Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (ԻԷ)

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (ԻԷ)
Օրհասական գիշերը անցավ, կրակի, կոտորածի գիշերը։ Վաղորդյան արեգակը իր ուրախ ճառագայթներով տարածեց մոխիր դարձած բերդաքաղաքի ավերակների վրա։

Բերդից ոչ այնքան հեռու, հայոց բանակատեղում կազմված էր մի առանձին վրան։ Այդ վրանը տաղավարի ձև ուներ, համարյա միևնույն ձևը, որ մինչև այսօր էլ կարելի է տեսնել Սյունյաց աշխարհի խոշնարած ցեղերի մոտ։ Շրջապատը հյուսած էր եղեգներով, իսկ առաստաղը ծածկված էր թանձր թաղիքներով, որ տարածել էին բարակ, ճկուն ձողերի կորաձև կամարների վրա։

Վրանում նստած էր Ներսես սրբազանը, իսկ նրա հանդեպ չոքած էր խանի ծերունի վեզիրը։

— Ես, սրբազան, — խոսեց նա․ — դիմում եմ ձեզ ոչ իբրև վեզիր և ոչ իբրև մի պաշտոնական անձն, այլ իբրև մի հասարակ մարդկ, սիրտը լի ցավերով ու վշտերով։ — Դիմում եմ ձեզ այն հուսով, որ հավատացած եմ, իմ աղաչանքները ավելի հեշտությամբ ընդունելություն կգտնեն մի հոգևորականի մոտ, որի պաշտոնն է քարոզել գթություն, ողորմածություն և խիղճ, որի կոչումն է ներել թշնամուն, որին ծանոթ չէ ոխը, ատելությունը, նախանձը։ — Ես դիմում եմ ձեզ որպես Հիսուն Քրիստոսի աշակերտի և նրա վարդապետությունը ժողովրդին քարոզողի, նույն Հիսուս Քրիստոսի, որ ասում էր․ երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Ողորմեցեք մեզ, սրբազան, ընկած մարդուն այլևս ոտքով չեն խփում։ Բեկը կընդունե ձեր խորհուրդները․ օգնեցեք ինձ խնդրել նրանից, որ դադարեցնեն կոտորածը։ Այդ մարդիկը, թեև ձեր կրոնից չեն, բայց աստուծո ստեղծածներ են։ Աստծուն շատ հաճելի չի լինի, երբ անասունների, միջատների հետ անգամ անգթությամբ են վարվում։
— Ձեր խոսքերը շատ գեղեցիկ են, վեզիր, — պատասխանեց սրբազանը նրան ուշադրությամբ լսելուց հետո․ — և ես ուրախ եմ, որ դուք այնքան կարդացած եք երևում, որ լավ ըմբռնել եք մեր կրոնի ոգին։ Բայց այն բանը, որ կոչում եք անգթություն, դուք ինքներդ սովորեցրիք մեզ։ Վարժապետը չի պիտի նախատե իր աշակերտին, երբ նա նույնն է գործում, ինչ որ սովորել է իր վարպետից։

— Ինչպե՞ս մենք սովորեցրինք, — հարցրեց վեզիրը։

— Այո՜, դուք սովորեցրիք․ ես այս րոպեիս կբացատրեմ ձեզ։ Այդ դաստիարակությունը կատարեցիք դուք բոլորովին անգիտակցաբար, ոչ թե մի տարվա մեջ, այլ շատ դարերի ընթացքում։ Դուք մի մոռացեք, որ դուք մի գաղթական հյուր եք մեր երկրում, այն անշնորհակալ հյուրերից մեկը, որ տան տիրոջը սպանում է, իսկ ինքը սկսում է տաքանալ նրա օջախի կրակովը։ Այդ սպանությունը գործեցիք դուք։ Այս երկիրը պատկանում է մեր նախնիքներին։ Այստեղ մենք ունեինք մեր թագավորությունը, մեր իշխանությունը։ Բոլորը ոչնչացրիք դուք։ Մեր հայրենիքում մի քար չէ մնացել, որ դուք չներկեիք մեր պապերի արյունով․ մեր հայրենիքում մի տաճար չէ մնացել, որ դուք հարյուր անգամ քանդած չլինեիք։ Որքան կամեցաք՝ կոտորեցիք, որքան կամեցաք՝ ոչնչացրիք։ Հայաստանի երեսուն միլիոն հայ բնակիչներից թողեցիք հինգ միլիոն միայն․ այդ ևս այն մտքով, որ նրանց կենդանի մահացնեք, որ նրանց մերկ ու քաղցած թողնեք, իսկ ինքներդ նրանց աշխատանքով ապրել կարողանաք։ Դուք Ջանկիզ-խանի, Մանգո-խանի, Հալուգո-խանի, Լենկ-Թեմուրի և այլ այդ տեսակ հրեշների

