Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (ԺԱ)

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (ԺԱ)
Տաթևի վանքի բոլոր խուցերը շինված էին տաշած քարից, ունեին նեղ լուսամուտներ, նույնպես քարե շրջանակներով, որոնց միջով մի կատու միայն կարող էր անցնել։ Շատ հասկանալի է, որ նրանք փեղկերի պետք չունեին, կես թերթ թուղթ բավական էր ամբողջ լուսամուտը կալելու համար։

Խուցերից մեկի մեջ դրած էր մի կոճղ, որ տեղացիք «քունդա» էին կոչում, դա կազմարարների մամուլի նմանություն ուներ և հատկապես շինված էր բանտի գործածության համար։ Մի կալանավորի ոտները ամրացրած էր այդ կոճղի մեջ։ Նա պառկած էր քամակի վրա և անկարող էր շարժվել, որովհետև թեքերը քամակի կողմից պրկված էին չվանով, որի երկու ծայրերը կապել էին խուցի սյունին։

Դուռը բացվեցավ, վանքի աբեղաներից մեկը ներս մտավ։ Կալանավորը թեև քնած չէր, բայց գտնվում էր մի տեսակ թմրած դրության մեջ։ Դռան ճռոցը լսելով, նա աչքերը բաց արեց։ Վանքի զինված շաթրներից երկուսը կանգնած էին դրսում։ Աբեղան իր ետևից դուռը կողպելով մոտեցավ կոճղին, թուլացրեց նրա գալերանները, կալանավորի ոտները դուրս բերեց։ Նա նստեց, բայց թեքերը կապված մնացին։

Կալանավորի դեմքը բոլորովին այլանդակված էր, աչքերում վառվում էր մի տեսակ տենդային կրակ, մորուքի և գլխի մազերը անկարգ կերպով խճճված էին։

— Դուք երազահան ունե՞ք, հայր սուրբ, — դարձավ նա դեպի աբեղան։

— Չունեմ, բայց երազների միտքը հասկանում եմ, — պատասխանեց աբեղան, նստելով նրա մոտ։ — Երևի, երազ եք տեսել, մելիք։

— Տեսել եմ, շատ վատ երազ, — ասաց կալանավորը հոգվոց հանելով։ — Ֆաթալի խանի ընծայած խալաթը երազումս այրվում էր․․․ Ինչքան էլ աշխատում էի հանգցնել, ինչքան էլ ջուր էի ածում, նա ավելի և ավելի բոցավառվում էր․․․ Վերջը այրվեցավ, բոլորովին մոխիր դարձավ․․․
— Այդ երազը այնքան պարզ է, որ ամենևին բացատրության կարոտություն չունի, — ասաց աբեղան։ — Ֆաթալի խանի ձեզ ընծայած խալաթը նրա ձեզ տված իշխանության նշանակն էր․ խալաթը այրվեցավ, նրա հետ էլ վերջացավ ձեր իշխանությունը։

— Ինչպե՞ս, — հարցրեց կալանավորը կատաղած կերպով։

— Մի՞թե չեք հասկանում, մի լավ նայեցեք, թե ո՞րտեղ եք գտնվում և ինչ դրության մեջ․․․

— Այդ ես հասկանում եմ․․․ — ասաց կալանավորը խորին վրդովմունքով․ — եթե խանը մի ժամ առաջ հասցներ ինձ իր զորքերը, ես այստեղ չէի գտնվի։ Բայց նրանք հասան այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած էր․․․

— Ես հույս ունեի գտնել ձեզ, մելիք, բոլորովին զղջացած, բոլորովին փոշմանած, — խոսեց աբեղան ծանր կերպով։ — Բայց դուք, ինչպես երևում է, դեռ չեք կամենում հեռանալ հին մեղքերից, դեռ չեք մտածում թողնել ձեր առաջվա խորհուրդները, որոնք այնքան վնասներ, այնքան դառն ցավեր պատճառեցին մեր հայրենիքին։ Մի՞թե ձեր խիղճը բոլորովին մեռած է, մի՞թե նրա մեջ չէ մնացել մի նշույլ անգամ կենդանության։ Ինչի՞ համար կուզեիք պարսիկ զորքերը, ո՞ւմ դեմ պիտի պատերազմեիք, մեր հայրենիքի ազատչի՞ դեմ, հա՞։

