիրել Ագուլիսին։ Այս ավանը այն ժամանակ բացի իր շրջակա գյուղորայքից ուներ 10 հազար տուն հայ բնակիչներ։ Դրանք մեծ զորություն կարող էին կազմել Դավթին, եթե սրտով միանային նրա հետ։ Բայց ընդհակառակն միշտ անհավատարիմ մնացին դեպի Դավթի գործը։ Ագուլեցիք մելիք Մուսա անունով մի չարագործից գրգռվելով, որ նրանց գլխավորն էր, առ երես բարեկամ էին ձևանում Դավթին, իսկ գաղտնի օգնում էին օսմանցիներին, լրտեսություններ անելով, պաշար մատուցանելով և հայի բոլոր գաղտնիքը նրանց հայտնելով։ Այդ էր պատճառը, որ Դավթի զորքերը թեև նույն օրերում օգնություն ստացան Շահ-Թամազից, բայց մի քանի կռիվներում կոտորվեցան օսմանցիներից։
Դավիթը տեսնելով ագուլեցոց անհավատարմությունը ինքը անձամբ դիմեց Ագուլիս։ Նրա զորքը ամրացած էր Թոմա առաքելո վանքի մեջ, որ կարող էր բերդ տեղ ծառայել։ Ստուգելով մելիք Մուսայի դավադրությունները, Դավիթը նրան բռնել տվեց և հրամայեց գլուխը կտրել։ Բայց նա ազատվեցավ Մելիք-Փարսադանի աղերսանքով։
Քանի օրից հետո մելիք Մուսան բոլորովին մերկացրուց իր թշնամությունը։ Մինչ Դավիթը Թոմա առաքելո վանքի մեջ ամրացած էր, նա հավաքելով Ագուլիսի բնակիչներին, պաշարեց վանքը և սկսան հրացաններ արձակել, ստիպելով, որ Դավիթը թողնե իրանց քաղաքը։ Այդ հարձակումը գործվեցավ գիշերով։ Դավիթը հրամայեց յուրայիններին հանգիստ մնալ և հայի արյուն չթափել։ Միայն Մելիք-Փարսադանին ուղարկեց հանգստացնել ագուլեցիներին, խոստանալով, որ առավոտյան կթողնեն քաղաքը։ Բայց ագուլեցիք ավելի ևս խստացրին իրենց կատաղությունը և մինչև անգամ հրացանով սպանեցին Դավթի պատգամավորին, այն մարդուն, որ մի քանի օր առաջ ազատեց մելիք Մուսայի գլուխը Դավթի սրից։
Բայց Դավիթը որքան բարեսիրտ էր, այնքան վրեժխնդիր և խիստ էր դեպի իր անհնազանդները։ Նա թեև քանդելով վանքի պարսպի մի մասը, գիշերով դուրս եկավ քաղաքից, բայց մի քանի օրից հետո վերադարձավ, և երկու կողմից հրդեհելով քաղաքը, ահագին ավարով գնաց Հալիձոր։
Դավիթը այնուհետև զբաղվեցավ իր նոր իշխանության կարգադրություններով։ Մինչև այնօր խառնված լինելով անընդհատ կռիվների մեջ, նա ժամանակ չէր ունեցել որևիցե կարգ ու կանոն դնել իր երկրում․ ամեն ինչ կառավարվում էր վաղեմի նահապետական ձևերով։ Նա թողնելով հին սովորությունները, որոնք օրենքի զորություն էին ստացել, միայն ավելի կանոնավորեց նրանց, — երկրի բաժանմունքները կարգի դրեց, որոշեց մելիքների և տանուտերների իրավունքները և զորապետների պարտավորությունները,