մեզ մոտ բերած գազանների չար կորյուններն եք։ Դուք մեր աշխարհը ավերակ դարձրիք, իսկ Թաթարստանը, Մոնղոլստանը, Ավղանստանը լցրիք մեր երկրից տարած գերիներով։ Ես եթե ամբողջ օրերով խոսեի ձեզ հետ, դարձյալ չէի կարող ավարտել այն բոլոր բարբարոսությունների աղետավոր պատմությունը, որ դուք և ձեր նախնիքը կատարել եք մեր հայրենիքում։ Մեր կնիկներին, մեր աղջիկներին, մեր երեխաներին, մեր ընտիր տղամարդերին հազարներով լեցնում էիք աստուծո տաճարների մեջ, կրակ էիք տալիս և այրում էիք։ Ձեր պապերից մեկը կործանեց մեր սքանչելի մայրաքաղաքը՝ Անին․ այնքան կոտորել տվեց, որ փողոցների միջով արյան վտակներ էին վազում։ Բայց դրանով ևս չկշտացավ գազանը, հրամայեց մորթել հազարավոր ծծկեր երեխաներ, նրանց արյունով լցրեց մի ահագին լճակ, մտավ այդ լճակի մեջ լողացավ, որ դրանով գովացնե սրտի բարկությունը։ Ձեր բարբարոսությունը, բացի մարդիկներից, տարածվեցավ և մեր երկրի վրա։ Մեր երկիրը մի ծաղկյալ դրախտ էր, բուսացանում էր աստուծո շնորհած բոլոր բարիքները։ Բայց դուք նրան բոլորովին անապատ դարձրիք։ Միջին Ասիայի տխուր անապատների նման, որտեղից դուրս էին եկած ձեր նախնիքը։ Մեր հարուստ քաղաքները կործանեցիք, մեր շեն գյուղերը ավերակ դարձրիք, մեր վաճառականությունը, մեր արհեստը, մեր ճարտարությունը ոչնչացրիք և ամեն տեղ տարածեցիք աղքատություն ու սով։ Դո՜ւք, անապատի զավակներ, սիրում եք անապատ, ամայություն, և մահացություն։ Ձեր համար անտանելի է ծաղկյալ կյանքը, մարդկային երջանիկ բարօրությունը և աշխատասեր ժողովրդի արդյունավոր գործունեությունը։ Դուք սիրում եք իշխել միայն ավերակների վրա։ Ամեն ինչ, որ լավ էր, ամեն ինչ, որ օգտավետ էր, դուք խլեցիք մեզանից, իսկ փոխարենը տվեցիք մեզ ձեր վայրենությունը, ձեր անկրթությունը։ Եվ այժմ զարմանում եք, որ մենք վարվում ենք ձեզ հետ միևնույն եղանակով, ինչպես դուք վարվել եք մեզ հետ հազարավոր տարիների ընթացքում։ — Հիմա հասկանում եք, որ դուք ինքներդ այդպես դաստիարակեցիք մեզ, որ դուք ինքներդ սովորեցրիք մեզ անգթությունը։
— Հասկանում եմ․․․ — պատասխանեց վեզիրը։ — Բայց որդին ինչո՞վ է մեղավոր, որ տուժե իր պապերի հանցանքների համար։

— Որդին մեղավոր չէր լինի, եթե ինքն էլ միևնույն կերպով չգործեր, եթե ինքն էլ չշարունակեր իր պապերի բարբարոսությունը, — ասաց սրբազանը։ — Դուք չփոխվեցաք, դուք մնացիք