— Ոչ, մի ավազակի դեմ, մի ապստամբի դեմ, մի անզգամ խռովարարի դեմ, որ ձգտում է հայոց իշխան դառնալ։

— Նա իր գործով արժանի է ոչ միայն հայոց իշխան դառնալու փառքին, այլ ավելի ևս մեծ փառքի, — պատասխանեց աբեղան։

— Նա իր գործով արժանի է գլխատման, արժանի է, որ մի թոկ կապեին նրա պարանոցին և քարշ տային Տաթևի բոլոր փողոցներով։

Խոսողը Տաթևի մելիք Դավիթ ուրացողն էր։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես վերջացավ նրա կռիվը Բեկի հետ, գիտենք, նույնպես, թե ինչպես ջարդվեցան պարսից և հայոց զինվորներից կազմված նրա զորքերը։ Իր անաջողությունից հետո ուրացողը մի քանի ձիավորներով փախավ դեպի Բարգյուշատի կողմերը, որ իր մեծավորից՝ Ֆաթալի խանից օգնություն ստանա և կրկին վերադառնա Բեկի վրա։ Բայց Բայինդուր իշխանը նրան հետամուտ լինելով,

փախչելու միջոցին բռնեց։ Ֆաթալի խանի օգնական զորքերը հասան նրան այն ժամանակ, երբ արդեն կալանավորված էր։
Նրա այցելուն, որ եկել էր հոգևորապես մխիթարել նրան և դարձի բերել, Խորն հայր սուրբն էր, վանքի միաբանության բավական զարգացած վարդապետներից մեկը, որ իր երիտասարդ հասակում միացրել էր իր մեջ կրոնի և քաջության առաքինությունները։ Հանդիպելով կատաղի համառության ուրացողի կողմից, նա սաստիկ վշտացավ, որ մի հայ մելիք կարող էր բարոյապես այնքան ընկած լինել, որ պարսից լուծը ավելի գերադասել, քան թե տեսնել մի անկախ հայոց իշխանություն։

Մելիք Դավիթը չի խոնարհվի ավազակ Դավթին, — ասաց նա դառնությամբ։

— Դուք պիտի խոնարհվեք աստուծո կամքի և ժողովրդի պահանջի առջև, մելիք, — պատասխանեց աբեղան հանդարտ կերպով։ — Բեկը ժողովրդի պահանջի արտահայտությունն է։ Ուրիշ ապացույց բերել պետք չէ․ գործը ինքը վկայում է իր համար։ Դուք տեսաք, թե ինչպես ժողովուրդը առանց հրավերքի, ինքնակամ հետևեց նրան։

— Տեսա, — պատասխանեց կալանավորը հեգնական ժպիտով։ — Բայց ի՞նչ ասել է ժողովուրդը։ Ժողովուրդը մի կտոր փափուկ մոմ է, նրան դեպի ո՜ր կողմը և հուպ տաս, դեպի այն կողմը կթեքվի․ նրան ինչ կաղապարի մեջ և դնելու լինես, այն ձևը կստանա։ Այսօր Բեկը հաղթող հանդիսացավ, ժողովուրդը նրան կհետևի, իսկ եթե էգուց ես հաղթելու լինիմ, ինձ կհետևի։ Ես ավելին կասեմ․ ժողովուրդը մի հլու գրաստ է, մի մեծ ավանակ է․ նրա երասանակը (նոխտան) ում ձեռքը որ ընկավ, իր ետևից քարշ կտա, կտանե ամեն կողմ, որ կողմը և ցանկանում է։ Ժողովուրդը սեփական կամք չունի։

