Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (ԺԷ)

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (ԺԷ)
Գիշերային խավարը սկսել էր թանձրանալ։ Աստղերը այլևս չէին երևում։ Սյունյաց աշխարհի քմահաճ երկինքը, սյունեցի ամոթխած կնոջ նման, սիրում է շուտ-շուտ իր գեղեցիկ դեմքը թաքցնել։ Սպիտակ ամպերը նուրբ քողի նման ծածկել էին երկնքի երեսը։ Աստղերի փոխարեն վառվում էին հայոց բանակատեղերում զինվորների բացօթյա խարույկները։ Նրանք սփռում էին իրանց շուրջը խիստ ախորժ լուսավորություն, որով կարելի էր տեսնել զինվորների ուրախ դեմքերը, որոնք կրակի շուրջը նստած կամ երգում էին, կամ զրուցում էին և կամ ծառերի ճյուղերից պատրաստած

շամփուրների վրա միս էին խորովում։ Այնօրվա ավարի առած ոչխարների շնորհիվ բանակի մեջ տիրում էր մսի կատարյալ առատություն։ Մի այսպիսի առատություն չունեցավ մինչև անգամ Մովսեսի բանակը, երբ Իսրայելի աստվածը նրա զինվորներին լորամարգիներ էր ուղարկում։
— Թե որ մեր տեր Հարութը այստեղ լիներ, ի՜նչքան երիներ ու մորթիներ կհավաքեր, — ասաց զինվորներից մեկը իր ընկերին, սաստիկ ծիծաղելով իր սրախոսության վրա։ — Խաչը վկա, մեր Տաթևի վանքի ուխտի օրն էլ այսքան մատաներ չեն մորթվում։

— Մեր մորթածները մատաղներ չեն, ապա ի՞նչ են, — պատասխանեց նրան մի այլ զինվոր, նույնպես ծիծաղելով։ — Միայն տերտեր է պակաս, որ աղը օրհնե։

— Ես կօրհնեմ, զավակներս, — լսելի եղավ խավարի միջից մի ձայն։ Մատաղ է, ապա ի՞նչ է, աստծուն շատ ընդունելի մատաղ։

Զինվորները կրակի շուրջը նստած լինելով, նրա լույսը թույլ չէր տալիս նկատել խավարի մեջ միայնակ կանգնած բարձրահասակ մարդուն, որ փաթաթված էր իր լայն վերարկուի մեջ։ Բայց հենց որ նրա ձայնը լսեցին, բոլորը պատկառանքով ոտքի ելան, ասելով․

— Ա՜խ, սրբազան, դո՞ւ ես․․․

— Ես եմ, զավակներս, նստեցեք, — ասաց բարձրահասակ մարդը մոտենալով․ — նստեցեք և ձեր քեֆին կացեք, ես վաղուց արդեն օրհնել եմ ձեր զոհաբերությունները։

Զինվորները կրկին շարվեցան կրակի շուրջը, իսկ բարձրահասակ մարդը չքացավ գիշերային խավարի մեջ։ Դա ամբողջ Սյունյաց աշխարհի առաջնորդը՝ Ներսես եպիսկոպոսն էր, որ միայնակ շրջում էր բանակների մեջ, դիտելու զինվորների դրությունը։

— Նա միշտ ման է գալիս, — ասաց զինվորներից մեկը։

— Գիշերները քուն չունի, — ավելացրեց մյուսը։

— Ասում են, տարենը միայն մի անգամ է քնում, զատկի ավագ շաբաթ օրը, — խոսեց երրորդը։

— Ինչո՞ւ անպատճառ զատկի ավագ շաբաթ օրը։

— Նրա համար, որ աստված վեց օրում այս աշխարհը ստեղձեց, իսկ յոթներորդ օրում, որ շաբաթ էր, ինքն էլ քնեց, հանգստացավ։