նույնպես անկիրթ, նույնպես վայրենի, որպես էիք հազար տարիներ առաջ։ Ամբողջ աշխարհը փոխվեցավ, դուք մնացիք միևնույնը։
— Ինչո՞ւ չկրթեցիք մեզ, քանի որ դուք ձեր քաղաքակրթությամբ ավելի բարձր էիք մեզանից, — հարցրեց վեզիրը։

— Այդ մեր հանցանքն է, — պատասխանեց սրբազանը։ — Բայց ձեզ կրթելու համար մի մեծ դժվարություն, մի մեծ արգելք կար։ Ձեզ կրթելու համար հարկավոր էր նախ ձեր ձեռքից խլել սուրը և նրա փոխարեն տալ գիրքը։ Այդ անելու համար մենք բավական ուժ և պատրաստականություն չունեինք։ Մի ժողովուրդ չէ կարող կրթել մյուսին, երբ ինքը գտնվում է նրա իշխանության ներքո։ Վարժապետը պետք է ազատ լինի իր աշակերտների վերաբերությամբ։ Մենք ձեզ կարող ենք կրթել, երբ դուք մեր հպատակներ կլինեք։

— Այդ անկարելի բան է, — ասաց վեզիրը դառն ժպիտով։ — Իսլամը չէ հպատակում, իսլամը տիրում է, իշխում է․․․

Նկատելով, որ իր վերջին պատասխանը անախորժ տպավորություն գործեց սրբազանի վրա, նա փոխեց խոսքը, ասելով․

— Սրբազան, ես համաձայն եմ ձեզ հետ, որ մեր նախնիքը և մենք ինքներս վատ ենք վարվել ձեր ազգի հետ։ Ես բոլորովին արդարացնում եմ այն պատճառները, որ ստիպեցին ձեզ սուր բարձրացնել մեր դեմ։ Բայց երբեք չեմ կարող իրավացի համարել, երբ դուք կանցնեք չափն ու սահմանը մարդկային խղճի, և հաղթող մարդու մեծահոգությունը կփոխարինեք բարբարոսի անգթությունով։

— Ես բացատրեցի ձեզ, որ այդ անգթությունը ձեզանից սովորեցինք։

— Այդ ուղիղ է, բայց քրիստոնյային վայել չէ, — ասաց վեզիրը։ — Ես կպատասխանեմ ձեզ ձեր կրոնի վարդապետի խոսքերով․ դուք պարտավոր եք ձեր թշնամիներին սիրել, դուք պարտավոր եք ձեզ անիծողներին օրհնել, դուք պարտավոր եք ձեր ատելիներին բարություն անել, դուք պարտավոր եք աղոթել նրանց համար, որ միշտ նեղացնում են, որ միշտ չարչարում են ձեզ։

Սրբազանը սկսեց ծիծաղել։

— Այդ բոլոր պատվիրանքները մենք կատարել ենք, վեզիր, ավելի քան հազար տարի մենք հնազանդ էինք այդ պատվիրանքներին։ Բայց փոխանակ շահվելու, նրանց մեջ գտանք մեր դժբախտությունը։ Մեր վիճակը ավելի և ավելի ծանրացավ։ Մենք կորցրինք բոլորը, ինչ որ ունեինք, և վերջապես օտարի լծի տակ

ստրուկ դարձանք։ Մենք կարծում էինք, թե սիրելով մեր թշնամիներին, բարություն անելով մեր ատելիներին, այսպիսով կփափկացնենք նրանց բարք ու վարքի կոշտությունը, կմեղմացնոնք նրանց վայրենությունը և փոխադարձապես սեր կվայելենք նրանց կողմից։ Բայց կյանքի փորձի մեջ ընդհակառակն եղավ։ — Մենք հավատարիմ մնացինք մեր փրկչի հրամանին․ ով որ մեր ձախ երեսին ապտակով զարկեց, աջն էլ շուռ տվեցինք․ ով որ մեր շապիկը պահանջեց, մեր պատմուճանն էլ նրան տվեցինք։ Բայց արդյունքն ի՞նչ եղավ։ — Այն, որ մեր հնազանդությունով, մեր զոհաբերություններով ավելի լրբացրինք մեր թշնամուն, ավելի գրգռեցինք նրա կատաղությունն ու ընչաքաղցությունը։ Մեր խոնարհությունը, մեր հեզությունը նկատելով, մեր թշնամին ավելի բռնացավ մեզ վրա և ավելի սաստիկ կերպով սկսեց ճնշել, տրորել մեզ։ Այդ էր պատճառը, որ մենք վերջ ի վերջո խելքի եկանք, սկսեցինք մեր թշնամիների հետ վարվել նույն կերպով, ինչպես նրանք են վարվում։ Եվ այդ վարմունքը դուք ինքներդ սովորեցրիք մեզ։
Վեզիրը ոչինչ չգտավ պատասխանելու։