և զինվորական ծառայությունը ընդհանրապես պարտավորիչ շինեց։ Բայց նա իսպառ իր նպատակները իրագործել չկարողացավ, որովհետև հիվանդանալով վաճխանեցավ իր տան մեջ 1728 թվին, վեց տարի միայն վարելով իր իշխանությունը։ Դավթից ժառանգ չմնաց․ շատ հավանական է, որ նա ամուսնացած ևս չլիներ։ Նրա մահից հետո զորականքը միաբանվելով, ընտրեցին Դավթի տեղ Մխիթար սպարապետին։
Մխիթարը որքան և քաջ էր ու գործագետ, այսուամենայնիվ այն բախտը չունեցավ, որպես իր նախորդը։ Մի կողմից հայոց զորապետների մեջ ծագեց անմիաբանություն, մյուս կողմից, զորքը վեց տարվա անընդհատ կռիվների մեջ համարյա հոգնել և թուլացել էր սրտով։ Այս պատճառով, երբ մի տարուց հետո օսմանցիք կրկին պաշարեցին Դավթի բերդը, հայերը ավելի հարմար համարեցին հաշտության դաշն կապել, քան թե պատերազմել։ Նրանք տեր Ավետիքի ձեռքով հաշտության դաշն կապեցին փաշայի հետ և անձնատուր եղան։ Բայց ուխտազանց օսմանցիք, երբ իրանց առաջ բացված տեսան բերդի դռները, ներս մտան և վայրենի անգթությամբ սկսեցին կոտորել նրա մեջ եղողներին։ Նրանք մինչև անգամ չխնայեցին քառասուն միանձնուհիներին, որոնք նույն ամրոցում մենարան ունեին, բոլորը զոհվեցան տաճկական սրին։ Մխիթար սպարապետը բերդի պարսից վար իջնելով ազատեց իր անձը։
Իսկ նա այնուհետև հանգիստ չմնաց։ Վերստին զորք հավաքելով, քանիցս անգամ հարձակվեցավ օսմանցիների վրա, վրեժխնդիր եղավ նրանց ուխտազանցության համար․ թափեց նրանցից շատ ամրոցներ և քաղաքներ, և 150 ուղտի բեռն ավարով վերադարձավ իր տեղը։ Նա բնակվում էր Խնձորեսք կոչված մեծ բերդում։
Մխիթարի իշխանությունը երկար չտևեց, որովհետև 1730 թվին նույն իսկ հայերից հրացանազարկ լինելով մեռավ, երկու տարի միայն իշխելով։ Սպարապետի գլուխը իր թշնամիքը կտրելով, որպես ընծա նվիրեցին օսմանցոց փաշային։ Բայց փաշան, Մխիթարի ոխերիմը՝ ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե այն վատ հայերը, որ թափեցին մի անմեղ արյուն։ Նա հրամայեց կտրել բոլորի գլուխները․․․
Մխիթարի մահից հետո հայոց միաբանության կապը իսպառ քակտեցավ։ Ամեն մի իշխան, ամեն մի մելիք սկսեց ինքնագլուխ տիրել երկրի այս ու այն մասին, կրելով իր վրա պարսից կամ օսմանցուց լուծը և հարկատու լինելով նրանց։ Իսկ նրանք, որ հատավարիմ մնացին Դավթի գաղափարին, ցրվեցան դեպի զանազան կողմեր, ավելի լավ համարելով չծծել այն հայրենիքի օդը, որ թունավորված էր բռնակալի շնչով․․․
Տեր Ավետիքը՝ այդ անպարտելի հերոսը, տեսնելով հայոց անմիաբանությունը, թողեց Հայաստանը և դիմեց Երուսաղեմ։ Այնտեղ նա Աբրահամ կաթողիկոսի հաճությամբ ներումն ստացավ պատրիարքից այն բոլոր արյունների համար, որ նա թափել էր։ Կրոնական մոլեռանդությունը վերջապես տիրում է այդ քաջի սրտին, նա սկսում է ապաշխարել․․․
Դավթի գործակից մյուս քաջերի մասին լռում է պատմությունը․ հայտնի չէ նրանք ուր գնացին, ինչ եղան։