— Դուք սխալվում եք, մելիք, — ասաց աբեղան, — ժողովուրդը սեփական կամք ունի։ Այդ ուրիշ բան է, որ նա երբեմն ճնշված, երբեմն կաշկանդված է լինում և իր կամքը արտահայտել չէ կարողանում։ Բայց երբ նա կտրեց իր կապանքները, այլևս նրա թափին ընդդիմանալ անկարելի է։ Նա դառնում է մի հսկայական հեղեղ և փոթորկի նման որոտում է, ալեկոծվում է, առաջ է վազում, խորտակելով, ոչնչացնելով իր առջևից ամեն տեսակ խոչընդոտներ։ Ո՞ր մահկանացուն կարող է ժողովրդի կատաղի հոսանքի առաջը կտրել։ Դժվար է միայն շարժել նրան, երբ մի անգամ շարժվեցավ, այլևս այնուհետև կանգ չի առնի, որպես մի ահագին

ժայռ, որ բեկվում է լեռան բարձրությունից, գլորվում է դեպի ցած, և առաջ ընթանալով, հետզհետե ավելի և ավելի սաստկացնում է իր թափը․․․
— Մինչև ընկնում է անդունդի մեջ․․․ — կտրեց կալանավորը աբեղայի խոսքը։ — Բայց գիտե՞ք, հայր սուրբ, այդ ձեր նկարագրած ահագին քարաժայռը իր գլորման ընթացքում, մյուս ժայռերին զարկելով, որքան փշրվում է, որքան մաշվում է, և միայն նրա կտորտանքն են հասնում մինչև սարի ստորոտը․․․

— Գիտեմ․․․ ինչպես էլ և լինի, շարժման մեջ կյանք կա։

— Դիակի շարժումները կյանքի նշաններ չեն, նրանք րոպեական ցնցումներ են միայն, — պատասխանեց կալանավորը և սովորական դառն ծիծաղը դարձյալ երևաց նրա գունաթափ շրթունքի վրա։ — Հայ ժողովուրդը կատարյալ դիակ է։ Դիակին կարելի է ձեռքով բարձրացնել, ոտքի վրա կանգնեցնել, բայց հենց որ բաց թողեցիր, իսկույն կընկնի, կտարածվի գետնի վրա, դարձյալ անշարժ կմնա։

— Թե որքան դուք սխալվում եք ձեր կարծիքի մեջ հայոց ժողովրդի վերաբերությամբ, — ես այդ մասին հարկավոր չեմ համարում խոսել, մելիք, — ասաց աբեղան։ — Բայց դիցուք թե այդպես լինի, որպես դուք կարծում եք, թե հայ ժողովուրդը մի դիակ է․ մի՞թե դուք չեք մտածում կյանք տալ դիակին, քանի որ ինքներդ նույն ժողովրդի ծնունդն եք, քանի որ ինքներդ ազգով հայ եք, թեև մահմեդական կրոնը ընդունած։

— Ես, եթե կցանկանայի հայ ժողովրդի հետ գործ ունենալ, ոչ այլ կերպով չէի ընդունի, բայց միայն նրա գլուխը լինել և ոչ ոքի ստորադրյալ։

Վերջին խոսքերը բարկության չափ վրդովեցրին աբեղային, և նա չկարողանալով պահպանել իր սառնասրտությունը, պատասխանեց․

— Դուք դեռ ձեր հին ցնորքների մեջն եք գտնվում, մելիք։ Ով որ ձգտում է ժողովրդի գլուխ լինել միայն նրան կեղեքելու, միայն նրան կողոպտելու համար, եթե հասնելու ևս լինի իր նպատակին, չէ կարող երկար պահպանել իր դիրքը։ Բռնավորների կյանքը կարճ է լինում։ Ժողովրդի գլուխ լինելու համար պետք է պաշպանել նրա բարին, պետք է ունենալ նրա հետ նույն հարաբերությունները, ինչ հարաբերություններ որ ունի մարմնի բնական գլուխը մարմնի անդամների և ամբողջ կազմվածքի վերաբերությամբ։ Դուք անբնական գլուխ էիք, մելիք․ — հայ՝ պարսիկի հոգով, պարսիկի սրտով։