— Ասացեք, խնդրեմ, — հարցրեց սրբազանը․ — դուք ինչպե՞ս կվարվեիք մեզ հետ, եթե այդ կռվի մեջ հաղթությունը ձեր կողմը լիներ։

— Մենք ձեզ կկոտորեինք։

— Ապա ինչո՞ւ եք դատապարտում մեր մեջ միևնույն վարմունքը, երբ հաղթությունը մեր կողմն է։

— Նրա համար, որ ձեր կրոնը ձեզ հրամայում է ներել, իսկ մեր կրոնը հրամայում է կոտորել։

— Դուք դարձյալ կրոնի վրա եք հիմնում ձեր պատասխանները։

— Որովհետև կրոնավորի հետ եմ խոսում։

— Այո՜, կրոնավորի հետ եք խոսում, — ասաց սրբազանը, — բայց մի մոռացեք, որ այդ կրոնավորը միացրել է իր մեջ թե պատերազմող և թե աղոթող մարդու հատկությունները։

— Այս ես աչքի առաջ ունեմ, — պատասխանեց վեզիրը, պահպանելով իր սառնասրտությունը։ — Բայց մի հարց եմ առաջարկում ձեզ․ ինչպե՞ս կվարվեր աստված հանցավոր Սողոմի և Գոմորի հետ, եթե գտնելու լիներ նրանց մեջ գոնե մի քանի արդար մարդիկ։

— Այդ քաղաքները այլևս չէր այրի կրակով, — պատասխանեց սրբազանը։
— Ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ։ Մեր նախնիքը և մենք նույնպիսի հանցավորներ ենք եղել, որպես Սողոմի և Գոմորի չարագործները։ Բայց եթե մի մարդ եղել է այդ բերդի մեջ արդարադատ, ճշմարտասեր և գթած դեպի տառապյալները, մի՞թե դուք այդ մարդու համար չէիք խղճա մյուսներին։

— Ո՞վ է այդ մարդը։

— Նա, որ խոսում է ձեզ հետ։

Սրբազանը մտածության մեջ ընկավ։ Վեզիրը առաջ տարավ իր խոսքը․

— Ես ձեզ չեմ խաբում, սրբազան, և խաբելու սովորություն երբեք չեմ ունեցել։ Դուք կարող եք տեղեկանալ բոլոր հայերից, որ բնակվում են այդ բերում, դուք կարող եք հարցնել բոլոր հայ գյուղացիներին, որ գտնվում էին մեր իշխանության ներքո։ Ես եղել եմ միշտ ողորմած դեպի այդ ժողովուրդը, որովհետև իմ նախնիքը նույնպես հայեր են եղել և մեր ընտանիքի մեջ դեռ պահպանել են այդ ազգի բարոյականության նշույլները։ Ես, իբրև վեզիր, միշտ աշխատել եմ մեղմացնել իմ բռնապետի անգթությունը, և որքան կարողացել եմ, ազատել եմ քրիստոնյաներին նրա կատաղությունից։ Ոչ թե նրա համար, որ ես մի առանձին համակրություն ունեի դեպի քրիստոնեությունը, ո՜չ, այլ առավելապես այն պատճառով, որ քրիստոնյաները մեզ համար լավ հպատակներ էին, մեր կաթնատու կովն էին, պետք էր խնամք տանել նրանց վրա։ Ես բավական փաստեր ունեմ իմ խոսքերի ճշմարտության մասին, բայց ավելորդ եմ համարում մի առ մի հիշել։ Շատ անգամ հայերի վերաբերությամբ իմ միջամտությունները, իմ բարեխոսությունները ենթարկել են ինձ իմ բռնապետի բարկությանը, մինչև անգամ պատժին։ Հենց այս գիշեր նա հրամայեց ինձ բանտարկել, և ինձ այս առավոտ հրապարակի վրա պիտի գլխատել տար, եթե հաջողությունները նրա կողմը լինեին։

