Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (Բ)

Րաֆֆի Դավիթ-բեկ Երրորդ գիրք (Բ)
Միր-Մահմուդ-խանը տիրելով Սպահանին, Պարսկաստանի արևելյան մասը ամբողջապես ընկավ ավղանների իշխանության ներքո։ Իսկ արևմտյան մասում, որի հետ և Հայաստանում, այդ ժամանակ կատարյալ անիշխանություն էր տիրում։ Թեև աթոռազուրկ Շահ-Հյուսեինի որդի Թահմադ-Միրզան, Սպահանի պաշարման միջոցում, գաղտնի փախչելով դեպի Մազանդարան, իրան պարսից թագավոր հրատարակեց, և այնտեղից գալով Ատրպատական, երկրաշաժությունից քայքայված Թավրիզը իրան աթոռանիստ քաղաք ընտրեց, բայց նրա ուժերը այնքան թույլ էին, որ հազիվ թե կարող էր այդ երկրները պահպանել։ Մտածելով, թե իր բոլոր դժբախտությունների պատճառը հայերն են, թե նրանք առաջնորդեցին ավղաններին, թե նրանք միացած են իր թշնամիների հետ, Թահմադ-Միրզան, որ այժմ կոչվում էր Շահ-Թահմազ, կամեցավ իր վրեժխնդրության թույնը թափել Թավրիզի հայերի վրա, հրամայելով նրանց բոլորին կոտորել։ Բայց նրա Հովհաննես անունով հայազգի ժամագործը, որ շատ սիրելի էր թագավորին, ամոքեց նրա բարկությունը և ազատեց հայերին մի մեծ կոտորածից։

Բոլոր հանգամանքները նպաստում էին Պարսկաստանի բաժան-բաժան լինելուն և նրա իսպառ կործանմանը։ Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, երկու ավելի հզոր պետություններ՝ օսմանցիք և ռուսները, աշխատում էին իրանց ձեռքը գցել Պարսկաստանի արևմտյան մասը, որ դեռ ազատ էր մնացել ավղանների տիրապետությունից։ Ռուսաց թագավոր Պետրոս մեծը աչք ուներ Կասպից ծովի հարավային եզերքի ամենաբարեբեր նահանգների վրա։ Գիլանը և Ռաշտը արդեն ռուսների ձեռքումն էին։ Իսկ օսմանցիք մտածում էին տիրել պարսկական Հայաստանին, որպեսզի արգելեն ռուսների իրանց սահմաններին մոտենալը։

Ի՞նչ էին մտածում այդ ժամանակ հայերը․ ի՞նչ էր մտածում ամենից շատ հալածված, ամենից շատ տանջված, ամենից շատ հարստահարված ժողովուրդը։ — Հայերը նույնպես անտարբեր չէին․ նրանք ևս պատրաստվում էին ձգել պարսկական ծանր լուծը, որ դարերով ճնշել էր նրանց։ Բայց նրանք մտածում էին, թե իրանց պետք է մի հովանավորող ձեռք, մի արտաքին զորեղ պաշտպանություն։ Այդ պատճառով ամենի աչքը դարձրած էր դեպի Պետրոս մեծը։
Պարսկաստանի հայերը շատ հին ժամանակներից հարաբերություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, իսկ Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի օրերում նրանց հարաբերությունները ավելի կանոնավոր ձև ստացան։ Սպահանի հայերը, որ այն ժամանակ մեծ դեր էին խաղում հնդկա-եվրոպական վաճառականության մեջ, ոչ սակավ անգամ ուղարկում էին իրանց պատվիրակներին հիշյալ թագավորի մոտ, կապում էին նրա հետ զանզան առևտրական դաշնագրեր և ստանում էին նրանից զանազան արտոնություններ իրանց Ռուսաստանի վրայով դեպի Եվրոպա կատարած վաճառականության վերաբերությամբ։ Ամեն անգամ երբ հայոց պատվիրակները հայտնվում էին ռուսաց արքունիքում, բերում էին իրանց հետ թանկագին ընծաներ․ դրանցից մեկն էր այն գեղեցիկ բազկաթոռը, շինված արծաթից և ոսկուց, զարդարած խոշոր ալմաստներով, յաղութներով, մարգարիտներով ու ֆիրուզաներով, որը Սպահանի մի առևտրական ընկերության կողմից Խոջա-Զաքար Սարհադյանցը մատուց Ալեքսեյ Միխայլովիչին։ Բացի վաճառականական հարաբերություններից, Սպահանի հայերը ռուսների արևելյան քաղաքականության մեջ նույնպես մեծ դեր էին խաղում։ Նրանք շատ անգամ լինում էին միջնորդներ ռուսաց արքունիքի և պարսից դռան մեջ, պայմաններ էին կապում և վճռում էին այլ և այլ խճճված գործեր։