Այս պատճառով էլ ժողովուրդը մերժեց ձեզ։ Դուք այժմ ամեն ինչ կորցրել եք․ ձեզ մնում է երկու բան՝ կամ զղջալ և Բեկից ներումն ստանալ, կամ կրել ձեր դատապարտության պատիժը։ Որը կամենում եք, ընտրեցեք։ Ես հավատացած եմ, որ Բեկը այնքան մեծահոգի է, որ կներե ձեզ, եթե զղջալու լինիք։
— Ես ինձ չեմ հասցնի այն ստորության, որ որևիցե հայից ներումն խնդրեմ, — պատասխանեց կալանավորը արհամարհանքով։ — Ինչ լինելու է, թող լինի․ ես կխոնարհվեմ ճակատագրի առջև։

— Ձեր ճակատագիրը նրանով կվերջանա, որ Բեկը կհրամայե այսօր գլխատել ձեզ։

— Այդ ինձ համար միևնույն է, բայց ես հավատացած եմ, որ իմ որդին վրեժխնդիր կլինի հոր արյան համար։

— Այդ հույսը մի ունեցեք, ձեր որդին չի կարող այդ անել։

— Կարող է․ նա պարսիկ զորքերով կոչնչացնե Բեկի բոլոր զորությունը։

— Եթե կենդանի լիներ․․․ Ձեր որդին սպանված է։

— Որդի՛ս․․․ սպանվա՜ծ է․․․ — գոչեց նա կատաղի հառաչանքով և նրա գլուխը թեքվեցավ կոճղի վրա։

Աբեղան հասցրեց երկրորդ և ավելի սաստիկ հարվածը․

— Այո, սպանված է․ գիտե՞ք ում ձեռքով․ մի գյուղացի աղքատ կնոջ ձեռքով, որը նույն ժողովրդի զավակն է, որին մի րոպե առաջ դիակ էիք կոչում։ Տեսնում եք, այդ ժողովուրդը գիտե հարկավորված ժամանակ պատժել իր բռնավորներին։ Նա զգում է անիրավ ձեռքից կրած վերքը և աշխատում է վրեժխնդիր լինել։ Բայց դիակները ոչինչ չեն զգում։

Վերջին խոսքերը չլսեց կալանավորը։ Բոթաբեր լուրը միանգամայն խորտակեց թե նրա սիրտը և թե նրա հույսերը։ Մինչև այժմ նա հանգիստ էր, հանգիստ էր գլխավորապես այն պատճառով, որ մտածում էր, եթե իրան կգլխատեն, եթե իրան կախաղան կբարձրացնեն, դարձյալ կթողնե երկրի վրա իր շարունակությունը — որդուն։ Որդին կպահպանե անիրավությամբ ձեռք բերած իշխանությունը։ Իսկ այժմ բոլորը կորավ, բոլորը ոչնչացավ։ Փառասիրության ցանկությունը ավելի զորեղ էր նրա մեջ, քան որդեսիրության զգացմունքը; Եվ նա ափսոսում էր ոչ այնքան սպանված որդուն, որքան կորցրած փառքը։ Արտասուքի ոչ մի կաթիլ չհայտնվեցավ նրա անգութ աչքերում, որ այժմ լի էին վայրենի կատաղությամբ, միայն երբեմն խորին հառաչանքներ դուրս էին թռչում խոտասիրտ մարդու ջախջախված կուրծքից։ Երբ նա փոքր-ինչ հանգստացավ հայր սուրբը խոսեց․