Սրբազանը դարձյալ դժվարանում էր հավատալ նրա խոսքերի անկեղծությանը։ Վեզիրը մոտեցավ, բռնեց նրա փեշից և իր աղերսավոր աչքերը դարձնելով նրան, ասաց․

— Ընդունեցեք իմ աղաչանքը․ թող բարությունը և առաքինությունը վարձատրված լինի․ դրանով դուք կսովորեցնեք մարդիկներին բարի լինել։

— Բարությունը և առաքինությունը պետք է վարձատրել, — պատասխանեց սրբազանը։ — Բայց նախքան խոստանալը, թե կարող եմ կատարել ձեր խնդիրքը, ես հարկավոր եմ համարում մի բան հարցնել ձեզանից․ հուսով եմ, որ անկեղծությամբ կպատասխանեք։
— Հարցրեք։

— Դուք ի՞նչ տեսակ հարաբերություններ կպահպանեք մեզ հետ մեր այդ բոլոր կռիվներից, մեր հաղթություններից հետո։

— Ես կմնամ ձեզ անհաշտ թշնամի։

— Իսկ հայ ժողովրդի՞ վերաբերությամբ։

— Կաշխատեմ կրկին մեր իշխանության տակ ձգել։

— Իսկ մահմեդական ժողովրդի՞ վերաբերությամբ։

— Կաշխատեմ նրանց գրգռել ձեր դեմ, որ թոթափեն օտարի լուծը։ Հուսով եմ, որ դուք չեք դատապարտի իմ մեջ այդ սերը դեպի իմ կրոնակիցները, որովհետև միևնույն սերը ունեք դուք ձեր ժողովրդի վերաբերությամբ։

— Ես հարգում եմ ձեր անկեղծությունը, — ասաց սրբազանը․ — բայց դուք մի րոպե առաջ խոստովանեցաք, որ ձեր նախնիքը հայեր են եղել։

— Իսկ ես մահմեդական եմ և իմ կրոնի նախանձախնդրությունն ունեմ։

— Ձեր կրոնը ձեզանից ոչ ոք չէ խլում․ բայց դուք ազգով հայ եք։

— Մահմեդականության մեջ ազգ չկա․ ամբողջ իսլամը մի ժողովուրդ է կազմում։

Սրբազանը փոքր-ինչ մտածելուց հետո, ասաց․

— Լավ, ես ցանկություն չունեմ բռնանալ ձեր համոզմունքների վրա, թեև նրանք ծուռ ու սխալ են։ Խոստանում եմ օգնել ձեզ և Բեկին ընդունել տալ ձեր խնդիրքը․ միայն այն պայմանով, որ դուք հենց այս օրից թողնեք մեր տիրապետած երկիրը։

— Այդ պայմանը ես ընդունել չեմ կարող։

— Բայց եթե Բեկը լսելու լինի ձեր վերջին խոսքերը, ձեզ գլխատել կտա։

— Ինձ համար միևնույն է, թող ինձ գլխատել տա, բայց խնայե մնացածներին։

Մինչ այդ խոսակցության մեջ էին, նկատեցին, որ բանակի մյուս ծայրից հայտնվեցավ Բեկը, նստած իր ձյունի պես սպիտակ նժույգի վրա։ Նրա մի կողմից, նույնպես ձիավորված, գնում էր Մխիթար սպարապետը, իսկ մյուս կողմից՝ Թորոս իշխանը։ Թիկնապահների խումբը հետևում էր նրանց։ Հաղթության իշխանը հանդիսավոր կերպով դիմում էր դեպի դեռևս մխացող բերդաքաղաքը։
— Դա ո՞վ է, — հարցրեց վեզիրը, շարունակելով նայել։