Զինվորի բացատրությունը բոլորին հավանական թվեց։ Նա գրից տեղյակ մարդ էր, փոքր հասակից վարդապետների մոտ սպասավորություն էր արել։ Իսկ ո՞րքան ճիշտ էր նրա ասածը, հասկանալի է, միայն այսքանը ճշմարիտ էր, որ Ներսես սրբազանը շատ փոքր էր քնում, երբեմն անցնում էին օրեր, որ ամենևին չէր քնում։ Նրա մի այսպիսի խստակեցությունը առիթ տվեց ժողովրդի մեջ իր վերաբերությամբ զանազան լեգենդաների ստեղծվելուն։
Բարձրահասակ մարդը դանդաղ քայլելով անցավ բանակի միջից, մոտեցավ մի առնձնացած վրանի, որ լուսավորված էր փոքրիկ լապտերով։ Այստեղ պառկած էին մի քանի հիվանդներ, որոնք նույն օրվա կռվի դաշտում վերք էին ստացել։ Մի քանի կնիկներ, հավաքված հայոց մերձակա օբանորից, խմանք էին տանում վիրավորներին։

Հայոց բանակները, ինչպես հիշեցինք, տեղավորված էին երեք կետերի վրա։ Այդ երեք կետերից, որպես երեք դռներից, բացվում էին երեք մուտքեր, որ տանում էին դեպի բերդը։ Բանակներից մեկը գտնվում էր Գեղվա գետի ձորամիջում․ այստեղ էին Բայինդուր իշխանը, Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը։ Երկրորդ բանակը գտնվում էր Հալիձորի գետի վերին կողմի վրա, այստեղ էր Մխիթար սպարապետը իր զորապետների հետ։ Իսկ երրորդ բանակը գտնվում էր Հալիձորի գետի ներքին կողմի վրա․ այստեղ էր Դավիթ բեկը իր զորապետների հետ։ Հալիձորի գետը և Գեղվա գետը, կտրելով միմյանց, կազմում էին մի եռանկյունի, որի մեջ դրած էր բերդը։ Իսկ երեք բանակների յուրաքանչյուրը զետեղված էր այդ եռանկյունին կազմող գծերի վրա, որոնք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ, խոր ընկած և անտառախիտ լեռներով պատսպարված ձորեր, որոնց միջոց անցնում էին հիշյալ երկու գետերը։ Այսպիսով բերդից ելքը դեպի ամեն կողմ փակված էր։ Ասլամազ-Կուլի խանը իր ամրոցում պաշարված էր, որպես մի գազան իր որջի մեջ։ Որսորդները սովորաբար գազանների որջի մուտքի առջև մուխ են դնում, որ նրանք դուրս գան իրանց դարանից։ Այդ միջոցի փոխարեն ծառայում էր հայոց թնդանոթների ծուխը, որ ավելի թանձրացնում էր գիշերային մթությունը։

Դավիթ բեկի վրանի վարագույրները իջեցրած էին։ Նա միայնակ էր իր վրանում, որպես մի օտարական հյուր, որ խնդրել էր իրան չխանգարեն։ Ճանապարհորդական փոքրիկ, ծալովի լապտերը լուսավորում էր վրանի ներսը։ Նա փաթաթված էր իր հաստ վերարկուի մեջ, որ ծառայում էր նրան և՜ որպես օթոց, և՜ որպես վերմակ։ Ձեռքը ծնոտին դրած, թեք էր ընկած թանձր թաղիքի վրա, որ տարածված էր ճախնային ցամաք բույսերի վրա։ Մի քանի պահապաններ շրջապատել էին նրա վրանը, և հեռու նստած, ծխում էին։ Իսկ թիկնապահները քնած էին առանձին վրանում, մի քանի քայլ հեռավորության վրա․ այստեղ ճրագ չէր վառվում։
Կոշտ, խստասիրտ զինվորը այս գիշեր դարձել էր փափկասիրտ, զգայուն, երևակայող։ Նրա հիշողության մեջ, մինը մյուսից հետո, զարթնում էին այն օրվա տխուր տպավորությունները, և լցնում էին նրա սիրտը ցավալի զգացմունքներով։ Հաղթության աջողությունը չէր ուրախացնում նրան․ նա հաղթություններ շատ էր արած։ Նրան տխրեցնում էր իր հայրենիքի խորտակված փառքը և ներկա թշվառությունը։