— Այսպիսի հուսահատական րոպեներում միակ մխիթարությունը մարդ կարող է գտնել աստուծո մեջ։ Դիմեցեք աստուծուն, մելիք, հեզությամբ և խոնարհված սրտով, նրանից թողություն խնդրեցեք։ Ձեր աշխարհայինը թշվառությամբ անցավ, գոնե մյուս կյանքում դուք երջանիկ կլինեք, եթե կզղջաք, եթե կխոստովանեք ինձ մոտ ձեր մեղքերը;
— Եթե ես գործել եմ մի մեղք, լավ է, որ նրա մեջ մեռնեմ, — ասաց կալանավորը դառն ատելությամբ․ — Դա կլինի մի ազդու բողոք բարության աստուծո դեմ, որ որդուս ինձնից խլելուց հետո՝ ինձ ձգեց այդ կապանքների մեջ։

— Դուք հայհոյում եք ամենակալի արդարադատությունը, մելիք։ Դարձյալ կրկնում եմ, այսօր Բեկը կտա ձեր մահվան դատավճիռը․ դեռ բավական ժամանակ ունեք զղջալու և ներումն խնդրելու։

— Ես ներում խնդրելու սովորած չեմ, ոչ երկնքից և ոչ երկրի վրա բնակվող մարդերից։ Լավ է, որ ինձ հանգիստ թողնեք, հայր սուրբ։

Աբեղան վեր կացավ, ներս կանչեց դրսում կանգնած շաթրներին, կրկին կալանավորի ոտները ամրացրին կոճղի մեջ, և խուցի դուռը կողպելով, նրան թողեցին այնտեղ միայնակ։

Նույն ավուր կեսօրային պահուն Տաթևի հրապարակի վրա հավաքվել էր խուռն բազմություն։ Բոլորը անհամբերությամբ սպասում էին հանդիսատես լինելու երկրի բռնավորի և ավերիչի մահվան պատժին։ Բոլորի աչքերը դարձրած էին դեպի վանքի ճանապարհը, որտեղից պետք է բերեին մահապարտին։

Հրապարակի մեջտեղում կանգնած էին զինված մարդիկ, թողնելով իրանց միջնավայրում բոլորակ տարածություն։ Այստեղ դանակը սրելով ման էր գալիս արբած դահիճը, ոտքից ցգլուխ կարմիր հագնված։

— Ի՜նչպես արդար է աստուծո դատաստանը, — ասաց մի գյուղացի իր մոտ կանգնած հանդիսականին․ — հինգ տարի առաջ չարագործը հենց այս հրապարակի վրա գլխատել տվեց քսանևհինգ անմեղ երիտասարդներ, և ո’րպիսի քաջ երիտասարդներ, ամեն մեկը հազար մարդու արժեր։ Հիմա ինքը նույն տեղում գլխատվում է։

— Հիշում եմ․․․ — հոգվոց հանելով ասաց մյուսը․ — այդ երիտասարդները պատկանում էին վանքեցի Խեչոյի խմբին, որոնք ամրացել էին Ցուրա բերդում, կողոպտում էին պարսիկ հարկահաններին,

և զանազան միջոցներով սպանում էին այն հայերին, որոնք պարսիկներից պաշտոններ ընդունելով, նեղացնում էին իրանց ազգայիններին։ Չարագործը կաշառեց մի գյուղացու, և այդ անիրավը իրան բարեկամ ձևացնելով Խեչոյի մարդիկներին, իր տան դռները ամեն ժամանակ բաց էր անում նրանց առջև։ Մի գիշեր հարբեցրեց նրանց, քնացրեց, հետո մատնեց ուրացողի յասավուլների ձեռքը։
Վանքի ճանապարհի վրա երևաց մի խումբ, որ շարժվում էր դեպի հրապարակը։

— Բերում են․․․ — լսելի եղավ ամեն կողմից։

Հրապարակի վրա հավաքված բազմությունից շատերը վազեցին դեպի այն կողմը․ շատերը անշարժ մնացին իրանց ընտրած տեղում, որ մի ուրիշը չկանգնե այնտեղ, որ կարողանան լավ տեսնել։