— Բեկը, — պատասխանեց սրբազանը․ — Երևի, գնում է բերդը տեսնելու։

Վեզիրը վեր կացավ, դառնությամբ ասելով․

— Գնում է տեսնելու, թե ի՜նչպես են կոտորել, ի՜նչպես են ոչնչացրել․․․ և թե մի բան պակաս է մնացել, լրացնել տա․․․ Դրա մեջն է հաղթության փառքը և հաղթողի անսահման բերկրությունը, — արյունով գովացնել իր վրեժխնդրության ծարավը․․․ Ես էլ կգնամ, կընկնեմ նրա ձիու ոտների տակ, երեսս կքսեմ փոշիներին, կաղաչեմ, կպաղատեմ, որ բավականանա եղածով, որ դադարեցնե արյունահեղությունը․․․

— Գնացեք, ձեր մենակ գնալը ավելի հարմար է, — պատասխանեց սրբազանը, — բայց ձեր խոսքերի մեջ զգույշ եղեք, աշխատեցեք չբարկացնել նրան։ Իսկ ես ձեր ետևից կգամ, կօգնեմ ձեզ իմ բարեխոսությունով։

Վեզիրը հեռացավ։ Իր կյանքում երբեք մի այսպիսի ստորություն հանձն առած չէր նա։ Գավուրի մոտ աղերսարկու լինել, գավուրից գթություն խնդրել, — այդ անարգանքը մահու չափ սպանիչ էր նրա համար։ Բայց նա հանձն առեց այդ ծանր զոհաբերությունը բազմաթիվ մուսուլմանների կյանքը փրկելու համար։

«Գինիից դարձած քացախը ավելի թունդ է լինու․․․» — մտածեց սրբազանը և տխրության մռայլը անցավ նրա բազմահոգ դեմքի վրա։ Այդ մարդը, որպես ինքը խոստովանեց, հայոց ծագումից է։ Նոր կրոնի մոլեռանդության հետ միացրել է և հայի խելքը։ Դա շատ վտանգավոր բան է։ Հայի խելքը հայի դեմ ավելի կորստաբեր հետևանքներ է ունենում, քան թե օտարինը։ Հայը ընդունելով մի նոր կրոն, ավելի խավարամիտ, ավելի վնասակար է դառնում իր ազգությանը, քան նույն կրոնին պատկանող ամբողջ հասարակությունը, որը մեր ազգից չէ։ Ոչ ոք այնքան չէ վնասել հայոց հայրենիքին, որքան մեր արյունակից դավաճանները, որոնք մեզ թողնելով, անցան թշնամու կողմը։ Ինչի՞ց է այդ։ Դժվար է հասկանալ, բայց դժբախտաբար այդպես է․․․

Նա դուրս եկավ իր վրանից և սկսեց գնալ ծերունի վեզիրի ետևից։ Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, բայց ձորի անտառապատ խորության մեջ տակավին ջերմություն չէր զգացվում։ Վաղորդյան խոնավ գոլորշիները բարձրանալով ծմակների միջից, տեղ-տեղ բամբակի ահագին կտորտանքի նման խտանում էին և ձյունափայլ մառախուղի ձև էին ստանում։ Ամենուրեք տիրում էր լռություն և անդորրություն․ այլևս չէին լսվում գիշերային հրացանաձգությունների ձայները։
Բեկը, աչքերը հառած դեպի բերդը, երկու ուղեկիցների հետ, առաջ էր գնում։ Նրա սառն դեմքի վրա չէր երևում ոչ հաղթողի ուրախությունը և ոչ էլ անբավական մարդու դժգոհությունը, այլ մի տեսակ խորին մտածություն, որը, կարծես, արտահայտելիս լիներ այս միտքը․ «Լավ է, այդ բոլորը շատ լավ է, բայց դրանից հետո ի՞նչ պետք է անել․․․»։

Նա դարձավ դեպի Մխիթար սպարապետը, ասելով․

— Այդ բերդը բավական հոգնեցրեց մեզ․ նա միշտ կմնա այդ ճանապարհի վրա որպես մի դժվարարձակելի հանգույց և որպես մի մեծ խոչընդոտ, եթե նրան ողջ թողնելու լինենք։ Պետք է այդ հանգույցը բոլորովին ոչնչացնել։