Մինչև Զեվու բերդը հասնելը, նա իր զորքով անցել էր Հալիձորի միջով, որտեղից հոսում է նույն անունով գետը։ Այդ խուլ, անդնդախոր ձորը կարելի է նմանեցնել մի երկայն, անվերջանալի նեղ փողոցի, որի աջ և ձախ կողմերից, հսկայական բարձրությամբ, կանգնած են պատի պես ուղղաձիգ, անտառապատ լեռներ։ Այդ վիթխարի լեռների վրա նայելիս, մարդ կարծում է, թե ծառերը բուսել են ամպերի վրա։ Այդ նեղ փողոցը, այդ մթին ձորը, այն անցքն է, որ տանում է դեպի Սյունյաց աշխարհի ներսը։ — Դա Սյունյաց մեծ տան ահագին դալանն (կորիդոր) է։ Մեր նախնիքը նրան կոչում էին Կապան և այդ անունով կոչվում էր ամբողջ անտառապատ գավառը, ուր բնակվում էին հայ մարդիկ, որ շատ չէին զանազանվում իրանց ծմակներում բնակվող վագրներից։

Կապա՜ն, այդ փոխաբերական բառի մեջ ամփոփվում է նրա սարսափելի նշանակությունը։ Կապա՜ն, նշանակում է՝ կապված, փակված անցք։ Կապա՜ն, դա անդնդախոր խոխոմների մի ցանց է, դա մի հրեշավոր ծուղակ է, որի մեջ Սյունյաց աշխարհի իշխանները կաշկանդում էին թշնամու լեգեոնները;

Բայց ի՞նչ էին այդ ահարկու ձորի փականքները, նրա կապանները։ — Այդ բոլորը այնօր տեսավ Դավիթ բեկը և այժմ նրանց վրա էր մտածում։

Նա տեսավ Հալիձորի բերդը, իսկ նրա հանդեպ՝ Աչաղու բերդը։

Այդ երկու բերդերը, որպես երկու վիթխարի պահակներ, կանգնած նեղ ձորի աջ և ձախ կողմերում, լեռների բարձրությունից մահ էին սպառնում հանդուգն թշնամուն, եթե կհամարձակվեր այնտեղից անցնել։ Բայց այդ երկու բերդերի սոսկալի ավերակներն էին միայն մնացել։ Զանազան վասակները, Սահակը, Բաբկենը, հսկա Գդիհոնը, Գրիգոր «քաջաց նվիրակ» կոչվածը, — որոնք մի ժամանակ նրանց միջից կրակ էին թափում պարսիկների, մոնղոլների, արաբների վրա, — Բաղաց թագավորության այդ հերոսները այժմ չկային․․․
Հիշյալ երկու բերդերի միջով անցնելով, նա մտավ Բաղաբերդ քաղաքի ավերակների մեջ։ Դա Բաղաց թագավորների մայրաքաղաքն էր։ Բնությունը հազիվ երբեք հրաշակերտել է մի այսպիսի ամրություն մարդկանց ապահովության համար։ Այդ ահռելի քաղաքը նմանում էր մի վիթխարի քարեղեն սնդուկի, որի մեջ կողքերի փոխարեն ծառայում են ահագին պարսպաձև լեռները։ Բայց ի՞նչ էր մնացել այնտեղ։ Թագավորների, իշխանների խորտակված պալատները, հոյակապ եկեղեցիները, ամրոցների կիսավեր աշտարակները,-բոլորը, ինչ որ հիշեցնում էր հին փառքը և մեծությունը, — ծածկված էին խուլ, մթին անտառի տակ։ Տաճարների միջից բուսել էին ահագին կաղնիներ, վեհապետների արքունիքի փշրանքները, խառնվելով քարափների կուրծքից պոկված, ցած գլորված ժայռերի հետ, ներկայացնում էին մի սարսափելի զանգված։

Քարեղեն սնդուկը, որի մեջ անմատչելի կերպով պահվում էր Բաղակի հռչակավոր քաղաքը, այժմ ներկայացնում էր մի տխուր, քարեղեն դագաղ, որի մեջ վաղուց արդեն թաղված էր Սյունյաց աշխարհի մեռած մայրաքաղաքը․․․