Պետրոս մեծ թագավորության ժամանակ Պարսկաստանի հայերի հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ ավելի ևս ամրապնդվեցան։ Մեծ թագավորի նախորդները գտնում էին հայերի մեջ ավելի առևտրական ընդունակություններ և նրանց ձեռքով կամենում էին վաճառականությունը Ռուսաստանում զարգացնել։ Իսկ Պետրոս մեծը, բացի այդ ընդունակություններից, գտավ հայերի մեջ բոլոր այն հատկությունները, որ կարող էին նպաստել նրան իր աշխարհակալությունները դեպի արևելք տարածելու։ Կասպից ծովի վրա լողում էին հայերի բազմաթիվ նավերը։ Արևելքի ամբողջ արդյունաբերական աշխարհը նրանց ձեռքումն էր։ Հնդկաստանի բոլոր նշանավոր առևտրական կենտրոններում նրանք ունեին կալոնիաներ։ Ջավա, Սումատրա և Փիլիպյան կղզիների վրա նրանք տեղափոխվեցան դեռ XVI դարու վերջերում, իսկ Մադրասի,

Կալկաթայի, Բոմբայի, Սինգապուրի մեջ Շահ-Աբաս մեծի մահից հետո։ Ամեն տեղ նրանք առևտուր ունեին ոչ միայն ժողովրդի հետ, այլ գլխավորապես ժողովրդի իշխողների հետ, որոնց ձեռքում հավաքվում էր երկրի հարստությունը որպես հարկերի փոխանորդ։ Բիրմանիայի ալմազը, որ սեփականություն էր միայն թագավորի, ծախվում էր հայերի ձեռքով։ Պարսկաստանի մետաքսը, որ ստանում էին թագավորները, բոլոր հայերի ձեռքով էր տարվում դեպի Եվրոպա։ Անդադար հարաբերություններ ունենալով թագավորների և զանազան երկրների իշխանների հետ, հայերը այն աստիճան մտերմացել էին նրանց հետ, այն աստիճան հավատարմություն էին գտել նրանց մոտ, որ ծանոթ էին նրանց բոլոր թույլ կողմերին, գիտեին նրանց բոլոր գաղտնիքները։ Այդ առիթ էր տալիս հայերին երբեմն մեծ դերեր խաղալ արևելքի իշխողների միմյանց հետ ունեցած հարաբերությունների մեջ, մանավանդ որ այդ իշխողները նրանց փողին, խելքին և օգնությանը միշտ կարոտություն ունեին։ Պետրոս մեծի արծվի աչքերից չէր կարող աննկատելի մնալ այդ իրողությունը և նա աշխատեց իր ձեռքը ձգել հայերին — արևելքի այդ ամենահարմար բանալին։ Հայերը ցույց էին տալիս ամեն տեսակ պատրաստականություն մեծ թագավորի մեծ նպատակները իրագործելու համար։ Բաքուն և Կասպից ծովի հարավային եզերքի վրա գտնված պարսկական երկրները — Ռաշտը, Գիլանը, Մազանդարանը, — այդ կիտրոնիների, ձիթենիի, մետաքսի և վարդենիների աշխարհը տիրեց նա գլխավորապես հայերի առաջնորդությամբ։ Հայերը նրա պիոները դարձան ամեն տեսակ գործողությունների մեջ։ Հաշտարխանում նստած էր որպես հայոց հոգևոր առաջնորդ, բայց իսկապես որպես ռուսաց պատերազմական գործակատար, Մինաս վարդապետը։ Նրա հավատարմատարը՝ Պետրոս Դի-Սարգիս Գիլանենց հայազգին նստած էր Ռաշտում և Պարսկաստանի ու առհասարակ