— Ինչո՞ւ, ոչնչացնել, — պատասխանեց սպարապետը․ — քանի որ թշնամու ձեռքումն էր, նա կարող էր մեզ խոչընդոտ լինել, իսկ այժմ, երբ ընկավ մեր ձեռքը, նույն ծառայությունը կարող է մատուցանել և մեզ։

— Այդ իրավ է։ Բայց ես նպատակ ունեմ շինել տալ մի նոր բերդ, այստեղից հեռու, մի ավելի հարմար դիրքի վրա․․․

Դեռ չավարտած իր խոսքը, Բեկը նկատեց, որ մի մարդ բռնեց նրա ձիու սանձը, ասելով․

— Իշխան, խնդիրք ունեմ․․․

Բեկը կանգնեցրեց իր ձին։ Նա չոքեց գետնի վրա, և արտասվալի աչքերով ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, ասաց․

— Աստված իր քաջերին հաղթություն է շնորհում և նրանց հզոր ձեռքը բարձրացնում է ազգերի ու ժողովուրդների վրա։ Նրանց ձեռքով խորտակում է ամենակալը իշխողների գավազանը և ոչնչացնում է նրանց զորությունը, — այն իշխողների, որ ոտնակոխ են անում աստուծո սահմանած օրենքները, որոնց հիմքն է արդարությունը, որը կշիռն է ամեն իրավունքների։ Դուք, իշխան, արդարադատի բարկության սուրն եք, որով կամեցավ նա

պատժել մեզ մեր մեղքերի համար։ Բայց աստուծո ուղարկած պատուհասը իր սահմանն ունի։ Նա թեև տալիս է հզորների ձեռքում իր վրեժխնդրության սուրը, բայց մի մոռացեք, իշխան, որ այդ սրի երախակալը գթությունն է։ Նա թեև հաղթություն է շնորհում իր քաջերին, բայց մի մոռացեք, իշխան, որ այդ հաղթության պսակը ներումն է։ Այժմ ձեր ոտքերի փոշու տակ ընկած մարդը ձեզանից այդ երկու ողորմությունն է խնդրում՝ գթություն և ներումն։ Որովհետև աստված գթած է և ներող։ Թող օրհնյալ լինի նրա ամենակարողությունը, թող անպակաս լինի ձեզանից նրա շնորհը։
Բեկը որքան էլ խստասիրտ լիներ, որքան էլ զայրացած լիներ իր հայրենիքի թշնամիների վրա, այսուամենայնիվ, ծերունու խոսքերը ազդեցին նրա սրտին, և դառնալով դեպի սպարապետը, հարցրեց․

— Ո՞վ է այդ մարդը։

Այդ միջոցին վրա հասավ Ներսես սրբազանը, և առաջ անցնելով, պատասխանեց․

— Դա Ասլամազ-Կուլի խանի վեզիրն է, այն բռնապետի, որը իր ամրոցով այս գիշեր ցնդեց օդի մեջ։ Մի քանի րոպե առաջ ինձ մոտ էր։ Ես երկար խոսեցի դրա հետ մահմեդականների դարևոր բարբարոսությունների մասին։ Նա համաձայնվեցավ ինձ հետ և արդարացրեց մեր վարմունքը։ Ընդունեցեք, Բեկ, ծերունի վեզիրի խնդիրքը, հրամայեցեք դադարեցնել կոտորածը։ Թող ձեր շնորհն ու ողորմածությունը լինի վարձատրություն այդ մարդու այն ծառայությունների համար, որ իր պաշտոնավարության ընթացքում կատարել է այստեղի հայերի վերաբերությամբ։ Նա իր բոլոր բարերարությունները պատմեց ինձ և նրանց անկեղծության մեջ ես կասկած չունեմ։

— Ես կհրամայեմ դադարեցնել կոտորածը, բայց բերդը պետք է քանդվի, — ասաց Բեկը, և դառնալով դեպի ծերունի վեզիրը, ավելացրեց․

— Հենց այս օրից, վեզիր, դու պիտի առնես քեզ հետ այդ բերդում մնացած մահմեդականներին և պիտի գաղթես դեպի Պարսկաստան։

Վեզիրը կամեցավ մի խոսք ևս ասել, բայց սրբազանը ակնարկեց նրան լռել։

Բեկը անցավ դեպի բերդը։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top