Դավիթ բեկին հիացնում էր հին հայերի պատերազմական և ռազմագիտական հանճարը։ Նա զարմանում էր, տեսնելով, թե ո՜ր աստիճան նրանք օգուտ քաղել գիտեին իրանց աշխարհի բնական ամրություններից։ Ուր որ բնությունը մի բան թերի էր թողել, նրանք լրացնում էին արհեստական ամրություններով։ Բայց ի՞նչ էր պատճառը, որ նույնիսկ ամրությունները նրանց գերեզմանը դարձան։ — Ահա այդ հանելուկի վրա էր մտածում նա։

Բաղաբերդը իսկապես դրած էր մի քարեղեն սնդուկի մեջ, ահագին լեռներից և ապառաժներից կազմված սնդուկի մեջ։ Երկու ծայրերից երկու նեղ փապարներ միայն կարող էին տանել դեպի սնդուկի ներսը, այսինքն դեպի քաղաքը։ Այդ նեղ փապարներից մեկը, ինչպես տեսանք, ամրացրած էր երկու բերդերով՝ Աչտղու-բերդով և Հալիձորի բերդով։ Երկուսն էլ կանգնած էին միմյանց հանդեպ, լեռնային բարձրավանդակների վրա։ Քաղաքի մյուս ծայրերի անցքը նույնպես ամրացրած էր երկու բերդերով․ մինը կոչվում էր Բաղակա-քար, մյուսը՝ Շլորուտ։ Այդ երկու բերդերը նույնպես կանգնած էին մինը մյուսի հանդեպ, մեջտեղից թողնելով նեղ փապարը, որտեղից միայն կարելի էր մտնել քաղաքը։ Այստեղ էր իսկական Կապանը, — այն վիթխարի փականքը, որ արգելում էր թշնամու մուտքը։
Բաղակա-քա՛ր, խիստ հեշտ արտասանելի բառեր են։ Բայց նա բնության հրեշավոր ստեղծագործություններից մեկն է․ — մի ամեհի, սեպացած, միապաղաղ քար ձորի խորքից վեր է բարձրացել դեպի երկինքը, և իր հպարտ գլխի վրա, որպես մի գեղեցիկ պսակ, դրել է Բաղակ իշխանի ահռելի ամրոցը, զարդարած բարձր աշտարակներոն և անքակտելի պարիսպներով։

Այստեղ սարսափելի Անդոկ իշխանը, Բաղակի տոհմի հսկա ներկայացուցիչներից մեկը, բերեց պարսից Շապուհ թագավորի գանձերը։ Այստեղ նա վայելում էր Տիսբոնի հարուստ ավարը, երբ հաղթությամբ վերադարձավ սասանյանների աշխարհից։ Այդ սոսկալի բերդի ապառաժներին զարկվելով, փշրվեցավ պարսից ահագին գունդերը։

Բայց ի՞նչ էր տեսնում այնտեղ այժմ Դավիթ բեկը։ Բաղակաքարի բարձր աշտարակները և հզոր պարիսպները դեռ մնացել էին։ Դարերով պատերազմելով ժամանակի և թշնամու բարբարոս ձեռքերի հետ, այդ ամրությունները դեռ պահպանել էին իրանց վաղեմի վեհությունը։ Բայց նրանց բերանից լսում էր Բեկը մի խուլ բողոք, մի դառն նախատինք դեպի հսկա նախորդների թզուկ հաջորդները։ «Մենք, ասում էին այդ ավերակները, շատ անգամ պահեցինք ձեզ, շատ անգամ պահպանեցինք թշնամու հարվածներից, իսկ դուք այնքան թույլ գտնվեցաք, որ մեզ պահել չկարողացաք․․․»։

Նախատինքը իրավացի էր։ Կապանի յոթն բերդերից, որոնք յոթն կողպեքների նման դրած էին զանազան անցքերի վրա, շեն մնացել էր մեկը միայն՝ Գեղվա բերդը կամ Զեվուն, այն ևս մի թյուրքի ձեռքում։ Այդ բերդն էր, որ պաշարել էր Դավիթ բեկը։
Այդ տխուր մտածությունների մեջ էր Բեկը, երբ բարձրահասակ մարդը, բանակների մեջ շրջելուց հետո, մտավ նրա վրանը։