Բերում էին մահապարտին։ Ամեն բերանից լսվում էին ամեծք, նզովք, հայհոյանք, որ խառնվում էին ուրախության բացագանչությունների հետ։ Մանուկները, որոնց սիրտը ավելի անկեղծությամբ է արտահայտում ամբոխի զգացմունքը, հարյուրներով խմբվել էին չարագործը շուրջը, թնդեցնում էին օդը իրանց աղաղակներով։ Նրանք երգում էին մի ժողովրդական ասացվածք, որ առածի ձև էր ստացել։

«Լույսը Լուսավորչի հավատին,

Վա՛յ ուրացող մարդին․․․»։

Երգը թռչում էր հարյուրավոր մանուկների բերանից, և որպես բարկության շանթեր, տարածվում էր դեպի ամեն կողմ։ Ոմանք մանուկներից քարեր էին վեր առնում և ձգում էին դատապարտյալի վրա։ Նա այդ միջոցին նմանում էր մի կատաղած շան, որ չորս կողմից կաշկանդված, տարվում էր դեպի խեղդանոցը։

Մահապարտին նստեցրել էին սև ավանակի վրա, առանց համետի, երեսը դեպի գավակի կողմը դարձրած։ Սանձի փոխարեն նրան բռնել էին տվել ավանակի պոչը։ Այդ խայտառակությունը ավելի սպանիչ էր, քան թե մահը, այն մարդու համար, որ սովորել էր հեծնել ամենաընտիր նժույգների վրա, զարդարած թանկագին ասպազենով։

Երբ նրան հասցրին հրապարակը, ամբոխը ճեղքվեցավ և ճանապարհ բաց արեց։

Զինվորները մոտեցան նրան, ցած բերեցին ավանակից։ Այժմ կանգնած էին նրա մոտ երկու մարդիկ, մեկը՝ դահիճը դանակը ձեռքին,
մյուսը՝ քահանան խաչը ձեռքին։ Վերջինը սկսեց մխիթարել թշվառին հոգևոր խոսքերով, հորդորում էր խոստովանել և համբուրել խաչը։ Դատապարտյալը մերժեց որպես խոստովանությունը, նույնպես և խաչի համբուրելը։ Նրան ասեցին՝ չէ՞ր ցանկանա, որ կանչեին մի մահմեդական մոլլա։ Այդ ևս մերժեց նա։

— Շուտով․․ մի՜ ուշացրեք․․․ — աղաղակում էր ամբոխը, որ այդ ժամանակ գտնվում էր սաստիկ վրդովմունքի մեջ։

Դահիճը մոտեցավ, կապեց դատապարտյալի թևքերն ու ոտները։ Մի ձեռքի հարվածքով նա փայտի նման ընկավ, տարածվեցավ գետնի վրա։

Ոչ մի դեմք ցավակցության նշան չէր ցույց տալիս, ոչ մի սիրտ չէր բաբախում նրա համար։ Բոլորի սրտերը լցրել էր նա թույնով և դառնությամբ։

Մանուկների բազմությունը դարձյալ սկսեց եղանակել իր երգը։ Այդ երգի հնչյունները հասան դատապարտյալի ականջներին ուղիղ այն րոպեում, երբ դահիճը բռնելով նրա մորուքից, դանակը դրեց կոկորդի վրա։

«Լույսը Լուսավորչի հավատին,

Վայ ուրացող մարդին․․․»։

Կրկնեց և թշվառը, իսկ դահիճը ավարտեց իր գործը։

Ամբոխի մեջ տիրեց ընդհանուր ցնծություն, երբ դահիճը չարագործի կտրած գլուխը․ ցցելով նիզակի ծայրին, բարձրացրեց օդի մեջ։

Այդ միջոցին սկսեցին ածել դավուլ և զուռնա, և դահիճը շրջապատած նվագածուներով, սկսեց նիզակի ծայրին ցցած գլուխը ման ածել Տաթևի փողոցներում։ Կնիկները դուրս էին գալիս տներից, թքում էին նրա վրա և տալիս էին դահճին մի քանի սև փող։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top