արևելքի բոլոր նշանավոր անցքերի մասին տեղեկություններ էր տալիս Սարգիս վարդապետին, որը իր կողմից հաղորդում էր ռուսաց կառավարությանը։ Ղարաբաղի մելիքների բանակցությունները ռուսաց կառավարության հետ կատարվում էին սկզբում Գանձասարի առաջնորդ Եսայի եպիսկոպոսի ձեռքով, իսկ հետո Ներսես եպիսկոպոսի և Դուզախի կառավարիչ մելիք Եգանի ձեռքով։
Երբ ռուսները տիրեցին Դերբենդին և Բաքվին, Ղարաբաղի մելիքները առաջարկում էին Պետրոս մեծին 60,000 զինված մարդիկ, առաջարկում էին իրանց աջակցությունը տիրելու ոչ միայն այժմյան Անդրկովկասը, այլ ամբողջ Ատրպատականը։ Նրանք խնդրում էին միայն մի քանի փորձված օֆիցերներ և 2000 ռուս զինվորներ, որ խոստանում էին իրանց ծախքով պահել։ Միայն թե կարողանային ազատվել պարսից լծից և քրիստոնյա մեծ թագավորի հովանավորության ներքո ունենային իրանց անկախ ինքնավարությունը։ Այդ բոլոր ծառայությունների փոխարեն հայերը ստանում էին միայն ապարդյուն խոստմունքներ և նրանց խորհուրդ էին տալիս դեռևս սպասել։

Բայց հայերի հարաբերությունները ռուսների հետ այն աստիճան ակներև և աչքարա էին դարձել, որ այլևս չէր կարող ծածուկ մնալ պարսից կառավարությունից։ Եվ այդ ավելի կատաղեցնում էր պարսիկներին, երբ պարզ տեսնում էին, որ հայերը առաջնորդում են իրանց թշնամուն՝ «մոսկոֆների» թագավորին՝ Պարսկաստանը տիրելու։ Զանազան տեղերում սկսվեցան խիստ հալածանքներ նրանց դեմ։ Երևանի նահանգում մինչև անգամ հրամայվեցավ կոտորել բոլոր հայերին։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսի եռանդոտ միջնորդությունը հազիվ կարողացավ ազատել նրանց։ Նա հանգստացրեց Շահ-Թահմազին բավական գումար նրան ընծա տալով և հավատացնելով, թե ինքը և իր ժողովուրդը ամենևին ապստամբության նպատակներ չունեն և պարսից հավատարիմ հպատակներ են։ Իսկ այդ խոսքերը միայն ժամանակավոր կերպով կարողացան միամտացնել պարսիկներին։ Երբ պարսից կառավարության պատգամավորները հայտնվեցան Ղարաբաղի ապստամբության գլխավորների մոտ, խոստանում էին նրանց առատ փող, ընդարձակ երկրներ և պատիվներ, միայն թե նրանք ցած դնեն իրանց զենքերը և չօգնեն ռուսներին, — այսպես պատասխանեցին հայոց մելիքները․ «Մեզ պետք չէ ձեր փողը, երկիրը և պատիվները։ Մեզ ոչինչ պետք չէ։ Մենք ձեզ ճանաչել անգամ չենք կամենում։ Մենք հավաքվել ենք մեծ կայսրի և թագավորի (Պետրոսի) կամքով

և մեր հույսը դրել ենք նրա վրա։ Մենք նրա մարդիկն ենք։ Եթե նա աստուծո օգնությամբ կգա դեպի մեր կողմը, մենք կմիանանք նրա հետ և կկատարենք բոլորը, ինչ որ նա մեզ կհրամայե։ Բայց եթե, աստված մի արասցե, մեծ կայսրը չի գա մեր կողմերը, և ոչ մի կարգադրություն չի անի մեր մասին, և կմոռանա իր խեղճ ծառաներին, այն ժամանակ մենք կցրվինք ամեն մեկս դեպի մի կողմ։ Իսկ պարսից շահը թող չերևակայե, որ մենք երբևիցե կխոնարհվենք նրան»։
Ամենքը հավատացած էին, որ Պետրոս մեծը հաստատ դիտավորություն ունի Ղարաբաղի և Արարատյան աշխարհի հայերին ազատել պարսից լծից և նրանց անկախություն շնորհել։ Բանակցությունները հայոց ժողովրդի և ռուսաց կառավարության մեջ այդ հարցի մասին կատարվում էին հնդկաստանցի հայազգի իշխան Իսրայել Օրիի միջնորդությամբ, դեռ այն ժամանակ, երբ տակավին Սպահանը առնված չէր ավղաններից։