— Ես ձեզ սպասում էի, սրբազան, — ասաց Բեկը իր տեղից շարժվելով և նրան տեղ տալով։ — Նստեցեք։

Սրբազանը տեղավորվեցավ նրա մոտ, բայց չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը, երբ նկատեց Բեկի գունաթափ դեմքը։

— Դուք, երևի, պաշարման ընթացքի վրա էիք մտածում, — ասաց նրան․ — գործերը փառք աստուծո, հաջող են գնում։

— Ոչ, ես ամենևին այդ մասին չէի մտածում․․․ — պատասխանեց Բեկը հայտնի տհաճությամբ․ — միայն ինձ փոքր-ինչ ձանձրացնում է մեր արշավանքի կանգ առնելը։

— Օրհնած, — ասաց սրբազանը իր ուրախ ծիծաղով․ — Գեղվա բերդը այն ամրությունն է, որ ամիսներով իր շուրջը պահել է տվել պաշարողներին, մեծ բան չէ, որ մի երկու օր էլ մեզ սպասել տա։ — Առավոտյան նա իր դռները կբացանե մեր առջև։

— Ի՞նչ գիտեք։

— Գիտեմ։ Ինչպես երևում է, տեր Ավետիքը, Խորեն սրբազանը, Ստեփաննոս իշխանը և Բալի զորապետը հասել են իրանց նպատակին։ Ես այս րոպեիս նրանցից մի փոքրիկ տոմսակ ստացա և շտապեցի ձեզ մոտ։

— Տեսնեմ։

Սրբազանը տվեց Բեկին մի հատ ընկույզ։

Բեկը իսկույն հասկացավ խորամանկությունը, և ժպտելով, ասաց․

— Վատ չեն հնարել․ տոմսակը ծրարել ընկույզի կեղևի մեջ։ Երևի, այդ ընկույզի միջուկի տեղ ես կգտնեմ տոմսակը։

Նա հուպ տվեց ընկույզը, կեղևը երկու մասի բաժանվեցավ և միջից ցած ընկավ մի թղթի կտոր։ Նրա վրա մանր, նոտր գրով կարդացվում էր հետևյալ տողերը․
«Գործերը հաջող են գնում։ Շուտով բերդի զինարանը մեր ձեռքում կլինի․ նրանով կզինավորենք տեղացի հայերին։ Խանի ամրոցի բանալիները նույնպես մեր ձեռքումն են․ մենք նրան ողջ կբռնենք։ Բերդի արևմտյան պարսպի տակից փորված է մի ական․ գրաբերիս ծանոթ է տեղը․ այստեղից կարող եք համարձակ մուտք գործել։ Երբ կնկատեք մի ֆշանք, բերդից բարձրացած օդի մեջ, — դա հարձակման ճիշտ նշանն է»։ Ստորագրված էր՝ տեր Ավետիք։

— Ո՞վ բերեց այդ թուղթը, — հարցրեց Բեկը, երբ վերջացրեց կարդալը։

— Տեղացի երիտասարդներից մեկը, — պատասխանեց սրբազանը։ — Որը դուրս էր եկած ականի միջով, որի մասին խոսվում է տոմսակի մեջ։

— Դուք նրան մի բանով վարձատրեցի՞ք։

— Ոչի՜նչ չահանջեց։

— Իսկ մերոնք պատրա՞ստ են։

— Ես սպասում էի, թե ինչ հրահանգ կտաք դուք․ դրա համար ոչինչ չհայտնեցի։

— Ուրեմն գնանք միասին, ես կտամ հարկավոր հրամանները։

Բեկը և եպիսկոպոսը դուրս գնացին վրանից։ Նրանց հետևեցին երկու զինվորներ միայն։

Ճանապարհին Բեկը ասաց սրբազանին․

— Երևում է, որ այդ տեր Ավետիքը շատ ճարպիկ է։

— Եվ քաջ է, — պատասխանեց եպիսկոպոսը։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top