Երբ Պետրոս մեծը ուղարկեց Սպահան պարսից Շահ-Հյուսեինի մոտ մի դեսպանություն, այդ Իսրայել Օրին դեսպանախմբի գլխավորն էր։ Դեռ դեսպանությունը պարսից մայրաքաղաքը չէր հասած, Շամախու խանը հաղորդեց շահին, թե այս կողմերում տարածվել են կարծիքներ, թե այդ Օրին պիտի վերականգնե հայոց թագավորությունը, թե ժամանակը հասել է, որ հայերը պիտի ազատվեն պարսից իշխանությունից։ Այդ տեղեկությունները մեծ տպավորություն գործեցին Սպահանում․ պարսիկները սաստիկ վրդովվեցան, իսկ տեղային հայերի ուրախությանը չափ չկար։ Շահ-Հյուսեինին հայտնի լինելով Պետրոս մեծի պատերազմական ձգտումները, մոլեռանդ մոլլաների խորհրդով, մինչև անգամ չէր կամենում ընդունել այդ քրիստոնյա դեսպանությունը։ Բայց կայսրի անունը այն աստիճան սարսափ էր տարածել Պարսկաստանում, որ շահը ակամա ընդունեց դեսպանությունը։ Այն օրից Հայաստանի անկախության խնդիրը միօրինակ զբաղեցնում էր ամեն կողմերում տարածված հայեին։

Սպահանի և Հնդկաստանի հայերը, թեև հեռու էին հայրենի երկրից, բայց այնքան ոգևորված էին իրանց եղբայրների ազատության գաղափարով, այնքան մեծ էր նրանց բաղձանքը անկախ Հայաստան տեսնել, որ պատրաստ էին հանձն առնել ամեն տեսակ զոհողություններ։ «Դուք, գրում էին նրանք Սյունյաց աշխարհի
ապստամբության պետերին, սիրտ ունեք և քաջություն, իսկ մենք փող ունենք և միջոցներ ձեզ օգնելու։ Կռվեցե՜ք հայրենիքի ազատության համար, մենք ձեզ փող և զենքեր կուղարկենք։ Մենք կդիմենք բոլոր քրիստոնյա թագավորների դռները, ձեզ համար կբարեխոսենք։ Մեր մարդիկը արդեն ուղարկել ենք ֆրանգների և Մոսկովի թագավորների մոտ»։

Հարաբերություններ ունենալով Եվրոպայի նույն ժամանակվա բոլոր նշանավոր առևտրական կենտրոնների հետ, Սպահանի և Հնդկաստնի հայերին խիստ դյուրին էր Եվրոպայից զենքեր տեղափոխել Հայաստան։ Նրանք ունեին Կասպից ծովի վրա սեփական նավեր։ Եվ դեռ XVII դարու կիսում Մոսկվայի կառավարության հետ կապած դաշնագրության համեմատ, իրավունք ունեին իրանց ապրանքները Ռուսաստանի վրայով անցկացնել տրանզիտի պայմաններով։ Հայերի նավերը և կարավանները, որ սովոր էին ծանրաբեռնվել Եվրոպայի և Ասիայի հարստություններով, այդ ժամանակ զբաղված էին զենքերի և զանազան ռազմամթերքի տեղափոխություններով։ Շահախնդիր վաճառականը, մոռացած արծաթի և ոսկու անհագ բաղձանքը, այժմ հրապուրված էր հայրենիքի ազատության սիրով։ Այդ սերը սրբել, մաքրել էր նրա սիրտը, և նա պատրաստ էր նվիրել հայրենիքին բոլորը, ինչ որ ունի։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top